livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Դերասանուհի ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոց): Ուսանողական տարիներին աշխատել «Փոսի» թատրոնում: 1988-ին հրավիրվել եւ մինչ այսօր աշխատում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նուրբ եւ անչափ կանացի այս դերասանուհին հաջողությամբ է կերպավորում դրամատիկական, կատակերգական եւ սատիրական բնավորություններ: Նրա չափազանց հուզական, խորը ապրումներով լի հերոսուհիները համակրելի են եւ, անշուշտ, անտարբեր չեն կարող թողնել հանդիսականին:

 

- Տրամադրությա՞ն մարդ ես:

- Այո:

- Ի՞նչը կարող է փոխել տրամադրությունդ:

- Ցանկացած բան, ասենք` տհաճ զանգը, մանկատանը հայտնված երեխայի աչքերը, փողոցում թափառող շնիկը, որին ոչնչով, ավաղ, չես կարող օգնել: Վերջերս փողոցում նկատում եմ անօթեւան մարդկանց, որոնց կողքով եւս ստիպված եմ լինում անտարբեր անցնել: Անշուշտ, նման տեսարաններից տրամադրությունս կարող է կտրուկ փոխվել:

- Իսկ ի՞նչը քեզ կարող է ոգեւորել:

- Ցանկացած բան` եղանակը, երկինքը, ծառերը, ծաղիկները, ինչպես նաեւ գեղեցիկ ժպիտը…

- Քեզ համարո՞ւմ ես զգացմունքային մարդ:

- Այո:

- Դա դերասանուհուն օգնո՞ւմ է, թե՞ հակառակը:

- Ճիշտն ասած, աշխարհում չգիտեմ որեւէ բան, որ օգուտ բերի կամ հակառակը: Ինչպես ասում են, փայտը երկու ծայր ունի: Այո, ես էմոցիոնալ մարդ եմ, սենտիմենտալ, կարող եմ միանգամից հուզվել, անգամ արտասվել, բայց այդ ամենն աշխատում եմ թաքցնել իմ մեջ, որ կողմնակի մարդիկ նույնիսկ չնկատեն դա, բայց միշտ չէ, որ դա ստացվում է:

- Ասում են` դերասանները դիմակ են կրում, իսկ դո՞ւ:

- Ես դիմակ չեմ կրում: Իմ բոլոր էմոցիաները շատ պարզ են, թեպետ, ինչպես ասացի, աշխատում եմ ինձ մեկ-մեկ զսպել ու թաքցնել այն: Չեմ սիրում մի բան մտածել, իսկ անել ինչ-որ այլ բան:

- Մուտք դեպի թատրոն. մանկո՞ւց էր կանխորոշվել, թե՞…

- Մանկուց գնացել եմ տարբեր թատրոններ, որոնց դերասան-դերասանուհիները գալիս էին մեր տուն: Շատ ճանաչված եւ տաղանդավոր մարդկանց հետ էի շփվում: Բայց ես թատրոն չէի սիրում: Ցանկանում էի իրավաբան, դատապաշտպան դառնալ: Բայց այնպես ստացվեց, որ ընդունվեցի թատերական ինստիտուտ եւ դարձա այն կերպարների դատապաշտպանը, որոնք ես կերտում եմ: Չկան բացասական, մեղավոր կերպարներ, նրանց բոլորին պետք է հասկանալ, ընդունել եւ սիրել, ինչն էլ անում եմ: Այնպես որ, իմ դատապաշտպան դառնալու երազանքը ինչ-որ տեղ իրականացավ, սակայն յուրահատուկ ձեւով:

- Ուզում ես ասել` քո կյանքում չե՞ն եղել դերեր, որ պարզապես չես սիրել:

- Չեն եղել, բոլոր իմ դերերն էլ սիրում եմ: Ոչ մեկին էլ չեմ կարող առանձնացնել: Նրանք բոլորն էլ ինձ համար շատ թանկ են:

- Մեկ հարկի տակ բնակվում ես թատերագետ Մարգարիտա Յախունտովայի հետ, հաճա՞խ ես ենթարկվում սուր քննադատության եւ այդ դեպքում ընդունո՞ւմ, թե՞ վիրավորվում ես:

- Իհարկե, հնարավոր է` սկզբում չընդունեմ նրա քննադատությունը, ընդդիմանամ, բայց անցնի ժամանակ եւ հասկանամ, որ մորս ասածը ճիշտ էր, խորը մոտեցում ուներ: Եվ այդպես շարունակ:

- Ասում են` դերասանները շուտ են ոգեւորվում:

- Պետք չէ դերասանին առանձնացնել, տարբերել այլ մարդկանցից: Դերասանն էլ մարդ է, ի վերջո: Ցանկացած մարդ, ցանկացած էակ սիրում է, որ իրեն ոգեւորեն, բարի աչքերով նայեն թե՛ իրեն, թե՛ իր գործին: Թեեւ մենք հաճախ սիրում ենք փնովել, այլ ոչ թե ցանկացած չնչին բանի մեջ գտնել, տեսնել, ինչ-որ լավ կետ: Եվ ինչքան շատ կետեր գտնենք եւ փայփայենք, համոզված եմ` դրանք կշատան:

- Քեզ դո՞ւր է գալիս, երբ հաճոյախոսում են:

- Կեղծ հաճոյախոսություններ լսելը անտանելի է, այն նյարդեր է սղոցում:

- Մարիաննա, քանի՞ տարի է, որ բեմում ես:

- Շատ… երկրորդ կուրսից Հրաչյա Ղազարյանը ինձ հրավիրեց «Փոսի» թատրոն` որպես դերասանուհի, որտեղ ես արեցի նաեւ իմ դիպլոմային աշխատանքը: Այդ ընթացքում հայ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը ինձ հրավիրեց Գ. Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ մինչ օրս աշխատում եմ: Պատիվ եմ ունեցել նրա հետ կանգնել միեւնույն բեմում: Իսկ դա մեծ պատիվ է, երջանկություն:

- Շատ դերասաններ ասում են, որ Խորեն Աբրահամյանից մի տեսակ քաշվում եւ վախենում էին, իսկ դո՞ւ:

- Նա այնպիսի մեծություն էր, որ իրենով կարելի էր հիանալ, այլ ոչ` վախենալ: Երեւի, իմ հանդեպ նա բարի էր…

- Իսկ ինչո՞ւ հրաժարվեցիր ռեժիսոր դառնալու մտքից եւ դարձար դերասանուհի:

- Շատ դերասաններ ավարտում են ռեժիսուրայի բաժինը, բայց դառնում են դերասան: Դա երեւի օրինաչափ է: Ուղղակի իմ պարագայում դրությունը այլ էր. ես արեցի դիպլոմային աշխատանք: Ասում էին, որ հաջող էր ստացվել: Գրեթե բոլոր դերասանների մոտ դեռ փոքր աղջիկ էի համարվում, նրանք ինձ ընդունում էին որպես Մարգարիտայի դուստր, իսկ ռեժիսորին դա խանգարող հանգամանք է: Ես չզբաղվեցի ռեժիսուրայով, բայց փորձում եմ լինել իմ կյանքի բեմադրիչը:

- Ստացվո՞ւմ է:

- Միշտ չէ, ինչպես կցանկանայի…

- Իսկ Մարգարիտայի դուստր անվանումը քեզ խանգարո՞ւմ էր կյանքում, թե՞ օգնում:

- Ե՛վ խանգարում էր, ե՛ւ օգնում: Իհարկե, իմ այս տեսակը, ինչպիսին որ կամ, չէր լինի, եթե չլիներ Մարգարիտա Յախունտովան: Ես նրա դուստրն եմ, նա է ինձ ծնել, մեծացրել, դաստիարակել, նաեւ փոխանցել իր գեները` ինչպես իմ հայրը: Այնպես որ, ես պարտական եմ իրեն:

- Ինչպե՞ս ես հաղթահարում բեմական հուզմունքը:

- Դա դերասանին անհրաժեշտ է, օգնում է կենտրոնանալ: Հուզմունքը վերածվում է ոգեւորության եւ, նայելով հայելու մեջ, մտնում ես դերիդ մեջ: Կա հայելիների աշխարհ հասկացողություն: Նայելով` հասկանում ես, որ այնքան էլ Մարիաննան չես. զգեստը, գրիմը, կեղծամը օգնում են, որ մյուս կնոջ կյանքի մեջ մտնես, միաձուլվես կերպարիդ հետ:

- Սիրո՞ւմ ես հայելու մեջ քեզ նայել:

- Ոչ: Իմ կյանքում զավեշտալի դեպքեր են գրանցվել հայելու հետ կապված: Պատահել է` նայել եմ հայելու մեջ եւ ինքս ինձ չեմ ճանաչել: Հայելին զգոնացնում է մարդուն, թույլ է տալիս կողքից նկատել որոշակի թերություններ, առանձնահատկություններ:

- Կանայք միշտ էլ դժգոհում են իրենց արտաքինից, շատերը նույնիսկ պլաստիկ վիրաբույժի են դիմում, իսկ դո՞ւ:

- Իհարկե, ես էլ եմ դժգոհում: Բայց դա իմ գաղտնիքն է: Ես իդեալական չեմ:

- Տեսախցիկի հետ աշխատանքը ե՞րբ սկսվեց:

- Նախկինում ունեի փորձ, բայց դրանք շատ վաղուց էին ու անլուրջ: Ամեն ինչ սկսվեց «Արմենիա» հեռուստաընկերությունում: Սերիալի ժանրը հետաքրքիր էր ինձ համար, նոր ժանր էր:

- Հե՞շտ էր տեսախցիկի հետ հաշտվելը:

- Սկզբում հուզվում էի, կաշկանդվում ու բարդույթավորվում տեսախցիկից: Թե՛ ինձ, թե՛ բեմադրող օպերատորների համար լուրջ խնդիր էր դա: Հիմա այդ էտապը մնաց անցյալում:

- Սերիալում քո կերպարին` տիկին Սոնային, սիրեցի՞ր:

- Իհարկե, թեպետ նրա որոշ քայլերն ինձ համար անհասկանալի են, ես հաստատ այդպես չէի վարվի, այդ իսկ պատճառով Սոնան մնում է Սոնա, իսկ ես` Մարիաննա: Սերիալի համար սցենար գրելը շատ բարդ է, իսկ Դիանա Գրիգորյանը մեր ասպարեզում սերիալների մեջ լուրջ պրոֆեսիոնալ է: Այնպես որ, ես վստահում եմ իրեն:

- Քո հերոսուհու ճակատագիրը, ասում են, շատ հայ կանանց ճակատագրին է նման:

- Շատ կանայք են ինձ մոտենում փողոցում եւ կիսվում, որ իրենք էլ մոտավորապես նույն բախտն ունեն:

- Ի՞նչն է, որ «ռեժիմով» ծեծ ուտող կանանց պահում է ամուսինների կողքին:

- Գուցե սե՞րը… Շատ բարդ թեմա է: Եթե մարդիկ այդքան տարի իրար հետ են ապրում, դա արդեն մի կյանք է, եւ այդ կյանքը փոխել հնարավոր չէ:

- Նման մարդու կողքիդ կհանդուրժեի՞ր:

- Ինչպես տեսնում ես` նման տղամարդ չեմ հանդուրժում կողքիս: Թեեւ այդ տեսակի տղամարդ իմ կողքին երբեւէ չի էլ եղել: Բայց եթե ինձ ինչ-որ բան դուր չի գալիս, ես դա չեմ հանդուրժում: Իմ կյանքն էլ դրա ապացույցն է:

- Քո կողքին այժմ կա՞ տղամարդ:

- Այո, կա… Եվ Աստված իրեն երկար կյանք տա, առողջություն եւ հաջողություն:

- Փաստորեն, սիրո մեջ եւս երջանիկ ես:

- Ոչ լիարժեք, բայց երջանիկ եմ:

- Երբեմն ինձ թվում է, թե այդ զգացմունքը ռոմանտիկ մարդիկ են հորինել:

- Ոչ, ոչ… սեր կա… Առանց սիրո նույնիսկ ճաշը անհամ կլինի:

- Հանուն սիրո ինչի՞ ես պատրաստ:

- Համբերելու… Չափից շատ համբերատար եմ:

- Իսկ երբ համբերության բաժակը  լցվո՞ւմ է:

- Տակառը` ես կասեի, այն լցվելուց հետո դրվում է մառանի մեջ եւ նոր տակառ ես վերցնում, եւ այդպես շարունակ:

- Տարիների ընթացքո՞ւմ ես ձեռք բերել մառանում տակառներ պահելը:

- Ինձ համար շատ կարեւոր է որոշում կայացնելը: Եթե ես ինչ-որ որոշում կայացնում եմ, տակառը փակվում է: Քայլերի եմ գնում:

- Ներողամի՞տ ես:

- Կան բաներ, որ չի կարելի ներել:

- Օրինա՞կ:

- Գիտես, երեւի թե մի մարդու մենք կարող ենք ներել ամեն ինչի համար, մեկ ուրիշին մի թիզ մատի չափ էլ չենք կարող ներել:

- Հատկապես սիրելիի՞ն են ներում:

- Ոչ, օտար մարդուն շատ ավելի հեշտ է ներելը: Նրան տեսնում ես` ինչպիսին որ կա, եւ ուրիշ բան նրանից չես պահանջում, իսկ մտերիմ մարդուն ներելը շատ բարդ է, որովհետեւ նա ցավ ու դառնություն է պատճառում քեզ:

- Մարիաննա, բացի ստեղծագործական գործունեությունից` նաեւ կազմակերպչական գործերով ես զբաղվում. Հայաստանի թատերական գործիչների քարտուղարն ես:

- Դեկտեմբերի 3-ին կլրանա 4 տարին, ինչ Հակոբ Ղազանչյանը ինձ հրավիրեց աշխատելու Թատերական գործիչների միությունում: Դա ինձ համար եւս շատ հաճելի փաստ էր, որովհետեւ մայրս երկար տարիներ աշխատել է ՀԹԳՄ-ում, այնպես որ` դա ինձ համար շատ հոգեհարազատ եւ հաճելի վայր է:

- Վերջերս էլ ծանրաբեռնվածությանդ ավելացավ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը:

- Այո, այն ինձ շատ հարազատ է դարձել: Եվ մենք արդեն մտածում ենք 2012-ի փետրվարի 29-ին մեկնարկող փառատոնի մասին: Այն կլինի հոբելյանական, եւ արդեն աշխատանքներ են տարվում, թե ինչպես անել, որ այն լինի հետաքրքիր, գրավիչ եւ տոնական դերասանների ու հանդիսականի համար:

- Ըստ քեզ` Հայաստանում սիրեցի՞ն մոնոներկայացումների ժանրը:

- Հույս ունեմ, որ սիրեցին:

- Կարծիք կա, որ երբ դերասանը այլեւս ասելիք չունի մեծ բեմում, կամերային է տեղափոխվում:

- Ճիշտ հակառակը: Բազմաթիվ օրինակներ ունենք, երբ հիմա շատ ճանաչված եւ հայտնի դեմքեր մոնոյի շնորհիվ ավելի վստահ ու պրոֆեսիոնալ դարձան: Որպես ցայտուն օրինակ` կարող եմ բերել Արամ Հովհաննիսյանին:

- Իսկ չե՞ս ուզում քեզ փորձել այդ ժանրում:

- Ոչ… Ինձ համար զուգընկերոջ զգացողությունը շատ կարեւոր է…

- Ո՞րն է եղել վերջին դերդ:

- Լեդի Մակդուֆը` «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման մեջ: Այն բեմադրել է Վահան Բադալյանը: Շատ սիրեցի այդ կերպարը: Եվ այն եւս հարստացրեց իմ կյանքը: Կուզենայի մեկ անգամ եւս աշխատել Վահանի հետ:

- Հաճելի՞ է ճանաչված լինելը:

- Ինչպե՞ս կարող է տհաճ լինել: Շնորհակալ եմ մարդկանց, ովքեր բարի են իմ նկատմամբ, ներում են իմ թերությունները, տեսնում են միայն իմ դրական կողմերը:

- Իսկ պատահո՞ւմ է այնպես, որ ուզում ես քեզ չտեսնեն:

- Լինում են նման պահեր. երբ դնում ես արեւային ակնոց եւ արագ անցնում:

Զրուցեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում