livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

parՊարերի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ ՄԱՐԻԱՆՆԱ ՄԱՄՅԱՆՆ անհանգստացած է պարարվեստի ճակատագրով: Ըստ նրա, երեխային պարի խմբակ տանող ծնողները պիտի հետեւողական լինեն եւ նկուղներում ստեղծված պարի խմբակների ծաղկմանը խթան չհանդիսանան:

-Եթե պետական այրերը հետեւողական չեն, դիլետանտներն էլ անում են այն, ինչ ուզում են: Իսկ ոչ բոլոր ծնողներն են ուզում, որ իրենց երեխաները պրոֆեսիոնալ պարի գնան:

Շատերի համար կարեւոր է, որ իրենց երեխան ուղղակի պլաստիկա ձեռք բերի, մի քանի շարժումներ իմանա, եւ ամենակարեւորը, որ դա իրենց տանը մոտ լինի: Ասում են այդքան ժամանակ չունենք, իսկ եթե տանը մոտ է, ուրեմն հարմար է եւ կարեւոր չէ, թե ինչ են սովորեցնում: Ծնողը պետք է ինքն առաջին հերթին հասկանա ու չտանի այն «մասնագետի» մոտ, ով տարրական բաներ չգիտի եւ ոչ մի բանի չի տիրապետում ու կարող է 5 տարեկան երեխային դարձնի կոլեգա: Կան շատ «մասնագետներ», ովքեր փոխանակ երեխայի մարմինը «բացեն»՝ ջարդում են: Մոռանում են, որ փոքրիկների ողնաշարը շատ փխրուն է, շատերը նստում են երեխաների մեջքին, իրենց արեւին բացում են: Անգամ վերջերս դեպք է եղել, որ երեխայի ոտքը դուրս է ընկել, որովհետեւ այդ «մասնագետը» սխալ է պարապել երեխայի հետ: Դա անգրագիտության գագաթնակետն է, դրա համար ես ավելի շատ ծնողներին եմ մեղադրում: Եթե ուզում եք, որ ձեր երեխան լավ մասնագետ դառնա ուրեմն ճիշտ խմբակ տարեք, ոչինչ, թող մի երկու կանգառ էլ հեռու լինի, բայց հանգիստ լինեք, որ երեխային կարող եք թողնել եւ երեխային նորմալ էլ կվերադարձնեն: Որքան գնում ավելի է խորանում այս խնդիրը:

- Այդ դեպքում երկու ֆեդերացիաներն ի՞նչ են անում այս խնդիրը վերացնելու համար:

- Մյուս ֆեդերացիան չգիտեմ թե ինչ է անում, բայց ես մանկավարժական ինստիտուտի հետ կոնկրետ քայլեր եմ ձեռնարկում: Արդեն ուզում ենք այդ ծրագիրը մշակել, որպեսզի նվազեն դիլետանտները: Կարծում եմ միասնական ուժերով կկարողանանք կարգավորել դաշտը: Հետո այդ հարցը պիտի Ազգային ժողովի օգնությամբ լուծվի: Կառավարության որոշում պետք է լինի, որ ավելի լուրջ մոտեցում ցուցաբերեն, վախենան ամեն «պադվալում» խմբեր բաց անեն եւ նույնիսկ հարկային դաշտում էլ չլինեն: Շատ քիչ խմբեր կան այսօր, որ հարկային դաշտում են: Մենք լիցենզավորված ենք համաշխարհային խորհրդի կողմից: Փոխանակ ազատվենք հարկերից հակառակն է լինում: Ես իմ անձնական միջոցներով եմ երեխաներին տանում դրսում պարի մրցումների: Դժվար է, մեր դաշտում ամեն ինչ խառնվել է իրար:

- Այսինքն վերահսկողություն չկա՞:

- Ոչ, բայց հուսով եմ այս տարի ԱԺ-ում թարմ ուժեր կան, շատ ընկերներ ունեմ այնտեղ, կարծում եմ ճիշտ մոտեցում կցուցաբերեն այդ հարցին, որովհետեւ իրենք գիտեն իմ ցավը:

 - Արվեստի որոշ ներկայացուցիչներ այս տարի ընդգրկվել են ԱԺ-ում, ցանկություն չունե՞ք ինքներդ էլ առաջադրվել եւ պարի բնագավառի խնդիրները լուծել:

- Ես ԱԺ-ում ընդգրկվե՞մ, ինձնից վախենում եմ: Ես այն մարդն եմ, որ ինչ մտածում այն էլ ասում է, երեւի ընդամենը երկու ամիս դիմանամ: Ավելի լավ է իմ գործով զբաղվեմ: Գիտակից ու խելացի ընկերներ ունեմ այնտեղ, որոնք հեռու չեն արվեստից, կարծում եմ իրենք իմ փոխարեն կհոգան այդ հարցերը:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված պարի բումը, որ ծնողներն ավելի շատ նախընտրում են երեխային տանել պարի քան ասենք ասեղնագործության:

par1- Կարելի է ասել մենք «սնդիկ» ենք, տեղում չենք կարող նստել, պիտի միշտ շարժվենք: Օրինակ՝ իտալացիները, իսպանացիները բնավորությամբ մոտ են մեզ: Անընդհատ ուզում ենք շարժվել, դրանով է պայմանավորված, որ երեխաներն աշխույժ են, ունեն էներգիա, եւ դա մի տեղ պիտի սպառեն: Բայց, շատ լավ կլինի, որ հասցնեն ե՛ւ պարի գնան, ե՛ւ ասեղնագործության, այդպես  բազմակողմանի զարգացած կլինեն: Եթե մարդ արվեստով չզբաղվի, էլ ի՞նչ ներքին աշխարհ պիտի ունենա:

- Իսկ քանի՞ տարեկանից է ճիշտ, որ երեխաները հաճախեն պարի:

- Ցանկալի է 5-6 տարեկանից: Բայց ես ունեցել եմ 3 տարեկան երեխա, որին սկզբունքորեն չեմ ցանկացել վերցնել շատ փոքր լինելու պատճառով: Այդ տարիքում անուշադիր են լինում ու իրենց միտքը խաղերն է, նա քեզ մի ժամ չի լսի, ուր մնաց թե անի այն, ինչ ասում ես: Այդ դեպքում դու իր հետ պիտի խաղաս: Իրենց հետ լուրջ բեմադրություն չես կարող անել, պիտի սովորեցնես ձեռքերը, կոնքերը, ոտքերը շարժել: Չնայած երկու երեխա եմ ընդունել 3 տարեկանից ու չեմ սխալվել: Այնպես էին պարում, որ տասը տարեկանը չէր կարող պարել:

- Ինչպե՞ս եք ընդունում, որ փոքրիկները պարում են այնպիսի պարեր, որոնք ավելի շատ սեքսուալ բնույթ են կրում:

- Դա նրանից է, որ «մասնագետները» սիրողական պարի են գալիս, հետո որոշում  խումբ բացել՝ չունենալով հստակ ծրագիր: Ունենում են մի քանի շարժումներից բաղկացած պարեր, դրան ավելացնում են իրենց իմպրովիզացիաները եւ դառնում է ստրիպտիզ-շոու եւ այդպես հինգ տարեկան երեխան պարում է այն, ինչի իրավունքը չունի: Իսկ երբ դա հեռուստատեսությամբ տեսնում է ծնողը՝ սարսափում է, թե սա է՞ր սպորտային պարը, էդ էր մնացել պակաս, որ թողեմ իմ երեխան գնա այս պարի: Ես պապաներին չեմ մեղադրում, եթե չլիներ այդ վիճակը շատերը իրենց տղաներին չէին արգելի պարել: Թացը չորից չի տարբերվում: Յուրաքանչյուր տարիքում երեխային պիտի կերակրես նրանով, ինչը նա կարող է մարսել: Այսինքն՝ ավելի լավ է կաթ տալ, ոչ թե բորշչ: Եվ հետո մենք երեխաներին թույլ չենք տալիս, որ միանգամից հագնեն բաց հագուստներ, իրենք պիտի հագնեն համազգեստ, հետո մեծանան ու կամաց-կամաց բացեն հագուստը: Երբ չափահաս կդառնա այն ժամանակ կուզեն թող մեջքն էլ բացեն, ուսն էլ: Ինչքան փակ, այնքան ավելի հետաքրքիր: Իրենք պետք է կենտրոնանան իրենց պարելու վրա ոչ թե հագուստի:

- Հետաքրքիր է ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդքան ակտիվ եւ էներգիայով լեցուն լինելը:

- Որ ասեմ թե հինգ տարի ինչպես եմ աշխատել, կզարմանաք: Ուղղակի նրա համար, որ սպորտային պարերը զարգանան ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում: Մարզերի երեխաները շատ ավելի աշխատասեր են, ընդունակ ու գնահատող: Երեւանի երեխաները շատ հարցերում են զիջում մարզերի երեխաներին: Որովհետեւ այստեղի երեխաները ամեն ինչ ունեն, պապաներն ամեն ինչ անում են, իսկ այնտեղ այդ հնարավորությունը չկա, դժվար է գումար աշխատելը: Շաբաթվա հինգ օրը Երեւանում էի դասավանդում, իսկ հանգստյան օրերիս՝ շաբաթ եւ կիրակի գնում էի  Վանաձոր, Գյումրի: Նույնիսկ եղել է դեպք, որ ձմռան բքին հասել եմ Գյումրի, տեսել եմ երեխաները չկան, երբ զանգահարել եմ զարմացած հարցրել են. «Ո՞նց, Դուք եկել ե՞ք, Գյումրի մեքենա չի գալիս, ինչպե՞ս եք Երեւանից եկել»: Եթե կա նպատակ, ուրեմն պիտի գնաս առաջ, կապ չունի այդտեղ ֆինանսական ակնկալիք կա, թե՝ ոչ: Որ եթե վաղը լինեմ Ֆրանսիայում կամ որեւէ տեղ, գոնե հանգիստ կլինեմ, որ իմ ազգի, իմ պետության համար պիտանի մարդ եմ եղել ու դժվարություններից չեմ փախչել:

- Ո՞ր պարաձեւին են նախընտրություն տալիս հայերը:

- Նայած թե այդ պահին ինչ տենդենց կա: Օրինակ՝ երբ սկսվում են ասենք սպորտային եւ պարահանդեսային պարերի նախագծերը, մեկ էլ տեսնում ես ոգեւորվում են ծնողները եւ ուզում, որ իրենց երեխաները պարեն սպորտային եւ պարահանդեսային պարեր: Եթե ազգային պարերի նախագիծ է գնում, ապա հոսքը դեպի այդ կողմն է լինում: Ես էլ եմ սիրում հայկական պարել: Նույնիսկ իմ երեխաներին ամեն դասին սովորեցնում եմ հայկական պարային էլեմենտներ, կապ չունի, որ սպորտային պարերի դպրոց ենք, եթե ապրում են Հայաստանում, պիտի հայկական պարել իմանան, որ վաղը գնանք ինչ-որ միջոցառման չասեն, որ մենք չգիտենք հայկական շարժումներ:

- Որ գոնե հարսանիքներից առաջ նոր չորոշեն գալ պարել սովորելո՞ւ: Լա՞վ է այդ տենդենցը:

- Տենդենցը լավ է, ուղղակի վերջապես մեր տղաները... Օրինակ, երբ մեր մամաներն ասում են տղայիս տանում եմ պարահանդեսային պարերի, ասում են. «Օյ, տղան պարի՞, դա ղզիկի պար է: Այդպես անուն են կպցրել, որ այդ տղաների պապաներն էլ են արգելք հանդիսանում, իսկ տղաների համար պապաներն էլ «պրիստիժ» են: Տասը տարի առաջ շատ տղաներ ունեինք սպորտային պարերի եկող, բայց կարատեն էլ շատերին տարավ պարից: Դա լավ է, բայց  չպիտի միայն ուժայինով զարգանանք: Դրա համար, երբ դառնում են 20-21 տարեկան, ընկերուհի են ունենում ու չեն իմանում ինչպես հրավիրեն պարի, արդեն զգում են, որ թերացել են: Գիտակից տղաներն էլ, որ կարող են որոշում կայացնել առանց պապայի գալիս են սիրողական, թեեւ թաքուն, բայց սովորում են, անգամ ընկերուհիների կամ ապագա կանանց հետ են գալիս մի քանի դասերի: Եվ հետո, պարը գեղեցկացնում է մարդուն:

- Իսկ ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ պարը տղայի համար չէ:

par2- Հինգ տարեկան տղային երբ բերում են պարի, նա դեռ չի ձեւավորվել, որ իր կարծիքը հայտնի: Եթե հինգ տարեկանում տղան եկավ պարի եւ երեք տարի անց սիրեց, ապա որքան էլ շրջապատը ճնշում գործադրի, հասակակիցներն ասեն ղզիկ ես, որ գնում ես պարի, միեւնույն է, երբեք չի հրաժարվի: Ծնողից էլ է շատ բան գալիս, նա պիտի երեխային բացատրի, որ դա գեղեցիկ է: Ես երեխաներին միայն պարել չեմ սովորեցնում, եթե ինձ մոտ տղա է գալիս պարի, ուրեմն իմ տղաները բոլորը տղա են: Դրա մասին գիտեն բոլորը: Իմ բոլոր սերունդների տղաները կայացել են որպես տղա, լուրջ նախագծերում են մասնակցում:

- Դուք ուժեղ կին եք, Ձեր ասածը մի՞շտ եք տանում առաջ, թե կանացիությունը զիջում է:

- Եթե գիտեմ, որ ճիշտ եմ ու ուզում են իրենց սուտն առաջ տանել եւ դրանով վնասեն ոչ միայն ինձ, այլ գործին կամ ազնիվ մարդկանց հոգեբանության հետ խաղան ու իմ ստիմուլը կոտրեն, ուրեմն ես իմ ճիշտն եմ մինչեւ վերջ առաջ տանում:

- Ժամանակը չէ՞, որ մտածեք Ձեր անձնական կյանքի մասին:

- Այո, ժամանակն է, այդ ուղղությամբ աշխատում եմ:

- Ինչպիսի՞ տղամարդ պիտի լինի Ձեր կողքին, որ դիմակայի Ձեր ուժեղ լինելուն:

- Իմ կողքին տեսնում եմ միայն հոգեպես կայուն, կիրթ եւ հոգեւոր ներաշխարհով հարուստ տղամարդու, ով կընդունի իմ վառ անհատականությունը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում