livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

PAYT4Փայտի գեղարվեստական փորագրության ժող. վարպետ ԱՆԱՀԻՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ով նաեւ աշխատանքի ուսուցում է դասավանդում երկու դպրոցում, այս անգամ «Զարուհուն» հյուրընկալեց իր այդքան հարազատ արվեստանոցում: Այստեղ անվերջ կարելի էր մնալ ու ուշիուշով հետեւել, թե ինչպես է փայտը վերածվում ափսեի, սրբապատկերի, ծաղկամանի, գինու տարայի, զարդատուփի, ծաղկի… Էլ չենք ասում ավելի մեծ գործերի մասին` փորագրված դուռ, աթոռ, սեղան, մի խոսքով այն ամենը, ինչը կարելի է երեւակայել, որ կարող է լինել փայտից, հենց դա էլ հաստատ կգտնեք Ա. Մովսիսյանի փայտե աշխարհում:

- Անահիտ, նախ խոսենք այս հյուրընկալ արվեստանոցի մասին…

- Արվեստանոցս տարիների ընթացքում է ձեւավորվել: Ունեմ շատ աշակերտներ, որոնք դասից հետո գալիս են եւ ավելի խորացված սովորում փայտի հետ աշխատել: Հաճախ իմ երեխաներն էլ են լինում արվեստանոցում ու, իհարկե, իմ ընկերները: Իսկ իմ օրվա հիմնական մասը անցնում է արվեստանոցում: Երբ դպրոցում աշխատանքի եմ լինում, ամեն րոպե սպասում եմ, թե երբ եմ հասնելու արվեստանոց, որտեղ ես եմ տերը: Այստեղ կարողանում եմ ուրախանալ, ճիշտ կողմնորոշվել եւ գտնել հարցերի պատասխաններ: Միգուցե արվեստանոցում ես կտրված եմ ընդհանուր հասարակությունից, բայց այստեղ ինձ դուր է գալիս:

- Ձեր իսկ ստեղծած փայտե աշխարհը թույլ տալի՞ս է կենցաղային խնդիրներին այլ տեսանկյունից նայել ու առավել հեշտ հաղթահարել դժվարությունները:

- Իհարկե, չեմ սիրում կենցաղային խնդիրներում մանրանալ եւ փորձում եմ չտեսնել դրանք, որպեսզի հնարավորինս հարթ անցնի: Բոլորի մոտ էլ այդպիսի խնդիրներ կարող են լինել, բայց ես փորձում եմ շատ ավելի մեղմ ու հանգիստ անցնել դրանց կողքով:

PAYT- Ինչքան էլ սեր դնեք փայտի գեղարվեստական փորագրության մեջ ու ստեղծեք հիացմունքի արժանի գործեր, ամեն դեպքում սա Ձեր աշխատանքն է: Իսկ որտե՞ղ եք փորձում լիցքաթափվել աշխատանքային առօրյայից հետո:

- Ես իմ աշխատանքով նաեւ հանգստանում եմ: Ֆիզիկապես միգուցե եւ հոգնում եմ, բայց հոգեպես շատ եմ հանգստանում այս աշխատանքով, որովհետեւ սա իմ աշխարհն է: 

- Էլի պիտի պնդեմ, որ ինչքան էլ լինի աշխատանքը հաճելի, ինչպես ժողովուրդն է ասում, այն պետք է հաց դառնա: Արդյո՞ք այսօր փայտի գեղարվեստական փորագրությամբ կարողանում եք Ձեր հացը վաստակել:

- Չեմ սիրում այն մարդկանց, որ մշտապես բողոքում են ու չեն փորձում իրենց ունեցածը գնահատել, գովաբանել, բավարարվել եղածով, չեմ սիրում այդ վատատեսությունը: Եթե աշխատում ենք, եթե կարողանում ենք ստեղծագործել եւ սպառել, վաճառել, բացի դրանից` հացի խնդիրն էլ լուծել, ես կարողանում եմ դա գնահատել: Հիմա շատ կլինի, թե` քիչ, արդեն հարցի մյուս կողմն է: Իսկ այն, որ կարելի է այս աշխատանքով կենցաղը ապահովել, դա միանշանակ այդպես է:

- Արդյո՞ք փորագրության համար էլ է մուսա պետք:

- Անպայման, ստեղծագործող մարդու համար մուսան շատ կարեւոր է: Չէ՞ որ  ստեղծագործելու համար պետք է լինի ոգեշնչման աղբյուր:

PAYT1- Իսկ ի՞նչը կարող է Ձեզ համար ոգեշնչման աղբյուր դառնալ:

- Նայած, թե այդ պահին ինչը կարող է շատ ոգեւորել…

- Այսինքն` ոչ թե անձը կամ երեւույթը կարող է ոգեւորել, այլ հոգեվիճա՞կը…

- Միգուցե եւ կարող է անձն էլ ոգեւորել, երեւույթն էլ, բայց հիմնականում հոգեվիճակն է կարեւոր: Կարծում եմ`  սա միայն աշխատանք չէ, այլ ի վերուստ է տրված: Եթե պետք է այդ պահին, որ ես անեմ, ուրեմն` անելու եմ, ինչքան էլ տրամադրված լինեմ կամ չլինեմ: Այնպես որ, մի քիչ բարդ է բացատրել, թե ինչն է ինձ ավելի շատ ոգեւորում:

- Բանաստեղծներն իրենց գլուխգործոցները գրելուց հետո ինչ-որ առումով սպառվում են եւ գալիս է մի պահ, որ ի զորու չեն լինում այլեւս ստեղծագործել ու պարզապես դադար է պետք: Մեծ աշխատանքներ ավարտելուց հետո երբեւէ նման զգացում ունեցե՞լ եք:

- Երբ մեծ աշխատանքներն ավարտում եմ, յուրահատուկ զգացողություն է լինում… Նույնիսկ մի քիչ թախծում եմ, որովհետեւ այդ աշխատանքներից իրոք կապվածություն եմ ունենում: Երբ արվեստանոցից տանում են այդ աշխատանքները, շատ դժվարությամբ եմ նորից վերսկսում, բայց ինձ մոտ քանի որ աշխատանքները շատ են ու միանգամից աշխատում եմ մի քանի ստեղծագործությունների վրա, դրա համար, երեւի, այդ անցումը ավելի հեշտ եմ կարողանում տանել ու անցնել մյուսին:

- Ձեր բազմաթիվ աշխատանքներից  ո՞րն է հատուկ տեղ գրավում Ձեզ համար:

- Բոլոր աշխատանքներն էլ շատ եմ սիրում, որովհետեւ ամեն մի աշխատանքի մեջ յուրովի եմ փորձում ոգի դնել, բայց ավելի հոգեհարազատ են նկար քանդակները, որովհետեւ ավելի երկար եմ աշխատում դրանց վրա, որ կարողանամ մարդկային դեմքին տալ այն, ինչ-որ ուզում եմ: Այնպես որ, երեւի թե նկար-քանդակները շատ ավելի հոգեհարազատ են:

PAYT2- Համոզված եմ, որ աշխատանքային առաջարկներ եղել են նաեւ դրսից, ինչո՞ւ է Անահիտ Մովսիսյանը հայրենիքում:

- Նախ` շատ սիրում եմ մեր հայրենիքը: Ինձ դուր է գալիս այստեղ: Իհարկե, կուզենայի գնալ, դրսում էլ ունենալ ցուցահանդեսներ, բայց գնալ ու մնալ չեմ ուզում: Ավելի վաղ տարիքում ծնողներս թույլ չեն տվել գնալ ու այդպես էլ ձեւավորվել է նպատակս, որ ես այստեղ պետք է կայանամ:

- Այնուամենայնիվ, եթե չլինեիք փայտի գեղարվեստական փորագրության ժող. վարպետ, հետաքրքիր է, թե ո՞ր  ոլորտում կցանկանայիք տեսնել Ձեզ:

- Երեւի կզբաղվեի դերասանական կարիերայով, բայց ամեն դեպքում էլի ստեղծագործ աշխատանք կընտրեի, որովհետեւ ստեղծագործող մարդը ազատ է ու կարող է իր աշխատանքին տալ այն ամենը, ինչ ինքն է ուզում:  

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, որով դեռ կզարմացնեք արվեստասերներին:

- Պատրաստվում եմ ցուցահանդեսի, բայց երեւի թե մոտակա ամիսներին դա չի լինի, որովհետեւ կիսատ աշխատանքներ ունեմ: Պետք է վերջացնեմ հոգեւոր թեմայով աշխատանքներիս շարքը` Հիսուսի ծնունդը, Մկրտությունը, Փորձությունը, Համբարձումը, Ավետումը: Հոգեւոր թեմայով շարքը որոշել եմ ավարտել ու մի փոքր դադար տալ` անցնելով մի քիչ ավելի աշխարհիկ թեմաներով նկար-քանդակներ ստեղծելուն: Այս պահին իմ միակ երազանքը կամ մտադրությունը դա է, որ այս ամբողջը ավարտին հասցնեմ:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում