livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Manaseryan2Արեւմտահայ վիպասան Սրբուհի Տյուսաբը չէր սխալվում ասելով, որ տղամարդ գրողը կարող է միջակություն լինել, իսկ կին գրողը՝ երբեք: Մի քանի սերունդներ սիրահարվել են երգելով «Ծաղիկներ», ոմանք փնտրել են իրենց կյանքի կեսին երգելով «Ծաղիկներս ում նվիրեմ», բաժանվել սերերից քթի տակ մրմնջալով «Էլ քեզ չեմ սիրի»... Այս շարքը դեռ շատ երկար կարելի է ներկայացնել, եւ որքան էլ այս երգերը տարիներ շարունակ սիրված են եղել եւ առ այսօր էլ շարունակում են մնալ, նոր սերնդից քչերն են տեղյակ, թե ո՞վ է այդ երիտասարդների սրտից բխող երգերի հեղինակը: Այն երգերի, որոնք նրանց յուրաքանչյուր հոգեվիճակում կարող է սրտի դարման դառնալ: Իսկ պատճառը մեկն է, այս երգերի հեղինակը՝ երգահան ՀԱՍՄԻԿ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ, մշտապես առանձնացել է իր համեստությամբ, դռներ բախելու փոխարեն լուրջ ստեղծագործել, համասփյուռ հայությանը նվիրելով սիրո մասին բազում երգեր: Միաժամանակ նաեւ չկորցնելով հայուհու կերպարն ու յուրաքանչյուր ավանդական հայ տան տիկնոջ նման զբաղվել կենցաղային գործերով ու մեծացրել զավակներին:  

Երգահանը չէր էլ պատկերացնի, որ 20 տարեկանում աղջկական հետաքրքրվածությամբ գրված երգերը կարող են սիրվել ու ընդունվել հանդիսատեսի կողմից, ավելին` 50 տարի անց էլ շարունակել մնալ սիրված:

«Զարուհին» հյուրընկալվելով տիկին Մանասերյանի բնակարանում մեկ անգամ էլ համոզվեց, որ հայուհին միեւնույն ժամանակ ամեն ինչ է հասցնում անել.

-Չեմ սիրում, երբ կինն ամբողջությամբ ընկղմված է լինում տնային-կենցաղային գործերի մեջ: Ես թեեւ մենակ եմ մեծացրել երեխաներիս, բայց հասցրել եմ ե՛ւ ստեղծագործել, ե՛ւ տնային գործերը ժամանակին անել, միեւնույն ժամանակ հետեւել ինձ եւ չկտրվել ընկերական շրջապատից:

Manaseryan3- Իսկ այդ ընթացքում ե՞րբ էիք հասցնում ստեղծագործել եւ ի՞նչն էր մուսա հանդիսանում Ձեզ համար:

- Մուսա որպես այդպիսին չեմ ունեցել, ուղղակի նստել եւ գրել եմ: Օրինակ՝ իմ շատ երգեր ծնվել են խոհանոցում՝ նույնիսկ ճաշ եփելու ժամանակ:

- Տիկի՛ն Հասմիկ, «Ծաղիկներ» երգը Ձեր առաջին ստեղծագործությունն էր, դրանից հետո ո՞ր երգերը ծնվեցին:

- «Ծաղիկներ», «Ծաղիկներս ում նվիրեմ», «Այն գիշեր ինձ խոստացար ծաղիկներն աշխարհի», «Մի՛ գնա, մի՛ գնա», «Մթնշաղ է իջել», «Էլ քեզ չեմ սիրում», «Պետք չէ, սիրելի՛ս», «Ծփում է Սեւանը»:

- Բոլորը սիրո մասին են, այդ ժամանակ սիրահարվա՞ծ եք եղել:

- Ո՛չ, ինձ թվում է, որ այդ ժամանակ միայն լիրիկական երգեր պիտի լինեին: Որ ասեմ ուսանող էի, սիրահարված` առանձնապես ոչ: Ուղղակի ես գրում էի, քանի որ ինձ թվում էր, որ սիրո մասին երգերը ժողովուրդն ավելի լավ կընդունի, եւ այդպես էլ եղավ: Հիշում եմ` ուսանողական տարիներին մի անգամ համալսարանի միջանցքում լսեցի, որ կողքի լսարանում ինչ-որ մեկը դաշնամուրով սխալներով «Ծաղիկներն» է նվագում: Դուռը բացեցի, տեսնեմ` մի երիտասարդ է, ասացի` երիտասարդ, սխալ եք նվագում: Պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ սխալ եմ նվագում: Շատ էլ ճիշտ եմ նվագում»: Երբ ասացի` ես եմ այդ երգի հեղինակը, պատասխանեց. «Ինչքան որ Դուք եք այդ երգի հեղինակը, այնքան էլ ես եմ»: Եվ այդպես էլ չհավատաց, որ ես եմ գրել:

- Իսկ Ձեր ամուսինը չէ՞ր խանդում, որ մշտապես սիրո մասին էիք գրում:

- Ամուսինս միշտ էլ լավ է վերաբերել իմ ստեղծագործելու մղումին, բայց նա երբեք չի եղել իմ քննադատը: Նույնիսկ մեր տանը հաճախակի տեղի ունեցող խնջույքներին մշտապես երգվել են իմ երգերը մեր ընկերների կողմից:

- Ունեք երկու երեխա, երեք թոռնիկ, նրանցից ոչ ոք չեն ցանկանո՞ւմ շարունակել Ձեր գործը:

- Սկզբում աղջիկս կարծես թե որոշել էր իմ ճանապարհով գնալ, նույնիսկ մի քանի ստեղծագործություն գրեց, բայց հետո ասաց. «Մայրիկ միեւնույն է ես չեմ կարող քեզ նման գրել»: Այնուհետեւ ամուսնացավ ու այդպես էլ չշարունակեց: Իսկ տղաս ընդհանրապես այլ մասնագիտություն ընտրեց: Հուսով եմ, որ թոռնիկներիցս մեկը գոնե կընտրի երգարվեստի ճանապարհը:

Manaseryan1- Իսկ հարս-սկեսուր հարաբերություններն ինչպե՞ս է ձեւավորվել Ձեզ մոտ:

- Ես երբեք չեմ եղել ավանդական սկեսուրների նման, հենց սկզբից էլ աղջկաս պես եմ ընդունել հարսիս: Հարսս իմ գանձն է, անգամ նրա մասին երգ եմ գրել, որը իրենց հարսանիքի ժամանակ երգվեց: Իսկ այսօր շատ հարսանիքների բաղկացուցիչ մասն է կազմում:

- Տիկին Մանասերյան, ինչպես գրեցիք Ձեր առաջին երգը՝ «Ծաղիկները»:

- Առաջին երգս «Ծաղիկներ-ծաղիկներ»-ն է եղել, որը շատ արագ տարածվեց ժողովրդի մեջ: Գուցե պատճառն այն էր, որ ուսանողուհի էի, եւ հենց իմ ընկերուհիներն էլ սկսեցին երգել, ինչը լայն տարածման առիթ հանդիսացավ: «Ծաղիկները» առաջին անգամ ուղարկեցի Ադիս Հարմանդյանին, ով նախկինում Բեյրութում, հիմա էլ ԱՄՆ-ում է ապրում: Լսելով երգը` շատ հավանեց, երգեց: Դրանից հետո գրում էի ուրիշ երգեր ու անմիջապես ուղարկում նրան: Նա էլ երգում էր եւ մեծ հաջողություններ ունենում բեյրութահայերի մեջ: Նրա կատարումներն այնքան ջերմ էին, որ ե՛ւ Երեւանում, ե՛ւ արտասահմանում լայն տարածում գտան իմ երգերը: Երեւանում իմ երգի առաջին կատարողը եղել է Լիաննա Սահակյանը, որի հրաշալի կատարմամբ երգը այդ տարիներին հաճախակի հնչում էր հեռուստատեսությամբ: Հեռուստատեսությամբ հաճախակի ելույթներ էինք ունենում նաեւ մենք` դաշնակահարուհի Սուսաննա Դավթյանը, Լիաննան, ով կատարում էր երգերը, եւ ես էլ ներկայանում էի որպես հեղինակ: Այն ժամանակ հեռուստաեթերը սկսվում էր ժամը 7-ից, իսկ 6-7-ը պարտադիր մեր երգերը պետք է հնչեին: Դա էլ շատ նպաստեց, որ Հայաստանում շատերը սկսեցին սիրել ու երգել իմ երգերը:

- Այդ տարիներին հատուկենտ երգիչ-երգչուհիների էր հնարավորություն տրվում հեռուստատեսությամբ ելույթ ունենալ, եւ հատուկենտ երգեր են հնչեցրել եթերում: Ո՞րն է եղել Ձեր երգերի գաղտնիքը, որ հնչեցվել են եթերում:

- Այդ ժամանակ գերիշխում էին կոմպոզիտորների երգերը: Այդ տարիներին Արամ Մերանգուլյանը վերցրեց իմ երգերը եւ ցանկություն ուներ կատարել այն անսամբլով: Բայց, ցավոք, հիվանդ էր եւ մահացավ: Դրանից հետո իմ երգերից անսամբլով կատարեցին Ռուբեն Մաթեւոսյանը, Լիաննա Սահակյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը:

- Այսօր հաճախ են քննադատում ժամանակակից երգերի խոսքերը` անիմաստ բառակույտ անվանելով:

- Երգերը գրելիս պետք է դրանք իմաստ, միտք եւ հոգի ունենան հատկապես երիտասարդների մոտ: Միայն լիրիկական երգերն են, որ կարող են հուզել ե՛ւ երիտասարդներին, ե՛ւ տարեցներին: Ես էլ այդ ժամանակ երիտասարդ էի եւ պետք է գրեի ավելի լիրիկական երգեր: Հիմա, երբ լսում եմ մեր երգիչների կատարած երգերը (չեմ ուզում նրանց վատաբանել, փնովել), բայց զգում եմ, որ նրանց երգերի մեջ միտք չկա: Երաժշտությունը կա, բայց միտք չկա. երկու բառից բաղկացած երգեր են: Մեր ժամանակ ավելի խիստ էին նայում երգի խոսքերին ու մտքին: Կար գեղարվեստական խորհուրդ, որտեղ ընդունում էին երգերը, այդ թվում նաեւ` իմ երգերը: Այդ ժամանակ Արամ Մերանգուլյանն ինձ օգնեց, որ իրենց խորհրդում մի քանի երգեր ընդունվեին. «Ծաղիկները», «Ծաղիկներս ում նվիրեմ», «Մի գնա»: Իսկ արտասահմանում արդեն Ադիս Հարմանդյանը մեծ դեր կատարեց իմ երգերի ճանաչման մեջ:

- Պատահե՞լ է, որ հայ «աստղերից» դիմեն Ձեզ եւ երգեր պատվիրեն:Manaseryan

- Ո՛չ, դեռ նման բան չի եղել: Ես ընդհանրապես չեմ դիմում, որ իմ երգը երգեն, իրենք էլ չեն դիմում:

- Որ դիմեն, կգրե՞ք:

- Ինչո՞ւ ոչ, օրինակ, անցյալ օրը Ռազմիկ Ամյանը շատ գեղեցիկ երգեց «Ծաղիկները»:

- Այդ պահին չմտածեցի՞ք մի երգ գրել Ռազմիկի համար:

- Եթե իրենք դիմեն, կգրեմ, բայց հատուկ չեմ դիմի նրանց` երգի կատարման համար: Ընդհանրապես իմ էությամբ այնպիսին եմ, որ որեւէ մեկին չեմ խնդրում:

- Ձեր երգերը կատարել են թե՛ ռաբիս, թե՛ էստրադային երգիչներ:

- Այնքան է պատահում, որ երգում են, լրիվ ուրիշ բառեր են ասում, ու ես այնքան եմ նեղսրտում: Շատ կուզենայի, որ ճիշտ երգեն իմ երգերի բառերը, որովհետեւ, երբ բառն աղավաղվում է, ռաբիս էլ է դառնում: Թեկուզ ասում են, որ ռաբիսը երաժշտության մի տեսակ է, թող ռաբիս երգեն, քանի որ հարսանիքներում ու կնունքներում այդ ռաբիսն է հնչում: Վերջին շրջանում հարսանիքներն ու կնունքները սկսում են իմ երգով` «Քո հարսանյաց տոնին», որը երգում են նաեւ «Քո ծննդյան տոնին»: Այդ երգը գրել եմ 15 տարի առաջ` տղայիս հարսանիքի համար:

- Այսօր Ձեր ստեղծագործություններով հետաքրքրված հանրությունը ինչպե՞ս կարող է գտնել ձեր երգերը:

- Իմ հեղինակած գրեթե բոլոր երգերը ամբողջությամբ զետեղվել են  վերջերս լույս տեսած «Բույրը վարդերի» անվանումով երգարանում, որն արդեն վաճառվում է երեւանյան գրախանութներում:

Զրույցը՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում