livemarks sitemap
Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2019

Aram-Nalbandyan«Եթե առաջ մարդիկ զբաղվում էին սպորտով, հաճախում էին ֆիտնես ակումբներ, ապա այսօր նախընտրում են նույնիսկ իրենց ազատ ժամանակը անցկացնել համակարգչի դիմաց նստած»,- «Զարուհու» հետ զրույցում ասաց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի կինեզիոթերապեւտ, ռեաբիլիտոլոգ ԱՐԱՄ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ու հավելեց, որ նստած ժամանակ մարդու մոտ սկսում է պակասել շարժունակությունը: Ըստ մասնագետի, նստած դիրքը ողնաշարի համար ամենածանրն է համարվում.

«Ողնաշարը հանդիսանում է օրգանիզմի սյունը: Նրա վրա են հենվում օրգան համակարգերը: Այդ իսկ պատճառով ողնաշարը պետք է ծանրությունից զերծ պահել: Եթե ստիպված եք երկար ժամեր անցկացնել համակարգչի առջեւ` ելնելով գործի բնույթից, հարկ է նստած դիրքում գոնե համապատասխան վարժություններ կատարել»: Իսկ վարժությունները, բժշկի համոզմամբ, զերծ կպահեն ողնաշարի ծռումներից` սկոլիոզից, կիֆոզից. «Սկոլիոզը`ողնշարի աջ կամ ձախ թեքվածությունն է, որը առաջանում է ողնաշարի մկանների միակողմանի լարվածությունից»,- պարզաբանում է մասնագետն ու թվում անցանկալի իրավիճակները սկոլիոզի ընթացքում: Բժիշկը պնդում է, որ սկոլիոզի դեպքում կարող են ի հայտ գալ սիրտ-անոթային համակարգի, շնչառական համակարգի, ներքին օրգանների, նույնիսկ ստամոքս-աղիքային համակարգի խախտումներ, որոնք ուղեկցվում են ցավերով:

Ըստ Ա. Նալբանդյանի, սկոլիոզը նաեւ կարող է առաջացնել օստեոխոնդրոզ հիվանդությունը: Այն ժողովուրդը հաճախ աղերի կուտակում է անվանում: «Օստեոխոնդրոզի ժամանակ հնարավոր է նորից ցավեր եւ ամենավտանգավորը` ողնաշարի դիսկի ճողվածք (գրիժա) ձեռքբերել: Սա բարդ բուժվող հիվանդություն է: Հիմնականում այդ հիվանդության ելքը վիրահատությունն է: Ցավերը մեղմելու, ճողվածքը չխորանալու համար անց են կացվում համապատասխան միջոցառումներ`կինեզիթերապիա»,- նշեց մասնագետն ու ներկայացրեց ողնաշարի կրծքային հատվածի կիֆոզը: Ըստ նրա, կիֆոզը` կրծքավանդակի հատվածում առաջացած կուզն է, որի ժամանակ եւս լինում են ցավեր: Իսկ ցավերը մեղմելու համար ծռվածությունների ժամանակ լավագույն տարբերակներից մեկը` լողավազան այցելելն է. «Լողը ողնաշարի համար լավագույն սպորտաձեւն է համարվում: Այն հատկապես ցուցված է նստակյաց կենսակերպ վարող անձանց` օֆիսային աշխատողների, ծրագրավորողների եւ… Եթե ինչ-ինչ պատճառներով մարդը, գուցե, զբաղվածության հետեւանքով անտեսում է սպորտը, ապա վեց ամիսը մեկ, հարկ է տվյալ անհատին ստանալ բուժում, որն իր մեջ ներառում է կինեզիթերապիա, այսինքն` բուժական մերսում, մանուալ թերապիա, բուժական ֆիզկուլտուրա»,- ընգծում է բժիշկը:

bjishkՀետաքրքրվեցի նաեւ, թե արդյոք ողնաշարի ծռումների դեպքում միշտ է ցուցված սպորտով զբաղվելը, բժշկի պատասխանը հետեւյալն էր. «Լողը բոլոր դեպքերում էլ ցուցված է: Օրինակ` աէրոբիկան շատ առողջարար է, սակայն, եթե գործ ունենք սկոլիոզի հետ, ապա որոշ դեպքերում ցուցված չէ: Յուրաքանչյուր հիվանդության դեպքում ցուցված է հատուկ բուժական ֆիզկուլտուրա: Սկոլիոզի պրոգրեսիվ շրջանը սկսում է 3-4 տարեկանից ու տեւում մինչեւ 14 տարեկան, որից հետո պրոգրեսիան կանգ է առնում, սկսում ավելի դանդաղ զարգանալ: 18-19 տարեկան հասակում առաջանում են նաեւ ցավեր: Աղջիկների մոտ սկոլիոզի վտանգն այն է, որ  հետագայում նրանք կարող են բարդություններ ունենալ ծննդաբերության ժամանակ եւ ծննդաբերությունից հետո: Այս հիվանդության բուժումը երկար է տեւում: Շատ բան կախված է մարդու օրգանիզմից եւ բուժման մոտեցումից»:

Հարցրեցի նաեւ, թե հաճախ մեջքի ցավերի դեպքում մարդիկ դիմում են ոչ թե մերսողների, այլ սնխչիների, երբեմն էլ տաքացնող սպեղանիներ են օգտագործում:  

«Ինքնաբուժումը մեր ժողովրդի մեջ շատ խորն է նստած: Չեմ ցանկանում սնխչիների եւ այդ տիպի մասնագետների հասցեին որեւէ վատ բան ասել, բայց, քանի որ նման մասնագետները հիմնականում չունեն բժշկական կրթություն սկսում են զբաղվել մոտավոր բուժումով: Ժամանակ առ ժամանակ պահանջում են ռենտգենոգրաֆիա, նշանակում կասկածելի բուժում: Շատ դեպքերում բոլորովին պարտադիր չէ ռենտգենոգրաֆիա անցկացնելը: Այս կարգի մասնագետների մոտ այցելությունը բավական թանկ է նստում մարդու վրա, ինչպես նաեւ բարդացնում երբեմն բուժումը: Երբեմն էլ, այսպես ասած, «տեղը գցած» կոտրվածքները ստիպված ենք լինում նորից վերանայել, նշանակել կրկնակի բուժում: Ինչ վերաբերվում է տաքացնող սպեղանիներին, ապա ենթադրենք, որ կա ողնաշարի ճողվածք կամ ներքին օրգանների, երիկամների,  արգանդի խնդիրներ` վտանգավոր է տաքացնելը: Եվ հետո, այն ժամանակավոր ազդեցություն է կրում: Որոշակի ժամանակ լավանում է արյան շրջանառությունը, բորբոքումը ինչ-որ մի պահ որոշ չափով հանում եւ ինչ-որ ժամանակ մարդը սկսում է իրեն լավ զգալ: Իսկ այդ լավ զգալու ժամանակ մարդը մոռանում է ցավի մասին եւ շարունակում ծանրաբեռնել ողնաշարը, ինչի հետեւանքով ձեւավորվում է հիվանդություն` խրոնիկ ընթացքով, ցավերը պարբերաբար կրկնվում են: Հարկ է, գոնե մեկ բժշկի խորհուրդ հարցնել»,- հայտնում է Ա. Նալբանդյանն ու հորդորում նաեւ հրաժարվել ինքնագլուխ դեղորայք օգտագործելուց:

Հարցրեցինք եւս մի անհեթեթ ինքնաբուժման մեթոդի մասին, հաճախ դրանով տղամարդիկ են տարվում. խնդրում են տան փոքրիկին քայլել մեջքի վրայով:

«Հաճելի պրոցես է, ինչ խոսք (Ժպտում է.-հեղինակ): Երբ որ ողնաշարը ծանրաբեռնված է լինում խնդրում են երեխային քայլել մեջքի վրայով: Ես նույնիսկ դեպքեր գիտեմ, որ կնոջն են խնդրում, ծնողներին: Դեպքեր են եղել շերեփով, ճաշի գդալով են խնդրել տրորել մեջքը… Ինչով է այն վնաս: Գոյություն ունեն ողնաշարի այնպիսի հիվանդություններ, որի ժամանակ հակացուցված է ծանրությունները, իսկ երբ ողնաշարի վրա հարազատներն են քայլում, արդեն իսկ ծանրություն է: Այս մեթոդը կրկին ինքնաբուժություն է իր մեջ ներառում եւ որեւէ բանիմաց մասնագետ նման մեթոդ հաստատ չի առաջարկի»,- ասաց բժիշկն ու հավելեց, որ առհասարակ մեջքի ցավը արդեն իսկ ահազանգ է բժշկին դիմելու: Ըստ մասնագետի, մեջքի ցավը կարող է առաջանալ անգամ այն մարդու մոտ, որն ընդհանրապես գանգատներ չունի, չի ունեցել: Բժիշկը փաստում է. «Շատ անգամ թվում է, թե սրտի հետ  կապված խնդիր է եւ ստուգումներ են կատարում: Իրականում, բացահայտվում է, որ ցավը գալիս է ողնաշարից, այն ճառագայթվում է դեպի սիրտը»:

Հարցին էլ` իսկ բարձրակրունկ կոշիկները, ի՞նչ վնաս կհասցնեն մեջքին, Ա. Նալբանդյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Կանանց եւ աղջիկներին խորհուրդ է տրվում իջեցնել կրունկի չափերը, որովհետեւ 4 սմ-ից ավել ամեն մի սմ-ը 5-10 կգ ծանրություն է գցում ողնաշարի վրա: Այսինքն, եթե 10-11 սմ կրունկով կոշիկ է կրում կինը, աղջիկը, մոտ 50-60 կգ ողնաշարը ծանրաբեռնում է»: Զրույցի վերջում բժիշկը խորհուրդներ տվեց, ինչը կիրառելու դեպքում որոշ չափով զերծ կմնաք մեջքի անժամանակ այցելած տհաճ ցավի զգացողությունից:

 

Օգտակար խորհուրդներ ըստ Արամ Նալբանդյանի

 

bjishk11. Համակարգչի մոտ երկար ժամանակ նստած դիրքում անցկացնող մարդկանց համար առաջարկում ենք հետեւյալ վարժությունը: Այս վարժությունը հիմնականում պարոնոցի համար է նախատեսված: Քթի ծայրով փորձեք գրել թվեր 1-10 եւ ետ: Թվերը գրեք վերացական, մի փորձեք ստանալ իդեալական գեղեցիկ թվեր, կատարեք լիարժեք պտույտներ:

2. Եթե ունեք ձող, ապա 10-30 վայրկյան կախվելուց հետո պառկեք որեւէ հարթ տեղ, կարելի է հատակին, բարձ դնել ցանկալի չէ:

3. Բարենպաստ են լոգանքները, որից հետո խորհուրդ չի տրվում մրսեցնել օրգանիզմը:

4. Զբոսնեք, հնարավորության դեպքում, մաքուր օդը առողջարար է: (Հատկապես համակարգչով երկար աշխատելուց հետո):

5. Մկանները թուլացնելու համար դանդաղ կամ որեւէ հաճելի երաժշտության ներքո կատարեք վարժություններ:

6. Մեջքի ցավից խուսափելու համար հարկ է հրաժարվել չափից ավելի փափուկ անկողնային պարագաներից: Անկողինը պետք լինի փոք-ինչ չոր: Բարձի փոխարեն կարող եք օգտագործել սրբիչից պատրաստած վալիկներ, ըստ ցանկության է դա: Խորհուրդ չի տրվում ձեռքը դնել գլխի տակ եւ այդպես քնել:

Վլադ Մուրադյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում