livemarks sitemap
Շաբաթ, Հուլիսի 11, 2020

raisa4Էստրադային բաժնում միակ ՀՀ ժողովրդական արտիստուհի, բազմաթիվ մեդալների ու մրցանակների դափնեկիր, մեծատաղանդ երգչուհի Ռաիսա Մկրտչյանն իր կարեւորագույն մրցանակը համարում է ամուր ընտանիք ունենալը, որը նրան հաջողվել է պահել ու պահպանել` իսկական հայ ընտանիքի փայլուն օրինակ դառնալով բոլորիս համար: Շատերս ենք երգչուհու ստեղծագործական ուղուն հետեւել, իր երգերի ներքո դաստիարակվել ու խոնարհվել նրա տաղանդի առաջ, բայց քչերս գիտենք նույնքան սիրված ու նվիրված ընտանիքի մայր, հավատարիմ կին ու սիրառատ տատիկ Ռաիսա Մկրտչյանին, ում հետ զրուցեցինք ամուսնուց ու զավակներից` բացահայտելով երջանիկ ընտանիք ունենալու բաղադրատոմսը:

- Համոզված եմ, որ երիտասարդ տարիքում երկրպագուների մեծ բանակ եք ունեցել, ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք հենց ձեր ամուսնուն:

- Ինքս շատ զգայուն եմ ու նվիրվող եւ դավաճանություն չեմ ընդունում, իսկ նրա մեջ ինձ համար շատ ամուր բան տեսա: Դե գիտեք, արվեստի բնագավառում միշտ ինտրիգներ եղել են, թեպետ ամեն բնագավառում էլ կան, ուղղակի, մեզ մոտ դա ավելի երեւացող է, որովհետեւ դու դառնում ես մարդկանց սեփականությունը, եւ քո ամեն մի փոքրիկ, անգամ չեղած բանը կարող են ուռճացնել եւ դարձնել համընդհանուր խոսակցության առարկա: Եվ ես, երբ գալիս էի տուն ու պատմում էի ամուսնուս, նա ասում էր. «Ռա՛յ, դու ունես ընտանիք, եւ ես միշտ քո կողքին եմ»: Դա այնքան կարեւոր էր ինձ համար ու ինձ առավել ուժեղ էր դարձնում, չեմ ուզում մանրանալ դժվարությունների մեջ, որ երգարվեստում էր ծառանում, բայց այդ շրջանում այնքան խանգարող հանգամանքներ կային…

- Բնականաբար, Ձեզ պետք է նախանձեին:

raisa- Անպայման, որովհետեւ ես շատ մարդկանց խանգարում էի: Թեպետ ինտրիգների նկատմամբ անտարբեր էի, ինձ համար առաջին տեղում ընտանիքն էր, իմ երգն ու ուսումնարանի աշխատանքս: Մարդ միշտ պետք է ասի, որ լավ չեմ, որովհետեւ, երբ ասում ես` լավ եմ, բոլոր դեպքերում, դա նյարդայնացնում է մարդկանց: Ամեն դեպքում, ինձ հաջողվել է իմ մոտեցմամբ ու բարությամբ մարդկանց նկատմամբ մշտապես լինել կամեցող եւ ընտանիքս պահպանել: Եվ դա մեծ-մեծ առավելություն եմ համարում, որովհետեւ ունեմ երկու հրաշալի զավակներ ու երեք 3 թոռնիկ:

- Իսկ Ձեր ամուսինը հե՞շտ համակերպվեց Ձեր բեմական-ստեղծագործական կյանքի հետ:

- Ամուսինս սկզբում չէր թողնում երգեի, հետո մի մեծ «պատվիրակություն» եկավ մեր տուն: Ասացին, թե գիտեք` Ռաիսա Մկրտչյանն ինչքան հաջողություններ ունի եւ որքան սիրված է: Եվ մյուս կողմից էլ լինելով գիտության ասպարզից` ամուսնուս ընկերներն էին ասում, թե ինչպե՞ս կարելի է Ռաիսային, ով այսքան սիրված է, չթողնել երգի: Բայց միեւնույն է, հիշում եմ, երբ հեռուստատեսությամբ ելույթ էի ունենում, նա  թողնում, դուրս էր գալիս սենյակից:

- Փաստորեն, ամուսնու խանդը մշտապես ուղեկցել է Ձեզ:

- Այո, թեպետ նա շատ զուսպ է: Ընդհանրապես ամուսինս ինձ շատ է օգնել` իր ներկայությամբ, խորհուրդներով, պահվածքով: Նա յուրահատուկ անձնավորություն է, որի նմանն իսկապես չկա: Երեւի նախորդ կյանքում ինչ-որ մի լավ բան եմ արել, որովհետեւ ե՛ւ իմ ամուսնությունը, ե՛ւ երգարվեստի մեջ մտնելը, դա ես չեմ արել, այլ դեպքերն այնպես են դասավորվել, որ ինքնաբերաբար ստացվել է:

raisa2- Հետաքրքիր է, հյուրախաղերով ու ստեղծագործական բուռն կյանքով գերզբաղված լինելով`  ե՞րբ եք հասցրել մայրական սեր ու քնքշանք տալ Ձեր երեխաներին:

- Գիտե՞ք, մինչեւ վերջերս ծնողներիս ներկայությամբ անհարմար էի զգում արտահայտել իմ սերը երեխաներիս նկատմամբ: Հիշում եմ, երբ Արմինոչկաս նոր էր ծնվել, ընդամենը մի քանի ամսական էր, համերգային ծրագրով մեկնեցինք Ֆրանսիա եւ դա տեւեց մոտ մեկ ու կես ամիս: Երբ վերադարձա, կարոտից սկսեցի լաց լինել, բայց թաքուն, որովհետեւ անհարմար զգացի մոտենալ երեխայիս ու սիրել: Շատ հետաքրքիր է, հիմա երիտասարդները լրիվ ուրիշ են, նայում եմ իմ շրջապատում, հարազատներիս շրջանակում, թե որքան ազատ են, համարձակ, անգամ ինչ-որ տեղ զարմանում ես, թե ինչքան ազատ են իրենց ինքնաարտահայտման մեջ, սիրո մեջ ու ամեն ինչում: Պետք է ասեմ, որ եթե իմ ծնողները չլինեին, ընտանիքս չէր պահպանվի ու չէր լինի այդպես հաստատուն ու մնայուն, որովհետեւ ամբողջությամբ տան եւ երեխաների հոգսերն իրենց վրա էին վերցրել, քանի որ ես էլ, ամուսինս էլ գերզբաղված էինք: Ամուսինս Մերգելյան ինստիտուտում տնօրեն էր` սկզբում բաժանմունքի վարիչ, հետո փոխտնօրեն, ապա տնօրեն, այսինքն` նա էլ իր կարիերայով էր զբաղված եւ անչափ շատ էր մեկնում գործուղումների ե՛ւ արտասահման, ե՛ւ Սովետական Միության երկրներ: Բնականաբար, եթե ծնողներիս օգնությունը չլիներ, ես էլ այդ ազատությունը չէի ունենա` արտասահման մեկնելու, ձայնագրություններ անելու, որոնք երբեմն նույնիսկ ուշ գիշերային ժամերին էին ավարտվում:

raisa1- Ձեր դուստրը` Արմինե Սարգսյանը, բավական ճանաչված է Մոսկվայում` իր ջազային փայլուն կատարումներով: Մինչդեռ  մամուլում հրապարակումներ կան, որ Դուք դեմ եք եղել, որ նա երգի:

- Կարող եմ հպարտությամբ ասել` Արմինոչկաս, որն արդեն 20 տարի է` Մոսկվայում է, հրաշալի է երգում ու հեռուստատեսությամբ էլ բազմիցս ելույթ է ունեցել: Բայց ես չերգեցի ջազ, որովհետեւ իմն ավելի մնայուն է: Ես երգել եմ իմ ազգի, իմ կոմպոզիտորների, իմ ազգային երգերը: Իսկ ջազը մեր կուլտուրան չէ, օտար է, որը նույնպես հրաշալի է:

- Ի տարբերություն Արմինեի, Ձեր որդին, կարծես թե, այլ ուղի ընտրեց:

- Արմենը ավարտեց մենեջերական, բայց այդ գծով չգնաց, նա բիզնեսով է զբաղվում: Իսկ բիզնեսը բոլորս գիտենք, որ ունենում է ե՛ւ հաջողություններ, ե՛ւ անհաջողություններ: Դժվար է, որովհետեւ, երբ բիզնեսի մեջ ես, միշտ չէ, որ կարողանում ես դիմանալ ինչ-որ երեւույթների, որովհետեւ խոշոր բիզնեսները ոչնչացնում են փոքր ընկերություններին ու կա զմակերպություններին:

- Իսկ Ռաիսա Հրանտովնան խստապահա՞նջ սկեսուր է:

raisa5- Բացարձակապես, դա իրեն պետք է հարցնել` մեր Ալինային, որովհետեւ երբեք որեւէ բան չի պարտադրվում իմ կողմից: Թեպետ հիմա որդիս ու հարսս առանձին են ապրում, բայց մինչ այդ միասին ենք եղել եւ ինչպես որ ես եղել եմ մինչեւ հարսիս մուտքը մեր տուն, նույն կերպ շարունակել եմ ընտանեկան հոգսերի ծանրությունը միշտ իմ վրա վերցրել: Ընդհանրապես ճաշերը, ամբողջ ձմեռվա պաշարը սիրում եմ ինքս պատրաստել:

- Այսինքն` Ռաիսա Մկրտչյանը ոչ միայն բեմում է փայլում, այլեւ խոհանոցում:

- Այս տարի, ուղղակի, առողջական խնդիրներ ունեցա ու մի քանի տարաներ դեռ լցված չեն, եւ դա ինձ անհանգստացնում է: Ասում եմ` քանի չի վերջացել, պետք է դեռ էլի պահածոներ պատրաստեմ (ծիծաղում են Ռ. Մկրտչյանն ու հեղինակը- Հ. Ս.):

- Որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

- Առողջություն, խաղաղություն եւ երեխաներին հաջողություն, որ կարողանան հաստատուն իրենց տեղը գտնել կյանքում:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում