livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

mansuryanՍիրված երգչուհի ԱՐԱՔՍ ՄԱՆՍՈՒՐՅԱՆՆ այս անգամ Հայաստանում է իր ուսանողուհի ավստրալացի հայտնի սոպրանո Լիզա Բելլի հետ բարեգործական համերգով, որի հասույթը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Օրերս տիկին Մանսուրյանը, պատասխանելով հեռուստահաղորդավարի այն հարցին, թե արդյոք կապ պահպանո՞ւմ է մեր Կոնսերվատորիայի հետ, նշեց. ՙՈ'չ: Չեմ հիշում` անցյալ, թե՞ նախանցյալ տարի առաջարկ եղավ վարպետության դասեր անցկացնել Կոնսերվատորիայի ուսանողների համար, բայց ասացին` հիմա ժամանակը չէ. սեպտեմբերն է, նոր են սկսվել դասերը: Ի՞նչ կապ ուներ` նոր են սկսել դասերը, թե տարվա կեսն է, չհասկացա: Ես վարպետության դասեր ունեցել եմ Չինաստանում, Ավստրալիայում...՚:

ՙԶարուհի՚-ն դիմեց Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր ՇԱՀԵՆ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ` պարզելու, թե ինչու ոչ միայն իրենք չեն հրավիրում, այլ նույնիսկ մերժում են տիկին Մանսուրյանին: Ռեկտորը զարմացած նշեց, որ ոչ մի հրավեր չի ստացել տիկին Մանսուրյանից. ՙ Նման բան չի եղել, ես էլ չեմ լսել. անհնարին բան է, որ նա դիմեր, մենք մերժեինք: Մեզ մոտ կան ե'ւ մագիստրոսներ, ե'ւ բակալավրեր, հատկապես հենց իր մասնագիտությամբ շատ ուսանողներ ունենք: Ինքներս շատ կուզենայինք, որ նա մեզ մոտ անցկացներ վարպետության դասեր: Հարցն այն է` նա ո՞ւմ է դիմել՚:

- Իսկ ճի՞շտ է, որ օրերս ՙՕպերային ստուդիայի՚ թատերաշրջանի բացման ասուլիսում ասել են, որ ստուդիան շատ խնդիրներ ունի:

- Այնտեղ խնդիրներ չկան ո'չ շենքային, ո'չ գեղարվեստական առումով: Ավելին` հիմա ուսանողների եւ պրոֆեսիոնալների համատեղ լավ նվագախմբի կազմ ենք որոշում: Ուզում ենք ուժեղացնել նվագախումբը:

- Մեր վերջին զրույցի ժամանակ ասացիք, որ դուդուկի դասարան դիմողներն ավելի շատ են, քան, ասենք, թառի:

- Միշտ էլ այդպես է. կան մասսայական օգտագործվող գործիքներ, որ միշտ շատ են դիմորդ ունենում: Եվ հակառակը: Բայց այս տարի, օրինակ, այնպիսի գործիքների դասարաններ են դիմել, որ վերջին 3-4 տարին դիմորդներ չեն եղել` թառ, սանթուր, շվի: Դուդուկ միշտ էլ շատ են դիմում, միշտ կոնկուրս է լինում:

- Իսկ ի՞նչ նորություններ կան:

- Շենքի լուսամուտները փոխվել են, սանհանգույցները` վերանորոգվել, հիմա լսարաններն են վերանորոգվում, նոր գույք ենք ձեռք բերում, նոր մոնիտորներ ենք բերում, որ դասերը  կարողանան նաեւ DVD տարբերակով անցկացնել: Դառնում ենք 21-րդ դարի բուհ: Եվրոպական ընտանիք ենք մտել, եւ չափանիշները պետք է համապատասխանեն, որ մեր ուսանողը գնա այնտեղ, իրենց մոտից գան ուսանողներ, դասախոսներ:

Իսկ թե իրականում վարպետության դասեր անցկացնելու համար ում է դիմել տիկին Մանսուրյանը, ՙԶարուհի՚-ն պարզեց օպերային երգչուհու դուստր, երգչուհի, ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ. ՙՄոտ երկու տարի առաջ էր: Ջութակահար Կարեն Շահգելդյանը, որ Սպիվակովի առաջին ջութակն էր, մայիս ամսին մայրիկիս մոտ էր ու տեսել էր, թե ինչպես են այնտեղ ձեռքից ձեռք խլում, եւ առհասարակ ինչ է կատարվում Արաքս Մանսուրյան անվան շուրջ: Եվ երբ տեսավ այստեղի անտարբեր վերաբերմունքը, դիմեց մայրիկին, թե կարո՞ղ է պատիվ անել եւ Կոնսերվատորիայում վարպետության դասեր անցկացնել: Մայրս ասաց. ՙՍիրով, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Չինաստան, այլ երկրներ են հրավիրում, որ  վարպետության դասեր անցկացնեմ, Հայաստան եմ եկել ու այստեղ հրաժարվե՞մ՚: Երկու օր հետո Կարենը զանգահարեց ինձ, ներողություն խնդրեց եւ ասաց, որ անհարմար է զգում մայրիկի հետ խոսել. առաջարկել էր, պատասխանել էին, թե Արաքսը իրենց ընկերուհին է, որ ուզենան` կասեն՚:

Մինչ հեռախոսազրույց էինք վարում Շուշանի հետ, զանգահարեց պարոն Շահինյանն ու ասաց, որ տիկին Մանսուրյանը մերժվել է ոչ իր ռեկտոր եղած ժամանակ: Նա նաեւ հավելեց. ՙԲայց Ձեր բարձացրած հարցը ինձ օգնեց: Հիմա իսկապես ուզում եմ իրեն հրավիրել Կոնսերվատորիա վարպետության դասեր անցկացնելու: Այսօրեւեթ կզբաղվեմ այդ հարցով՚:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում