livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

bjishk«Գարնանը, մեզ հիմնականում դիմում են սրտի իշեմիկ եւ հիպերտոնիա հիվանդություն ունեցողները, ինչպես նաեւ սրտային անբավարարությամբ տառապողները»,- «Զարուհու» հետ զրույցում ասում է թիվ 3 կլինիկական հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆԸ: Ըստ սրտաբանի, եղանակի, մթնոլորտային ճնշման փոփոխությունները քրոնիկ հիվանդների մոտ կարող են բերել վիճակի սրացման: Ադամյանը պարզաբանում է. «Իշեմիկ հիվանդության պատճառը հիմնականում աթերոսկլերոզն է, որը զարգանում է անոթի ներսի պատը վնասվելու պատճառով: Այդ հիվանդությունն ավելի զարգանալու համար ունի տարբեր ռիսկային գործոններ: Ռիսկի գործոնների մեջ մտնում են հիպերտոնիկ հիվանդությունը, ծխելը, հիպոդինամիան (շարժումների սահմանափակումը), սննդակարգը եւ տարբեր համակարգի հիվանդությունները»: Ադամյանը նաեւ ներկայացրել է Հայաստանում սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող մարդկանց տարիքային ցենզը: Ըստ նրա, տղամարդկանց մոտ հիվանդությունն ի հայտ է գալիս 40-ից, կանանց մոտ` 50-ից բարձր տարիքում:

«Ցավոք սրտի, Հայաստանի պայմաններում մենք ականատես ենք լինում շատ դեպքերի, երբ սրտի իշեմիկ հիվանդությամբ դիմում են 30 տարեկան տղամարդիկ: Դժվարանում եմ ասել, թե ինչով է այն պայմանավորվում: Գուցե, ազգային յուրահատկություններով, սթրեսային վիճակների քանակից, սննդակարգից, նստակյաց ապրելակերպից. շատ ժամանակ հայերը անց են կացնում ավտոմեքենայում, քիչ են շարժվում»:

Սրտաբանից հարցրեցինք, թե որքանո՞վ է վտանգավոր «ֆաստֆուդ» օգտագործելը. «Հայաստանում գրեթե «ֆաստֆուդ» չունենք, հիմնականում ռեստորանային սննունդն է` հագեցած ճարպով: Մեր ազգը միս սիրող ազգ է»,-նշում է բժիշկն ու հավելում, որ ճարպով հագեցած սնունդը վնասակար է: Այնպես որ, մտածեք ինքներդ, հրաժարվե՞լ քյաբաբ-խորովածից, թե` ոչ...

Հարցրեցինք, թե ինչպիսի գանգատներ են սովորաբար նշում սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ այցելուները, Ադամյանի պատասխանը հետեւյալն էր. «Տվյալ հիվանդության հետ կապված հիմնական գանգատները  կրծքավանդակի սեղմող բնույթի ցավերն են, հիմնականում ուսագոտու, ձախ ձեռքի շրջանի ցավերը, որոնք առաջանում են ֆիզիկական լարվածության ժամանակ, անցնում են հանգստից: Ցավոք սրտի, մեր ազգաբնակչությունն ուշադրություն չի դարձնում վերոնշյալ նշաններին եւ տարբեր տիպի այլ խնդիրներ են փորձում փնտրել` ստամոքսի կամ այլ օրգանների հետ կապված: Արդյունքում, մեզ դիմում են արդեն սրտամկանի սուր ինֆարկտով: Ի դեպ, եղանակային փոփոխությունների պատճառով շատացել են նաեւ

ինֆարկտների դեպքերը: Խորհուրդ է տրվում այս կարգի սրտի հիվանդություն ունեցող մարդկանց ավելի կանոնավոր հետեւեն իրենց, հետազոտվեն, ստանան բժշկի կողմից նշանակված հատուկ դեղորայք եւ գտնվեն բժշկի հսկողության տակ»:

Ի դեպ, ինֆարկտի մասին: Այն կարելի է զգալ: Ըստ սրտաբանի մարդու մոտ առաջանում է ծանրության զգացողություն կրծքավանդակի շրջանում: Այն տեւական ժամանակ չի դադարում: Նմանատիպ գանգատների ժամանակ բժիշկը խորհուրդ տվեց անհապաղ դիմել բժշկի օգնությանը կամ զանգահարել շտապ օգնություն: Հիվանդին, սրտաբանի խոսքով, հարկ է տեղափոխել հիվանդանոց` ինֆարկտի հնարավոր բարդություններից ու ռիսկերից ազատվելու համար:

Մեր դիտարկմանը, թե ժողովրդի մեջ կա տարածված կարծիք նման նշանների դեպքում անհրաժեշտ է ուժեղ հազալ, արդյոք ճի՞շտ է...

«Չեմ կարծում, որ դա ինչ-որ օգտակար ազդեցություն կարող է ունենալ: Կան ինֆարկտներ, որոնց ժամանակ զարգանում է սրտի կանգը: Հազալը օգնում է, երբ տեղի է ունենում սրտի զարկերի դանդաղեցում, բայց դա էլ հարցի լուծում չէ»,- ընգծել է սրտաբանը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ հետազոտություններ պետք է անցնի մարդ, երբ սրտի աշխատանքի հետ որեւէ կասկածներ ունի:

«Սկզբնական շրջանում կարելի է զուտ անալիզներով պարզել խոլեստերինի քանակը: Դա երիկամների ֆունկցիայի անալիզն է: Հետազոտությունը կարելի է սկսել Էլեկտրասրտագրությամբ: Եթե հետագայում որեւիցե խնդիրներ առաջանան խորհուրդ եմ տալիս հիվանդներին ավելի լուրջ հետազոտություններ անցնել, որոնցից մեկը կորոնոգրաֆիան է, ժողովրդի լեզվով ասած՝ զոնդավորումը: Այն ցույց է տալիս սրտի սնուցող կորոնար անոթները»,-ասում է Մ. Ադամյանը:

Հարցին էլ, թե առավոտյան մարզանքը, արդյոք ցուցվա՞ծ է սրտայիններին, Ադամյանը տվեց հետեւյալ պատասխանը.

«Նայած, թե տվյալ անհատը, ինչ հիվանդություն ունի սրտի հետ կապված: Կան սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող հիվանդներ, որոնց թեթեւ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը օգտակար է»:

Նյութը` Վլադ Մուրադյանի  

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ԸՍՏ ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆԻ

1. Իրականացնել մշտական արյան զարկերակային ճնշման հսկողություն:

2. Որոշ չափով փոփոխել սննդակարգը: Հարկ է ներառել բանջարեղեն, մրգեր, սնունդը պատրաստել բուսական յուղով, օգտակար է նաեւ ծովամթերքը:

3. Կտրականապես հրաժարվել ծխախոտից:

4. Վարել ֆիզիկական ակտիվ կյանք:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում