livemarks sitemap
Երկուշաբթի, Հունիսի 01, 2020

bjishk«Այն, ինչը մենք հաճախ գրիպ ենք անվանում, իրականում գրիպ չէ»,- «Զարուհու» հետ զրույցում պատմել է վարակաբան Մհեր Դավիդյանցն ու հավելել, որ մարդիկ չեն տարանջատում գրիպը սուր ռեսպիրատոր վիրուսային վարակից: Պատճառն` ըստ վարակաբանի, հիվանդությունների նույնանման ախտանշաններն են: Սուր ռեսպիրատոր հիվանդությունները ուղեկցվում են ջերմությամբ, հարբուխով, փռշտոցով, հազով, սակայն դրանք շատ ավելի թեթեւ ընթացք ունեն, քան գրիպի ժամանակ:

Վարակաբանը նշել է, որ մարդիկ սովորաբար գրիպի ժամանակ դիմում են առաջին օղակի մասնագետների օգնությանը: Դավիդյանցի խոսքերով, առաջին օղակում կանգնած են թերապեւտներն ու ընտանեկան բժիշկները:  

Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված գրիպի սեզոնային սրացումը, վարակաբանի պատասխանը հետեւյալն էր. «Գրիպը, ինչպես եւ ցանկացած ռեսպիրատոր վարակ, ունի սեզոնայնություն: Հիմնականում` աշուն-ձմեռ ժամանակահատվածն է, երբ նկատվում է սուր ռեսպիրատոր հիվանդությունների սրացում: Այն ունի մի քանի պատճառ: Առաջինը` ձմռան ցուրտ ամիսներին մարդու իմունային համակարգի ընկճումն է: Երկրորդը` ցուրտ եղանակներին մարդկանց խմբավորումը ավելի է շատանում, մարդիկ ավելի շատ լինում են փակ տարածություններում, որոնք, որպես կանոն, չեն օդափոխվում: Եվ երրորդ` ռեսպիրատոր վիրուսներն ավելի կայուն են ցածր ջերմաստիճանի պայմաններում: Այդ իսկ պատճառով տաք եղանակներին այս հիվանդությունները հազվադեպ են հանդիպում»:

bjishk1Դավիդյանցից հետաքրքվեցինք, թե այս տարի ի՞նչ անվանում ունի գրիպը, եւ արդյո՞ք նկատել է գրիպով հիվանդների թվի աճ. «Այս տարի, պետք է ուրախությամբ նշեմ, որ գրիպով հիվանդների աճ չկա: Կարծում եմ, այս տարի չենք էլ ունենա որեւիցե նոր վիրուս: Պատճառներից մեկը պատշաճ կանխարգելիչ միջոցառումներն են»:

Ի դեպ, վարակաբանը խոսելով կանխարգելիչ միջոցառումների մասին` տեղեկացրեց, որ գրիպի դեմ կա մի քանի կանխարգելիչ միջոցառում: Ըստ Դավիդյանցի, դրանք պայմանականորեն կարելի է տարանջատել դեղորայքային եւ ոչ դեղորայքային միջոցառումների: Դեղորայքային միջոցառումներից  զատ, նախեւառաջ պետք է սահմանափակել շփումը գրիպով կամ գրիպին բնորոշ նշաններ ունեցող մարդկանց հետ: Նման հիվանդների հետ շփվելիս վերջինս խորհուրդ է տալիս հատուկ ռեսպիրատորներ (դիմակ) հագնել: Բժշկի խոսքերով, նրանք ունեն հաստ շերտ եւ կանխում են վիրուսի թափանցումը դիմակի միջով: Պաշտպանիչ միջոցառումներից մյուսը ինտերֆերոնների օգտագործումն է, որոնք գոյություն ունեն ինչպես քսուքի, այնպես էլ քթի կաթիլների ձեւով: Այն կանխարգելում է գրիպի զարգացումը: Արդյունավետ է նաեւ գրիպի դեմ պատվաստումը:

Զրուցակիցը գրիպին բնորոշ նշաններով հիվանդներին խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի: «Գրիպը ախտորոշելու դեպքում պետք է ստանալ հակավիրուսային բուժում: Բացի դեղորայքային կանխարգելումից, կարելի է օգտագործել նաեւ ավանդական միջոցներ: Դա հիմնականում վիտամին C-ով հարուստ սննդամթերքի, սխտորի կիրառումն է, որը նույնպես ոչ «սպեցիֆիկ» ձեւով պաշտպանում է մեր օրգանիզմը ռեսպիրատոր վարակներից: Սխտորը օգտակար է օգտագործել ինչպես սննդի մեջ, այնպես էլ պարզապես կտրատել եւ դնել սենյակում: Այն ախտահանում է օդը»,- բացատրեց բժիշկն ու ավելացրեց, որ այն պետք է կիրառվի միմիայն կանխարգելման նպատակով:

Հաճախ օդափոխել սենյակները, հատկապես` որտեղ կան գրիպի նշաններով հիվանդներ:  

bjishk2Խոսելով գրիպի բարդությունների մասին, վարակաբանը զգուշացրեց. «Եթե սովորական մրսածության դեպքում բարդությունները հանդիպում են հազվադեպ եւ ներառում են հիմնականում «քիթ-կոկորդ-ականջ» օրգանների բորբոքումները (լարինգիտ, ֆարինգիտ, ռինիտ եւ այլն), ապա գրիպի ժամանակ կլինիցիստները սովորաբար առնչվում են ավելի ծանր բարդությունների հետ, ինչպիսիք են թոքաբորբը, հայմորյան եւ ֆրոնտալ խոռոչների, միջին ականջի բորբոքումը: Ծանր դեպքերում կարող է բարդանալ մենինգիտով, էնցեֆալիտով (ուղեղաթաղանթի եւ ուղեղի բորբոքում)»:

Դավիդյանցը խորհուրդ տվեց նաեւ գրիպի ժամանակ խուսափել սերտ շփումներից ու համբույրներից. «Հազալիս գրիպը երեք ու կես մետր հեռավորության վրա է փոխանցվում, փռշտալիս` երկու: Այնպես որ, հազալիս ավելի ինտենսիվ է վիրուսի ձերբազատումը տեղի ունենում»: Խոսքը եզրափակելով` բժիշկը հիշեցրեց, որ չբարդացած գրիպը, սովորաբար, տեւում է մինչեւ 7 օր եւ, համաձայն հայտնի արտահայտության, եթե բուժում ես, գրիպն անցնում է մեկ շաբաթում, եթե ոչ` յոթ օրում:  

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում