livemarks sitemap
Ուրբաթ, Մարտի 31, 2017

greta1Հայուհի, ում անցած ուղին անգամ առանց բառերի խոսուն է եւ ուսանելի, արվեստագետ, ում բեմում հայտնվելը մշակութային շունչ է տարածում, քաղաքացի` այդքան մտահոգ ազգի օրերով... «ԶԱՐՈՒՀՈՒ» զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստուհի ԳՐԵՏԱ ՄԵՋԼՈՒՄՅԱՆՆ Է...

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` բեմական խոսք, Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, զուգահեռ նաեւ` ասմունքի երեկոներում մասնակցություն: -

- Ո՞ր ուղղվածությունն է Ձեզ համար առավել հաճելի` դերասանուհի, դասախոս, ասմունքողուհի:

- Առաջին հայացքից իրար լրացնող այս 3 մասնագիտություններն իրականում տարբեր բնագավառներ են, որոնք հավասարաչափ հարազատ ու սիրելի են ինձ համար: Թատրոնն այն ոլորտն է, որտեղ դերասանն ազատ է, նա բեմի թագավորության լիիրավ տիրակալն է... Թատրոնն ամբիոն է, որտեղից պետք է լսվի եւ պատկերվի իրականությունը, առանց բեմի իմ օրերը կիսատ-պռատ կլինեն...

Մանկավարժությունն էլ ինձ համար կյանքի անհրաժեշտ մաս է դարձել: Բուհերում կան երիտասարդներ, ովքեր, բնավ կապ չունենալով թատերական աշխարհի հետ, հայտնվել են ուսանողի աթոռին, բայց ոչինչ` սրանք գոնե կիրթ հանդիսատես կդառնան: Բայց քիչ չեն նաեւ այնպիսիք, ումից ես եմ սովորում, ուսանողներ, որոնք ունեն ճկուն վերլուծական միտք, բավականին կրթված ու բանիմաց են. հաճելի է, իսկապես, նրանց հետ աշխատել: Ասմունքն էլ իմ օրվա պարապը լրացնող հոգեւոր ազդակներից մեկն է... Կարեւոր եմ համարում մեր հայոց հանճարների պոեզիան հրամցնել, որ դույզն ինչ հարգեն ու սիրեն մայրենի լեզվի հմայքն ու խորությունը... Ցավալի է, որ այսօր հայերենը «հիվանդ» վիճակում է հատկապես նորաթուխ ջահելների շուրթերին... Սա արդեն ուրիշ ահազանգ է...

- Դերի շղարշի տակ կարողանո՞ւմ եք ինչ-ինչ խնդիրներ վեր հանել:

- Ճիշտ է` ներկայացումը խաղ է, բայց կերպարդ քեզ ուրիշ աշխարհ գնալու հնարավորություն է տալիս, որտեղ հեռու ես մեր գաղջ իրականությունից, առօրյա մթնոլորտից: Բեմում նույնիսկ ողբերգություն, դրամա խաղալն է հաճելի... Երբեմն մտածում եմ` ինչ մեղք են այն մարդիկ, ովքեր թատրոնում չեն, ովքեր դերասաններ չեն. ինչպե՞ս են  իրենց «խաբում», գեղեցիկ պատկերներով ու պատրանքներով ապրում: Անցյալ դարի նշանավոր ռեժիսորներից մեկն ասել է. «Մենք` թատրոնի մարդիկ, պատրանքի ճարտարապետներ ենք...»: Պատրանք, որ ապրեցնում է դերասանին, կտրում գորշ միջավայրից, ճահճացումից... Այն, ինչ կատարվում է քո ներսում, կամա կամ ակամա բեմի վրա լիցքաթափվում ես եւ փոքր-ինչ հանդարտվում... Իսկ դա, իհարկե, կատարվում է ձեր ասած շղարշի ներքո...

greta2- Գեղեցիկ սեռ` կին...

- Ըստ իս գեղեցիկը այն մարդն է, որ պետք է ինքն իրեն գեղեցկացնի` թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ: Արտաքին պաճուճանքներն ու զարդերը անձամբ ինձ բացարձակ ո՛չ հրապուրում են, ո՛չ գրավում. գեղեցիկ ասվածը արտաքին «զիզի-բիզիով» տարվելն ու իրեն ցուցադրելը չէ: Մարդը գեղեցիկ պետք է լինի իր ներքին «տնտեսությամբ», իր աշխատանքով, իր խոսքի ու գործի միասնությամբ, բովանդակության եւ ձեւի ներդաշնակ կապով... Հայ կնոջը գեղեցիկ սեռի կարգավիճակ տվողը այսօրվա նրա համբերությունն է, ներքին այն մեծ ուժը, կամքը` երեխաներին եւ իր ընտանիքը այս դաժան ու դժվար կյանքում պահելու, նեցուկ լինելը, նրա բարոյական հատկանիշները, նվիրումը եւ նույնիսկ... անձնազոհումը: Աշխարհի կանանց համայնապատկերի վրա հայ կինը, ես կարծում եմ, ոչ ոքի չի զիջում ե՛ւ իր արտաքին հմայքով, ե՛ւ իր ներքին բարեմասնություններով, ե՛ւ նախնիներից եկող իմաստնությամբ:

- Առավելություն ունի՞ արդյոք դերասանուհի կինը մնացյալ ոլորտների կանանցից:

- Չեմ կարծում. Նա նույնպես իր ընտանիքում ունի իր հիմնական հոգսն ու անելիքը: Դժվար բեռ է այսօր հայ կնոջ համար կին լինելը: Ե՛վ աշխատանքում, ե՛ւ տանը` ամբողջ ընտանիքի հոգսը բեռնված է նրա վրա, պահպանման հարցն ընկած է կնոջ ուսերին, սոցիալական խնդիրները եւս, որովհետեւ տղամարդկային հիմնական ուժը չի աշխատում կամ էլ իր բազուկը վաճառում է երկրից եւ ընտանիքից դուրս: Այսօր կին լինելը բավականին բարդ մասնագիտություն է, ու հենց այդ էլ կարողանում է հաստատուն պահել մեր իրականության մեջ գոյություն ունեցող փխրուն ընտանիքները:

- Գենդերային հավասարություն, ե՞ւ...

- Մեր գեները դա ընդունել չեն կարող: Հայ կինն ու իսկական հայ տղամարդը երբեք իրենց թույլ չեն տա նման հարցերի շուրջ խորհել: «Գենդեր» կոչվածն այն անմիտ շերտին կարող է գրավել, ով տառապում է օտարամոլությամբ, ով դրսից եկող ամեն ինչ ընդունում է խոնարհվելով, շինծու ժպիտներով, ծեքծեքումներով, ընդունում է, քանզի դա եվրոպական է` չհասկանալով, որ հայի գենը բիբլիական խորքերից եկող ամրություն ունի: «Գենդերները» մոծակի ծակոցների նման բաներ են, որ «... ձմռան նման կուգան ու կերթան»: Ընտանիքը մեր մնայուն արժեքներից  մեկն է, ուզեն էլ` չի քանդվի: Դաշտի մեջ ամեն ծաղիկ գեղեցիկ է, որովհետեւ ինքն իրեն է նման. ամենքն իր տեսակն ունի, գույնն ու բույրը: Այնպես որ հայ լինելն ու հայ մնալը ազգային արժանապատվության հարց է նաեւ, պետք է հարգել ինքդ քեզ, գնահատել այն, ինչ քեզ է տրված, նոր  միայն հայացքդ ուղղել արեւմուտք ու արեւելք:

greta- Մուսայի, ստեղծագործելու համար հող մնացե՞լ է:

- Իհարկե՛... Արվեստի նպատակը դեպի լույսի հաղթանակը գնալն է, այլապես ապրելը կդառնա անիմաստ, ու կսկսեն խավարային խարխափումները: Բարին, ճշմարիտը, գեղեցիկը, լույսը` սա՛ է մեզ անհրաժեշտ, սա՛ է մեր ճանապարհը...

- Խոսք-խորհուրդ հայուհուն, արվեստի ճանապարհով քայլող սկսնակին:

- Խե՛ղճ հայուհի: Հայուհուն` համբերատարություն, առողջություն, ուժ ու կորով, որ կարողանա իր ընտանիքի համար կայուն սյուն լինել, երեխաներին աղտոտված դաշտի մեջ «չկորցնել» ու պայքարել բոլոր դժվարությունների դեմ, այնպիսի սերունդ դաստիարակել, որ հանցագործ գայթակղության զոհեր չդառնան: Մեր հայուհիներին մի քանի աչք, մի քանի սիրտ, մի քանի ուղեղ է պետք... Այսօր հայ կին, հայ մայր լինելը հերոսություն է... Ինչպես Հրանտ Մաթեւոսյանն է ասել. «Ես հայ մորը հերոսի կոչում կտայի...»: Ուզում եմ, որ զերծ լինեն անվերջանալի հիվանդություններից, դեղատներից, որոնց գները հասնում են երկրաչափական աճող պրոգրեսիաների, վերանան պարտքեր, վարկեր,  ու հարկեր, ուզում եմ, որ հայոց ազգը լավ ապրի, ամեն առավոտ արեւին նայի արեւի նման պայծառ աչքերով... Կուզենայի, որ հայ երիտասարդը լինի ազգային, հայեցի արժեքների կրողն ու ընկալողը... Ամեն ծառի տերեւ իր արմատին պիտի նայի, հետո` կանաչի. եթե տերեւդ «ուրիշի» արմատի վրա է իր պատվաստը գցում, դա արհեստածին է, խոտանի նման մի բան, որը վաղ թե ուշ օտար ոտքերի ճապաղվելու կամ տակ տրորվելու ճակատագրին է արժանանալու:

Հարցազրույցը` ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում