livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

«Իրական կյանքում բոլոր արտիստները երազում են մրցանակաբաշխությունների, բազմաթիվ ձայնասկավառակների, հիթային առաջին հորիզոնականների եւ հաջողությունների մասին»,- ասում է երգչուհի ԷՄՄԱ ԱՍԱՏՐՅԱՆՆ ու հավելում, որ, այդ ամենից զատ, բոլորն էլ երազում են ամուր ընտանիք ունենալու մասին: Երգչուհին կարծում է, որ գեղեցիկ սեռի արվեստը մայրանալն է:

 

-Երբ բոլոր հաջողություններից հետո գալիս ես տուն, զգում, որ դու մենակ ես, ինչը  շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում, այդ ժամանակ մի բութ դատարկություն ես զգում: Բայց, իհարկե, ավելի լավ է, եթե մի քանի մրցանակներ քիչ ունենաս կամ մի քանի երգ քիչ ձայնագրես ու այդ ձայնասկավառակն էլ անգամ չունենաս, սակայն գաս տուն, լինի ընտանիք, բալիկ, սիրող ամուսին, ծնող, տատիկ, պապիկ, ամենակարեւորը` տաքուկ ընտանիք: Դրանք, կարծում եմ, թանկ բաներ են եւ անհամեմատելի արժեքներ: Այսօր այդ փառքն ու հաջողությունները կան, իսկ հաջորդ օրը հնարավոր է` չլինեն: Բայց առանց ջերմ ընտանիքի, կարծում եմ,  դժվար կլինի: Հետո հասկանում ես, որ այդ մրցույթները, տեսահոլովակները, հայտնի լինելը, որոնց այդքան ձգտում էիր, կյանքի նպատակ չեն, քանի որ այդ ճանապարհին կարող ես ավելի կարեւոր ու թանկ բան կորցնել` ընկեր, ծնող...

- Շա՞տ ընկերներ  ունես:

- Այո՛:

- Հանրությանը հայտնի՞ են:

- Ո՛չ: Դպրոցական ընկերներիս հետ եմ շատ մտերիմ: Ունեմ ուսանողներ, որոնց հետ գրեթե հասակակիցներ ենք, կարելի է ասել` նույնիսկ ընկերներ ենք: Դասավանդում եմ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում եւ Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայում եւ իմ բոլոր ուսանողների հետ իսկապես ընկերական եմ: Լինում է, որ բարկանում էլ եմ, որովհետեւ կա մի սահման. իրար սիրելով` պետք է հարգենք միմյանց:

- Իսկ քեզ աշակերտուհու դերում հիշո՞ւմ ես:

- Հիշում եմ, որ իմ հայոց լեզվի ուսուցչուհին դպրոցում ինձ ասել էր` դու լավ պիտի սովորես, որովհետեւ ես տեսախցիկ ունեմ ու ամենուր տեսնում եմ քեզ: Մինչեւ 3-րդ դասարան հավատում էի դրան: Եվ ուտելիս, հագնվելիս ասում էի` վայ, ընկեր Սահակյանն ինձ է նայում: Երբ Է տառն էինք անցնում, բնականաբար,  լավ էի սովորել դասս, քանի որ Է տառով է սկսվում անունս: Երբ գնացի դասի, ընկեր Սահակյանն ասաց. «Ես տեսախցիկով նայել եմ. դու շատ լավ ես սովորել դասդ»: Հատկապես դրանից հետո ես շատ էի հավատում, որ իսկապես ընկեր Սահակյանն ինձ նայում է իր տեսախցիկով:

- Եթե համեմատականներ անցկացնենք, շա՞տ բան է փոխվել այսօր երեխաների եւ երիտասարդ սերնդի մոտ:

- Այսօր երեխաները ավելի հասուն են, երեխայական չեն, շատ քիչ մանկական բաներ է իրենց ձգում, ձգտում են մեծական հագուստների, շարժուձեւի, երգերի: Բայց մեր սերունդը, ամեն դեպքում, ավելի զուսպ ու համեստ է եղել: Այսօր ամեն ինչն է փոխվել: Հիմա Հայաստանում ամեն ինչը ծայրահեղ է. եթե փայլուն է, ապա շատ փայլուն է: Եթե ամեն ինչի զարգացումը փուլերով է լինում, մեզ մոտ դա միանգամից եղավ: Խորհրդային Միությունն էր, հետո մութ ու ցուրտ էր, այս ու այն չկար, մենք չունեինք այդքան հագուստներ, չկային այսքան խանութներ... Իսկ հիմա ամեն ինչը շատ է, եւ այսօրվա սերունդը ամեն ինչից ուզում է օգտվել, ունենալ: Մենք ամեն ինչում ձգտում ենք եվրոպական չափանիշների` ասելով, որ այնտեղ ամեն ինչ ճիշտ է: Բայց, երբ ապրում էի Ավստրիայում, այնտեղ այդպես չէր. բնության դեմ արված շատ բաներ դառնում էին նորմալ: Իսկապես, եթե համեմատենք, ապա վերջին մի քանի տարիներին ամուսնալուծությունները շատացել են, իսկ նախկինում այդպես չէր, եւ դա եվրոպական չափանիշներին ձգտելու հետեւանքն է:

- Որքա՞ն ես ապրել Ավստրիայում:

- Երեք տարի: Ի դեպ, այդ քաղաքում, որ ես էի ապրում, հայեր չկային: Միայն  հորեղբորս ընտանիքն էր այնտեղ, բայց ես էլի մենակ էի ապրում:

- Չէի՞ր կարոտում Երեւանը:

- Շատ եմ սիրում Երեւանը: Հաճախ շատ բաներ ինձ էլ են զայրացնում մեր քաղաքում, բայց եթե բալիկ ես ունեցել, եւ նա շատ վատ բան է արել, ուրեմն իրեն թողնելո՞ւ ու լքելո՞ւ ես: Հակառակը. իրեն պիտի փոխես: Ես իսկապես այդպես եմ վերաբերվում Երեւանին: Ճիշտ է, շատ բաներ բարկացնում են Երեւանում, բայց ես չկարողացա երկար ապրել Ավստրիայում, ես չկարողացա առանց Երեւանի ապրել:

- Երեւանում ունե՞ս սիրած վայր, փողոց, շենք:

- Բոլորի նման ես էլ եմ սիրում Կենտրոնը` չնայած այն հիմա շատ է փոխվել եւ, ցավոք, նմանվել Ավստրիային: Երբ Ավստրիայի ընկերներս եկան Երեւան, ասում էին, որ շատ նման է իրենց երկրին: Իրոք, մեր Հյուսիսային պողոտան շատ նման է Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքի Նոյեր Պլացին, ուղղակի այն հին է, ունի պատմություն, եւ այդ քաղաքը նկարիչները այդպես են պատկերել: Ես սիրում եմ նաեւ Կայարանը, որտեղ մեծացել եմ: Իմ ամենասիրելի վայրը, ամեն դեպքում, Սեւանա լիճն է, հատկապես` թերակղզու վրա` եկեղեցու դիմացը գտնվող նստարանը: Ես մանկուց խոսում եմ Սեւանի հետ, ինձ միշտ թվացել է` նա հոգի ունի, լսում է ինձ ու երազանքներս կատարում:  Բախտի բերմամբ շատ լավ վայրերում եմ եղել, Միացյալ Նահանգներում, Հավայան կղզիներում, եվրոպական շատ երկրներում, բայց իմ Սեւանն ուրիշ է. հոգի ունի եւ ինձ միշտ բուժում է, այն իմ ամենասիրելին է եւ չեմ էլ համեմատում աշխարհի գեղեցիկ վայրերի հետ:

- Իսկ տանն ինչպիսի՞ն է Էմմա Ասատրյանը:

- Տանն Էմմա Ասարյանը շատ է սիրում պատրաստել համեղ կերակուրներ: Ես անընդհատ ինչ-որ բաներ եմ պատրաստում, նկարում, կոմպոզիցիաներ եմ  պատրաստում: Հատկապես սիրում եմ դրանք պատրաստել ընկերներիս հետ: Շատ չեմ գնում ակումբներ, որովհետեւ ավելի շատ սիրում եմ գեղեցիկ բաներ պատրաստել ու նվիրել մարդկանց: Չգիտես ինչու, մարդկանց մոտ կարծիք կա, որ երգչուհիները չեն կարող, ասենք, լվացք անել, աման լվանալ, ավլել, եփել, կարել... Քանի որ ես ու հայրս տանը շատ չենք լինում, ուշ ժամի ենք տուն գալիս, դրա համար ինձ շատ գործ չի լինում անելու: Եվ հետո` հայրս պահանջկոտ չէ, նա կարող է վաղ առավոտյան արթնանալ, իր ու ինձ համար էլ ուտելիք պատրաստել:

- Ինչպե՞ս են ընթանում հայր-դուստր եւ պրոդյուսեր-երգչուհի հարաբերությունները:

- Ես շատ մոռացկոտ եմ, ոչինչ չեմ հիշում իմ հանձնարարություններից: Հայրս ասում է, որ ես ցրված եմ եւ, որպես լուրջ երաժիշտներ, նա միշտ օրինակ է բերում Անուշ եւ Ինգա Արշակյաններին, որ  նրանք շատ պատրաստված ու պարտաճանաչ են: Նրանք իրենց բոլոր երգերը, ձայնագրությունները, գործիքավորումներն ունեն ձայնասկավառակների վրա: Իսկ ես, օրինակ, կարող եմ գնալ համերգ ու ասեն` որտե՞ղ է «մինի դիսկդ», ու պարզվի, որ այն մոռացել եմ տանը: Միշտ աշխատում եմ ինձ վրա, բայց, միեւնույն է, չեմ կարողանում շտկել այդ թերությունը: Ես 14 տարեկանում նման «Գինեսի ռեկորդ» արել եմ: Հանրային հեռուտաընկերությունը նկարահանում էր, նստած էր այդ ժամանակվա նախագահ Ռ. Քոչարյանը, եւ Անիտա Հախվերդյանը ներկայացրեց, որ ես բեմ պիտի դուրս գամ, ու ինձ հարցնում են` որտե՞ղ է «մինի դիսկդ»: Նայում եմ հայրիկիս ու ասում` տանն է, իսկ մենք այդ ժամանակ գտնվում էինք Սեւանում: Եվ ես փախա, որ ոչ ոք չզայրանա վրաս:

- Էմմա՛, համեղ ուտելիքներ պատրաստելիս երգո՞ւմ ես:

- Այո՛, ես դասի ժամանակ էլ էի երգում դպրոցում:

- Ի՞նչ ես երգում, ասենք, տանը գործ անելիս:

- Ամեն ինչ, անգամ այն վատ երգերը, որոնք չես ուզում երգել, բայց նիկոտինի նման, անկախ քեզանից ես երգում: Այն երգերը, որոնք աշակերտներիդ ասում ես` չլսես, դա վատ երաժշտություն է:

- Կա՞ երգ, որ ցանկացել ես կատարել, բայց դեռ չես կատարել:

- Այո՛: Շատ կուզենայի, որ երգած լինեի Նինո Կատամաձեի «Օլե» երգը, որն ինձ համար շատ ճակատագրական եղավ: Կամ` ցանկացել եմ երգել Արթուր Գրիգորյանի «Կորցրած մեղեդի» երգը, որը ժամանակին երգել են Տաթեվիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը, Էռնա Յուզբաշյանը: Եվ վերջերս երգեցի այն Արթուր Գրիգորյանի նվագակցությամբ:

- Էմմա, տանն ունե՞ս անկյուն, որտեղ քեզ գտնում ես:

- Ինձ բախտ է վիճակվել մեծ սենյակ ունենալ, որն առանձին տան նման է, որտեղ ամեն ինչ ունեմ:

- Հաճա՞խ ես առանձնանում:

- Երբեմն լինում է այդպես:

- Այդ ժամանակ ինչի՞ մասին ես մտածում:

- Հաջորդ օրվա պլանների, աշակերտների մասին:

- Իսկ ապագայի՞:

- Մանկության տարիներին ամեն ինչ միշտ պլանավորում էի, բայց լրիվ հակառակն էր լինում: Դրա համար ընդհանրապես աշխատում եմ ինչ-որ բանի մասին չմտածել ու չպլանավորել: Ճիշտն ասեմ` ես երբեք չեմ խոսել իմ մասին ոչ մի տեղ. շատ փակ մարդ եմ, չեմ սիրում իմ խնդիրների, ապրումների, ցավերի մասին ի լուր բոլորի ասել, քանի որ ամեն մեկն ունի իր խնդիրը: Բայց ես էլ ունեմ շատ երազներ, պատմություններ, որոնց միջով անցել եմ լուռ, եւ գուցե այդ մասին ոչ ոք չգիտի: Այ, միշտ միայնակ պահերիս թերթում եմ կյանքիս գրքի այդ էջերը ու երբեւէ ոչինչ չեմ կարողնում մոռանալ, անցյալս ներկայիս հետ ապրում է միշտ:

- Էմմա, ինչպե՞ս պատահեց, որ կուլ չգնացիր այսօրվա հայկական շոու-բիզնեսի չափանիշներին:

- Երեւի ինձ փրկեցին այն տարիները, երբ Ավստրիայում էի: Այդ տարիներին հայ երաժշտության մեջ չկար այն, ինչը կա այսօր: Կամ այնպիսի մի ժամանակաշրջան էր, որ ամոթ էր հայ երգը, երգիչ-երգչուհիներին լսելը: Ավելի շատ արտասահմանյան եւ ռուսական աստղերին էր ընդունված սիրել: Հիշում եմ` երբ առաջին անգամ լսեցի, որ Անդրեին երկրպագում էին համերգների ժամանակ, շատ ուրախացա, որ վերջապես հայ երգիչներին էլ են սկսել սիրել: Ես այդ տարիներին ջազ երաժշտությունն էի ուսանում Ավստրիայում: Եվ ինքս էլ եկա այդ կետին, որ ամեն դեպքում այդ ամենը ժամանակավոր է, ավելի լավ է ունենաս փոքր հանդիսատես, բայց ավելի երկարատեւ լինես: 14-16 տարեկան հասակում` դեռահասության շրջանում, ինձ մոտ էլ կար ցանկություն` լինել բոլոր ալիքներով, տեսահոլովակներ ունենալ: Բայց հետո ինձ հայրս շատ օգնեց այդ հարցում, գայթակղիչ ուղուց ինձ շեղեց, որովհետեւ այդ փառքն ամեն դեպքում ինչ-որ թունավոր բան ունի իր մեջ եւ հաճախ շեղում է ճանապարհից: Այդ ժամանակ արդեն սկսում ես ուղղակի արվեստ չստեղծել, այլ անել այն, ինչն այսօր վաճառվում է: Իսկ հաճախ վաճառվում է միայն վատը:

- Այսինքն` ուսումնասիրեցիր ջազն ու սիրահարվեցիր այդ ժանրի՞ն:

- Մինչեւ 11 տարեկանը տանը լսում էի Չիկո Րիա ... Հետո եկավ մի տարիք, երբ նորաձեւ էր Քրիստինա Ագիլերան, ավելի փոփ երաժշտություն, ինչը սկսեց ինձ գայթակղել, դուր գալ: Ագիլերան իմ ամենասիրած երգչուհին էր, ես այդ ամենով էի տարված: Հետո սկսեցի գալ մանկության երաժշտությանը` ջազին, ինչը լսել եմ նույնիսկ դեռ չծնված: Միշտ երազում էի, որ ես շատ ձայնասկավառակներ կունենամ եւ երբ կվաճառեմ, այդ գումարով փողոցի բոլոր շունիկներին կպահեմ: Մտածում էի, որ անընդհատ ինչ-որ բաներ կկազմակերպեմ մեծահասակների` պապիկների ու տատիկների համար: Նրանք միշտ փոքրիկներին ասում են. «Վայ, դու փոքր ես, կե՛ր, մենք այնքան ենք կերել»: Միշտ մտածում էի` ես դեռ կհասցնեմ ուտել, իրենց համար պետք է շատ բան անել, որ լինեն առողջ ու երջանիկ:

- Փոքր Էմմա Ասատրյանից ի՞նչ կարող ես պատմել, նա շա՞տ է տարբերվում այսօրվա գժուկ Էմմայից:

- «Ելակ» տեսահոլովակի նման չարաճճի Էմմա: Տեսահոլովակի նման այդ նույն բաներն անում էի երգիչ-երգչուհիների գլխին: Վարդուհի Վարդանյանը Ամերիկայի շրջագայությունների ընթացքում ամեն գիշեր սենյակում ամեն ինչ ստուգում էր, նոր միայն  հանգիստ պառկում քնելու, որովհետեւ ես շատ պատմություններ եմ սարքել նրանց գլխին: Օրինակ, երբ Սեւանում հանգստանում էինք Երգի պետական թատրոնով, Անուշ եւ Ինգա Արշակյանների ու Քրիստինե Պեպելյանի կյանքը շատ եմ կերել: Քրիստինե Պեպելյանը մոտավորապես մի ամիս ինձ հետ չէր խոսում, որովհետեւ այնպիսի չար բաներ էի անում... Օրինակ` անկողնու մեջ փշեր էի դնում, ներկեր, սոսինձ... Ամերիկյան ֆիլմերը նայում էի, հետո էլ իրականացնում նրանց գլխին: Այսօր էլ դեռ իմ մեջ կա մանկությունից մնացած չարաճճիություն, մեկ-մեկ արթնանում է մեջս: Կարող եմ վեր կենալ ու գնալ կարուսել նստելու: Այսօր ո՞ր մի երգչին կարող ես տեսնել, ասենք, Մոնումենտում` կարուսել նստած: Ինձ հաստատ կարող եք տեսնել: Ամենակարեւորը մանկությունից հիշում եմ, որ այնքան շատ էի բակում խաղացել, որ ծնկներիս տղաների նման վերքեր էին եղել: Կռվով հազիվ էին ինձ բակից տուն բերում: Մեր բակում բոլորը մեկը մյուսին գիտեին, հաճախ անգամ ճաշում էինք հարեւաններով: Երբ տատիկս ու պապիկս Հունաստանից եկել էին, շատերը եկել էին հենց այդ փողոց, հիմա էլ երեխաներն ու թոռնիկներն էին մտերմացել:

- Նկատել եմ, որ ետնաբեմում խաչակնքում, նոր ես բեմ դուրս գալիս:

- Այո՛, ես հաց ուտելիս ու մեքենա նստելիս էլ եմ խաչակնքում: Առանց դրա շատ վախենալու է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում