livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

narՍովորաբար տան մթնոլորտը պայթյունավտանգ է լինում, երբ մեկ հարկի տակ են ապրում երկու հայտնի անձնավորություններ: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի ՆԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ եւ նույն թատրոնի դերասան ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ընտանիքն էլ բացառություն չէ, բայց նրանց դեպքում ոչ թե թատրոնի կամ ներկայացման շուրջ քննարկումներն ու փորձերն են տեղափոխվում տուն, այլ` խենթությունների սիրահար ընտանիքը սիրում է տոն դարձնել յուրաքանչյուր օր:

«ԱՅԼ ԿԵՐՊ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԻՄ ԿՅԱՆՔԸ»

- Արվեստի երկու ներկայացուցիչ մի հարկի տակ, բարդ չէ՞:

- Դա անտանելի է (ծիծաղում է), բայց մենք ամեն ինչ թողնում ենք թատրոնում: Նույնիսկ պատահում է, որ ես ու Վարուժը շատ հարցերում թատրոնից չենք էլ խոսում տանը, կամ էլ ինքս ինձ, որպես այդպիսին, պայթում եմ, թե ինչպե՞ս կարելի է չխոսել:

- Այսպիսի կյա՞նք էիք երազում:

- Ես այլ կյանք չէի ընտրի, որովհետեւ լավ է, երբ կողակիցդ հասկանում է քեզ: Լավ եմ զգում ինձ, երբ մի բառ ասում եմ, Վարուժն անմիջապես հասկանում է, գիտի, թե իմ խնդիրն ինչումն է: Պատկերացնո՞ւմ եք, ասենք` Վարուժը լիներ քաղաքական գործիչ կամ այլ բնագավառից, ես պիտի անընդհատ բացատրեի իրեն, մենք որեւէ ընդհանուր բան պիտի չունենայինք, նա պիտի նայեր ներկայացումը, իմ խաղը, ծափահարեր, ասեր. հա, լավն էր կամ վատն էր: Ես այլ կերպ չեմ պատկերացնում իմ կյանքը:

«ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ ՄԵԶ ՆՄԱՆ ԷՄՈՑԻՈՆԱԼ Է»

- Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ընտանիքը:

nar2- Իմ ընտանիքը` իմ երեխաներն ինձ նման են: Տղաս սովորում է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, փորձում է նկարել, գտնել գեղեցիկը, գույների մեջ է դեռ որոնում: Բայց, անպայման մտածում է թատրոնի մասին, որովհետեւ կարծում է, որ պիտի վերադառնա թատրոն կամ կինոյի ռեժիսուրա: Դեռ փոքր է, պիտի ճանապարհ անցնի, ու կարծում եմ, որ այդ ճանապարհը դեռ երկար է: Աստված առողջություն տա, ու երկրում ամեն ինչ խաղաղ, հանգիստ լինի, իսկ հնարավորություններն անսահման են: Աղջիկս պարում է, երգում է, նվագում է, չգիտեմ` ինչ կդառնա, բայց դպրոցում շատ լավ է սովորում: Մեր ընտանիքը մեզ նման էմոցիոնալ է: Եթե շենքում մի օր մեր ձայնը չի բարձրանում, շենքում ինչ-որ կարեւոր գույն կորչում է: Մեր հարեւաններն էլ ուրախ են, որ լսում են մեր ձայնը, որովհետեւ զգում են, որ կենդանություն կա շենքում, չեն դժգոհում, շատ սիրում են մեզ: Յուրաքանչյուրի ընտանիք նման է իրեն, իմ ընտանիքն այսպիսին պիտի լիներ, ինչ-որ տեղ պոռթկում, ինչ-որ տեղ անհասկանալի իներտ, անզուսպ, անպայման էմոցիոնալ: Եթե իմ ծնունդն է, ապա` ամբողջ շենքը, կողքի խանութով իմանում է, որ այդ օրն իմ ծնունդն է: Եթե աղջկաս ծնունդն է` անպայման դիմացի շենքն է իմանում, որովհետեւ փուչիկները մեր տնից թռչում են օդ: Եթե տղայիս ծնունդն է` անպայման դպրոցի ժողովուրդն է իմանում, իսկ Վարուժինն էլ` արդեն ամբողջ թատրոնով ենք նշում: Սիրում եմ աշխույժ կյանք եւ իսկապես չեմ կարողանում հասկանալ, երբ Վարուժը լուռ է, իսկ ինքը` սովորաբար, միշտ լուռ է, բայց ես պարբերաբար նրան չեմ թողնում, որ լուռ մնա: Ես չեմ կարողանում հասկանալ, երբ ընտանիքում լռություն է տիրում: Վերջերս ներկայացման պրեմիերան հետաձգվեց` ուղղակի լարվածությունից իմ ձայնալարերն այտուցվել էին, եւ մեր տանը 5 օր ես չէի խոսում, պատկերացնո՞ւմ եք` ինչ էր դա ինձ համար: Իմ փոխարեն աղջիկս էր խոսում անընդհատ, իսկ ես 5 օր լուռ էի, ինքս սովոր չեմ լռության: Եթե ես տուն եմ մտնում անպայման, պիտի չորս բոլորս աշխուժություն լինի, կամ եթե ճաշ եմ եփում` գազօջախից մինչեւ լվացարան պիտի տեսականին լինի, հետո իհարկե անմիջապես մաքրում եմ: Ես ինչպես ապրում եմ, այդպես էլ խոսում եմ ու խաղում իմ դերերը:

- Ձեր էներգիա՞ն է օգնում, որ հասցնում եք տուն, ընտանիք, թատրոն...

- Որքան շատ գործ ես ունենում, այնքան ավելի շատ ես ամեն ինչ հասցնում: Ամեն ինչում պիտի լինես զարկերակի վրա, եթե եղար` ուրեմն ե՛ւ կյանքի դժվարություններն ես հաղթահարում, ե՛ւ փորձում ես չնկատել մանր-մունր փորձությունները: Բայց եթե զբաղված չես ու որեւէ մեկին հետաքրքիր չես, աշխարհի դժբախտն ես, աշխարհի հիվանդն ու ծույլը:

«ԿԻՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ԽԵԼԱՑԻ ԼԻՆԵԼ ՈՒ ՓՈՐՁԵԼ ԳԵՂԵՑԻԿ ՇՏԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

- Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր մտնում են կենցաղի մեջ ու մոռանում իրենց մասին:

- Եթե ես մոտ տասը օր ոչինչ չանեմ, կդառնամ այդ նույն մարդը: Կմտնեմ կենցաղի մեջ, ինքս ինձ կկործանեմ ու կթաղեմ: Լուրջ եմ ասում, հրաշալի թաղում կկազմակերպեմ (ծիծաղում է): Բայց կինը պիտի կարողանա խելացի լինել ու փորձել գեղեցիկ շտկել իրավիճակը եւ փոխել իր կյանքը: Փոքր բանի մեջ պիտի փորձես գտնել ուրախություն եւ անընդհատ Աստծուն փառք տաս, որ ունես այն, ինչ ունես: Անպայման կա քեզնից վատը, դժբախտը, հիվանդը, պիտի եղածով գոհանալ` ձգտելով լավին: Ամեն ինչից ուրախություններ սարքել` առողջ մտքով, հոգով, ուղեղով: Կինը պիտի փորձի ներդաշնակ լիել ինքն իր հետ, այդ ժամանակ բոլոր հարցերի պատասխանը կկարողանա գտնել: Եթե ներդաշնակ է իր խոհանոցի հետ, թող ապրի այդպես եւ ընտանիքն էլ երջանիկ կլինի, եթե ներդաշնակ է աշխարհի հետ, ապա աշխարհ կգրավի:

«ԿԻՆԸ ՊԻՏԻ ԻՐ ՏԵՍԱԿԻ ՄԵՋ ՀՂԿԻ ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ»

nar3- Դուք այդքան ակտիվ եք, տան լիդերն ո՞վ է:

- Անպայման տղամարդը, ակտիվությունը կապ չունի, դա ինքնապաշտպանություն է: Շատ հարցեր, որպես կանոն, եթե ես եմ լուծում տալիս, ապա անպայման սխալ է, որովհետեւ ես որոշումները կայացնում եմ էմոցիոնալ: Եթե շուկա եմ գնում` ուրեմն գնում եմ ամենավատ միրգը, ինչ-որ կտոր եմ գնում, ուրեմն` ամենավատը: Մեր տանն անպայման հաշվի ենք նստում միմյանց հետ կամ փորձում ենք գալ ընդհանուր հայտարարի, կամ հարցեր կան, որ չենք էլ գալիս, այդպես իդեալական չէ մեր ընտանիքը: Մենք շատ ավելի վիճում ենք, քան զրուցում, բայց այդ վեճի մեջ անպայման ծնվում է ճշմարտությունը: Այսօր ինձ ասում էի, այս ի՞նչ կյանքով ապրեցի, բայց, ինքս ինձ նաեւ տվեցի պատասխանը, իմ կյանքով ապրեցի, ես որոշեցի ամեն ինչ: Լավ, թե վատ, իմ կյանքն է, իմ ուղին է, ես անցա իմ ուղին: Իհարկե կուզեմ, որ իմ երեխաների ուղին իրենք որոշեն, կփորձենք ուղղորդել, բայց ամեն մարդ իր ուղին է ընտրում: Իսկ տան մեջ որոշում կայացնողը անպայման տղամարդն է, կինը պիտի իր տեսակի մեջ հղկի սուր անկյունները կամ ավելի սրի, ինչպես իմ դեպքում, բայց իհարկե, ավելի լավ է, երբ անկյունները սուր չեն, եւ շրջանցել կարելի է: Իրականում կինը պայքարող է իր տեսակով, գուցե անհիմն` կանացի տեսակետով, տղամարդիկ էլ ունեն այդ տեսակը, բայց ինձ թվում է տղամարդն ավելի շատ հարմարվողական է: Կան ընտանիքներ, որտեղ կինը լիդեր է, եւ այդ ընտանիքը բացարձակ չի տուժում: Մենք խոսում ենք առողջ ընտանիքի մասին, եթե առողջ է ընտանիքը, թող կինը լիդեր լինի, ո՞ւմ գործն է: Եթե երկուսով նայում են մի կետին` տարբեր ուղղություններով, անպայման ե՛ւ ընտանիքն է հաղթում, ե՛ւ լիդերի մասին խոսք չի կարող լինել: Իսկ եթե ամեն մեկը մի ուղղությամբ է նայում` դա ընտանիք չէ:

«ՏԱՆ ՄԵՋ ՄԻ ԹՌԻՉՔԸ ԱՇԽԱՐՀ ԱՐԺԻ»

- Սովորաբար արվեստի մարդիկ դեմ են լինում, որ երեխաներն իրենց ճանապարհը շարունակեն, փաստորեն ձեր որդին էլ կգնա ձեր ճանապարհով:

- Անպայման թողնում ենք իրենց ընտրությանը: Երբեք դեմ չեմ լինի, որովհետեւ շատ եմ սիրում թատրոնը, բաներ կան, որ ես ոչնչի հետ չեմ փոխի` այն երջանիկ պահերը, որ ես ապրել եմ թատրոնում: Գուցե հրաշալի բիզնեսմեն լինի, բայց շատ կարեւոր բանը` թռիչքը, բաց չթողնի: Գիտե՞ք, տուն կա` մտնում ես, թռիչք չկա, տան մեջ մի թռիչքը աշխարհ արժի: Մարդիկ կան` հաշվարկների մեջ են թռիչք տեսնում, ուրեմն դա իր ասպարեզն է: Ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, որ իմ տղան կամ աղջիկը թատրոն մտնեն: Ես չգիտեմ, թե 20 տարի անց ինչ կլինի թատրոնում կամ կինոաշխարհում, լավատես եմ` հավատում եմ, որ ես 60 տարեկանում իմ Օսկարն եմ ստանալու, դեռ խաղալում եմ լավագույն դերերը: Եվ, չգիտեմ, թե 20 տարի անց աղջիկս ինչ ճակատագրի կարժանանա թատրոնի կամ կինոյի ասպարեզում: Կամ` տղաս գուցե լավագույն ֆիլմը նկարի: Հետո, այսօր երիտասարդներին ավելի շատ հնարավորություն կա աշխարհը ճանաչելու: Եթե լեզու գիտես ու ասելիք ունես` աշխարհը հիմա մի բուռ է, եթե ոչ, ինչ բնագավառում եւ ով ուզում ես եղիր: Տղաս ուզում է ռեժիսոր դառնալ, դա ցանկություն է, չգիտեմ` կդառնա՞, թե ոչ, դեռ 16 տարեկան է: Նա ներկայացումներ է նայում, փոքրիշատե թանգարաններ է այցելում, գիտի` որ գույնը որի հետ խառնի, որ ստացվի մի ուրիշ գույն, մատիտ բռնել գիտի եւ վրձնով կարողանում է զգացողություններ արտահայտել, լավ, թե վատ` կարեւոր չէ: Ես անընդհատ զուգահեռներ եմ տանում, թե ես 16 տարեկանում ինչ էի անում, որ նրանից պահանջում եմ, բայց որ տեսնում եմ` գոնե նա անում է այն, ինչ ես չեմ արել այդ տարիքում, մտածում եմ, որ կյանքը հետաքրքիր կլինի տասը տարի հետո: Եթե ճանապարհ անցնելով` կուզենա դառնալ թատրոնի մարդ, ուրեմն թող լինի, ճարտարապետ` թող լինի: Եթե աղջիկս ցանկանում է դառնալ դիզայներ, ուրեմն` գոնե պիտի ապահովեմ իր համար ամեն ինչ, որ դառնա լավ դիզայներ: Նշանակում է, որ հիմիկվանից պիտի ասեղ-թել բռնել սովորի, իմանա` ինչ է մաքրամեն, դիզայնը, հագուստի կտրվածքը: Ես կսարսափեմ, եթե իմ տղան կամ աղջիկը աշխատեն 45 կամ 70 հազար դրամ աշխատավարձով, բայց դա նրանց կյանքն է, ես կողքից կօգնեմ կամ խորհուրդ կտամ, եթե կընտրի` ավելի լավ, ոչ` ուրեմն այդպիսին էր նրա ընտրությունը: Կուզեմ, որ իրենց աշխատանքում երջանիկ լինեն, որովհետեւ շատերն իրենց գործի մեջ դժբախտ են: Ես իսկապես երջանիկ եմ իմ գործի մեջ: Նույնիսկ եթե անսահման տխուր եմ, 2 ժամում փոխվում է աշխարհը, եթե ես ներկայացում եմ խաղում: Այդ 2 ժամը ոչ մի բանի հետ չեմ փոխի: Չնայած` շատերն ասում են, լավ, դե ի՞նչ ես անում, փոխի կյանքդ... Դժվար է, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը: Ինչ ուզում ես արա, միեւնույն է, դու հիվանդ ես քո աշխատանքով, դա երջանկություն է:

«ՑԱՎԱԼԻ Է, ԵՐԲ ՔԵԶ ԷԿՐԱՆԻՑ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԵՎ ՄԵԿ ԷԼ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԴՈՒ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՍ ԱՊՐՈՒՄ»

- Նարինե, «Տիկին մինիստրուհի» ներկայացման մեջ խաղում եք գլխավոր հերոսուհու` մինիստրուհու` Ժիվկայի կերպարը, ով միանգամից ցոփ ու շվայտ կյանք տեսնելով` մոռանում է կարիքի մեջ մնացած հարազատների մասին, նույնիսկ սիրեկան է պահում: Եթե բարեբախտաբար կամ դժբախտաբար ձեր ամուսինը` Վարուժանը, ստանա մինիստրի պաշտոն, որպես մինիստրուհի ինչ-որ բան կփոխե՞ք, թե ձեր հերոսի ճանապարհով կանցնեք:

- Բարեբախտաբար, թե դժբախտաբար` Վարուժը եթե դառնա մինիստր, բացառվում է, որ ես այդ գծի մեջ լինեմ, որովհետեւ միշտ կա դերասանի 3-րդ աչքը, որը շատերին պակասում է` nar1ցանկացած բնագավառում: Բայց եթե իմ ամուսին Վարուժանը դառնա նախարար, ես էլ` նախարարի կին, իհարկե ինչ-որ հարցեր իրենց լուծումը կստանան: Հարցերի շարքեր կան, որ կլուծեի, այդ հարցերի շարքն իմ աղջիկը պարբերաբար շարադրությունների մեջ է գրում: Սարսափում եմ տեսնել անապահով, ծեր մարդկանց, ախ, կսարքեի 2 բազմահարկ շենք, որ ամեն մարդ մի սենյակ ունենար եւ ապրեր: Այդքան շատ չեն այդ խեղճուկրակները, նրանց մասին կմտածեի: Իմ ցավոտ կողմերի մասին պիտի խոսեմ. եթե ես նախարարի կին լինեի` միանշանակ արվեստի բնագավառի մարդկանց կարգավիճակը կբարելավեի, որովհետեւ ես գիտեմ, թե ինչ է նշանակում ապրել հանրության աչքի առաջ, եւ ինչ պայմաններում ես դու կարողանում այդ ամենն ապահովել: Ցավալի է, երբ էկրանից քեզ ճանաչում են եւ մեկ էլ տեսնում, որ դու անապահով ես ապրում: Եվ, վերջապես, ինձ թվում է, որ ամուսինս եթե նախարար դառնար, կբաժանվեր ինձանից (ծիծաղում է):

«ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՄ, ՈՐՈՆՔ ԵՐԲԵՎԷ ՉԵՆ ՓՈԽՎԻ»

- Եվ Դուք էլ սիրեկան կպահեիք Ձեր հերոսի նման:

- Ոչ, ես արդեն հասկացել եմ` Վարուժից լավին դժվար գտնեմ: Սիրեկան չեմ ունենա, որովհետեւ ես համոզմունքեր ունեմ, որոնք երբեւէ չեն փոխվի:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում