livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

bost1

Եթե երեկ մեր հարեւան Վրաստանին ու մեզ միավորում էր ծնունդով ախալքալակցի մեծ քնարերգու Վահան Տերյանն, ապա այսօր այդ ջերմ կապերը էլ ավելի խորացնում ու մշտապես հայ եւ վրաց ժողովրդի բարեկամության մասին է պրոպագանդում բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, վիրահայ գրական-հասարակական գործիչ, թիֆլիսաբնակ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, ում երեւանյան բնակարանում էլ հյուրընկալվեց «ԶԱՐՈՒՀԻՆ»: Մինչ իսկական հայուհու հետ զրույցին անցնելը, նախ անդրադառնանք նրա ծավալած գործունեությանն ու մրցանակներին, որոնց չանդրադառնալ չէինք կարող, իսկ ավելի մանրամասն էլ նշելու համար, պարզապես ամսագրի էջերն էին սակավ:

 -Տիկին Բոստանջյան, նախ, խոսենք Ձեր ընտանիքից:

- Բոլորից շատ հպարտ եմ իմ արմատներով, որոնց միշտ հավատարիմ եմ եղել ու կլինեմ: Շատ ճյուղավորումներով արմատներ ունեմ. հայրական կողմս բնիկ գյումրեցիներ են, որն ինձ ուժ է տալիս ստեղծագործելու, որովհետեւ կարծում եմ` Գյումրին հայոց ամենաերեւելի քաղաքներից է: Ի՜նչ մեծություններ են ծնվել, ստեղծագործել, ապրել Գյումրիում… այնքա՜ն հպարտ եմ ես դրանով: Իսկ մայրական կողմից պապս Կարսից է եղել, այսինքն` մեծացել եմ միշտ լսելով Գյումրվա, Կարսի բարբառը: Պապս որոշ ժամանակ Զորավար Անդրանիկի բանակում է ծառայել ու մահացավ նրա անունը շուրթերին: Մայրական տատս էլ Շուշիից էր: Ինքս ծնվել եմ Թբիլիսիում: Հենց արմատներիս այս չորս ճյուղավորումն ինձ միշտ ուժ է տվել, ինձ մարդ դարձնող, գրող դարձնող, մտածող դարձնող ամենակարեւոր, գերառանցքային կետերից մեկը դարձել:

- Մի փոքր ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը` նկատեցի, որ Ձեր ողջ կյանքը նվիրել եք գրականությանը: Ինչպե՞ս ստացվեց, որ հենց այս ուղին բռնեցիք:

- Այն տունը, որտեղ այս օր էլ մայրս ու եղբայրս է բնակվում իր ընտանիքով գտնվում է փառավոր Ներսիսյան դպրոցի ստորոտին: Սա նշանակում է, որ ես ամեն օր աչք եմ բացել` ուզեի-չուզեի նայելով Ներսես Աշտարակեցու հիմնած Ներսիսյան դպրոցին, որտեղ Խ. Աբովյանը, Վ. Տերյանը եւ այլ կարկառուն դեմքեր են սովորել: Մի խոսքով` սա է ինձ սնել ու մոտեցրել դեպի մեր մշակույթը: Հիշում եմ, երբ փոքր էի, տանը կար խոսակցություն` ինձ հայկական դպրոց տան, թե՞ ռուսական: Բայց ինքս լինելով փոքր երեխա` ասել եմ, որ ուզում եմ հայերեն սովորել, ուզում եմ միշտ «Մի կաթիլ մեղրն» արտասանել: Մեր դասարանում 17 հոգի էինք, բայց մի քանի երեւելի մարդիկ կային այնտեղ` Գուրգեն Խանջյանն է իմ դասարանից եղել: Նա միշտ հիշում է ու ասում` ես ու Անահիտն անընդհատ մրցույթների էինք մասնակցում եւ մրցանակ էինք շահում: Միշտ կամ առաջին կարգի մրցանակ ես էի ստանում, ինքը` երկրորդ, կամ հակառակը:

- Իսկ ի՞նչ ուղի անցաք դպրոցից հետո:

bost2- Դպրոցից հետո Թբիլիսին այնպիսի ժամանակներ էր ապրում, որ հայության մեծ մասը տեղափոխվեց Հայաստան: Ես էլ էի ձգտում Հայաստան, այնտեղ տեղս չէի գտնում: Ասում էի, որ պետք է կրթություն ստանամ Հայաստանում եւ մնամ, որովհետեւ ինձ պետք է ավելի լայն հայկական մթնոլորտ, ավելի բաց լսարան, որպեսզի ազատ լինեմ, ճախրեմ: Այդ ժամանակ դեռ ես նույնիսկ չէի էլ ստեղծագործում: Եկա եւ կրթություն ստացա Գյումրիի մանկավարժական ինստիտուտում: Հպարտ եմ ե՛ւ իմ դպրոցով, ե՛ւ Մ. Նալբանդյանի անվան Գյումրու մանկավարժական համալսարանով: Դե գիտեք, «կոռուպցիայի» ամենաթեժ շրջանն էր 60-70-ական թվականները: Որքան էլ խելացի լինեիր, որքան էլ լավ իմանայիր գրականությունն ու տարբեր առարկաները, միեւնույնն է, «կոռուպցիան» թույլ չէր տա լինել արդար: Ես սա միշտ հիշում եմ, որովհետեւ գուցե իմ կյանքը բոլորովին այլ կերպ ընթանար, եթե ես ընդունվեի Երեւանի պետական համալսարան, բայց կրկնում եմ` Գյումրիի մանկավարժական ինստիտուտն իմ հպարտությունն է: Այդտեղից էլ արդեն 1972-75-ին սկսեցի հայոց լեզու եւ գրականություն դասավանդել` ՀՀ Կալինինոյի շրջանի (այժմ` Տաշիր) Ղարաքիլիսա (այժմ` Լեռնահովիտ) գյուղի միջնակարգ դպրոցում: Չգիտեմ հետո, թե ինչպես ստացվեց, որ ես Հայաստանից հետ գնացի ու եկա Թբիլիսի: Դասախոսեցի մանկավարժական ինստիտուտում, բայց մի քանի տարի հետո ամուսնուս մահվան պատճառով թողեցի այդ աշխատանքը, կիսատ մնաց նաեւ թեզս` հայ-վրացական կապերին վերաբերող... Սակայն, գրքի հանդեպ սերը հաղթեց ու մնացի միայն «Մերանիում»: Ես երբեք փողի չէի ձգտում, իհարկե, փող բոլորն են սիրում, բայց պաշտամունք փողի հանդեպ երբեք չեմ ունեցել` սկսած երեխա հասակից մինչեւ այսօր այդպիսին եմ: Այդ ոգով եմ դաստիարակել երեխաներիս ու հիմա էլ թոռներիս: 1975 թվականից մինչեւ օրս աշխատում եմ Թբիլիսիի «Մերանի» հրատարակչությունում` որպես հայերեն հրատարակությունների խմբագիր: Սա դարբնոց դարձավ իմ աշխարհայացքի ձեւավորման համար: Որպես գրող էլ այնտեղ եմ հասունացել: Նույն շրջանում սկսեցի թարգմանություններ անել եւ պիտի ասեմ, որ ինձ շատ սիրեց վրաց աշխարհը: Ես ձեւավորվեցի մեծանուն հայ ու վրաց գրողների միջավայրում:

- Ձեր գրական վաստակն այնքան մեծ է, որ չգիտեմ էլ, թե որից հարցնեմ ու որը թողեմ հաջորդ զրույցին...

- Ընդհանուր հաշվով ունեմ սեփական հեղինակային ու թարգմանական 30-ից ավելի գիրք: Իսկ խմբագրածս ու հրատարակածս գրքերի թիվն անցնում է 500-ի սահմանը: Հիմա ծավալուն առաջաբաններ ու խմբագրականներ էլ եմ գրում բոլոր գրքերին, այդ թվում` «Կամուրջին» պարտադիր: Տանամյակներ շարունակ «Կամուրջը» չի ունեցել խմբագրականներ, չնայած մեծ գրողների մի ամբողջ խումբ է գլխավորել խմբագրական խորհուրդը: Ֆինանսական խնդիրներ էլ բնականաբար չեն եղել, պետությունն է հոգացել այդ հարցերը: Անգամ լուսանկարներ էլ չեն եղել, կենսագրականներ էլ: Այն ժամանակ ընդամենը 20 մամուլ է եղել, խորագրերն էլ քիչ են եղել` 3 կամ 4, իսկ այսօր գրեթե 20-ն են: Ինչեւէ, այսօր սիրահարված եմ թարգմանություններին, շատ եմ սիրում վրաց գրականությունը եւ վրաց ժողովրդին, շատ բարեկիրթ մարդիկ են: Մինչեւ այսօր էլ եթե բանաստեղծական եմ հրատարակում, անպայման թարգմանականն էլ հետն է լույս տեսնում ու իրար չեն նեղացնում: Առաջին թարգմանական գիրքս վրացի մեծ գրող Թամազ Ճիլաձեի «Պոսեյդոնի պալատն» էր, որը տպագրվեց 1986-ին Երեւանում` «Սովետական գրող» հրատարակչությունում: Այն հենց թարգմանական դեբյուտս էր` միանգամից 650 էջ: Ապա լույս տեսավ «Եթե իմանայիր...» բանաստեղծական ժողովածուն: Միեւնույն ժամանակ «Կամուրջ» տարեգրքի համար շատ եմ պայքարել, բայց հիմա հանգիստ եմ, որ պահպանել եմ ու գնահատում են այն, որովհետեւ «Կամուրջն» այսօր կապել է ամբողջ աշխարհի գրողներին: Համարձակվում եմ ասել, որ երկակի բարիք եմ անում` վրաց գրականությունն եմ կապում հայ գրականության հետ եւ վիրահայերին եմ ծանոթացնում աշխարհասփյուռ հայերի ստեղծագործությունների հետ, նաեւ վրաց գրականությանն եմ նրանց ծանոթացնում թարգմանաբար: «Կամուրջն» իմ հոգեզավակն է ու առանց որի իմ կյանքը չեմ պատկերացնում...

- Հետաքրքիր է, մշտապես աշխատանքային ռիթմի մեջ լինելով` հասցրեցի՞ք անձնական կյանքը դասավորել:

- Անկեղծ ասած, անձնական կյանքս լավ չդասավորվեց: Ամուսնացա…Հետո ամուսինս ավտովթարից մահացավ ու ես մնացի 4 ամսական ու մեկ տարեկան երեխաներս իմ գրկում… Սարսափելի օրեր եմ անցկացրել ու այն նստվածք է թողել ինձ վրա: Մինչեւ այսօր էլ այդ շորշոփները կան, ինչը հետք է թողել նաեւ առողջությանս վրա: Այո, ճիշտ եք, ես անընդհատ աշխատել եմ` գիշերները մինչեւ ժամը 5-ը թարգմանություններ եմ արել, ցերեկները գրել եմ, մամուլում եմ տպագրվել: Այսօր երկու աղջիկ ունեմ, երկուսն էլ թարգմանիչ են, մեկը` լրագրող, մյուսը` հայերենի ու վրացերենի մասնագետ եւ 5 թոռ ունեմ: Ինձ թվում է` մեծ թոռս` Լիզան, կգնա իմ ուղղությամբ եւ արդեն իսկ առաջին փորձերն է անում: Հետաքրքիր ստեղծագործական մտածողություն է դրսեւորում նաեւ առաջին դասարանցի մյուս թոռնիկս` Մարիամը: Նա էլ կգրի ինձ թվում է:

- Իսկ ըմբոստ հայուհին ինչպիսի՞ զոքանչ է:

- Զարմանալիորեն ըմբոստ զոքանչ չեմ: Սա կարող են իմ երկու փեսաներն էլ հաստատել: Երեւի ինչ-որ պահերի ըմբոստ մայր եմ, ըմբոստ տատ եմ, բայց ըմբոստ զոքանչ չեմ: Միշտ փեսաներիս կողմն եմ, եթե անգամ վեճ է լինում ընտանիքում պաշտպանում եմ փեսաներիս, թեկուզ անգամ հոգուս մեջ նրանց չեմ պաշտպանում: Այդ պահին աշխատում եմ առերես պաշտպանել, որպեսզի վեճը չբարդանա ու ավելի վատ հետեւանք չունենա: Իսկ անարդարությունների դեմ իսկապես ըմբոստ եմ:

- Բախտավորություն է Ձեր նման տատիկ ունենալը, ի՞նչ հարցերում է այսօր ժամանակակից տատիկը համաձայնվում կամ հակառակվում թոռների հետ:

bost4- Նախ, սկսեմ հագուստից, եթե, օրինակ, ես իմ տատիկի զգեստին անգամ նայել չէի ուզում, հիմա ինչ գնում եմ թոռնիկս «խլում» է` սկսած արդուզարդից վերջացրած հագուստներով: Հիմա թոռնիկիս ասում եմ` մինչեւ գիշերվա կեսը համակարգչի առաջ մի նստի, բայց ես էլ եմ նստում մեկ-մեկ: Շատ հետաքրքիր են այսօրվա տատն ու թոռը: Ես չեմ զգում, որ տատն եմ, երեւի նրանք էլ չեն զգում, որ թոռնիկ են: Բայց, այնուամենայնիվ, սերունդների տարբերությունը զգացվում է: Կան հարցեր, որ այսօրվա երիտասարդն իր տեսակետն ունի` մարդկանց հետ շփման վերաբերյալ, երաշժտության նախընտրության եւ այլն: Ընդհանրապես, պետք է նշեմ, որ այսօրվա երիտասարդներն ավելի ծույլ են...

- Վերջերս նշեցիք Ձեր 65-ամյակը, այսօր հետ նայելով ինչի՞ համար եք ափսոսում ու ինչի՞ համար եք երջանիկ:

- Ափսոսում եմ, որ շատ բաներ չեմ հասցրել անել, ափսոսում եմ, որ անձնական կյանքս, ցավոք սրտի, այդպես անցավ... Ափսոսում եմ այն ամենի համար, որ կարող էի անել, բայց չեմ արել, թեեւ քիչ կան նման էջեր: Նաեւ ափսոսում եմ, որ հանգիստս չեմ օգտագործել: Այսօր մի քիչ ջլատված են ուժերս, եթե հանգստանայի, գուցե առույգությունս, աշխույժությունս ինձ մինչեւ 80 կամ 90 տարեկան ինձ լինեին: Սխալ ապրած պահերիս համար եմ ափսոսում, թեպետ սխալվելը մարդուն տրված իրավունք է, կարող էի ինչ-որ հարցերում սխալվել: Իսկ երջանիկ եմ նրա համար, որ կարողացել եմ կամուրջ լինել հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ ու մինչեւ այսօր էլ այդ կամրջի դերում եմ: Այդ միացումից ես շահո՞ւմ եմ, թե՞ վնասվում, չգիտեմ, որովհետեւ երբեմն մարդկանց մտերմացնում ես ու դու ես մնում ստվերում: Երջանիկ եմ իմ երկու դուստրերով, իմ գիրք-հոգեզավակներով, իմ թոռներով, իմ ընթերցողներով, ինձ հասկացող մարդկանցով: Բայց միեւնույն ժամանակ կրկնում եմ իմ բանաստեղծական տողերը` «Ինձ մենակ թողեք, մենակ` ամենքի հետ»: Այսինքն` մարդը, որքան էլ շրջապատ ունենա, դարձյալ նա ինչ-որ տեղ մնում է միշտ մենակ` իր խոհերի, իր մտքի հետ: Այնպես որ, երջանկությունն ու դժբախտությունն իրար հետ կողք-կողքի են ապրում, ինչպես գրել եմ համանուն բանաստեղծությանս մեջ:


bost3

 

ՈՐՊԵՍ ՀԱՎԵԼՎԱԾ.

Վրաց մշակույթի դեսպան Անահիտ Բոստանջյանը 1975-ից մինչեւ օրս աշխատում է Թբիլիսիի «Մերանի» հրատարակչությունում` որպես հայերեն հրատարակությունների խմբագիր: 1975 թվականից կապված է եղել Վրաստանի գրողների միության «Կամուրջ» հայալեզու տարեգրքի աշխատանքների հետ` նախ որպես սրբագրիչ, որը միակ հաստիքն էր ու առաջին հայկականը` վրացական գրահրատարակչության մեջ: Իսկ արդեն պաշտոնապես 1988-ից առ այսօր «Կամուրջի» խմբագիրն է: Ավելին` Ա. Բոստանջյանն առաջինն է, ով պետական մակարդակով կանգնած է Վրաստանում գրահրատարակչական գործի ակունքների մոտ: 1994 -ից մինչեւ այսօր նա նաեւ հանրապետական «Վրաստան» թերթի սեփական թղթակիցն ու բաժանորդագրության ծառայության ղեկավարն է: 2003-ից առ այսօր ՀՀ Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի Վրաստանի հետ կապերի բաժնի վարիչն է: 1975-ից թղթակցում է Վրաստանի, Հայաստանի, նաեւ Սփյուռքի հայալեզու, ռուսալեզու ու վրացալեզու մամուլին: Վրաստանի «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, «Հայարտան» խորհրդի անդամ Ա. Բոստանջյանը կազմել, խմբագրել ու հրատարակել է 500-ից ավելի գիրք, գրել առաջաբաններ: Մի շարք գրականագիտական հոդվածների հեղինակ է, նաեւ ակնարկների, էսսեների, տպագրել է մի շարք հոդվածներ` հայ-վրաց գրական կապերին նվիրված: Վրաստանի եւ Հայաստանի գրողների միությունների անդամ, «Մտավորականների միություն» ՀԿ խորհրդի անդամ, թիֆլիսաբնակ բանաստեղծուհին Վաժա Փշավելայի եւ Նիկո Նկոլաձեի մրցանակի դափնեկիր է, Վրաստանի Պատվո շքանշանակիր, ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, ՀԳՄ «Գրական վաստակի համար» եւ ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե» մեդալակիր է, ինչպես նաեւ արժանացել է «Նարցիս» ամսագրի մրցանակին: Թարգմանել է շուրջ 90 վրացի դասական եւ ժամանակակից գրողների (արձակ, նաեւ պոեզիա):

 

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ



 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում