livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

- Ի՞նչ է իրենից ներկայացնում քոսը: Կարելի՞ է արդյոք վարակվել այս հիվանդությամբ կենցաղային ճանապարհով:

bjishk2Սամվել Խաչատրյան, մաշկավեներաբան.

-Քոսն իրենից ներկայացնում է մաշկի վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը քոսի տիզն Է: Վարակվելու համար պետք է սերտ շփում մաշկի հետ: Անզոր են լոգանքները: Անգամ ձեռքով բարեւելիս կարելի է վարակվել քոս հիվանդությամբ: Շատ հաճախ քոսի տիզը բնակություն է հաստատում ձեռքերի միջմատային ծալքերում: Աչքի համար այն անտեսանելի է: Իր մասին քոսը «հիշեցնում» է վարակվելուց 2-7 օր անց:

Հիվանդը գանգատվում է քորի զգացողությունից: Այս տհաճ զգացողությունը հիմնականում սաստկանում է տաք պայմաններում, հատկապես անհանգստացնում է հիվանդին գիշերային ժամերին, երբ մարդն անկողին է մտնում:

Երկար քորելուց հետո մաշկի վրա կարող են առաջանալ բծեր, մանր ցանավորում: Այս պարագայում հարկ է անհապաղ դիմել մասնագետի օգնությանն ու ճիշտ ախտորոշում ստանալ: Կան որոշակի մաշկային հիվանդություններ, որոնք կարող են հիշեցնել քոս, սակայն քոս չեն:

Եթե ընտանիքի անդամներից մեկը վարակված է լինում քոսով, ապա տան մնացած անդամները վտանգի են ենթարկվում: Վարակված մարդու անկողինը, շորերը, սրբիչը, նույնիսկ փափուկ կահույքը կարող են վարակի աղբյուր հանդիսանալ: Այդ իսկ պատճառով պրոֆիլակտիկ բուժում է նշանակվում նաեւ ընտանիքի այլ անդամների համար:

Բուժման համար հիմնականում կիրառում են քսուքներ, այսօր գոյություն ունեն նաեւ դեղամիջոցներ` ցողացիրի (սփրեյ) տեսքով:

Հիվանդության դեպքում հարկ է բացառել ժողովրդական մեթոդներ օգտագործելը, քանի որ դա հղի է լուրջ հետեւանքներով:

Կանխարգելման համար հիվանդի շորերը, անկողինը լվանում են բարձր ջերմաստիճանի տակ, կահույքը մշակում հատուկ ախտահանիչ միջոցներով:

Քոսը ախտորոշելու համար երբեմն տեսողական զննությունն էլ բավական է լինում, իսկ վիճելի դեպքերում լաբորատոր հետազոտությունը պարտադիր է. վերցվում է մաշկի քերուկ, որն անցնում է մանրադիտակային զննում: Այս հիվանդության բարձիթողի վիճակը կարող է ունենալ բավական լուրջ հետեւանքներ: Երկարատեւ քորելուց հնարավոր է վնասել մաշկն ու երկրորդական վարակ ներմուծել:

Վարակից խուսափելու համար հարկ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները. չքնել ուրիշի անկողնում, չհագնել ուրիշի շոր, չօգտագործել ուրիշի սրբիչ: Ի դեպ, ոչ բոլոր լվացող հեղուկներն են ոչնչացնում վարակը: Այն ոչնչանում է միայն բարձր ջերմաստիճանի տակ:

Ուրախությամբ նշեմ, որ Հայաստանում այս հիվանդությամբ տառապող հիվանդների քանակը զգալի նվազել է 90-ականների համեմատ: Այն, ըստ իս,  պայմանավորված է մարդկանց բարենպաստ սոցիալական պայմաններով, գիտակցմամբ. սեփական առողջության հանդեպ մարդկանց հետեւողականությամբ. ժամանակին են դիմում բժշկի, արդյունավետ են նաեւ դեղամիջոցները:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում