«Այն ինֆեկցիաները, որոնք կան այսօր, եւ որոնց հետ մենք առնչվում ենք, չկային 70-80 եւ նույնիսկ 90-ական թվականներին, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, որոնք ազդում են հղիանալու եւ առողջ երեխա ունենալու վրա»,- մեզ հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի, ծննդօգնության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոցենտ` ԱՆԴՐԱՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Իսկ ինչպե՞ս կարելի է պայքարել այդ բորբոքային պրոցեսների դեմ, եւ ի՞նչ է հարկավոր անել՝ ժամանակին հղիանալու ու առողջ երեխաներ ունենալու համար, ինչպես նաեւ կանանց հետաքրքրող այլ հարցերի շուրջ զրուցեցինք պարոն Պողոսյանի հետ:

- Եթե փորձենք համեմատել 80-90-ական թվականների հետ, այս սերունդը  առո՞ղջ է, թե ո՞չ:

- Այս հարցը շատ գլոբալ է, եւ ես չեմ կարող տալ միանշանակ պատասխան, քանի որ մեծ պատասխանատվություն կլինի իմ կողմից ասել, որ անառողջ են կամ շատ առողջ են: Դրա համար անհրաժեշտ է կատարել լուրջ հետազոտություններ: Ինչ խոսք, այսօրվա սերունդը ուժեղ է, բայց ելնելով իմ երկար տարիների փորձից՝ շուրջ 30 տարի, ես զգում  եմ, որ այս վերջին տարիներին, բուն իմ մասնագիտական առումով կանանց ու հղիների մոտ պաթոլոգիաները գնալով ավելի շատանում են: Մենք հիմա հանդիպում ենք  առավել հազվադեպ պաթոլոգիաների, որոնց առաջ չէինք հանդիպում: Բավականին շատացել են վիժումները հենց առաջնային հղիության ժամանակ: Շատացել են նաեւ ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք բերում են թե՛ վիժումների, թե՛ պտղի զարգացման արատների: Ճիշտ է, հիմա դիագնոստիկան առավել զարգացած է, որպեսզի կարողանանք առավել շուտ հայտնաբերել պտղի մոտ արատները, սակայն դրանք խանգարում են պտղի նորմալ զարգացման ընթացքին: Այս ամենը հիմնականում կապված է մեր էկոլոգիական վիճակի հետ, սնունդը, ջուրը, սոցիալական ոչ նորմալ պայմանները եւ այս ամենին գումարած՝ ինֆեկցիաները: Բարձրացել է նաեւ չբերությունների տոկոսը, հատկապես առաջնային չբերությունների: Այստեղ կան տարբեր ֆակտորներ, եւ բացի կանացի ֆակտորներից՝ հիմա շատացել են նաեւ տղամարդկային ֆակտորները:

- Իսկ որքա՞ն է բարձրացել արհեստական բեղմնավորումների տոկոսը: Եվ ի՞նչ  հոգեբանական խնդիրներ են առաջանում դիմողների  մեջ:

- Փառք Աստծո, հիմա բավականին բարձրացել է արհեստական բեղմնավորման ու սերմնավորման դիմողների քանակը, որը մեզ մոտ կա արդեն տասը տարուց ավելի: Կա արհեստական բեղմնավորման ու սերմնավորման բնական ճանապարհ, սակայն բացի այդ, գոյություն ունի նաեւ Էկո ճանապարհով բեղմնավորում, երբ ձվաբջիջը կամ սաղմը աճեցվում է արհեստական պայմաններում, այնուհետեւ այդ սաղմը որոշակի ստադիայում տեղադրվում է արգանդի խոռոչում, որտեղ շարունակվում է հղիանալու պրոցեսը:

- Իսկ հիմնականում ե՞րբ են դիմում այդ քայլին:

- Գիտեք, ես վերջերս եղա Գերմանիայում, այնտեղ եւս շատ-շատ  են դիմում այս քայլին, եւ խնդիրները եւս նույնն են, այսինքն՝ առաջնային ու երկրորդային չբերություն, իսկ հիմնական պատճառը ինֆեկցիոն հիվանդություններն են, որոնք առաջացնում են չբերություն: Ի դեպ, այնտեղ այդ խնդիրները առավել շատ են, քան մեզ մոտ: Իսկ ինչ վերաբերում է հոգեբանական բարդույթներին, ապա նշեմ, որ կան տղամարդիկ, որոնց սերմը չի բավարարում հղիանալու համար: Իսկ հիմա մենք ունենք լաբորատորիաներ, որտեղ նույնիսկ քիչ սերմի պայմաններում կարողանում են հարստացնել այդ սերմը ու հենց այդ տղամարդու սերմով իր կնոջը բեղմնավորել: Սակայն երբեմն էլ մենք հանդիպում ենք տղամարդկային ֆակտորների, որոնց մոտ սերմի տոկոսը զրոյի է հասնում: Այստեղ արդեն առաջ է գալիս հայկական մենթալիտետի խնդիրը, եւ եթե տվյալ տղամարդը իսկապես շատ է ցանկանում երեխա ունենալ, ապա դա արվում է արդեն դոնորական սպերմայի միջոցով: Եթե դա իր սիրած կինն է, որից ցանկանում է երեխա ունենալ, որն, ի դեպ, արվում է լրիվ անանիմ ձեւով, չի տրվում դոնորի անուն-ազգանունը, պարզապես բժիշկը պարտավոր է ներկայացնել պրոցեսի մասին մանրամասները, արտաքին տվյալները դոնորի, եւ համաձայնության դեպքում կատարվում է այդ պրոցեսը:

- Իսկ այդ քայլին կարո՞ղ են դիմել տարբեր խավի ներկայացուցիչներ:

- Այդ մասին ես կլռեմ, քանի որ երբ ես որեւէ բան եմ կատարում բժշկության մեջ, ես ֆինանսներին չեմ նայում, այլ աշխատում եմ բուժել հիվանդին լիարժեք: Սակայն կարող եմ ասել, որ բժշկությունը ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ մեզ մոտ շատ թանկ է: Եվ ասենք՝ մի Էկո արհեստական բեղմնավորման ողջ պրոցեսը կարող է 2-300 դոլար արժենալ: Իսկ այդ լաբորատորիաները պահելու խնդիր կա, որոնք ըստ էության չի պահում պետությունը, կան դեղորայքներ, որոնք ստանում ենք արտասահմանից, եւ որոնք շատ բարձր գներ ունեն:

 

«ԱՌԱՋԻՆ ՈՒ ՀԱՏԿԱՊԵՍ ԵՐԿՐՈՐԴ ՀՂԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱԲՈՐՏ ԱՆԵԼ»

 

- Իսկ որո՞նք են հղիանալու կարեւոր նախապայմանները: Այսօր կարծես թե ինֆորմացիան շատ է այդ առումով, բայց  փաստորեն չհղիանալու խնդիրները եւս շատ են:

- Ընդհանրապես հղիանալու ամենակարեւոր նախապայմանը առողջ զույգերն են՝ թե՛ ֆիզիկական եւ թե՛ հոգեբանական առումով: Պետք է երկկողմանի իրար հասկանան ու սիրեն իրար, որի արդյունքում պատրաստ է 100 տոկոսանոց հղիությունը:

- Իսկ ի՞նչ ազդեցություն ունեն աբորտները հետագայում չհղիանալու վրա:

- Հնարավոր է՝ ես մի քիչ կոպիտ ասեմ, բայց աբորտ անողներին չեմ ընդունում: Ես շատ եմ հանդիպում նման կանանց, որոնց ես պարզապես համոզում եմ, որ չգնան այդ քայլին, որոնք հետո գալիս ու շնորհակալություն են հայտնում ինձ: Առաջին եւ հատկապես երկրորդ հղիությունները չի կարելի աբորտ անել, եւ ընդհանրապես, որպես քրիստոնյա ազգ, կրոնը դեմ է աբորտներին, որը համարվում է սպանություն՝ անկախ նրանից, թե քանի շաբաթական է սաղմը: Եվ հենց այստեղից են սկսվում բոլոր պրոբլեմները: Կանայք դիմում են աբորտի, բայց հաշվի չեն առնում, որ մեկը կարող է դա անել անորակ, կամ անհասկանալի դեղորայքով, որը վիժում է առաջացնում, եւ այսպես՝ հետաբորտային շրջանում առաջանում են որոշակի բարդություններ, բորբոքային պրոցեսներ եւ այլն: Եվ ընթերցելով շատ հայտնի մարդկանց գրքերը՝ գալիս ենք այն համոզման, որ ցանկացած՝ նույնիսկ լավ ձեւով արված աբորտը, միեւնույնն է, իր մեջ պարունակում է բորբոքային պրոցեսներ, որը հետագայում բերում է նաեւ դաշտանային պրոցեսի խանգարման, ձվազատման խանգարման եւ նմանատիպ այլ բաների, որի արդյունքում տարիներ շարունակ բուժվում են, որպեսզի եթե ստացվի, կրկին հղիանան: Եթե ինձ տրվեր հնարավորություն, ես ընդհանրապես կարգելեի աբորտները, հատկապես երկրորդ հղիության դեպքում: Եվ կարող եմ նույնիսկ ասել, որ չբերությունների հիմնական խնդիրը երկրորդ անգամ աբորտի դիմելն է, որի ժամանակ որովայնի փոքր կոնքի խոռոչում սկսվում են բորբոքային պրոցեսներ, որին միանում են ինֆեկցիաները, փակվում են փողերը, առաջանում են կպումներ, որի արդյունքում պատրաստ է երկրորդ անգամ չհղիանալու հավանականությունը:

- Մեզ մոտ նկատվում է նաեւ կեսարյան հատումների տենդենց: Ինչի՞ արդյունք է սա, եւ որո՞նք են դրա բարդությունները:

- Այո, մեզ մոտ ավելանում են կեսարյան հատումները, եւ ցուցիչները հասնում են արտասահմանի ցուցիչներին: Որոշ մակարդակի ծննդատներում թույլատրվում է կատարել կեսարյան հատումներ մինչեւ 30 տոկոս: Սա ունի իր բացատրութունը, եւ կեսարյան հատումների տոկոսը  բարձրացնելով՝ մենք հասանք այն մակարդակի, որ ցածրացան ներարգանդային իտրանատալ մահերը: Նախկինում կեսարյան հատումները բավականին քիչ էին, եւ մեծ ջանքեր էին պահանջվում ծննդաբերության ժամանակ՝ թե՛ ծննդկանի կողմից եւ թե՛ բժիշկների կողմից, որի արդյունքում ստանում էինք կամ հիվանդ երեխա, կամ երեխան այդ ընթացքում մահանում էր: Կեսարյան հատումները ընդունված են ողջ աշխարհում, իսկ մեզ մոտ այն սկսեց ակտիվանալ վերջին 10-15 տարիների ընթացքում, որի արդյունքում իջավ մահացած երեխաների ծնվելու տոկոսը:

- Իսկ կեսարյան հատումները որեւէ կապ ունե՞ն տարիքի հետ:

- Ոչ, դա որեւէ կապ չունի: Շատ հնարավոր է, որ ես 20 տարեկան կնոջը կեսարյան հատում կատարեմ, քանի որ պտղի վիճակը վատ է, իսկ եթե թողնեմ՝ պտուղը կարող է մահանալ: Սակայն մենք հասել ենք մի վիճակի, որ եթե սրանից ավելի կատարվեն, կեսարյան հատումները վնասելու են մորը: Այդ պատճառով մենք պետք է պահենք այս մակարդակը:

- Իսկ կա՞ն կանայք, ովքեր պարզապես ցանկանում են ուղղակի այդ ճանապարհով երեխա ունենալ, վախենալով բնական ճանապարհով ծննդաբերելուց:

- Այո, լինում են նման բաներ, որոնք հիմնականում հոգեբանական են: Դա կապրիզ չէ, պարզապես, երբ փորձում ես հղիին բացատրել ծննդաբերության իմաստը, կեսարյան հատման բարդությունները, որը վիրահատություն է, եւ որ հիմա կան ցավազրկող միջոցներ, որով ապահովում ենք անցավ ծննդաբերությունը, որոշ մասը հասկանում է ու համաձայնվում ծննդաբերել բնական ճանապարհով: Իսկ երբեմն էլ հանդիպում ենք կանանց, որոնց հետ ինչքան ուզում ես զրուցի, միեւնույնն է, զգում ենք, որ նրանց մոտ պսիխոզի աստիճանի հասնող պրոբլեմ կա, եւ այստեղ մենք կանգ ենք առնում եւ տանում ենք նրան կեսարյան հատման:

Զրույցը` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ