Մեր ամսագրի այս համարի «Ավտոսրահ» խորագրում ընթերցեք եւ տեղեկացեք հայտնի կանանց նախընտրած մեքենաների մասին: Մեքենան նրանց համար շքեղությո՞ւն է, փոխադրամիջո՞ց, թե՞ ընկեր: Այս եւ այլ հարցերի պատասխանները ձեզ ներկայացնում ենք հարցազրույցներում:

 

Պարզվում է, որ երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ հատուկ ուշադրություն է դարձնում ոչ միայն իր երկրպագուներին, այլ նաեւ մեքենային, եւ, ինչպես նա նշեց. «Ունեմ «Մերսեդես» մակնիշի սպիտակ ML 320, ես այն  չեմ փոխել առած օրվանից: Արդեն 6 տարի նույն մեքենան եմ վարում եւ արդեն 2 տարի է, ինչ որոշել եմ այն փոխել, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում նրանից հրաժարվել: Ես շատ եմ սիրում իմ մեքենան: Քաղաքում իմ մեքենայից շատ-շատ կա,  ուղղակի այն իմ առաջին մեքենան է, որի հետ կապված` ունեմ լավ հիշողություններ: Այն ինձ շատ շատ լավ է ծառայել, եւ ես երբեք փողոցում չեմ մնացել անսարքության պատճառով: Որքան էլ որ հիմա այն փոխելու ժամանակն է, եթե ես տեսնեմ, որ իմ մեքենան ուրիշն է վարում, հաստատ կխանդեմ: Կարծում եմ, որ եթե, այնուամենայնիվ, փոխեմ էլ, նորն էլ երեւի կլինի «Մերսեդես» մակնիշի, սակայն արդեն` նոր թվականի: Եթե անկեղծ լինեմ, ես շատ բան չեմ էլ հասկանում մեքենայից, բայց իմ բոլոր հարցերը դրա հետ կապված` լինի դա յուղ փոխել, անվադողերը նայել եւ այլն եւ այլն, ամեն ինչ անում եմ ինքս: Իմ բոլոր վարպետները գիտեն, որ իմ մեքենայով ոչ ոք չի զբաղվում: Այն բոլոր տեղերը, որ ես տանում եմ մեքենաս ստուգելու, բոլորը տղամարդիկ են, եւ միշտ ես եմ լինում միակ աղջիկը: Միշտ ասում են` ինչո՞ւ դու չես տալիս մեքենան, որ ինչ-որ մեկը բերի, ես էլ պատասխանում եմ, որ այն  ինձ լավ է ծառայել, ես էլ իրեն պետք է ծառայեմ:

Վարելիս խորհուրդ կտամ, որ ուշադիր լինեն, քանի որ  շատ հաճախ մեքենայում լինում են երեխաներ, փողոցով անցնում են սայլակներով, անցնում են հեծանիվներով: Մենք ոչ միայն մեր, այլ նաեւ կողքինների համար ենք պատասխանատու, եւ Աստված թող տա, որ բոլոր վարորդների համար միշտ կանաչ ճանապարհ լինի: Իսկ ինչ վերաբերում է օրինախատությանը, ապա կան օրինախախտ ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ: Այնպես որ` անցել են այն  ժամանակները, երբ ասում էին, թե, երբ կանայք ղեկին են, ամեն ինչ վատ է: Երբեմն տեսնում ենք, որ կան տղամարդիկ, որոնք այնքան վատ են վարում, այնքան արագ ու կանոնները խախտելով, որ այդ ժամանակ կանանց ուղղակի հրաշալի վարորդ կարելի է համարել նրանց կողքին»:

Էլիտար կոսմետոլոգիական ընկերության ռեգիոնալ մենեջեր ԱՆՆԱ ԹՈՐԳՈՄՅԱՆՆ էլ նկատեց. «Արդեն տասը տարուց ավելի է, ինչ վարում եմ մեքենա: Նախեւառաջ նշեմ, որ այն ինձ համար ոչ թե շքեղություն է, այլ փոխադրման միջոց: Ունեցել եմ 12 տարբեր մեքենաներ: Ներկայումս վարում եմ 2007 թվականի արծաթագույն «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենա: Ժամանակին առաջնորդվում էի Հենրի Ֆորդի խոսքով, որ կարեւոր չէ, թե ինչ գույնի է լավ մեքենան, կարեւոր է, որ այն սեւ լինի: Սակայն հասկացա, որ պրակտիկ տեսանկյունից այդ գույնը այդքան էլ հարմար չէ, քանի որ յուրաքանչյուր թերություն անմիջապես աչքի է ընկնում: Հիմա մեծ սիրով վառ գույնի մեքենա կվարեի: Սակայն մտավախություն կա, որ վառ գույնից շատ շուտ կհոգնեմ, այդ իսկ պատճառով ընտրել եմ ավելի չեզոք գույն: Տվյալ մակնիշն եմ ընտրել` հաշվի առնելով դրա որակական հատկանիշները, ամրությունը: Իհարկե, նախընտրելի է գեղեցիկ մեքենա ունենալը, սակայն առավել կարեւոր է նրա երկար ծառայելը: Ավելի շատ նախընտրում եմ ցածր մեքենաներ, մեր քաղաքը առանց այդ էլ փոքր է ու լցված է մեքենաներով»:

Երգչուհի, ինչպես նաեւ նորաթուխ դերասանուհի ԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ անկեղծորեն պատասխանեց. «Ես հիմա մեքենա չեմ վարում: Ժամանակին վարել եմ 2003 թվականի «Դոչե» մակնիշի սեւ գույնի մեքենա, սակայն վարելու ընթացքում իմ կողքին միշտ եղել է վարորդս: Եթե անկեղծ լինեմ, չեմ սիրում, երբ մեքենան լինում է վառ գույնի, այդ իսկ պատճառով նախընտրել եմ սեւը: Իմ մեքենայի մեջ վառվռուն զարդեր կամ փափուկ խաղալիքներ երբեք չեն եղել ու չեն լինի: Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է լինի ավելի սոլիդ: Ինձ անչափ դուր էր գալիս «Նիսսան Զեթ» մակնիշի մեքենան, սակայն հայրիկս խնդրեց, որ այն չվարեմ, քանի որ սպորտային էր ու բարդ: Իմ`  մեքենա չվարելը ժամանակավոր բնույթ է կրում: Կուզեի վարել «Ֆոլցվագեն Տիգուա» մակնիշի մեքենա. այն ինձ շատ է  դուր գալիս: Չնայած նրան, որ շատ մեքենաներ եմ վարել, այնուամենայնիվ, դա ինձ համար ոչ թե շքեղություն է, այլ փոխադրամիջոց: Իմ մեքենայում հիմնականում լինում են կուրսեցիներս ու ընկերներս»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ