livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

varda3Թեպետ հայ հանրությունն ամեն հարցում փորձում է առաջինը լինել եւ հետ չմնալ համաշխարհային քաղաքակրթությունից, սակայն մերկապարն այսօր էլ մեզանում բարոյական արժեքներին հակասող երեւույթ է համարվում: Բայց գեղեցիկն ու մերկությունը միշտ էլ գրավել է կանանց ու ծնկի բերել տղամարդկանց: Բնականաբար, այս մասին շատերը չեն բարձրաձայնի, բայց լուռ կհամաձայնեն:  Այս անգամ <<Զարուհին>> խիստ անկեղծ զրույցի բռնվեց  մերկապարի աշխարհի չեմպիոն, Ուկրաինայի վառ դեմքերից մեկի՝ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ (ՎԱՐԴԱ) հետ, ով վերջերս Հայաստանում էր:

Համոզված ենք, որ Ձեզ այս հարցը շատ են ուղղել, բայց մեզ եւս հետաքրքիր է՝ ինչո՞ւ հենց մերկապար:

- Դա գեղեցիկ, կանացի մարզաձեւ է, այդ պարի մեջ ոչ մի վատ բան չկա: Չէ՞ որ մասնագիտությունից չի կախված, թե ինչքան լավ մարդ ես: Օրինակ, գիտեմ շատ անհոգի ուսուցիչների, որոնք հանրության համար վտանգավոր են: Բոլորին բախտ չի վիճակվում սիրել իրենց աշխատանքը, բայց ես մի բան եմ հասկացել՝ կարեւոր չէ, ինչ աշխատանք ես անում, կարեւոր է սովորել յուրաքանչյուր աշխատանք սիրով անել, այդ ժամանակ աշխատանքն էլ փոխադարձ սիրով կպատասխանի: Այնպես ստացվեց, որ սկսեցի պարել, ես չեմ ընտրել այդ մասնագիտությունը, այլ այն` ինձ: Բայց իմ ընտրությունն էր լինել լավագույնը, եւ դա հաջողվեց:

- Դուք այսօր բավականին հայտնի եք Ուկրաինայի շոու-բիզնեսում: Կապեր, հնարավորություններ ու ծանոթնե՞ր են պետք այդտեղ մուտք գործելու համար, թե՞ միայն տաղանդը բավական է: 

- Պետք է երազանք ունենալ, շատ աշխատելու նպատակ եւ ցանկություն: Երբ եկա փոքրիկ քաղաքից, որտեղ ապրում էի, մայրաքաղաքն ինձ չէր սպասում: Ես աշխատանք էի փնտրում կիեւյան ակումբներում, եւ ինձ ասում էին, որ իրենց ոչ ոք պետք չէ, իսկ ես ասում էի, որ ելույթ կունենամ նրանց մոտ անվճար: Արդյունքում ինձ աշխատանքի էին ընդունում: Իհարկե, կապերը եւ ծանոթությունը անհրաժեշտ մարդկանց հետ շատ լավ է, բայց հավատացե՛ք` ոչ ոք քո օգտին խոսք անգամ չի ասի, եթե չդրսեւորես քեզ որպես աշխատասեր մասնագետ, եւ հենց այդ է պատճառը, որ տաղանդը ոչ միշտ է գլխավոր տեղում: Բայց կա մի տաղանդ, որին պարտավոր ենք տիրապետել՝ աշխատասիրություն: Ես միշտ աշխատում եմ հենց այդ ուղղությամբ եւ համարում եմ այն իմ գլխավոր արժանիքը:

- Տեսահոլովակներում նույնպես Դուք հանդես եք գալիս մերկ կամ կիսամերկ, Ձեզ համար գլխավորը մերկապա՞րն է, թե՞ որպես երգչուհի էլ լավագույնների շարքում լինելը:

bg-3- Ինձ ոչ մի կերպ չի հաջողվում գտնել խոսքեր, որոնք կբնութագրեն իմ գործունեությունը: Ինձ չի համապատասխանում ո՛չ պարուհին, ո՛չ երգչուհին: Ես շոու եմ անում, որտեղ երգում եմ, պարում… Սովորաբար ասում եմ, որ ես արտիստ եմ: Ինձ թվում է՝ ես ավելի շուտ դերասանուհի եմ, ով կարողանում է նաեւ պարել: Համոզված եմ՝ կանցնի ժամանակ, եւ կարիք չի լինի ոչինչ բացատրել, բավական կլինի լսել՝ ՎԱՐԴԱ:

- Մամուլում լայնորեն քննարկվում էր, որ Դուք եւ Ուկրաինայում հայտնի երգիչ  Վիտալի Կոզլովսկին այլեւս միմյանց հետ չեք համագործակցում եւ վիճել եք: Ի վերջո, կա՞ր նման բան, եւ ի՞նչ էր պատահել:

- Այո՛, ճիշտ է: Մենք երկուսս էլ անհատ ստեղծագործող ենք, մեր զուգերգը ստեղծագործական փորձ էր, որի արդյունքում ծնվեցին երկու երգ եւ երկու գեղեցիկ տեսահոլովակ՝ «Մի՛ թողնիր ինձ մենակ» եւ «Պարի՛ր»: Երկուսն էլ հայկական տարբերակով կան: 2013 թվականի ամռանը կկայանա «Պարի՛ր» երգի հայկական տարբերակի պրեմիերան: Մենք երկուսս էլ հպարտանում ենք այս աշխատանքներով, բայց ժամանակն է առաջ շարժվել:

- Դուք հաճախ հարցազրույցների ժամանակ նշում եք, որ Ձեզ համար կան որոշակի սահմաններ, որոնք չեք անցի, որո՞նք են այդ սահմանները:

- Մենք ինքներս ենք մեզ համար կանոններ գրում, ինքներս ենք գծում սահմանները: Հիմա դեռ պատրաստ չեմ լիովին մերկ նկարվել, դա իմ սահմանն է, բայց այն գծել եմ ես: Կան նաեւ մի շարք բարոյական սկզբունքներ՝ չեմ կարող գողանալ, սպանել, դավաճանել…

- Ձեզ հանրությունը գիտի որպես  պարուհի եւ երգչուհի, իսկ ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

- Կինոն իմ գլխավոր նպատակն է, բայց մինչ ամրոցի գագաթին հասնելը նախ պետք դեպի վեր բարձրանալ ոլորապտույտ աստիճաններով: Չեմ սիրում վերելակից օգտվել, կարծում եմ, որ հաղթանակներն ու նվաճումները չպետք է հեշտ ձեռք բերվեն, այլապես մենք չենք կարող դրանք գնահատել:  

- Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ ն է Վարդան տանը:

- Անպաշտպան: Բեմի վրա արտիստը չպետք է ցույց տա իր թուլությունները, նա պետք է օրինակ լինի մնացածի համար, բայց տանը ես կարող եմ ինձ թույլ տալ յուրաքանչյուր թուլություն:

varda1- Վերջերս Դուք Հայաստանում էիք, ի՞նչ զգացումներ ունեցաք եւ ի՞նչ տպավորություններով հեռացաք հայրենիքից:

- Այն զգացողությամբ, որ ցանկանում եմ, ինչքան հնարավոր է շուտ, նորից վերադառնալ: Հայաստանում ապրում են իմ բարեկամները, եւ ես շատ ուրախ էի կրկին տեսնել նրանց: Տպավորություններս շատ դրական են, երեք օրվա ընթացքում հասցրեցի նկարահանվել մի քանի հեռուստահաղորդումներում, ֆոտոշարք անել, էքսկուրսիա գնալ, ծանոթանացա Ավրաամ Ռուսոյի հետ եւ, իհարկե, հյուրնկալվեցի քույրերիս մոտ:

- Ի՞նչը հուզեց Ձեզ հայրենիքում:

- Այցելությունն Էջմիածին: Դա իմ մանկական ամենավառ հիշողություններից մեկն է: Մինչ այժմ իմ գլխում հնչում է երգեհոնային երաժշտությունը, որը լսել եմ, երբ հինգ տարեկան էի: Իհարկե, ես ցանկանում էի վերադառնալ այն տեղը, որն այդքան ինձ հուզել էր մանուկ հասակում:

- Հայաստան գալով՝ արդյո՞ք արդարացվեցին Ձեր բոլոր սպասումները:

- Ավելի` քան: Երբ ես ձայնագրում էի հայերեն լեզվով առաջին երգս, հոգուս խորքում հույսով էի, որ դա ինձ կմոտեցնի իմ ակունքներին: Այդպես էլ եղավ, իմ բախտը բերել է, որ ես դարձա արտիստ: Չէ՞ որ ոչ բոլոր հայերը, ովքեր սփռված են ողջ աշխարհում, հնարավորություն ունեն հայրենիք վերադառնալ:

- Հատկապես հայերի շրջանում վատ է ընկալվում մերկապարուհու կերպարը, ինչպե՞ս եք հաղթահարում այդ պատնեշը:

- Իմ` Հայաստան այցելությունից եւ Երեւանում կայացած մամլո ասուլիսներից հետո շատերը փոխեցին իրենց կարծիքը: Մենք հաճախ, չճանաչելով մարդկանց, դատում ենք, բայց երբ խորանում ենք նրանց կյանքի մանրամասների մեջ, հասկանում ենք, որ շտապ եզրակացություններ անելով՝ սխալվել ենք:

- Հայաստանում հանդիպեցիք հայ կանանց էլիտայի հետ, ըստ Ձեզ, ի՞նչ թերություններ եւ առավելություններ ունեն հայուհիները:

- Նրանց ժամանակակից հայացքները եւ կենսակերպը զարմացրին ինձ: Օրինակ, զարմացրեց այն, որ շատ կանայք ծխում են: Իր հերթին շատերին էլ զարմացրեց այն, որ ես չեմ ծխում:

- Հայուհիներն առավել շատ ինչպիսի՞ հարցեր էին ուղղում Ձեզ, հատկապես ինչպե՞ս էր ընկալվում նրանց կողմից, որ Դուք հայտնի մերկապարուհի եք:

- Եկեք ճշտենք: Ես պարում եմ ոչ թե սթրիփ, այլ pole-dance: Այն, ինչ անում եմ ես, ավելի բարդ է, քան ձողի շուրջ քայլելը: Երբ տասը տարի առաջ ես սկսեցի պարել, ինձ անվանում էին մերկապարուհի, բայց ես ասում էի, որ պարուհի եմ: Անցավ յոթ տարի, եւ ակրոբատիկ պարը ձողի վրա ստացավ pole-dance անունը եւ ողջ աշխարհում ճանաչում ստացավ որպես սպորտաձեւ: Հայուհիներն ինձ հարցնում էին pole-dance-ի մասին, խնդրում էին, ինչքան հնարավոր է, շուտ պարի դպրոց բացել Հայաստանում:

- Արդյոք պատրա՞ստ եք կամ կցանկանա՞ք ամուսնանալ հայ տղամարդու հետ:

- Ես վստահ չեմ, որ որեւէ հայ տղամարդ պատրաստ է դրան: Ես չեմ կարող նստել տանը, ինձ պետք է աշխատել, ստեղծագործել, միայն այդ ժամանակ երջանիկ կլինեմ:

- Ձեզ համար ո՞րն է հայ տղամարդու կերպարը:

- Առաջինը, ով անցավ մտքովս, հայրս է: Նա շատ է սիրում իր երեխաներին, կարողանում է գեղեցիկ քայլեր անել կանանց հանդեպ, պատրաստում է աշխարհում ամենալավ խորովածը եւ լավ երգում է: Նա շատ հյուրընկալ է ու սիրում է համեղ ուտել…

- Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր ընտրյալը:

- Հասկացող ու հումորի լավ զգացումով: Նա պետք է սպորտով զբաղվի եւ չծխի:

varda2- Ընդհանրապես մտածո՞ւմ եք ամուսնության մասին:

- Ես նրանցից չեմ, ովքեր ամուսնության մասին են զառանցում: Կարծում եմ, որ կինը պետք է ունենա նաեւ ուրիշ երազանքներ: Ինքնադրսեւորվել. սա է իմ գլխավոր նպատակը: Չեմ ուզում ծերության ժամանակ ափսոսել, որ ինչ-որ բան չեմ արել կամ գոնե չեմ փորձել անել:

- Հայկական շոու-բիզնեսին, մասնավորապես էստրադային ծանո՞թ եք:

- Մոսկվայում «Հայաստան» երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ ծանոթացա Արթուր Բեստի եւ նրա կիթառի հետ: Վարագույրից այն կողմ վայելեցի նրա կատարումը, նույնիսկ հեռախոսով նկարահանել եմ, երբեմն հետեւում եմ նրա աշխատանքներին, շատ լավ է երգում: Եվ Հայաստանից ընկերություն եմ անում շատ տաղանդավոր կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի հետ:

- Հայերեն երգելու բավական հաջողված Ձեր փորձը կունենա՞ շարունակական բնույթ:

- Անխոս: Ռուսերենով ձայնագրված իմ համարյա բոլոր երգերը թարգմանված են հայերեն կատարման համար:

- Հայկական էստրադայից ո՞ւմ հետ կցանկանայիք զուգերգով հանդես գալ:

- Առայժմ չեմ մտածել այդ մասին, ես ունեցել եմ երեք զուգերգ, իսկ հիմա ցանկանում եմ գտնել իմ անհատական ոճը: Թեեւ ես ունեմ հետաքրքիր առաջարկ, որին դեռ պատասխան չեմ տվել:

- Այժմ ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի հետ կապված՝ թե՛ անձնական, թե՛ գործնական առումով:

- Հիմա ես պատրաստում եմ նոր, անհատական ծրագիր, որում շատ վոկալային եւ խորեոգրաֆիկ համարներ կան, ինչպես նաեւ օրիգինալ ժանրի մի քանի համար, օրինակ, կրակով: Այս տարի YouTube-ի իմ էջում թողարկելու եմ «Արված է էրոտիկայով» տեսաբլոգը: Այն խորհուրդներ է կանանց համար տարբեր հարցերի վերաբերյալ՝ պար, սպորտ, խոհանոց, կարուձեւ… Ամռանը մենք պլանավորում ենք համաուկրաինական շրջագայություն քաղաքներով, որպեսզի երկրի տարբեր անկյուններում երկրպագուները վերջապես կարողանան վայելել Վարդայի կենդանի ելույթը: Ես փորձում եմ պլանավորել միայն աշխատանքս: Չէ՞ որ սերը բիզնես չէ, զգացմունքները պլանավորման եւ տրամաբանման ենթակա չեն:

- Դուք բավականին սկանդալային ֆոտոշարքեր ունեք եւ տեսահոլովակներ, էլ ինչո՞վ հանրությանը կզարմացնի Վարդան:

- Կարծում եմ՝ իմ տեսաբլոգը, որի մասին արդեն խոսել եմ մեծ արձագանք կգտնի: Պլանավորում եմ Կիեւում պարի դպրոց բացել կանանց համար, իսկ հետագայում` ողջ Ուկրաինայով մեկ:

- Եվ վերջում, ո՞րն է կրքոտ եւ կանացի լինելու Ձեր բաղադրատոմսը: Հայուհիներին ի՞նչ օգտակար խորհուրդներ կտաք:

- Գեղեցկության կարեւորագույն բաղադրատոմսը սիրահարված լինելն է: Նվաճումների մեծ մասն արվում է հանուն սիրո կամ ընդդեմ սիրո: Սիրելի՛ կանայք, կարեւոր չէ` փոխադա՞րձ է ձեր զգացմունքը, թե՞ ոչ, օգտագործե՛ք ձեր սիրո ուժը, որպեսզի դառնաք ավելի լավը, քան երեկ էիք: Հիշե՛ք, մենք արդեն յուրահատուկ ենք նրանով, որ կին ենք: Սիրով՝ ՎԱՐԴԱ:varda





Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում