livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

Քրիս­տի­նա Հո­վա­կի­մյա­նը պա­րար­վես­տի մի­ջո­ցով այ­սօր կա­րո­ղա­նում է փո­խան­ցել իր ասե­լի­քը: Կար­ծում է.

- Պարը ոչ միայն գեղեցիկ սեռի, այլ նաև ուժեղ սեռի արվեստ է: Ուժեղ սեռին դարձնում է ավելի առնական, իսկ գեղեցիկ սեռին` էլ ավելի է գեղեցկացնում: Ուղղակի Հայաստանում կա մի խնդիր. տղաների համար պարելն ամոթ է: Բայց, ասեմ, որ պարի միջոցով, հատկապես զուգապարերի, տղաները շատ բան են սովորում, ամենակարևորը ճիշտ վերաբերմունք գեղեցիկ սեռի հանդեպ: Այսօր Հայաստանում պարը մղված է երկրորդ պլան: Չնայած պարի մեջ այնքան գեղեցկություն կա, այնքան ասելիք ու հարստություն, որ ժամանակն է, և պետք է գնահատվի այն: Ես հավատում եմ, որ այդ օրը կգա:

- Հի­մա ամեն ինչ սկսենք սկզբից…

- Պարել սկսել եմ 7 տարեկանից: Պարուսույց Արա Մխոյանը եկել էր մեր դպրոց՝ իր պարի խմբակի համար երեխաներ ընտրելու, ու ես էլ ընդգրկվեցի այդ խմբում: Մինչև այսօր, ինչպես տեսնում եք, պարում եմ: Այս տարիների ընթացքում պարը չթողեցի, և երբ որոշեցի պարն ինձ համար դարձնել մասնագիտություն, ընդունվեցի Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարի բաժինը և ավելի հմտացա ու մասնագիտացա պարի մեջ: Ինձ հոգեհարազատ ոճերից` սպորտային և ժամանակակից պարերից չհրաժարվելով՝ մասնագիտացա դասական պարի և հայկական ժողովրդական պարի ժանրերում:

- Իսկ հեշտ որոշեցի՞ք պարը ընտրել որպես մասնագիտություն:

- Չէի մտածում, որ պարուհի կդառնամ կամ պարեր կբեմադրեմ: Ուզում էի հնէաբան դառնալ, բայց մտավախություն ունեի, որ այդ դեպքում պարը կմղվի երկրորդ կամ երրորդ պլան: Սերը դեպի պարը ավելի ուժեղ էր, այդ պատճառով ընտրեցի պարը: Սերը դեպի պարը ինձ մոտ գրավեց առաջին տեղ:

- Մինչ օրս ի՞նչ հաղթանակներ եք ունեցել պարի ասպարեզում:

- Շատ փոքր հասակից մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցույթների ու մրցանակային տեղեր եմ գրավել: Ունեմ շատ մրցանակներ Հայաստանի Սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից կազմակերպված բազմաթիվ մրցույթներից` լատինաամերիկյան, եվրոպական պարերի գծով: Եվ քանի որ էլ զուգընկեր չունեի, սկսեցի դասավանդել: Հաղթանակ եմ համարում նաև այն, որ այսօր ունեմ իմ պարի խումբը: Այժմ իմ սաներն են այդ մրցույթներին մասնակցում ու մրցանակային տեղեր գրավում:

- Կպատմե՞ք Ձեր պարի դպրոցի մասին:

- Խումբն ունի հիմնականում երկու ուղղվածություն`  «Միլենիում»-ը սպորտային, լատինաամերիկյան և եվրոպական պարերի խումբ է, իսկ  «Լայֆ»-ը՝ հիփ-հոփ ոճի: Երկու խմբերի ղեկավարն էլ ես եմ հանդիսանում: Ուզում ենք Հայաստանում երկու ոճերն էլ ավելի պրոֆեսիոնալ մակարդակի հասցնել: Ունենք նաև սիրողական խմբակներ մեծահասակների համար: Համերգային խմբերի հետ աշխատում է դասական պարի մասնագետ Տաթևիկ Ասոյանը: Իսկ իմ բացակայության և խիստ զբաղվածության ժամանակ ինձ օգնում են իմ մեծ խմբի սաները: Ստեղծվել է մի փոքր ընտանիք, որը ունենում է ե՛ւ հաղթանակներ, ե՛ւ խնդիրներ, ինչպես նաև՝ բարին կամեցող մարդիկ, որոնք հարկ եղած դեպքում օգնության են գալիս: Այս տարիների ընթացքում համագործակցել ենք շատ երգիչների հետ, մասնակցել բազմաթիվ մրցույթների:

Առաջին համագործակցությունը եղել է Անդրեի հետ: Իսկ վերջին մրցույթներից կառանձնացնեմ 2009 թվականին Մոսկվայում կայացած համաշխարհային պարային օլիմպիադան: Անկեղծ ասած, մենք մեկնեցինք ավելի շատ փորձ ձեռք բերելու և մեր կատարողական արվեստը բարձրացնելու համար, քանի որ այնտեղ վարպետության դասեր էլ էին անցկացվում, բայց վերադարձանք բրոնզե մրցանակով: Հայաստանում դրա մասին չլուսաբանվեց, բայց այնտեղ մեզ շատ գնահատեցին ու զարմացան, որ Հայաստանից ենք:

- Զրուցե՞նք հեռուստատեսային այն նախագծերի մասին, որտեղ Դուք մասնակցություն եք ունեցել:

- Մկրտիչ Արզումանյանի (Մկո) հետ մասնակցել եմ «Երբ պարում են աստղերը» նախագծում: Առաջարկը եղավ, և ես՝ որպես բարձրահասակ պարուհի, ընտրվեցի, ու մենք հաղթեցինք: Այնուհետև Հանրային հեռուստաընկերության տնօրինության կողմից եղավ հրավեր, որպեսզի մանկական «Եվրատեսիլի» պարի բեմադրությաբ զբաղվեմ: Հայաստանում քիչ տղա պարողներ կան, բայց իմ բախտը այդ հարցում բերել է, քանի որ իմ խմբում տղաները շատ են: Երբ ընտրեցինք երեխաներին, սկսեցինք աշխատել: Պարզ էր, որ լուրջ մրցույթ է, և պետք է շատ լավ ներկայանալ ու պատրաստվել: Երեխաները իմ սպասելիքներից ավելին արեցին ու շատ լավ ներկայացան: Նրանք մասնակցում էին այնտեղ կազմակերպված երեկույթներին, շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ էին հաստատել մյուս երկրների մասնակիցների հետ: Տարբեր երկրների պարի բեմադրիչներ էին ինձ մոտենում և լավ խոսքեր ասում թե՛ երեխաների, թե՛ բեմադրության մասին: Զարմանքս էլ ավելի մեծացավ, երբ այդ լավ խոսքերը լսում էի նաև օտարազգի լրագրողներից: Եվ արդյունքում, ինչպես արդեն գիտեք, այս դեպքում էլ հաղթանակով վերադարձանք: Նույն ժամանակահատվածում Ռուդոլֆ Խառատյանի կողմից հրավեր եղավ աշխատելու «Պարիր, թե կարող ես» նախագծում՝ որպես բեմադրիչ, և սկսեցի համատեղել: Այս նախագծում տարբեր ոճերում սկսեցի բեմադրություններ անել: Կարճ ժամանակահատվածում շատ բեմադրություններ կյանք ստացան: Նախագիծն իր շուրջ էր հավաքել շատ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ պարողների ու բեմադրիչների, որոնք այս մի քանի ամիսների ընթացքում ներկայացրին պարարվեստի հմայքն ու բազմազանությունը: Հնարավորություն ունեցա, մի քանի ոճեր սինթեզելով, բեմադրելու պարեր: Եվ, ամենակարևորը, ապացուցեցինք, որ Հայաստանում  կան շատ լավ պարողներ ու բեմադրիչներ:

- Պարի մեջ շատ կարևոր դեր է խաղում երաժշտությունը. ի՞նչ երաժշտության ներքո եք նախընտրում ստեղծագործել:

- Շատ եմ սիրում աշխատել ֆիլմերի «սաունդթրեքների»` երաժշտությունների տակ, կարելի է ասել՝ ինձ համար դարձել է հոբբի ֆիլմերից գեղեցիկ ու հետաքրքիր երգեր հավաքելը՝ գուցե հետագայում դրանք պարի լեզվով ներկայացնելու համար: Նման հնարավորություն արդեն ունեցել եմ: Վերջին` «Պարիր, թե կարող ես» նախագծում «Հրեշտակների քաղաքը» ֆիլմի «սաունդթրեքի» հիման վրա բեմադրված «Մահ ու կյանք» վերնագրված պարն էր, որը պարոն Խառատյանի կողմից արժանացավ բարձր գնահատանքի: Իսկ արդեն հաղորդումից հետո հնչած արձագանքներից հասկացա, որ արդեն սիրվել ու գնահատվել է նաև հանդիսատեսի կողմից:

- Կարելի է ասել՝ բուռն ստեղծագործական շրջանն ավարտվել է, հիմա ունեք շատ բեմադրություններ, հնարավո՞ր է խումբն ունենա մենահամերգ:

- Չեմ սիրում նախապես խոստումներ տալ, կարծում եմ, արդեն հասունացել է այդ պահը, որ այս տարի անպայման խումբը մենահամերգ ունենա: Մի քանի գործնական առաջարկներ էլ կան, բայց քանի որ դեռ ստույգ պայմանավորվածություն չկա, չեմ կարող ասել: Ի դեպ, մանկական «Եվրատեսիլի» ժամանակ մտերմացել ենք մի քանի երկրների պրոֆեսիոնալ պարողների և բեմադրիչների հետ, ցանկություն ունեմ նրանց Հայաստան հրավիրելու փորձի փոխանակման համար, հնարավոր է՝ նաև համատեղ համերգ ունենանք:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում