livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

nare4Այնքան սահուն լցվեց այս դատարկ էջը. «Զարուհու» հետ զրուցում է ՆԱՐԵ ՀԱՅԿԱԶՅԱՆԸ...

Նկարչության մեջ է ՆԱ այսօր «տեղավորվել», քաղաքն է վայելում իր բնականության մեջ, երաժշտություն լսում, նոր սիրո սպասում. սիրուց վերածնվում ենք, հառնում, բովանդակություն ստանում... Նկարչուհի-դերասանուհին ապրում է ազատ` չմոռանալով, որ ազատությունն էլ իր փակագծերն ունի...

- Գեղեցի՞կ է արվեստի դեմքը...

- Արվեստն ինձ համար գեղեցկության հետ առնչություն չունի. այն իր մեջ ազդեցիկություն է կրում... Եթե զգացմունքային դաշտդ լցված է, պարուրված վերցնելու-տալու սկզբունքի մեջ, դու ակամայից վերարտադրող ես դառնում, իսկ գեղեցիկը հենց այդ փոխանցելու պահն է, արարումը, հաստատման ուղին, զգայարանները... Արվեստի շուրջ, եթե երկար մտածես, փորձես նրա լեզուն, բանալին գտնել, կմոլորվես... Փնտրտուքներից ծնված արվեստը ինտելեկտուալ կկոչվի, որը ես ինձ համար հարիր չեմ համարում. ես ավելի պատերազմող եմ, պրպտող, սուր անկյուններ փնտրող...

- Արվեստում տրամաբանություն չկա՞:

- Անխո՛ս կա, բայց այն թռիչքներից հետո է ծնվում... Մարդն արարչության մասնիկ է, հետեւաբար ինքն էլ արարելով` ակամայից տրամաբանում է:nare

- Կին-տղամարդ արվեստային ձեռագրերի տարբերությունը:

- Արվեստը սեռ չունի, այն անդեմ է... Ստեղծագործողներն էլ այս շղարշի տակ ինչ-որ տեղ անդեմության հետնորդներն են դառնում, ուստի չես կարող կին-տղամարդ զույգին այս դաշտում զատել: Գեղեցիկ ապրելու կանոնները պաշտպանելով` պետք է արարել անիմանալին... Չնայած, եթե պատմական հայացք գցենք, հատկապես նկարչության մեջ կտեսնենք, որ ավելի շատ տղամարդու ձեռագիրն է ոգեկոչող:

- Վերծանենք «կին» կոչվող առեղծվածին:

- Ուրախություն պետք է սփռի կինը, երբ քայլում է... Կնոջ հետ յուրաքանչյուր հաղորդակցում պիտի հավաստիացնի, որ նա գաղտնիքներով է պարուրված, բայց միեւնույն ժամանակ նա լավագույնը պիտի կարողանա տալ իր աչքերով, շուրթերով... Աղմուկների մեջ պետք է գտնել լռությունը. կնոջ ձայնը պետք է այնքան հղկված լինի, խոսակցական երանգն այնքան լեցուն, որ իրենից հետո եթերային անջնջելի հետք թողնի: Ես կնոջն ավելի շատ զուսպ եմ տեսնում, բայց կրակոտ ու կյանքով լինի: Այսօր հարաբերությունները, ցավոք, շատ թափթփված են, ինչը նաեւ սոցիալական վիճակից ծնվող խնդիր է: Այսօրվա կինը բռնադատված է. վերցրել է այն լծակը, որ տղամարդունն է, մի կանոնադրության մեջ է մտել, որը նրան հաճո չէ... Աղավաղված է կնոջ տեսլականը:

- Գենդերային գոռգոռոցներ, ֆեմինիստական կոչեր...

- Առաջնային տեղում ինձ համար տղամարդն է... Տղամարդու խոհեմության ներքո կնոջ վարվեցողություն` ահա ճշգրիտ բանաձեւը: Կնոջ իրավունքներն իսկապես պետք  է պաշտպանված լինեն` չդառնալով ֆետիշիզմի դրոշ, ինչի տենդենցը վերջերս, ցավոք, մեծացել է: Ֆեմինիզմն ինձ համար ջախջախում է, իհարկե մարդու ազատությունը, անկախության զգացումը կարեւոր պարագա են,  մեկ բովանդակալից կյանք ենք ապրում, ինչո՞ւ գերության մեջ, բայց «բայցեր» կան... Պետք է իմանաս` ո՞ւմ ես ընտրում, ո՞վ է կողակիցդ, ի՞նչ կյանք ես վարում...

nare1-  «Ընտանիք»-ը կտավի վրա «տեղավորենք», ի՞նչ պատկերներով, տեսարանով կհագենա նկարը:

- Դեռեւս նույն երազկոտն եմ ընտանիքի, ընտանեկան հարաբերությունների... Ինձ համար ընտանիքը նոր տարվա շունչ է` սպասված, ջերմ, խաղաղ, որի պապակը տարիներ շարունակ ունեցել եմ իմ մեջ ու մինչ օրս դրա ջատագովն եմ, նրա ստեղծմանը սպասողը... Սիրո մթնոլորտ. կերակուրներով լի սեղանի շուրջ նստած հայր, ով խոսում է, իսկ երեխաները լուռ լսում են, հետո` ծիծաղ, պոռթկացող քրքիջ... ծաղիկներ կան տանը նաեւ, ուրախություն` ահա իմ կտավը...

- Բեմական դերի շղարշի ներքո անձնային խնդիրները կոծկվո՞ւմ են:

- Անխո ՛ս, կոծկվում են, բայց ինքս, քանզի ինպրովիզացիոն համակարգի ջատագով եմ, հաճախ կարող եմ խոցելի դառնալ. չգիտեմ` հաջորդ պահին ներսիս կուտակումներն ինչ արտաբերում կստանան, այստեղ կարող է իմ չապրվածի գոռոցը լինել, որը զարմանալիորեն ինձ էլ կզարմացնի... Բեմն ինձ համար գաղտնօրրան է... Բեմն ինձ դեռեւս չի գրկել...

-  Չի՞ գրկել արդյոք...

- Փոքրիկ բաներ արել եմ, բայց ոչ հաստատուն ներկայանալի բեմում... «Գուցե»-ները շատ են, իսկ ասելիքներ կան, վստա ՛հ...

- Հայաստանո՞ւմ է այդ բեմը, թե «դրսում»:

- Ծագումը Հայաստանն է. ես այստեղ եմ կարողանում պոռթկումներս ցուցաբերել, այնտեղ նկարչությունս ազատագրում ստացավ, վերջին կտավս` «Հայելիներ»...

- Ի՞նչ եք տեսնում հայելու մեջ:

- Ինչ վերնագիր էլ դնենք հայելուն, այն իր մեջ ամփոփում է: Հայելու մեջ պաշտպանություն եմ տեսնում. ավելի լավ է իրենից ազատ ապրենք: Ես «հայելասեր» կին չեմ...

- Իսկ հոգու քննության հայելի՞ն...

- Դրանք էլ բեկորիկներ են փոքրիկ, որոնց կա՛մ փորձում ես ճեմել խաբելով, կա՛մ փորձում ես... «Փորձում ես» ` այս բառը կա ամեն դեպքում...

- Կին-տղամարդ համագործակցության ամենավտանգավոր «արարումը»:nare5

- Որտեղ սեր չկա, աղճատում է տեղի ունենում ու վտանգները սկսվում են, սիրո կառույցում ամեն ինչ հանդուրժելի է, մեկտեղելի: Կրքերի հախուռն բորբոքումը, երբ սկսվում է` «ես եմ ավելին», «դու քիչ ես անում», մրցակցության ոգի է արթնանում, ու ծնվում է դաժան մի դաշտ, որն ինձ համար հարաբերությունների անտանելի տեսակն է: Ճիշտ է, դժվար է, բայց հրաշալի է, երբ կինը տղամարդու հայացքի ներքո իր դիրքերի մեջ է ...

- Արվեստի ոլորտի կնոջ ճակատը հավելյալ պսակներ զարդարո՞ւմ են:

- Առավելություն արվեստի ոլորտի կնոջ համա՞ր` չեմ կարծում... Հանրությանը ասելիքդ ես ներկայացնում, ուստի ավելի բռնադատված ես ու զուգահեռ նաեւ վախ` հանրության առջեւ «մերկացած» չլինելու...

nare3- Արցունքները թատերական եւ «կյանքի բեմում»...

- Արցունքները կնոջ հիմնական հմայքն են` տանը, դրսում, բեմում... Կինը, եթե իր արցունքներով հուզական դաշտը չի շահագործում, դիմացինի համար ճշմարիտ փոփոխություններ կարող է բերել: Լացկաններին չեմ սիրում, բայց արցունքաշաղախ կանայք հետաքիքիր են...

- Գրավիչ ու գունավոր կյանք կառուցելու բանաձեւը:

- Չափսոսալ ունեցածդ տալ. ոչինչ մերը չէ, այն, ինչ մենք ստեղծում ենք, տալու համար է նախատեսված, որոշները հիմնավորվել են` «իմ տունը», «իմ ընտանիքը», «իմ  երեխան»... ու փակել են «տալու» ուղիները... Որեւէ բան այս աշխարհում մեզ չի պատկանում, միակ բանը, որ մեզ հետ տանում ենք` սերն է...

Հարցազրույցը` ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում