livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

galya1Երեկ հայ թատրոնի եւ կինոյի նշանավոր վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ ծննդյան օրն էր: ՙԿեղնի մե օրըմ, օր տեսնիմ, թե էս աշխարհն ինչի է ըսպես ծուռ...՚

նրա թեւավոր դարձած այս եւ այլ արտահայտություններ եղել են եւ կմնան սիրելի` հայ կանանց համար, ինչպես նաեւ հիսունից ավելի դերեր թատրոնում, երեք տասնյակի հասնող դերեր ֆիլմերում, որոնք կմնան հայ ժողովրդի հուշերում ու կամրագրվեն հայ թատերարվեստի պատմության մեջ... Սիրելի վարպետին յուրաքանչյուրը մտաբերում է իր կերտած կերպարներով, ոմանք էլ` հիշում վերջին հանդիպումն ու հեռախոսազրույցը: Իսկ ՙԻրավունքի՚ հուշերում Գալյա Նովենցն այսպիսին է.

ՙԲԱՅՑ, ԱԽՐ, ՀԻՄԱ ՈՎ Է ԻՆՁ ՀԻՇՈՒՄ ՈՒ ՃԱՆԱՉՈՒՄ, ՈՐ ԲԵՄ ԲԱՐՁՐԱՆԱՄ՚

Չորս տարի առաջ ՙԱրմմոնո՚ մոնոներկայացումների փառատոնի շրջանակներում Կապանում եւ Գորիսում տեղի ունեցած` ՀՀ ժողովրդական արտիստներ, պետական մրցանակների դափնեկիրներ, ամուսիններ Երվանդ Ղազանչյանի եւ Գալյա Նովենցի մեծարման երեկոների ընթացքում դերասանուհին հուզված էր: Գորիսի թատրոնի կուլիսներում կանգնած` մինչ բեմ դուրս գալըgalya2, տիկին Գալյան համեստորեն ասում էր. ՙԲայց, ախր, հիմա ո՞վ է ինձ հիշում ու ճանաչում, որ բեմ բարձրանամ՚: Բայց րոպեներ անց, երբ դահլիճի էկրանին ցուցադրվեց ՙՄեր մանկության տանգոն՚ ֆիլմից` իր եւ Մհեր Մկրտչյանի երկխոսությունից մի հատված, որն ուղեկցվեց ծափահարություններով, տիկին Գալյան հասկացավ, որ իրեն դեռ սիրում են եւ հիշում Գորիսում ու Կապանում: Իսկ երեկոյի ավարտին տիկին Գալյան համեստորեն գերադասեց իր փոխարեն խոսքը տրամադրել ամուսնուն` Երվանդ Ղազանչյանին, քանի որ, ըստ նրա, պարոն Ղազանչյանը լավ հռետոր է, եւ ինքը քաշվում է ամուսնու ներկայությամբ խոսել: Իսկ պարոն Ղազանչյանը, ընդունելով իր հռետոր լինելը, հիշեց հին ու բարի ժամանակները, երբ տիկին Գալյայի հետ երկար տարիներ աշխատել են Կապանի թատրոնում.

ՙՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ ԳԱԼՅԱՆ ԽԱՂՈՒՄ ԷՐ 8 ԱՄՍԱԿԱՆ ՀՂԻ ՎԻՃԱԿՈՒՄ՚

ՙԼույս չկար, լամպեր էինք վառում, երկուսը` առաջին պլանում, երկուսը` հետեւի, եւ ներկայացումներ էինք խաղում լեփ-լեցուն դահլիճներում: Հիշում եմ` մարդիկ տոմսի համար հերթ էին կանգնում: Շատ եմ ուզում, որ այդ ավանդույթը նորից հետ գա: Այդ տարիները խենթ ժամանակներ էին, Հակոբը (ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյան-Լ.Ե.) շատ փոքր էր, օրորոցը կապել էինք գրիմանոցում, որտեղ տղամարդիկ էլ էին հանվում, կանայք էլ, եւ ով ազատ էր դերասաններից, օրորում էր Հակոբին: Հիշում եմ` Քաջարանում մի ներկայացման մեջ Գալյան խաղում էր արդեն 8 ամսական հղի վիճակում, ի դեպ, մենք բեռնատար մեքենաներով էինք գնում գյուղից գյուղ: Իսկ այսօր 3 ամսականից հետո հղիները պառկում են մեջքի վրա: Քաջարանի այդ ներկայացումից հետո մեզ մարդիկ մոտեցան, ասացին. ՙՀրաշալի ներկայացում էր, բայց ինչո՞ւ էիք Գալյայի փորին բարձ դրել՚: Այդպիսի ժամանակներ ենք ապրել՚:

ՙՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԻՆՁ ՏԵՍՆԻ ԵՎ ՍԻՐԻ ԲԵՄՈՒՄ՚

Երբ երեկոյից հետո ցանկացանք գոնե փոքրիկ հարցազրույց ունենալ տիկին Գալյայի հետ, վերջինս համեստորեն նշեց. ՙՋանիկս, որքան ուզում ես` զրուցենք, բայց ընդհանրապես հարցազրույցներ չեմ ուզում տալ՚: Երբ նրան ասացինք` չէ որ Ձեր հանդիսատեսն ունի դրա կարիքը, հավելեց. ՙԵս ուզում եմ, որ հանդիսատեսն ինձ տեսնի ու սիրի բեմում՚:

ՙՕՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿԱԼԻ ՑԱՎ Է՚

galyaՀանգամանքների բերումով տիկին Գալյան բնակվում էր ԱՄՆ-ում եւ կարծես ավանդույթ էր դարձել, որ ամեն տարի մայիսին գալիս էր Հայաստան ու հայ հանդիսատեսին ներկայանում Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմում` ՙՏարօրինակ միսիս Սեւիջը՚ ներկայացմամբ:
ԱՄՆ-ի իր բնակության ու արտագաղթի մասին մի անգամ տիկին Գալյան ասաց. ՙՄիացյալ Նահանգներում, երբ փողոց եմ դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ: Հանգամանքների բերումով ես պարտավոր եմ լինել այնտեղ ու երբեմն ինքս ինձ խղճալու աստիճան հուզվում եմ: Հայրենիքը մնում է հայրենիք, չնայած` իր պրոբլեմներին, թերություններին, դժվարություններին: Ես քայլում եմ Երեւանի փողոցներով եւ զգում եմ, որ իմ տանն եմ. մարդիկ, փողոցները, ծառերը` ամեն ինչ իմն է: Օտարությունը սոսկալի ցավ է: Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել: Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ: Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են: Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում եմ նրանց ճակատագրի համար, օտարության դատապարտված նրանց կյանքի համար: Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը: Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում