livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019
payt3

Իսկական հայուհու փնտրտուքներով «Զարուհին» եղավ փայտի գեղարվեստական փորագրության ժող. վարպետ ԱՆԱՀԻՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ փայտե աշխարհում: Այո, այստեղ անգամ ծաղիկներն էին փայտից, բայց այնքան բնական ու գեղեցիկ էր այդ ամենը, որ թվում էր, թե դրանք նույնիսկ բույր ունեն: Փայտագործությանը գեղարվեստական լուծումներ տալու հնարքների, ընտրած ուղու եւ մանկավարժական գործունեության շուրջ էլ զրուցեցինք Ա. Մովսիսյանի հետ` բացահայտելով մեզ եւ մեր ընթերցողների համար մի նոր հայուհու կերպար, ով ամեն օր փայտե հրաշքներ է ստեղծում:

- Անահի՛տ, որտեղի՞ց ծագեց սերը դեպի փայտագործությունը:

- Պապիկս եկել է Պարսկաստանից: Նա եղել է պալատական երգիչ եւ նաեւ իր հինգ եղբայրների հետ զբաղվել է կահույքագործությամբ: Հետո այս արհեստն անցել է հայրիկիս, հայրիկիցս էլ` ինձ: Իսկ կոնկրետ փորագրությունը սովորել եմ իմ վարպետից, ով եղել է հայրիկիս աշակերտը ու նրանից խառատություն սովորել: Այդպես իմ աշխատանքներում փայտագործությունը գեղարվեստական տեսք է ստացել:

payt- Սովորաբար տղաներն են շարունակում հայրիկի գործը, ինչպե՞ս ստացվեց, որ Դուք որոշեցիք շարունակել այն:

- Ես միակն եմ ընտանիքում, եղբայր, քույր չունեմ: Եվ շատ փոքր տարիքից էլ ինձ դուր է եկել, որ պապիկն ու հայրիկը աշխատում էին փայտի վրա: Դեռ մանկուց մուրճն ու մնացյալ գործիքներն ինձ գրավում էին: Բնական է, գեներն իրենցն անում են, եւ հայրս էլ դեմ չի եղել, որ զբաղվեմ այս աշխատանքով: Իհարկե, աղջկա համար մի քիչ բարդ աշխատանք է, եւ ընդունված չէ, որ կանայք կարող են քանդակագործներ լինել, զբաղվել փայտի աշխատանքով, բայց այն շատ գեղեցիկ եւ հետաքրքիր աշխատանք է, ու ես սիրում եմ:

- Միշտ փոքր տարիքում աղջիկներն ու տղաները հետաքրքիր երազանքներ են ունենում, ասենք` տղաները օդաչու դառնալու, աղջիկները` բժիշկ: Իսկ Ձեր երազանքը հենց փայտագործությո՞ւնն էր:

- Հայրս կիթառ է նվագում, եւ ես էլ եմ զբաղվել երաժշտությամբ: Կիթառի դասերի էի գնում ու բավականին հաջողությունների հասել էի, նույնիսկ իմ ուսուցիչն այն ժամանակ արդեն տրամադրված էր, որ թատրոնում նվագեի իր հետ, բայց քանդակագործությունն ինձ համար ավելի առաջնային եղավ: Իսկ որպես երազանք` միշտ ցանկացել եմ ուսուցչուհի դառնալ եւ դարձել եմ: Այսօր էլ աշխատում եմ միեւնույն ժամանակ ե՛ւ Երեւանի` Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցում, ե՛ւ Լեւոն Միրիջանյանի անվան թիվ155 հիմնական դպրոցում ու տղաներին աշխատանքի ուսուցում եմ դասավանդում:

payt1- Քանի որ խոսեցինք Ձեր մանկավարժական գործունեության մասին, հետաքրքիր է, թե առաջին անգամ դասարան մտնելով` ինչպիսի՞ արձագանք է լինում աշակերտների կողմից, երբ տեսնում են, որ իրենց  աշխատանքի ուսուցման դասատուն գեղեցիկ, երիտասարդ, քանդակագործ կին է:

- Շատ զարմացած եւ հիացած են ընդունում այդ փաստը: Ու հենց առաջին օրվանից շատ սիրում են աշխատանքը, երբ իրենց նկարագրում եմ, թե ինչ պետք է անեն ու ինչ գործիքներով ենք աշխատելու: Իմ երկու դասասենյակներն էլ բավականին գեղեցիկ են ու հագեցած են փայտե աշխատանքներով: Եվ հետո ավելի են ոգեւորվում, երբ տեսնում են, որ ես էլ եմ իրենց հետ աշխատում: Այդպիսով իրենք տեսնում են աշխատանքի ընթացքն ու ավարտը, ինչը շատ կարեւոր է, քանի որ դեռ նոր են սկսում աշխատել, հաճախ փչացնում են, կոտրում, հուսահատվում, իսկ երբ տեսնում են լավ աշխատանք, մտածում են, որ պետք է իրենք էլ հասնեն այդ վարպետությանը:

- Շփվելով այսօրվա նոր սերնդի հետ` ըստ Ձեզ, վաղվա երիտասարդները հիմնականում ավելի ձգտում են իրենց ձեռքին գրի՞չ վերցնել, թե մուրճ:

- Միանշանակ ասել, թե ամբողջ դասարանը սիրում է մուրճն ու մնացած աշխատանքային գործիքները, սուտ կլինի, որովհետեւ տարբեր նախասիրությամբ երեխաներ կան: Երկու տարբերակն էլ կա. մի մասը սիրում է աշխատել, ստեղծագործել, մյուս մասն էլ միայն տեսնել արդեն պատրաստի վիճակում արված գործերը ու հիանալ դրանցով: Ամեն դեպքում նրանց մեջ ստեղծագործ ջիղը կա:

- Երեւի թե ամեն մեկին ի վերուստ տրված էլ չէ…

- Իհարկե, մեկը լավ է նկարում, մյուսը լավ ստեղծագործում է` գրելով: Այնպես որ, ես փորձում եմ իմ աշակերտներին ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան: Բայց միեւնույն ժամանակ փորձում եմ նրանց փայտագործություն սովորեցնելով` մի փոքր հետք թողնել: Ով գիտի, միգուցե տարիներ հետո, կյանքի ընթացքում դա իրենց պետք կգա:

payt4- Անկեղծ ասած, մինչ Ձեզ տեսնելը պատկերացնում էի, որ փայտի հետ աշխատանքից կոպտացած կնոջ հետ եմ զրուցելու, բայց իրականությունը ճիշտ հակառակն էր: Ինչպե՞ս է հաջողվում պահպանել կանացիությունը:

- Սիրում եմ լինել հարդարված, մի քիչ թիթիզությունը կարծում եմ` կնոջը պետք է բնորոշ լինի: Միշտ ինձ հարցնում են, թե երբ եմ հասցնում զբաղվել արտաքին տեսքով: Բայց չէ՞ որ եթե Աստված կին է ստեղծել, ուրեմն` պետք է կարողանա կինն այդ ամենը պահել: Չեմ սիրում թափթփվածություն եւ գտնում եմ այդ ժամանակը` հարդարված ու կոկիկ լինելու համար:

- Աշխատանք դպրոցում, հետո արհեստանոցում… Փաստորեն, աշխատանքի սկիզբ եւ ավարտ, շաբաթվա մեջ հանգստյան օրեր չունեք: Այս ընթացքում ինչպե՞ս հասցրիք նաեւ անձնական կյանքը կարգավորել:

- Այդ հարցում ինձ շատ օգնեցին ծնողներս, ընդհանրապես, ամեն ինչի հասել եմ նրանց շնորհիվ: Եթե իրենք ինձ չօգնեին, բնականաբար, չէի կարող մասնակցել մրցույթների, ցուցահանդեսների, այսքան ստեղծագործել: Մայրս զբաղվում է իմ երեխաներով, հայրս օգնում է ինձ ստեղծագործ աշխատանքում: Այնպես որ, իրենց դերը շատ մեծ է, մենակ հաստատ չէի կարող: Ինչ-որ տեղ կտուժեր` կա՛մ աշխատանքը, կա՛մ ընտանիքը: Իսկ հիմա կարողանում եմ համատեղել երկուսն էլ ու կարծում եմ` ստացվում է:

- Իսկ ինչպե՞ս ընդունվեց փայտագործության հանդեպ Ձեր սերը ամուսնու ընտանիքի կողմից:

- Կարծում եմ` նորմալ ընդունվեց: Իհարկե, հայկական ընտանիքում ընդունված է, որ աղջիկը պետք է կենցաղային աշխատանքներով զբաղվի, բայց քանի որ հենց սկզբից ամուսինս ընդունել եւ սիրել է իմ աշխատանքը, խնդիրներ չեն եղել: Նա ինձ ընդունել է այնպիսին, ինչպիսին որ կամ: Սա իմ աշխարհն է, ես այլ կերպ չեմ պատկերացնում, առանց իմ աշխատանքի, առանց իմ աշխարհի: Իսկապես, առանց այս ամենի ես ինձ լիարժեք չեմ զգա:

- Փաստորեն, Ձեր ամուսինն է՞լ է սիրում փայտի հետ աշխատել:

- Ամուսինս մասնագիտությամբ զինվորական է, բայց ազատ օրերին ինքն էլ է ինձ հետ աշխատում: Մեկ-մեկ կատակում եմ ու ասում, որ նա իմ ավագ աշակերտն է:

- Փայտեգործության նկատմամբ սերը գեներով եկել ու հասել է Ձեզ, իսկ ձեր փոքրիկների մեջ նման նախասիրություն տեսնո՞ւմ եք:payt5

- Իմ տղաներն էլ են սիրում աշխատել փայտի հետ: Իմ աշխատանքները իրենց շատ է դուր գալիս, եւ երկուսն էլ ստեղծագործում են: Կարծում եմ` կշարունակեն, բայց շատ եմ ուզում, որ իրենք ունենան նաեւ այլ մասնագիտություն: Սա արդեն իրենցն է, բայց ձգտում ենք, որ մեծ տղաս, որը դեռ 14 տարեկան է, դառնա բժիշկ: Իսկ փոքր տղայիս կողմնորոշվելու համար դեռ շուտ է: Ընդհանրապես, երբ դասերը վերջացրած են լինում, իրենք իջնում են արհեստանոց ու ինձ հետ սկսում ստեղծագործել:

- Այս պահին նայում եմ շուրջս ու ակամայից հիշում Փինոքոյի մասին մուլտֆիլմը, որտեղ փայտագործը կյանք է տալիս մի կտոր տախտակին:

- Կարծում եմ, որ փայտն անշունչ չէ: Փայտի մեջ, իրոք, կյանք կա, ուղղակի պետք է զգալ դա: Փայտը վերցնում է ե՛ւ քո բնավորությունը, ե՛ւ այդ պահին եղած հոգեվիճակդ: Ես միշտ դպրոցում իմ աշակերտներին ասում եմ` նայեք, սա մի կտոր տախտակ է, որը կարող եք ե՛ւ դեն գցել, ե՛ւ վառել, բայց մի քանի օր վրան աշխատելուց հետո` այն կարող է դառնալ արվեստի նմուշ, որ կուրախացնի ձեր ընտանիքներին: Չէ՞ որ փայտը նյութ է, որից կարելի է ստանալ այն, ինչ-որ այդ պահին մարդու մտքում կա: Իսկ փայտը բնավ էլ մահացած չէ:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Շարունակելի

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում