livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

 

Արդեն հայտնի է, որ մայիսի 10-14-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ-2011»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով հանդես կգա 4-րդ համարի ներքո: Չնայած Էմմին «Եվրատեսիլ»-ի հետ կապված շատ անակնկալներ է խոստանում, բայց դրանց մի մասը մինչ մայիս արդեն քիչ-քիչ հայտնի են դառնում հանրությանը: Դրանցից մեկը «Boom-Boom» երգի տեսահոլովակն էր, որտեղ հերոսը հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է, ում համար նույնպես մայիսի 14-ը կարեւոր է, քանի, որ հենց նույն ժամին Արթուրը լինելու է ռինգում, իսկ Էմմին` «Եվրատեսիլի» բեմում: Ի դեպ, Էմմին պրոմոտուրերով ապրիլին կլինի Նիդեռլանդներում, որից հետո նախատեսվում է այցելություն Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, ինչպես նաեւ Հունաստան եւ Կիպրոս: Ինչեւէ, հաջողություն ենք մաղթում Էմմիին «Եվրատեսիլի» բեմում եւ ակնկալում, որ հաջորդ տարի «Եվրատեսիլը» կկայանա Հայաստանում:

 

Մայիսին Գերմանիայում կայանալիք «Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի ԷՄՄԻՆ կարծում է` «Գեղեցիկ սեռի արվեստը» կայանում է նրանում, որ առաջին հերթին կինը պետք է կարողանա իրեն գնահատել:


- Ծնողներս ինձ սովորեցրել են ներքին հարստություն ունենալ: Պետք է կարողանաս քեզ ճիշտ մատուցել, որպեսզի քեզ հասկանան այնպիսին, ինչպիսին որ դու կաս: Զուր չէ, որ հայրիկս միշտ գեղեցիկ սեռի մարմին է քանդակել: Աշխատանքների մեծ մասը եղել է կանացի մարմին եւ կանացի դեմք: Ամենակարեւորը ներքին գեղեցկություն ունենալն է: Դա արվեստ է, երբ կարող ես մարդկանց քեզ ներկայացնել այնպիսին, ինչպիսին որ դու կաս:

- Դեռ չունեք Ձեր ընտանիքը, մոտ ապագայում ընտանիք կազմելու պլաններ կա՞ն:

- Բնականաբար, ես բացառություն չեմ, նույնպես գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եմ, ես էլ սիրում եմ ընտանիքը, տունը: Երբեւիցե իմ անձնական կյանքի մասին չեմ բարձրաձայնել: Բայց կարող եմ ասել` միակ բանը, որ ես պետք է անեմ, որպեսզի չկրկնվի իմ ընտանիքի տեսակը, դա այն է, որ ես չեմ ուզում ունենալ մեկ երեխա: Ամբողջ կյանում զգացել եմ, թե ինչքան կարոտ եմ քույր եւ եղբայր հասկացողությանը: Որքան էլ մորաքրոջս եւ հորաքրոջս երեխաները հարազատ են, բայց դա այն չէ, ինչ քո հարազատ քույրը: Երեւի թե հենց իմ ընտանիքի առաջին ուղղումը կլինի այն, որ ես կունենամ մի քանի երեխա: Ես ընտանիք, տուն սիրող անձնավորություն եմ:

- Խոհանոցում ինչպիսի՞ն է երգչուհի Էմմին:

- Ես ավելի շատ սիրում եմ, երբ մայրս է պատրաստում համեղ ուտելիքներ (իսկ նա իսկապես համեղ է պատրաստում): Բնականաբար, ես էլ հասցրել եմ ինչ-որ բաներ սովորել մայրիկիցս: Ունեմ շատ տարօրինակ «բզիկներ». ասում են` դա եկել է տատիկիս տատիկից: Երբ նստում ենք սեղանի շուրջ, ուտելուց հետո, բնականաբար, պետք է սպասես, որ բոլորն ուտեն-վերջացնեն, նոր միայն վեր կենաս: Բայց ես սիրում եմ միշտ առաջինը վեր կենալ սեղանի կողքից եւ առաջինը իմ ափսեն տանել: Չեմ սիրում, որ իմ ափսեն գան-տանեն, սիրում եմ ինքս այն տանել:

- Ասացիք, որ սիրում եք տանը լինել եւ շտապում եք տուն վերադառնալ, այդ դեպքում երկար տանը մնալուց չե՞ք ձանձրանա:

- Մանկուց սիրել եմ իմ սենյակը. ե՛ւ մեր նախկին տանը, ե՛ւ այսօր էլ: Կարողացել եմ գտնել ինձ համար հետաքրքիր զբաղմունք եւ ունենալ հետաքրքրություններ, որոնցով զբաղվել եմ եւ երբեւիցե չեմ ձանձրացել: Ինքնամփոփ եմ եղել, բայց դա չի նշանակում, որ ընկերասեր չեմ եղել: Միշտ սիրել եմ ընկերներ ունենալ, մեր տունը միշտ լի է եղել տարբեր մարդկանցով, եւ բոլորի հետ հավասարաչափ ընկերասեր ենք եղել ընտանիքում: Փոքր ժամանակ ունեի տարբեր հոբբիներ, շատ էի սիրում մատիտներ հավաքել: Ինձ համար հոբբի էր նաեւ այն, որ ամեն երկրից ինչ-որ փոքրիկ իր էի ինձ հետ բերում: Որքան որ շփվել եմ տարբեր երեխաների հետ, նկատել եմ, որ այսօրվա երեխաների մեծ մասը հոբբի չունի: Ուզում եմ դիմել երեխաներին` շատ հետաքրքիր է, երբ ունենում ես ինչ-որ զբաղմունք: Այսինքն` ես սիրում եմ մատիտներ, ուրեմն տարբեր տեղերից կգտնեմ տարբեր մատիտներ, եւ դա ինձ կստիպի մտածել` տեսնես այս մատիտն ինչպե՞ս կգրի եւ մյուսից կտարբերվի՞:

- Փոքր Էմմիից շա՞տ բան է մնացել:

- Ինձ թվում է` մեծ Էմմի չկա: Իրականում ես ինչքան որ լսել եմ իմ մասին պատմություններ ընտանիքիս անդամների, ընկերների կամ այն մարդկանց կողմից, ովքեր մանկուց ինձ գիտեն առաջին իսկ քայլերից, միշտ ասել են, որ ես ոչ մի բանով չեմ տարբերվում փոքր Էմմիից: Ընդամենը մի քիչ, գուցե, կյանքի փորձ եմ ձեռք բերել կա՛մ աշխատանքի բերումով, կա՛մ էլ իմ շրջագայություններն են դրա պատճառը դարձել: Ես նույնչափ պարզ եմ մնացել, եւ ոչինչ ինձ չի կարող ստիպել մտածել ուրիշ կերպ: Ուղղակի սիրում եմ մարդկային հարաբերություններ եւ մարդկանց հետ լինել այնպիսին, ինչպիսին որ հասարակ մարդը կարող է լինել: Կապ չունի, թե որքանով է քո բեմը սանտիմետրով ավելի բարձր: Հեռուստացույցով այսօր կաս, վաղը կարող է չլինես, կարեւորը` լավ մարդ լինես:

- Ձեր կյանքում հայրենիքից ամենաերկար բացակայությունը ԱՄՆ-ում մի քանի ամիս ապրելն էր: Դրանից հետո Ձեր մեջ շա՞տ բան է փոխվել:

- Ինձ համար շատ դժվար է եղել Նահանգներում, որովհետեւ ուր էլ որ գնացել եմ, ամենաշատը երկու շաբաթ եմ դիմացել, նույնիսկ, եթե ծնողներիս հետ եմ եղել: Չգիտեմ ինչու, ես Հայաստանի հիվանդ եմ: Ես սիրում եմ Հայաստանը, Երեւան քաղաքը, կոնկրետ Կենտրոն համայնքը, որտեղ ես ծնվել, մեծացել եմ, եւ որտեղ իմ ամբողջ կյանքն է անցել: Կարող եմ շրջագայել ամբողջ աշխարհով, բայց միեւնույն է` ուզում եմ շուտ վերադառնալ տուն: Տանը` Երեւանում, ես ինձ ավելի հանգիստ եմ զգում: Բնականաբար, դժվար է այդքան երկար հեռու գտնվել ընտանիքից եւ հայրենիքից, այն էլ` միայնակ: Ընդ որում, վերջին ամիսների մեծ մասը Նահանգներում ես ապրում էի այնպիսի մի թաղամասում, որտեղ հայեր չկային: Շփվել եմ ամերիկացիների հետ: Ամեն ինչը հեռու էր հայկական միջավայրից, եւ դա ինձ օգնեց ավելի ինքնուրույն լինել: Առհասարակ Շուշան Պետրոսյանի սիրած խոսքերն են` Նադյան թողնի Էմմիին: Նադյան թողեց Էմմիին, Էմմին այսօր վերադարձել է, բայց միեւնույն է` ես ինչքան էլ հեռու եմ եղել, իմ մեջ եղել է այն հասկացողությունը, որ միեւնույն է` Նադյան կա, ինչքան էլ Նադյան հեռու լինի, միեւնույն է, մենք 5-10 րոպեն մեկ տեսազանգով զրուցում ենք միմյանց հետ: Դա ոչ թե պրոդյուսեր, արտիստ հասկացողություն է, այլ մայրական զգացողություն ու սեր: Ուղղակի նրա ցանկությունը միակ դստերը վատ բաներից պաշտպանելն է: Կարծում եմ` յուրաքանչյուր ծնող կաներ այդպես, ինչպես իմ ծնողներն են արել: Ցույց տվեք մի հոգու, ով չի ուզենա իր երեխային զերծ պահել ինչ-որ խնդիրներից: Իսկ ո՞վ ավելի լավ կարող է օգնել ինձ այդ հարցում, եթե ոչ այն մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում ապրել են այդ բնագավառում:

- Ձեր միակ ու սիրելի շունիկին` Չոկոյին է՞լ էիք տարել Նահանգներ:

- Չոկոն ընտանիքիս հետ էր: Ինձ լավ էի զգում, որ իմ հարազատ շունչը իմ ընտանիքի հետ է:

- Կայացած մենահամերգից հետո, երբ պարացրեցիք բոլոր ներկաներին, այնուամենայնիվ, ինչ-որ բացթողում կա՞ր:

- Դրանից հետո ինձ լիարժեք արտիստ եմ զգում, որովհետեւ այն մարդիկ, ովքեր ժամանակ էին ծախսել, տոմս էին գնել ու եկել, կարողացան ուղղակի հաճույք ստանալ իմ մենահամերգից: Ես ինձ բեմում չէի զգում ուղղակի մեկը, ով պարզապես եկել էր, որ երգի, պարտքը կատարի ու գնա: Ինձ զգում էի ինչպես տանը, որովհետեւ ինձ հետ հավասար հանդիսատեսը ուրախանում էր: Ես ամենաշատը դա էի ուզում: Իհարկե, մեծ էր ցանկությունս, որպեսզի ծնողներս այդ համերգը տեսնեին, բայց ինչ-ինչ պատճառներով նրանցից եւ ոչ ոք ներկա չգտնվեց: Համենայնդեպս, երջանիկ եմ, որ նրանց հասած արձագանքները եղել են միայն լավը:

- Որքան գիտեմ, երգչուհու կարիերայից առաջ ցանկացել եք ընտրել հայրիկի ճանապարհը` քանդակագործությունը: Հիմա չե՞ք  մտածում մի պահ դադարեցնել երգը եւ զբաղվել քանդակագործությամբ:

- Ինձ հայրս միշտ ասում էր. «Քանդակագործությունը կնոջ զբաղմունք չէ: Եթե պետք է այդ ուղղությամբ շարունակես, ավելի լավ է` լինես դիզայներ»: Նա գիտեր, որ ես շատ եմ սիրում այն ամենը, ինչը կապված է ինտերիերի հետ: Միշտ այդ ուղղությամբ շարունակելու ցանկություն է եղել: Միեւնույն է, հայրս դեմ եղավ, ասաց, որ երգելն ինձ մոտ ավելի լավ է ստացվում: Միեւնույն ժամանակ մայրս պնդում էր, որ ես չպետք է շարունակեմ երգելը, որովհետեւ գիտի, թե այս ճանապահը ինչքան դժվար է եւ կեղտոտ: Եվ չէր ուզում, որ իր միակ դուստրը անցնի այս ճանապարհը: Չնայած փոքրուց քանդակագործությունն իմ մեջ եղել է, եւ ես փորձել եմ, հայրիկիս պլաստիրինները, նյութերը գողանալով, ինչ-որ փոքրիկ աշխատանքներ անել: Բայց հայրս ասում էր. «Քո նուրբ մաշկի եւ մատների համար քանդակագործությունը շատ կեղտոտ եւ բարդ աշխատանք է, եւ պետք չէ, որ մտնես այդ ամենի մեջ»:

- Իսկ հիմա՞:

- Հիմա ես փորձում եմ երգերս քանդակել եւ նկարել:

- Ասացիք, որ Ձեզ հետաքրքրել է ինտերիերը, իսկ տան վերանորոգման ժամանակ ինտերիերի ու դիզայնի հետ առնչություն ունեցե՞լ եք:

- Բնականաբար, տան հիմնական պատերով զբաղվել է հայրս: Տան ձեւավորումը, սենյակների դասավորվածությունը, գծագիրը կատարվել է հայրիկիս եւ իր ճարտարապետ ընկերների կողմից, որոնց ես  շնորհակալ եմ, որ միշտ հայրիկիս նվիրված ընկերներն են եղել: Ինչ վերաբերում է արդեն ներքին հարդարմանը, հայրս այդ ժամանակ ասաց, որ ինքը չի ուզում խառնվել. «Դու ես ու քո մայրը, ինչ ուզում եք` արեք»: Մայրիկի հետ խնդիրն այն էր, որ նա շատ է սիրում սպիտակ գույնը, եւ դա է պատճառը, որ առաջին հարկում գտնվող ամեն ինչը սպիտակ է: Խոհանոցում ես, բնականաբար, չէի խառնվելու, որովհետեւ մայրս հենց սկզբից ասել էր, որ իր ննջասենյակում ու խոհանոցում ինքն է որոշելու, թե ինչը ինչպես լինի: Բայց հետո ստացվեց այնպես, որ ամեն ինչն ինքը որոշեց: Իրականում երկրորդ հարկում, իմ ննջասենյակում եւ «փոքրիկ կինոթատրոն» կոչվող սենյակում ամեն ինչը կատարվել է իմ ցանկությամբ:

- Էմմին ընկերասե՞ր է:

- Հուրախություն իմ ընկերների, ես նվիրված եմ` չնայած երբեմն մեղավոր եմ զգում ինձ, երբ նրանց հանդիպելու ժամանակ չեմ ունենում: Բայց կարող եմ ասել, որ իսկապես միչեւ վերջին վայրկյանը իմ ընկերներին նվիրված եմ: Շոու-բիզնեսում էլ կան ընկերներ, որոնց ես իսկապես նվիրված եմ եղել, կարողացել եմ  ցույց տալ իմ նվիրվածությունը մինչեւ վերջ: Նաեւ ունեմ ընկերներ, որոնք ընդհանրապես շոու-բիզնեսի հետ կապ չունեն: Այս պահին Հայաստանում չէ իմ երկար տարիների ընկերուհին, ով ամուսնացել եւ ապրում է Կանադայում: Նաեւ ունեմ մանկության ընկերուհի` Աննա Իսաբեկյանը, ում հետ ամբողջ կյանքում մի շենքում ենք ապրել ու մեծացել, միասին բակում շատ ներկայացումներ ու միջոցառումներ ենք կազմակերպել: Յուրաքանչյուրս էլ մեր զբաղվածության պատճառով չենք կարողանում ավելի երկար ժամանակ իրար հետ անցկացնել: Գիտե՞ք` ինչն է հետաքրքիր. այն մարդը, ումից ես կարող եմ մի քիչ հիասթափվել, երբեք չի կարող զգալ այդ մասին: Եթե այդ մարդն այդպիսին է, պետք է կարողանաս նրան ընդունել այնպես, ինչպես կա: Հայրս միշտ ասում էր. «Ես ինչպե՞ս հիմա ասեմ, որ նա վատ ընկեր է: Լավ ընկեր է, բայց այդ տեսակի մարդ է: Եթե դու լավ ընկեր ես, պետք է նրան ընդունես իր սխալներով»: Ուզում եմ «հաղորդագրություն» ուղղել իմ ընկերներին` անկախ նյութական, ֆիզիկական, հոգեկան իրավիճակից, ես միշտ սրտանց նվիրված եմ ձեզ, որովհետեւ լավ ընկեր լինելը իմ կյանքից ոչինչ չի խլում: Ուղղակի կխնդրեմ, որպեսզի նրանք նույնպես անկեղծ լինեն ինձ հետ, եւ դրա տասնապատիկը ես իրենց կնվիրեմ:

- Անցյալ տարի, կարելի է ասել, պայքարեցիք, որ գնաք «Եվրատեսիլ»: Այս տարի արդեն գնում եք, ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:

- Ժամանակ է եղել, որ մեծ ցանկություն եմ ունեցել երգելու այդպիսի մեծ բեմում: Նույնիսկ յոթ տարի առաջ, երբ «Եվրատեսիլը» դեռ Հայաստանում չէր, հետաքրքրվել եմ: Բայց, քանի որ «Եվրատեսիլ»-ին կարող ես մասնակցել, երբ քեզ ներկայացնում է քո երկրի Հանրային ալիքը, հասկացա,  որ չեմ կարող մասնակցել: Այսօր ուրախ եմ, որ կա հնարավորություն, որպեսզի իրագործեմ այն, ինչ վաղուց ցանկացել եմ: Ուրախ եմ, որ այս տարի եմ գնում, որովհետեւ ամեն տարի փոքրիկ սխալները շտկելով` կփորձենք հաղթել: Չեմ բացառում, որ իմ ժամանակ էլ թերություններ են լինելու: Բայց հիմա «Եվրատեսիլ»-ին գնում եմ երկիր ներկայացնելու, չեմ գնում որպես երազանք իրագործելու, որովհետեւ «Եվրատեսիլը» արդեն վաղուց ինձ համար երազանք չէ, դա ուղղակի լավ հնարավորություն է արտիստի համար: Մեր երկիրն ունի շատ տաղանդավոր արտիստներ, եւ այսպիսի մրցույթին մասնակցելը մեծ պատիվ է:

- Ի՞նչ սպասելիքներ ունե՞ք:

- Չգիտեմ ինչու, ինձ թվում էր, որ 2011 թվականին իմ կյանքում ինչ-որ նոր բան է լինելու, սպասումներ ունեի: Բնականաբար, արդեն ունեմ ինչ-որ առանձնացնելու երեւույթ այս թվականը հիշելու համար: Բայց հուսամ, որ կլինի նաեւ ինչ-որ լավ բան, որն այս թվականի հետ կապված լավ հետք կթողնի իմ կյանքում:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում