livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

nkar5Նկարչուհի ՆԱՐԳԻԶ ՓԱՇԱՅԱՆԻ ստեղծագործական ուղին նոր չէ, վերջերս հանդես եկավ «Տոն, որ միշտ մեզ հետ է» անհատական ցուցահանդեսով: Նկարչուհու առաջին ցուցահանդեսը կայացել է դեռեւս 1980 թվականին` Բաքվում, որին հաջորդել ու հաջորդում են նորերը... Ն. Փաշայանի մի շարք աշխատանքներն էլ այսօր գտնվում են անհատական հավաքածուներում` Ֆրանսիայում, Բելգիայում, Ամերիկայում, Իրանում, Իտալիայում, Ռուսաստանում, Ղազախստանում, Հայաստանում եւ այլուր:

-Տիկին Նարգիզ, Ձեր աշխատանքներում բավականին շատ են այնպիսի կտավները, որոնք ներկայացնում են կնոջը: Արդյո՞ք կանայք պետք է «խոսեն» կանանց մասին:

- Այդ հարցը արվեստագետին չպետք է հուզի, նշանակություն չունի, թե ինչ կընդգրկես քո արվեստում, էական չէ կնոջ կնկարես, տղամարդու, թե բնություն, դա անհատականությունից է բխում, իսկ արվեստագետի համար ամենակարեւորը սեփական անհատականությունը ճանաչելն է, որովհետեւ տեսակդ է միտք ստեղծում, ու հենց նրա օգնությամբ կարողանում ես փոքրիկ լումադ ներդնել արվեստի աշխարհում:

- Ի՞նչ է պետք համարձակ վրձնահարվածներին տիրապետելու համար:nkar1

- Ծանոթ լինել արվեստի «հնարքներին» ու միջոցներին, դրանք օգտագործել ի նպաստ քո ասելիքի, ներդրումի, կտավի տրամադրության:

- Արվեստն ունի՞ ձեռագիր:

- Յուրաքանչյուր նկարչի նպատակը հենց այդ ձեռագիր ստեղծելն է: Ընդունել, ընկալել տարբեր արվեստագետների, նրանց աշխատանքները սեփական պրիզմայի միջով անցկացնել եւ այդպիսով սեփական ձեռագրով ներկայացնել սեփական միտքը:

- Նկարչությունն ունի՞ արդյոք սահմանափակումներ, «չի կարելիներ»:

- Ամեն տեղ էլ գոյություն ունեն կանոններ, որոնց պետք է տիրապետել: Ազատություն չի նշանակում բարձիթողություն. ազատությունն էլ իր կանոններն ունի...

nkar2- Ձեր մուսայի անունը:

- Նարգիզ (ծիծաղում է,- Է.Մ.): Նարգիզ, այսինքն` նարցիզմ` ինքնասիրահարված... Եթե յուրաքանչյուր մարդ իր մեջ ունենա այդ նարցիզմը, վատ չի լինի, իհարկե` չափի մասին չմոռանալով:

- Նկարչությունը ձեռքբերովի մասնագիտությու՞ն է, թե բնատուր տաղանդ:

- Մինչեւ 12 տարեկանը նկարչության նկատմամբ հակում ունենում են գրեթե բոլորը, հետո պատահականություններն են սկսում գործել, միջավայրը թելադրող է դառնում: Եթե այնպիսի հողի մեջ ես ընկնում, որ աճելու հիմք է տալիս, ուղիդ կանխորոշվում է:

- Տաղանդն այստեղ թելադրող չէ՞:

- Ես չգիտեմ, թե ինչ ասել է տաղանդ, ես գիտեմ միայն մի պարզ ճշմարտություն. եթե մարդու մեջ կա անսահման սեր որեւէ աշխարհին տիրապետելու նկատմամբ, նրա մոտ ամեն ինչ, ի վերջո, կստացվի: Այդ սերն է, որ կարելի է կոչել տաղանդ: Չկա այնպիսի, հատկապես հայ մարդ, որ տաղանդ չունենա:

- Հայի տաղանդավոր լինելուց խոսեցիք, արդյո՞ք այդքան տարբերակելի ենք արվեստում եւ չձուլված գլոբալիզացիա կոչվածին:

- Ինչպես ամեն ծաղիկ, այնպես էլ ամեն ազգ իր բույրն ունի, անհատականությունը, սովորույթները, որին հետեւում է դարեդար, եւ այն ազգերը հատկապես, որոնք երկարատեւ ուղիով են ստեղծել իրենց արվեստը, միանշանակ տարբերվում են, այդ թվում նաեւ հայը:

- Այսօր որքանո՞վ է եկամտաբեր նկարչությունը:

- Ցանկացած արվեստագետ էլ, իհարկե, ուզում է միայն իր արվեստի միջոցներով գոյատեւել, բայց, ցավոք... Արվեստագետի թիկունքին չկան այն կարեւոր անձնավորությունները, ովքեր կզբաղվեն կոմերցիոն հարցերով, դաշտ կստեղծեն, որ նկարներդ կարողանաս շուկային ներկայացնել: Այդ ամենով ինքը` նկարիչն է զբաղվում, ով, այնքան էլ ծանոթ չլինելով դաշտին, շիլաշփոթի մեջ է ընկնում: Եվ, ի վերջո, ինչպե՞ս ասես, թե ինչ արժե նկարդ...

Բայց վաճառքներ լինում են, արվեստը գնահատողներ կան...

- Նկարչությունը նախեւառաջ տղամարդո՞ւ, թե կնոջ մասնագիտություն է:

- Բոլոր մասնագիտություններն էլ պատկանում են տղամարդկանց, կանայք նրանց օգնականներն են, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհը ձեռքերի վրա պահել: Կանանց գլխավոր մասնագիտությունը մայր լինելն է...


- Նկարչուհու համար նկարիչ ամուսին ունենալը առավելությո՞ւն է, թե մասնագիտական կոնֆլիկտների ավելորդ պատճառ:

nkar3

- Իհարկե առավելություն. ես ու ամուսինս այդ հարցում կարծես մի ջրից լինենք, նույնկերպ ենք մտածում, աշխարհը նույնկերպ տեսնում...

- Տարածված կարծիք կա, որ տարիների ընթացքում ամուսինները նմանվում են իրար: Կարելի՞ է ասել կտավներն էլ նույն ձեռագիրն են սկսում ստանալ:

- Չէի ասի, մարդու էությունը հենց դրանով է հետաքրքիր` ոչ ոք ոչ մեկին նման չէ: Մեր պարագայում ընդհանրություններն ակամայից են շատ, այստեղ ավելի շուտ բախտի գործոնն է:

- Իսկ մրցակցությո՞ւն:

- Արվեստում առհասարակ այն բացակայում է. չգիտես` ինչի ես ձգտում...

- Ի՞նչ է պակասում այսօրվա հայ աղջնակին, հայ նկարչուհուն:

- Միջոցներ, որ կյանքը առավել լավ դրսեւորի: Ուրիշ ոչնչի պակասություն չունի հայուհին. նա շատ գեղեցիկ է, հաճելի, հրաշք` հատկապես հիմա. փողոցում քայլելիս ամեն վայրկյան մի գեղեցկուհու հնարավոր է հանդիպել:

- Կանանց, աղջիկների արտաքին կերպարից նախեւառաջ ի՞նչն է կտավի համար հիմք դառնում:

- Դիմանկարներ քիչ եմ նկարում, բայց վստահ կարող եմ ասել, որ հայ աղջիկների աչքերն են ամենախոսունը: Այնքան փայլուն են, կարծես արեւի գլխավոր մրցակիցը լինեն... Եվ, առահասարակ, ավելի մեծ խնդիր է մարդկային հոգեբանության արտահայտումը, տրամադրություն ստեղծելու հնարավորություն ունենալը, քան թե կոնկրետ մեկի դիմանկար ստանալը:

nkar4

- Կտավը տրամադրություն ստանում է նկարչի ներքինի՞ց, թե պրոֆեսիոնալիզմից:

- Երկուսը միասին: Ամեն նկարիչ իր էությունն է նկարում: Իմ մտքերը, աշխարհընկալումը, ցանկությունները, այս ամենը մեկտեղվում են, եւ այն, ինչ ինքդ պետք է ներկայացնես, ասում է կտավը: Առհասարակ, ոչ մի ինֆորմացիա անհետ չի կորչում, այն բազմաթիվ տեղեկություններն ու գիտելիքները, որ մարդն ստանում է, հորդման ինչ-որ աղբյուր գտնում են: Հետո էլ զարմանք է առաջանում, թե հարթ կտավը ինչպես է տարածություն, ժամանակ, ներդաշնակություն պարունակում, եւ այդ ամենն էլ փոխանցում իր դիտողին` հրճվում, տխրեցնում, կամ երազել ստիպում նրան: Արվեստի ուժը գործուն է...

- Պատվերների պարագայում արվեստի այդ ուժը տուժո՞ւմ է:

- Բոլոր ժամանակներում էլ արվեստագետները պատվերով ստեղծագործել են: Անգամ եթե պատվիրողի ցանկությունն ես արտահայտում, միեւնույն է` դա անում ես քո տեսանկյունից ելնելով. ոչինչ չի խանգարում նկարչին, քանզի դու ես քո արվեստի տերն ու տիրակալը, դիմացինը տեղյակ չէ, թե ինչ հնարքներ ես օգտագործում կտավ ստեղծելու համար: Դա է հենց նկարչի հարստությունը:

- Խոսք-խորհուրդ...

- Ուզում եմ, որ մարդիկ տեղյակ լինեն, ուսումնասիրեն գեղարվեստը, որովհետեւ այն մարդուն շրջապատում է ամենուր` հագուկապից մինչեւ ամենահասարակ ինտերիերը: Գեղարվեստն է, որ օգնում է մարդուն անձնային առումով հարուստ ու ներկայանալի լինել:

Հարցազրույցը`

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում