livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

nadya2Սովորաբար, մոդելային արվեստով զբաղվող հայուհիները հանդիմանության են արժանանում ընտանիքում՝ նախ հայրիկների, ապա եղբայրների, իսկ հետո էլ ամուսինների ու նրանց ընտանիքների կողմից: Ըստ հայկական բնավորության ամոթ է ու պատիվ չի բերում, որ հայ աղջիկն իրեն ցուցադրի օտար տղամարդկանց աչքի առաջ: Սակայն, սա չի սպառնացել եւ չի էլ սպառնում մեր զրուցակցին:

Մոտ 15 տարի մոդելային ասպարեզում հանդես եկող ՆԱԴԵԺԴԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ, ով համարվում է Հայաստանում ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը ուրախ է, որ ամուսինը՝ «Արմենոիդս» խմբի ղեկավար ԷԴԳԱՐ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ ըմբռնումով է մոտենում իր աշխատանքին: «Զարուհու» հետ զրույցում պարզվեց, որ Նադեժդային հենց մայրն է ուղղորդել դեպի մոդելային արվեստ:

- Ինչպե՞ս  սկսվեց Ձեր մոդելային կարիերայի սկիզբը:

- Մոտ 15 տարի առաջ էր: Քանի որ մայրիկս շատ էր սիրում արվեստը փոքրուց ինձ տարավ երաժշտական դպրոց, սպորտի, իսկ հետո մի օր էլ առաջարկեց, որ ինձ փորձեմ նաեւ մոդելային ասպարեզում: Էնպես որ մայրիկիս առաջարկով եմ գնացել այդ ուղղությամբ, չնայած ինձ էլ դուր էր գալիս մոդելի աշխատանքը:

- Իսկ ո՞վ է Ձեր մայրիկը մասնագիտությամբ:nadya

- Մայրս բանասեր է: Ճիշտ է, նրա մասնագիտությունը մոտ չէ մոդելային աշխարհին, բայց, քանի որ իմ տեսքով, հասակով եւ կազմվածքով համապատասխանում էի նա ինձ ուղղորդեց, որ անպայման փորձեմ ինձ այդ ասպարեզում: Եվ, այդպես ամեն ինչ սկսկվեց: Բայց, ես ունեմ նաեւ այլ մասնագիտություն: Սովորել եմ Սանկտ-Պետերբուրգի համալսարանում, մասնագիտությամբ իրավաբան եմ: Բայց, այնպես ստացվեց, որ իմ մասնագիտությամբ չեմ աշխատել:

- Իսկ իրավաբանությունն օգնում է մոդելին, թե՞...

- Գիտեք, մոդելների մոտ բացի արտաքինից պետք է լինի նաեւ խառնվածք:  Իրավաբանի մասնագիտությունը այդ առումով, անշուշտ, օգնում է շատ:

- Այսօր Դուք համարվում եք Հայաստանի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը: Չե՞ք ցանկանում Ձեր կարիերան շարունակել Հայաստանի սահմաններից դուրս: Եվ, արդյոք առաջարկներ ունեցե՞լ եք դրսում աշխատելու:

- Եթե մոդելը որոշել է կարիերան սկսել դրսից, նա պետք սկսի դա երիտասարդ տարիքից: Իմ տարիքում դա անելը դժվար է: Եվ հետո, ապրելով Հայաստանում բավական դժվար է ճանապարհ հարթել դեպի արտերկրիր, քանի որ այնտեղ կա մոդելների մեծ ընտրություն: Եվ հետո, Հայաստանում էլ, չգիտես ինչու, չեն գնահատում պրոֆեսիոնալ մոդելներին: Ասենք, ցուցադրություն է կազմակերպվում եւ Վրաստանից են մոդել հրավիրում, այդպես է ընդունված: Պատճառաբանում են, թե այստեղ պրոֆեսիոնալ մոդելներ չկան, բայց դա այսպես չէ: Իհարկե, ովքեր տեսնում են մեր եւ Վրաստանի մոդելներին կարող են հստակ ասել, որ անհամեմատելի են: Մեր մոդելները, ինչ խոսք, ավելի պրոֆեսիոնալ են: Բայց նույն Վրաստանում ցուցադրությունների համար դրսից մոդելներ չեն հրավիրում: Գնահատում են իրենց ունեցածը:

- Օտարամո՞լ ենք:

- Գուցե:

nadya3- Ըստ Ձեզ, Հայաստանում մոդելային արվեստը զարգացա՞ծ է:

- Երբ նոր էի սկսում մոդելային կարիերան, մոտ 15 տարի առաջ, այդքան էլ զարգացած չէր: Կարող եմ ասել, որ Հայաստանում մոդելային արվեստը զարգացած է իր չափով: Եթե համեմատելու լինենք երաժիշտների եւ դերասանների հետ, իհարկե, զարգացած չէ: Երեւի թե նրանից է, որ Հայաստանը շատ փոքր է: Հույս ունենք, որ ապագայում ամեն ինչ կզարգանա ու կփոխվի դեպի լավը:

- Հայաստանում որպես պրոֆեսիոնալ նորաձեւության կենտրոն համարվում է «Ատեքսը»: Մտադիր չե՞ք հետագայում ինքներդ էլ հիմնեք Ձեր սեփականը՝ ստեղծելով մրցակցային դաշտ:

- Ոչ, դեռ չեմ մտածել դրա մասին: Բացի «Ատեքսից» «Շարմ» ընկերությունում կար «Արմմոդելս» կենտրոնը, որտեղ շատ լավ պայմաններով աշխատում էինք: Բայց, դա տեւեց ընդամենը մեկ տարի: Հիմա դեռ աշխատում եմ որպես մոդել, կարծում եմ, որ մոտ ապագայում, հնարավոր է ունենամ իմ կենտրոնը, բայց դրա մասին չեմ էլ մտածել: Չնայած ունեմ փոխանցելու, սովորեցնելու շատ բան, ինչու ոչ, նաեւ դեռ սովորելու բան էլ ունեմ:

- Վերջին տարիներին մեր հայ մոդելները հաճախ են դրսում մասնակցում մրցույթների: Իսկ երբեւէ մասնակցե՞լ եք եւ չեք ուզում Դուք էլ նրանց նման Հայաստանը ներկայացնել:

- Մասնակցել եմ մոդելային մրցույթի, բայց քանի որ մրցույթներում կա տարիքային սահմանափակում, հիմա էլ չեմ մասնակցում: Մոսկավայում, կարծեմ, 1999 էր թե 2000-ը, մասնակցել եմ «Elite model look» նորաձեւության մրցույթին: Ընտրությունը մեծ էր, մասնակիցները շատ էին ԱՊՀ գրեթե բոլոր երկրներից: Բայց ես 20 լավագույն մասնակիցների հետ անցա եզրափակիչ փուլ: Պիտի ասեմ, որ շատ չեմ սիրում մասնակցել մրցույթների: Չեմ սիրում մրցակցություն: Հենց դրա համար էլ շատ չեմ ձգտել մրցույթների մասնակցել: Պարզապես դրան վերաբերում եմ որպես պրոֆեսիոնալ աշխատանքի: 18-19 տարեկան հասակում, գուցեեւ նորմալ է մասնակցել մրցույթների, բայց երբ արդեն հասուն մարդ ես էլ կարծես տեղին չէ մասնակցելը: Սա խիստ անձնական կարծիք է:

nadya1- Սովորաբար մոդելները պայմանագիր կնքելիս, ստիպված են լինում երկար մտածել պայմանագրի մի կետ շուրջ, որտեղ նշվում է, որ մոտ մեկ տարի պիտի չամուսնանան:

-«Արմմոդելս»-ում աշխատելիս եղել է նման պայմանագիր: Համաձայն այդ կետի, ամուսնություն կարելի էր, բայց հղիանալ չէր կարելի: Այդ կետը նրա համար է, որպեսզի մոդելը չկորցնի իր կազմվածքը: Դա մի քանի տարի առաջ էր ու ես չունեի ամուսնության մտադրություն, եւ դա ինձ համար խնդիր չէր: Եթե դա լիներ հիմա, բնականաբար, կհրաժարվեի այդ պայմանագրից:

- Իսկ «Ատեքսում» նման պայմանագիր կա:

- Չգիտեմ, ես նման պայմանագիր չունեմ:

- Ձեր մոդելային կազմվածքը պահպանելու համար ունե՞ք բաղադրատոմս:

- Ընդհանրապես, մոդելի արտաքին տեսքը շատ կարեւոր է, բայց, պակաս կարեւոր չէ նրա խառնվածքը: Նա պետք է լինի առույգ եւ միշտ աշխատի իր վրա: Ինչ վերաբերում է հատուկ սննդակարգին` դա էլ է պետք մոդելներին: Թեպետ, կան մարդիկ, որոնք դրա կարիքը չունեն, քանի որ բնությունից են այդպես օժտված: Ամեն դեպքում մոդելային կազմվածքը պահպանելու համար ջանքեր անհրաժեշտ են:

- Հիմա մոդելային կազմվածքը պահպանելու համար ջանքեր գործադրո՞ւմ եք, թ՞ե պատրաստվում եք մոտ ապագայում մայրանալ:

- Այդ առումով իմ բախտը բերել է ես հատուկ դիետաներ չեմ պահպանում: Բայց, քանի որ նոր ընտանիք ենք կազմել, ապա մոտ ապագայում մտադրված եմ մայրանալ:

- Հաճախ հայ մոդելները ընտանիքում ծնողների կողմից հանդիմանության են արժանանում: Ձեր դեպքում, պատկերն այլ է, իսկ հայրկը ինչպե՞ս նայեց Ձեր ընտրությանը:

- Դա գալիս է ընտանիքից, շրջապատից, աշխարհայացքից: Մեր ընտանիքում ամեն ինչ այլ է եղել: Ինձ երբեք չեն արգելել: Ընտանիքում միակ երեխան եմ եղել:

- Իսկ ամուսնուդ՝ Էդգարի կողմից:

- Երեւի, իմ բախտը բերել է այդ առումով: Մեր մասնագիտությունները իրար մոտ են գտնվում, եւ երբեք սահամանափակումներ չեն եղել: Նա միշտ իմ կողքին է:

- Նույնիսկ այն դեպքում, երբ լուսանկարվում եք տղամարդ-մոդելների հետ եւ հայտնվում համացանցո՞ւմ: Խանդի առիթ չե՞ն հանդիսանում այդ լուսանկարները:

- Իհարկե ոչ, քանի որ դա աշխատանք է: Նույն հաջողությամբ ես էլ կարող եմ իրեն խանդել: Մենք հասկանում ենք իրար, որովհետեւ դրան մենք վերբերվում ենք որպես աշխատանքի: Խանդի առիթ դա չի կարող հանդիսանալ:

nadya5- Նույնիսկ սերիալում է՞լ Էդգարին չեք խանդում:

- Ոչ, իհարկե:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, որ Էդգարը երաժիշտ լինելով նկարահանվում է սերիալում:

- Շատ դրական է իմ վերաբերմունքը: Շատ եմ սիրում դերասանական արվեստը: Մոդել լինելով մենք էլ ենք անցել դերասանի վարպետություն: Նույնիսկ, երբ նա առաջարկ ստացավ սերիալում նկարահանվելու կասկածում էր նկարահանվի՞, թե` ոչ: Ես ասացի նրան, փորձի՛ր... Ես վստահ էի, որ փորձ ձերք բերելով դա նրան դուր կգա: Կարծես թե հիմա արդեն իրեն դուր է գալիս, որովհետեւ արդեն երկար ժամանակ է նկարահանվում է:

- Եթե Ձեզ էլ առաջարկեն նկարահանվել սերիալում կընդունե՞ք այդ հրավերը:

- Իհարկե: Բնականաբար պետք է հետաքրքրի, թե ինչ դեր է: Մեծ հաճույքով, էլի եմ կրկնում ինձ դա շատ դուր է գալիս:

- Սովորաբար համաշխարհային մոդելների մոտ կարիերայում բում է համարվում, երբ նրանք մերկ լուսանկարվում են: Առաջարկի դեպքում Դուք մեծ գումարների դիմաց կհամաձայնե՞ք մերկ լուսանկարվել:

- Ոչ, ինչ վերաբերում է մերկ լուսանկարվելուն, ապա նույնիսկ մեծ գումարների դեպքում ես կհրաժարվեմ: Նախ, ես կարծում եմ, որ չեմ կարող դա անել: Եթե ես ապրեի արտասահմանում, դա նորմալ կընդունվեր, բայց, ամեն դեպքում, կան սահմաններ, որոնք ես չեմ կարող անցնել:

- Օրվա ընթացքում ամուսիններով տանը չեք լինում: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել աշխատանքն ու կենցաղը. ճաշ պատրաստել, լվացք ու արդուկ անել... Էդգարն օգնո՞ւմ է Ձեզ:

- Գիտեք, ցանկության դեպքում, ամեն ինչ էլ հասցնել կարելի է, նույնիսկ վերջին պահին հատկապես քո սիրելի ամուսնու համար: Իհարկե էդգարը երբեմն ինձ օգնում է: Կերակուր չի պատրաստում, բայց կենցաղային հարցերով օգնում է:

- Ինչպե՞ս եք վերաբերվում գենդերային հավասարությանը:

- Չի կարող կնոջ եւ տղամարդու միջեւ հավասարություն լինել: Կինը՝ կին է, տղամարդը՝ տղամարդ: Պետք է փոխըմբռնում լինի, ոչ թե հավասարություն:

- Անցյալ տարի «Ռուսսկի սիլուետ» հայաստանյան մրցույթի ժամանակ ականատես եղա, թե ինչպես էր Ձեր սկեսրայրը հիացմունքով հետեւում Ձեր աշխատանքին: Շատ հարսնացուներ կերազեին այդ մասին:

- Դա ինդիվիդուալ է: Իրենց որդին էլ այդ ասպարեզից է ու իրենց համար էլ է դա արվեստ: Դա գալիս է իրենցից, ոչ թե ինձանից: Գուցե ուրիշ մարդ լիներ, եւ այլ կերպ ընկալեր իմ աշխատանքը: Նրանք ուրիշ աչքով են նայում իմ աշխատանքին:

- Սկեսուրի հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են: Սովորաբար բամբասում են հարսները սկեսուրներից:

- Ինչ բամբասանքի մասին է խոսքը: Մենք շատ մոտ ենք եւ հարազատ: Եթե մարդիկ հասկանում են իրար, ինչ բամբասանքի մասին կարող է խոսք լինել:

nadya4- Ինչպե՞ս ծանոթացաք եւ ինչպե՞ս գրավեցիք Էդգարի սիրտը:

- 2011 թվականի օգոստոսի 13-ն էր, նա ինձ հրավիրել էր «Համահայկական խաղերին», այդ ժամանակ երաժշտական մասը ապահովում էր «Արմենոիդս» խումբը: Մինչ այդ մենք ծանոթներ էինք եւ այդ օրվա ընթացքում ավելի մոտիկից շփվեցինք: Հետո սկսեցինք հանդիպել: Հոգեպես հարազատ բան զգացինք, սիրեցինք... եւ այդպես ամուսնացանք:

- Ինչ սիրո խոստովանություն կանեք այս պահին Էդգարին:  

- Էդգարը այն մարդն է, այն տղամարդը, ում ես շատ երկար-երկար սպասել եմ: 30-ը բոլորած մարդու համար դժվար է երկրորդ կես գտնելը: Էդգարը այն մարդն է, ով ինձ հարկավոր էր: Որեւէ բան չեմ ցանկանում փոխել: Ես նրան սիրում եմ այնպիսին, ինչպիսին որ նա կա: Ես սիրում եմ քեզ, Էդգար:

- Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ մոդելներին:

- Մոդելը, ինչպես ասում են, պետք է գտնի իրեն այդ ասպարեզում: Միայն կարող եմ ասել, որ այս ասպարեզում գնահատվում է անհատականությունն ու պրոֆեսիոնալությունը:

- Հայ կանանց ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս ամուսիններին պահեն իրենց կողքին:

- Կինը, իմ կարծիքով, պիտի մնա կին: Նույնիսկ կենցաղում պետք է իրեն հետեւի` անկախ մասնագիտությունից: Պետք է միշտ ժամանակ գտնի իր խնամքի համար: Անհնար բան չկա: Միայն ցանկություն է պետք:

Զրույցը՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում