livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

Եթե շատերը կարծում են, որ գեղեցիկ սեռի արվեստը միայն մայրանալն է, ապա 90-ականների հայտնի հեռուստահաղորդավարուհի ԵՎԱ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ համամիտ լինելով այդ մտքի հետ` ունի նաեւ իր տարբերակը: Նրա համոզմամբ` մայր դառնալը կնոջ առաքելություն է, իսկ հետագայում ճիշտ մայր լինելը` ամենաբարդ արվեստը: Չնայած հաղորդավարուհին անկեղծացավ, որ չի սիրում լիովին կենցաղի մեջ մտած կանանց, բայց շատ է գնահատում նրանց, ովքեր ողջ կյանքի ընթացքում կին են մնում:

«Զարուհի» ամսագրի այս խորագրի ներքո այս անգամ ձեզ ենք ներկայացնում Եվա Մեհրաբյանին` ընտանիքում, եւ ընտանեկան, ջերմ ու հյուրասեր մթնոլորտում մոտ չորս ժամ տեւած մեր զրույցը:

- Կնոջ համար ամենագլխավոր արվեստն այն է, որ ողջ կյանքի ընթացքում չի մոռանում, որ ինքը կին է: Այսինքն` ցանկացած պարագայում հնարավորության սահմաններում պետք է լինել խնամված: Ես չեմ ընդունում, երբ ասում են` թե հնարավորություն ունե՞նք, որ մեզ հետեւենք: Դա բացարձակ կարեւոր չէ, կինը անգամ շատ սուղ հնարավորություններով կարող է միշտ լինել խնամված եւ հմայիչ: Այ, դա կին լինելու եւ կին մնալու ամենագլխավոր արվեստն է: Դե, իհարկե, շատ բան կախված է կնոջ կողքի տղամարդուց, թե տվյալ կինը կմնա՞ կին, թե՞ կդառնա ինչ-որ մի մեքենա` ճաշ եփող, լվացք անող, երեխա ծնող...

- Իսկապես, մեր հայ կանանցից շատերը մտնում են կենցաղ եւ մնում կենցաղում:

- Ինձ անասելի անհետաքրքիր են նման կանայք: Իհարկե, դա էլ է շատ կարեւոր, կնոջ առօրյայի բաղկացուցիչ մասն է, առանց դրա հնարավոր չէ, բայց երբ կանայք սկսում են ապրել միայն դրանով, եւ իրենց խոսակցության թեման միայն ճաշը, մաքրությունը, պահածոներն են, ես պարզապես չեմ կարող նման կնոջ հետ շփվել: Եթե ես այսպես խոսում եմ, չի նշանակում, որ ինքս այդ ամենը չեմ անում, բնականաբար, ես էլ եմ պահածոներ փակում, մնացած բոլոր կենցաղային հարցերը հոգում: Բայց ես չեմ կարող միայն բավարարվել դրանով եւ օրվա խոսակցության թեման կամ մտածմունքը միայն դա դարձնել: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ կինը պետք է անպայման աշխատի, որովհետեւ չաշխատող կանայք հիմնականում դառնում են Ձեր ասած` կենցաղի մեջ խորացած ու իրենց մոռացած էակներ: Չնայած աշխատելն էլ պարտադիր չէ, կարող է կինը չաշխատել, բայց մնալ կին: Ես չեմ կարող այդպես, ինձ մոտ ամեն ինչ հավասարաչափ բաշխված պիտի լինի` ե՛ւ կենցաղը, ե՛ւ երեխաները, ե՛ւ ամուսինը, ե՛ւ մշակութային միջոցառումները, ե՛ւ իմ ունեցած սիրելի զբաղմունքները:

- Իսկ ինչպե՞ս եք հասցնում Ձեր թվարկած ամեն ինչը աշխատանքի հետ միասին:

- Ինչ-որ չափով քնիս հաշվին: Բայց չեմ դժգոհում, որովհետեւ երեւի սովորել եմ, առավելագույնը վեց ժամն ինձ բավարար է քնելու համար: Այսինքն` ես կարող եմ կենցաղային գործերս վերջացնել, իսկ գիշերային ժամերն արդեն նվիրել այն զբաղմունքներին, որոնք ինձ են հաճելի: Կարող եմ քնել գիշերվա ժամը 2-ին, 3-ին եւ առավոտյան արթնանալ ու առանց խնդրի գնալ աշխատանքի: Չնայած, իհարկե, տեսեք` ես այսպես խոսում եմ, բայց հիմա աղջիկս է մեծացել, ինձ շատ օգնում է, մայրս հարեւանությամբ է ապրում, ինձ օգնում է, բայցեւայնպես` առյուծի բաժինն էլի ինձ է հասնում:

- Ասում են` երեխաների մեծանալուն զուգընթաց հոգսերն էլ են շատանում:

- Այո, երբ փոքր էին, անդադար խնամք էին պահանջում: Պիտի անընդհատ հետեւներից ման գայի, ասում էի` Աստված իմ, ե՞րբ են մեծանալու: Այդ ժամանակ մեծերն ասում էին` շատ մի ցանկանա, որ մեծանան, որովհետեւ հիմա ամենահեշտ շրջանն է: Իսկապես այդպես է. այն ժամանակ ես ասում էի` ի՞նչ են խոսում, գիշերները չես քնում, ցերեկներն ամբողջ օրը իրենց հետեւներից վազվզում ես, ի՞նչ հեշտ շրջանի մասին է խոսքը: Բայց, իսկապես, մեծերը ճիշտ էին. ամենահեշտ շրջանն էր, հոգեպես հանգիստ էի: Իսկ հիմա օր օրի հոգսերը շատանում են, բայցեւայնպես` ինչն է շատ հետաքրքիր` ես իմ երիտասարդությունը իրենց հետ սկսել եմ վերապրել: Այս պահին հիմա ինձ դա շատ է դուր գալիս, ես դրանից մեծ բավականություն եմ ստանում: Իսկ մայրիկս իսկապես ինձ շատ է օգնել, որովհետեւ ես գրեթե միշտ աշխատել եմ: Աղջիկս դեռ 1 տարեկան էլ չկար, ես սկսել եմ աշխատել հեռուստատեսությունում: Դե, փառք Աստծո, հեռուստատեսության աշխատանքը ամենօրյա չէր: Այդ օրերին եթե մայրիկս, հայրիկս չլինեին, ես պարզապես չէի կարող աշխատել, որովհետեւ ես մի քիչ, չէ` մի քիչ չէ, լավ էլ խելագար մայր եմ: Ամեն վայրկյան պիտի իմանամ` որտեղ են, ինչ են անում, հաց կերան, ում հետ հանդիպեցին, պիտի իմանամ, նոր հանգիստ լինեմ: Երեխաներս երբեմն բողոքում են, բայց ոչինչ անել չեն կարող, որովհետեւ մայրիկին փոխել չեն կարող:

- Ինչո՞վ են զբաղվում երեխաները:

- Երկուսն էլ ուսանող են: Տղաս մագիստրատուրայի վերջին կուրսում է սովորում, ավարտել է տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը: Աղջիկս պատանի հասակից երազում էր հոգեբան դառնալ: Անկեղծ խոստովանեմ` ինչ-որ չափով ազդել եմ նրա որոշման վրա, որովհետեւ մտածում էի` Հայաստանում ավարտեց հոգեբանության ֆակուլտետը, ի՞նչ պիտի անի, ես մի քիչ ավելի պրակտիկ էի մտածում, հետո պիտի մտածեի՞նք աշխատանքի մասին: Առայժմ Հայաստանում հոգեբանների ինստիտուտը չի գործում: Հետաքրքրվեցի, իմացա, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կա այդպիսի բաժին, որ ե՛ւ լեզվի մասնագետ են դառնում, ե՛ւ հոգեբան: Համոզեցի, չնայած նա չէր ուզում լեզուներ ուսումնասիրել, ասում էրէ դա մասնագիտություն չէ, ես առանց այդ էլ անգլերեն գիտեմ. ես այդ հարցում հետեւողական եմ եղել, երկուսն էլ լավ տիրապետում էին լեզվին դեռ դպրոցից: Մի խոսքով, բացատրեցի, որ քո իմացած անգլերենը այն չէ, այդտեղ դառնում ես լեզվաբան եւ դրան գումարած` նաեւ հոգեբան: Փառք Աստծո, լսեց ինձ, հիմա այդ բաժնում է սովորում:

arvest1- Այսինքն` երեխաներից ոչ ոք չընտրեց Ձեր կամ Ձեր ամուսնու` ռեժիսորի մասնագիտությունը:

- Տղաս, որ պիտի ավարտեր դպրոցը, շատերն ասում էին` երեւի հոր ուղղությամբ կգնա, ես էլ մի օր ասացի` չէ, ի՞նչ հոր ուղղությամբ, 10 տարի դպրոցում գերազանց սովորել է, ինչո՞ւ պիտի գնա հոր ուղղությամբ: Ամուսինս վիրավորվեց, ասելով` ուրեմն ես լավ չէի՞ սովորել: Ես այն իմաստով էի ասում, որ ռեժիսուրան կամ օպերատորությունն էլ ժուռնալիստիկայի նման է. եթե կա այդ շնորհը, ուրեմն կարելի է զարգացնել, եթե չկա, ո՞ւր գնա սովորելու: Իսկ տղաս հոր հետ միշտ գնում է նկարահանումների, շատ սիրում է, կողքից լուսանկարներ է անում: Թող ինքը որոշի, մանավանդ, որ իր հայրը նույնպես տնտեսագիտականն է ավարտել:

- Իսկ Աննա՞ն:

- Նրան բացարձակապես չի ձգում այդ կողմը: Հայրը հաղորդում պատրաստեց Հ1-ով, 13-14 տարեկանում նա վարում էր «Հրաշալի յոթնյակ» հաղորդաշարը, որ ճանաչում էին` անտարբեր էր, բացարձակապես իրեն դա չէր ոգեւորում: Իրեն հասակակից շատ աղջիկներ կերազեին այդ վիճակում հայտնվել: Իսկ վերջերս ասում է` հետագայում գուցե աշխատեմ այդ բնագավառում, բայց միայն լուրեր կվարեմ: Դա էլ երեւի ինձանից է անցել: Իսկ դրա համար պետք է ահագին ժամանակ անցնի, քանի որ 20 տարեկանում ես հաստատ թույլ չեմ տա, որ լուրեր վարի, ինքս դրա դեմ եմ խոսում, մեկ էլ իմ աղջիկը հայտնվի լուրեր վարողի կարգավիճակում:

- Կանայք տան մեջ ունենում են իրենց համար սիրված անկյուն, եւ սովորաբար դա լինում է խոհանոցը, իսկ Դո՞ւք:

- Չէի ասի, որ այդ անկյունը խոհանոցն է: Չստացվի այնպես, որ ես խոհանոց չեմ մտնում: Ես ե՛ւ եփում եմ, ե՛ւ թխում եմ, ե՛ւ պատրաստում համեղ կերակրատեսակներ, բայց հաստատ չեմ երազել ամբողջ օրը խոհանոցում անցկացնելու մասին: Պարզապես ես այդ ամեն ինչը շատ արագ եմ անում, սովորել եմ արդեն, ժամանակի սղության պատճառով արագ է ստացվում ամեն ինչ, եւ դա ինձ չի նյարդայնացնում: Օրինակ, կան ընտանիքներ, որ ասում են` դե լավ, այս շոգին էլ ինչ ճաշ եփել. մեր տանն այդպես հնարավոր չէ, ճաշ պիտի անպայման լինի, էլ չեմ ասում` առավոտյան տաք նախաճաշի մասին: Մարդիկ կան` առավոտյան կարագ-մեղր, երշիկով բավարարվում են: Մեզ մոտ նախաճաշն էլ է տաք, օրինակ, ասենք, ձվածեղի տեսքով: Հազիվ երկու անգամ ենք հասցնում հաց ուտել միասին, չգիտես, թե երբ կվերադառնաս տուն, մանավանդ` ամուսինս, կարող է առավոտյան շուտ դուրս գալ եւ շատ ուշ տուն գալ, գոնե այդ մեկ անգամը աչքիս առաջ նորմալ նախաճաշի, նույնը նաեւ երեխաներին է վերաբերում:

- Հայտնի կանանց դուստրերը սովորաբար սիրում են զբաղվել մայրիկի իմիջով, իսկ հետաքրքիր է` Աննան այդ հարցում ինչպիսի՞ն է:

- Այո, նա այդ հարցում հետեւողական է:

- Իսկ վստահո՞ւմ եք նրան:

- Ոչ միայն վստահում եմ, այլ նաեւ հիմա արդեն ես եմ խորհուրդ հարցնում ե՛ւ դիմահարդարման հարցում, ե՛ւ հագուստի հարցում: Անպայման տնից դուրս գալուց առաջ հարցնում եմ` Աննա, տեսքս նորմա՞լ է, եթե ասաց` նորմալ է, ուրեմն ամեն ինչ լավ է, քանի որ նա մեր ամենախիստ քննադատն է: Ես նորաձեւությանը չեմ հետեւում, ոչ էլ առանձնապես սիրում եմ: Չեմ հետեւում ոչ այն իմաստով, որ չեմ հագնվում նորաձեւ, այլ նորաձեւության ամսագրեր, ինտերնետում նորաձեւության էջեր չեմ ընթերցում. ո՛չ դրա ժամանակը, ո՛չ էլ ցանկությունն ունեմ: Աննան է ավելի շատ դրանց հետեւում, դրա համար վստահում եմ, իր խորհուրդներն անպայման հաշվի եմ առնում, որովհետեւ հասկանում եմ, որ նա ճիշտ էր:

- Ընդհանրապես ի՞նչ հարցեր եք քննարկում Ձեր ամուսնու` Արսեն Ասլանյանի հետ` որպես ընտանիքի հոր եւ ամուսնու:

- Կարելի է ասել, բոլոր հարցերը: Չկա այդպիսի հարց կամ որոշում, որը ոչ թե հարցնեմ, այլ տեղյակ չպահեմ, եւ չորոշենք միասին կամ քննարկենք: Եվ ոչ միայն երկուսով, այլեւ մեր քննարկումներին երեխաներն էլ են մասնակցում: Արդեն մեծ են եւ շատ հարցերում ենք նրանց հետ հաշվի նստում: Հասարակ բան ասեմ. գնացել էինք հանգստանալու, Արսենը չէր եկել, քանի որ կարեւոր մի ֆիլմ է ավարտում Երեւանի մասին: Ոչ մի կերպ չկարողացավ հարմարվել, մենք երեքով էինք, եւ այդ բոլոր ֆինանսական հարցերը ամբողջությամբ տղայիս ուսերին էր: Այնքան լավ էր, հանգիստս ավելի լիարժեք եղավ:

- Իսկ ի՞նչ ֆիլմի մասին է խոսքը:

- Երեւանի մասին փաստագրական ֆիլմ նկարահանում, կոչվում է «Մեր Երեւանը»: Նա էլ է մեր քաղաքը սիրում, ես էլ, եւ մի օր նստած զրուցում էինք, ասաց` նոր Երեւանի մասին կան հին ֆիլմեր «Երեւան ստուդիայի» կողմից 70-ականներին նկարահանված, բայց նոր ֆիլմ նոր Երեւանի մասին չկա: Այդպես միտք հղացավ ժամանակակից Երեւանն անմահացնել: Իհարկե, ֆիլմում կա նաեւ հին Երեւանի պատմությունը: Շատ գեղեցիկ է ստացվել, ինչ-որ տեսել եմ` հուզիչ է: Չնայած որ մեր քաղաքում ենք ապրում եւ ամեն օր տեսնում ենք, բայցեւայնպես` շատ հուզիչ է: Այ, այդ ֆիլմը խանգարեց, որ միասին գնանք հանգստանալու: Դրա համար ներելի է, ուրիշ բան լիներ, չէի ների նրան (Ծիծաղում է- Լ. Ե.): Առաջին անգամն էր, որ առանց նրա գնում էինք հանգստանալու: Բայց քանի որ տղաս արդեն մեծ է, նա վստահեց, հանգիստ խղճով թողեց, որ ես ու աղջիկս տղայիս ուղեկցությամբ գնանք:

- Այսօր ինչո՞ւ Եվա Մեհրաբյանին չենք տեսնում հեռուստաեթերում:

- Աշխատում եմ  «Կենտրոն» հեռուստաընկերությունում` որպես լուրերի խմբագիր: Եվ պիտի ասեմ, որ ներկայիս աշխատանքը ինձ դուր է գալիս: Իսկ եթերում թող ավելի երիտասարդները փորձեն իրենց ուժերը: Չի կարելի անընդհատ կառչած մնալ հեռուստաէկրանին: Եղել են առաջարկներ տարբեր հաղորդումների համար, պարզապես չեմ ուզում, քանի որ իմ ժամանակն անցավ: Ես հիմա կարող եմ իմ հմտություններով մեկ այլ ոլորտում օգտակար լինել եւ այդպես էլ անում եմ, չնայած լուրերը պետք է քիչ թե շատ հասուն տարիքի մարդ վարի: Երբեմն տեսնում եմ` երիտասարդներ են լուրեր հաղորդում, դա էլ ճիշտ չէ, բացարձակ հավատ չի ներշնչում: Մի քիչ պիտի կյանքի փորձ ունեցող մարդը լուրեր հաղորդի:

- Երկար տարիներ աշխատելով հեռուստատեսություններում` այսօր ի՞նչն է Ձեզ անհանգստացնում մեր հեռուստատեսություններում:

- Շատ բաներ փոխված են: Վերջերս նկարիչ Գարուկյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ հայկական հեռուստատեսությունը վնասակար է առողջությանը: Իհարկե, մի քիչ կտրուկ է ասված, բայց ինչ-որ տեղ ճշմարտություն կա ասվածի մեջ: Հեռուստատեսությանը ես շատ ժամանակ չեմ տրամադրում ոչ միայն նրա համար, որ ժամանակ չունեմ, այլ ահավոր նյարդայնանում եմ: Դե, ես որպես մասնագետ` առաջին հերթին պիտի բողոքեմ լեզվից: Այն լեզուն, որ հրամցվում է մեզ հեռուստաէկրանից, սարսափելի է: Խոսքս չի վերաբերում ժամանցային հաղորդումներին կամ սերիալներին: Հասկանալի է, որ այնտեղ պիտի լինի նաեւ առօրյա խոսակցական լեզու: Խոսքս լրատվական թողարկումների մասին է, որտեղ շատ խիստ պիտի վերաբերվեն լեզվին, բացթողումներն անասելի են բոլոր ալիքներում: Եվ հետո, հիմա որ ասեմ, կասեն` շատ հին ես, բայց ուսուցողական, մշակութային նորմալ հաղորդումների պակաս կա: Չի կարելի միայն ժամանցի ու հումորի վրա հեռուստատեսություն ստեղծել ու պահել: Հետո ի՞նչ, որ դա են մարդիկ պահանջում: Այո, նայում են այդ հաղորդումները, բայց թող մատուցեն նաեւ որակյալ հաղորդումներ: Հասկանում եմ, գովազդատուներին հետաքրքրում է, որ շատ մարդիկ դիտեն, ավելի հաճույքով դրա համար են գումար տալիս: Լավ, մյուս հեռուստաալիքները այդ առումով հասկանալի է, բայց գոնե Հանրային հեռուստատեսությունը, որ մեր հարկերից գոյացած հեռուստաընկերություն է, չպիտի տուրք տա այդ ամենին եւ պետք է կարողանա ինչ-որ մի նշաձող պահել: Ինչքան հասկանում եմ, նույն սերիալներն են` մի քիչ վատ, մի քիչ լավ: Որքան էլ ասեն` խոսքի ազատություն եւ այլն, եւ այլն, դա էլ առանձնապես չեմ տեսնում լրատվական թողարկումներում: Այս ամենն է, որ չի բավարարում այսօրվա հեռուստատեսություններում:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում