livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

m3Երգչուհի, երգահան, ՙՀայաստանի երգիչների միավորում՚ ՀԿ հիմնադիր-նախագահ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ դարձել է արցախյան հայուհու համահավաք կերպար` իր կոլորիտով, ձայնով ու ուրույն տարազով: Այսօր բազմաթիվ բեմերից հնչում են նրա գրած երգերը տարբեր երգիչների կամ իր կատարմամբ ու արցախցի Այայի կերպարը մշտապես հիշեցնում է, որ Մայր Հայաստանի մեջքին Արցախ աշխարհ կա` իր գույներով, իր հերոսներով ու չնաշխարհիկ բնությամբ: Իր արմատների, ստեղծագործական ուղու եւ հայուհու կերպարի մասին էլ ծավալվեց ՙԶարուհու՚ զրույցը Մ. Ասրյանի հետ:

 

- Տիկին Ասրյան, ասում են` տաղանդը գեներով է փոխանցվում, նախ խոսենք Ձեր արմատների մասին:

- Հայրական կողմս շուշեցիներ են, մայրական կողմս սերում է իշխանական Հասան-Ջալալյանների տոհմից: Ծնվել եւ մեծացել եմ Վանք գյուղում, որտեղ Գանձասարի վանքն է ու Հասան-Ջալալյանների դղյակը: Իմ գերդաստանը թե'հորս, թե'մորս կողմից, մշակութային առումով բազմակողմանի զարգացած է, շատերը գեղեցիկ ձայն ունեն: Երիտասարդներն այն ժամանակ գյուղերում կազմակերպել էին թատրոններ, համերգներ, եւ մայրս երգել է ՙԱնուշ՚` խաղալով հենց Անուշի դերում, հայրս էլ խաղացել է` Մոսի, բայց Սարոյի դերում եղել է հորս հորեղբոր տղան: Եվ ծնողներս այդ ժամանակ սիրահարվել են: Սակայն հայրս կամավոր 1941 թվին գնացել է պատերազմ եւ Սեւաստոպոլի ճակատամարտում ոչ թե վիրավորվել, այլ ականի պայթյունից անգիտակից ընկել է: Երբ ուշքի եկել, տեսել է, որ Գերմանիայում է` համակենտրոնացման ճամբարում:

Ընդհանրապես հայրս, որը հետախույզ էր, շատ խիզախ է եղել ու խելացի եւ կարողացել է 5 անգամ փախչել գերմանական համակենտրոնացման ճամբարից: Եվ միայն 6րդ անգամ իրեն հաջողվել է փախչել ու հասնել Ֆրանսիա:

Այստեղ էլ նա մասնակցում է Ֆրանսիայի ազատագրական շարժմանը ու դառնում Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի խմբի ակտիվ մասնակից եւ աշխատում է որպես հետախույզ: Իսկ այդ ընթացքում իր սեւ թուղթն է եկել, որ անհետ կորած է: Մորս ասել էր` չամուսնանաս մինչեւ չգամ, դե այն տարիներին էլ գիտեք, անընդհատ ուզողներ են եկել, հատկապես որ իշխանական տոհմի, հարգարժան ընտանիքի աղջիկ է եղել, բայց մայրս ասել է` ես պետք է սպասեմ: Փորձել են համոզել, թե այ աղջիկ ջան, սեւ թուղթը եկել է, բայց մայրս պնդել է` ասելով, որ կապ չունի, նա ճարպիկ է, կգա: Ու այդպես էլ եղել է. 1946 թվականին հայրս վերադարձել է: Հետո էլ արդեն ծնվել ենք մենք` 6 երեխաներս: Ի դեպ, Ֆրանսիայում հայրս հանձնարարություն է ստանում, թե ով կարող է Էֆելյան աշտարակից գերմանական դրոշն իջեցնել եւ ծածանել Ֆրանսիայինը, ու նա գնում է, գերմանականն իջեցնում ու ծածանում ֆրանսիականը: Դեռ շատ բաներ կան, որ իր արարքներից տեղյակ չենք, որովհետեւ նա գաղտնի աշխատող է եղել, տարբեր անուններ է ունեցել…Երեւի նրա կատարած շատ քայլերը, այդպես էլ գաղտնիք կմնան: Ավելացնեմ նաեւ, որ հայրս Ֆրանսիայում ունեցել է ժողգործիքների անսամբլ եւ նաեւ պատրաստել է թառ: Երբ եկել է հայրենիք, այդ թառը նվիրել է Լեւոնի թանգարանին: Երազանքս է գնալ Ֆրանսիա ու տեսնել` արդյոք պահպանվում է այն, թե` ոչ:

- Իսկ երբ սկսեցիք Դուք երգել:

- Մանկուց երգում էի եւ պարում: Սովետական տարիներին կային օլիմպիադաներ` երգերաժշտության, պարի, ասմունքի, եւ ես մասնակցում էի այդ օլիմպիադաներին, որոնք նախ մարզային էին լինում, ապա հանրապետական: 1971 թվականին Բաքվում կայացած հանրապետական օլիմպիադայի ժամանակ միակ մասնակիցն էի, որ ներկայացրի մեկ անհատական երգ եւ մեկ անհատական պար: Եվ այդտեղ ներկայացա բաժակներով պարով, որը, իսկապես, շատ դժվար էր: Այդ ժամանակ ժյուրիի կազմում էր հենց այդ պարը կատարողը եւ երբեք չեմ մոռանա նրա հայացքը, որովհետեւ ես ավելի դժվար էլէմենտներ էի անում, քան ինքը: Մի խոսքով, այդ օլիմպիադան ինձ համար դարձավ ճանապարհ դեպի երաժշտություն ու շարունակեցի երգել:

- Երգչուհիների, արվեստագետների ստեղծագործական ուղին սովորաբար քարքարոտ է լինում, իսկ Ձերը…

Կյանքը նավակ է ծովի վրա` կալեկոծվի, կտանի այս կամ այն ծովի ափերը, որը եթե խաղաղ լինի, կյանքն էլ խաղաղ կլինի: Իհարկե, կյանքում դժվար պահեր ունեցել եմ, բայց այդ դժվարությունները հաղթահարել եմ, որովհետեւ անպայման ուզում էի երգել: 1972 թվականին ավարտեցի դպրոցը, դրանից հետո մի 45 տարի ընդհատում եղավ ու հետո սկսեցի երգել: Մինչ 1979 թվականը ես աշխատում էի ավտոդողերի գործարանում եւ այնտեղ գործում էր ինքնագործ անսամբլ, որտեղ երգում էի ու աշխատում շատ պրոֆեսիոնալ մարդկանց հետ: Այդտեղ գեղարվեստական ղեկավարը բալետմեյստեր Վարդգես Ռաշիդյանն էր, իսկ ժողգործիքների ղեկավարը` Խաչատուր Շիրիկյանը:

m1

Իմ առաջին ուսուցիչը եղել է խորմեյստեր Երվանդ Ենգոյանը, ով ինձ սովորեցրել է ճիշտ երգել: Նա ինձ միշտ ասում էր. ՙՄադլե'ն, շատ գեղեցիկ ու գունեղ ձայն ունես՚:' Ես էլ հակադարձում էի, թե, կարծես, հզոր չէ ձայնս: Նա էլ պատասխանում էր. ՙԿապ չունի, Շառլ Ազնավուրի ձայնը փոքրիկ ձայն է, բայց նա աշխարհահռչակ երգիչ է՚: Եվ այդպես ինքն ինձ հուսադրեց ու ես շարունակեցի երգել: Իսկ արդեն 1979 թվականին ստեղծվեց Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլին կից կանանց վոկալ անսամբլը, որը ղեկավարում էր ժողովրդական դերասան, դաշնակահար Հովհաննես Փարաջանյանը: Բայց, երեւի թե, առողջությունը չներեց եւ կարճ տեւեց դա: Եվ ես տե

ղափոխվեցի ՙՀայ համերգ՚: ՙԲարեկամություն՚ անսամբլի մենակատար երգչուհին էի, որի ղեկավարն էր Արեւ Բաղդասարյանը: Նա մի հրաշք դերասանուհի էր` էներգիայով լի, իրոք, դերասան էր: Այդպես աշխատեցինք մի քանի տարի մինչեւ 1987 թվականը, երբ ես արդեն սպասում էի բալիկի ու գնացի ֆիզարձակուրդ: Իսկ 1988 թվին սկսվեց մեր արցախյան գոյամարտը ու ես շարունակեցի երգել հայրենասիրական ոճով: Ե՛վ ես, ե՛ւ ընտանիքս Արցախում ակտիվ գործունեություն էինք ծավալում: Ամուսինս, եղբայրներս շատ-շատ լարված էին… 90 թվականին ես արդեն Կոնսերվատորիայում էի սովորում` Հովհաննես Բադալյանի աշակերտն էի, եւ հենց 90ականներին ստեղծվեց ՙԳանձասար՚ համույթը` Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Բայց դա էլ կարճ տեւեց, որովհետեւ Թ. Պողոսյանը ստեղծեց ՍայաթՆովա աշուղական երգի անսամբլը: Մինչեւ հիմա ես աշխատում եմ, որ վերականգնեմ ՙԳանձասարը՚, բայց ինձ համար դժվար է, քանի որ դրա համար ֆինանսավորում է անհրաժեշտ:

-Երգելուց զատ Դուք նաեւ մի շարք երգերի հեղինակ եք, որոնք էին Ձեր գրած անդրանիկ երգերը:


-Ստեղծագործելու համար` Մադլեն Ասրյանին մուսա պե՞տք է:
- Այդ տարիներին հաղթանակեցինք արցախյան գոյամարտում եւ հերթով ծնվեցին իմ հայրենասիրական երգերը: Առաջին երգս, որը գրել եմ ՙՀայրենի Արցախն է՚, հետո` ՙԻմ Շուշին՚: Հիշում եմ, երբ Վազգեն սպարապետը հայտարարեց քայլերգի մրցույթ, մի երգ գրեցի, բայց մրցույթի հայտ չներկայացրեցի: Հետո իմացա, որ իմ գրածն ավելի լավն էր: Երկու տասնյակից ավելի երգեր ունեմ գրված եւ վերջերս տեղի ունեցավ իմ հեղինակային երգերի երեկոն ու ձայնասկավառակ թողարկեցի:

- Անպայման: Ես ՙԻմ Շուշի՚ երգի բառերն ու երաժշտությունը գրել եմ 20 րոպեում, երբ հաղորդեցին, որ Շուշին ազատագրվել է: Այդ պահին մուսան այն զգացմունքն էր, որը եռում էր իմ մեջ: Այս երգս դանդաղ չափի մեջ է, բայց դրանից հետո որոշեցի ռիթմիկ երգեր գրել, որպեսզի ոգեշնչող լինի: Բավակա՛ն է մելամաղձոտ լինեն մեր երգերը, պետք է միշտ խրոխտ լինենք: Ընդհանրապես, եթե մուսան չլինի, չես կարող ստեղծագործել: Չգիտեմ… ինձ թվում է` վերեւից թելադրում են, ես էլ գրում եմ ու այդպես են ծնվել իմ երգերը:

- Փաստորեն, տաղանդավոր ծնողներից ժառանգեցիք Ձեր ստեղծագործական ջիղն ու այն փոխանցեցիք Ձեր դուստրերին:

- Աղջիկներս շատ գեղեցիկ ձայն ունեն: Նրանցից Լիլիթս ավարտել է Կոնսերվատորիայի վոկալ բաժինը ու պատրաստվում է գնալ Գերմանիա` ուսումը շարունակելու:

- Ու նաեւ պապիկի անցած ճանապարհը տեսնելու…

- Ճիշտ եք, միգուցե:

- Ի դեպ, արցախյան հարուստ մշակույթին զուգահեռ արցախյան խոհանոցն էլ է շատ հարուստ:Հետաքրքիր է, ժամանակ գտնու՞մ եք լինել խոհանոցում:

-Անկեղծ ասեմ, ինչքան երգն եմ սիրում, այնքան էլ խոհանոցը: Երբ ինձ ասում են` Մադլե՛ն, շատ համեղ ես պատրաստում, ես էլ պատասխանում եմ` որովհետեւ հոգի ու դրական լիցքեր եմ դնում, երգելով եմ պատրաստում, լավ բաների մասին մտածելով եմ պատրաստում:

- Եվ, երեւի թե, Արցախի դստեր խոհանոցից անպակաս չէ նաեւ ժինգյալով հացը:

- Ասեմ, որ ժինգյալով հաց ամեն օր չէ, բայց ամսվա մեջ գոնե 2-3 անգամ պատրաստում եմ: Իհարկե, հիմնականում գարնանն ու աշնանն եմ պատրաստում, որովհետեւ ամռանն ու ձմռանը ուրիշ կանաչիներ են դնում, իսկ ես սիրում եմ իսկական բաղադրատոմսով պատրաստել:

- Ի վերջո, 21րդ դարում պահպանել հայուհու իսկական կերպարը եւ միեւնույն ժամանակ լինել այդքան ժամանակակից, ինչպես է Ձեզ հաջողվում:

-Շատերը, ովքեր գիտեն ինձ, ասում են` դուք ժամանակակից եք, բայց ինչու չեք ծխում: Ասում եմ` հարգելիս, ծխելը ժամանակակից լինելու գրավականը չէ, ես ժամանակակից եմ ու ժամանակի հետ եմ քայլում, բայց իմ արմատները չեմ մոռանում, չեմ աղավաղում, չեմ ուզում տրորվի ու կորչի: Դա ընդամենը պետք է գիտակցել ու քայլել ժամանակի հետ` պահպանելով ազգայինը: Մենք շատ հարուստ մշակույթ ունենք, պարզապես չենք կարողանում այն ճիշտ մատուցել:

- Ի՞նչն է պատճառը:

-Երեւի թե, անտարբեր են այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն այն ճիշտ մատուցելու: Իսկ ով մտահոգված է, նա հնարավորություն չունի: Մենք կարող ենք համաշխարհային մասշտաբով մեր մշակույթը ներկայացնել, բայց չենք կարողանում, որովհետեւ ովքեր հնարավորություն ունեն, իմիջիայլոց են վերաբերում: Իսկ ազգը պահպանողը մշակույթն ու լեզուն է: Եթե չունեցար լեզու, մշակույթ, ազգը ոչնչացված է:

-Ամփոփելով մեր զրույցը` ի՞նչ կասեք մերօրյա հայուհիների մասին:

Շատ երկրներում եմ եղել, բայց մեկ է, հայ կինն ուրիշ Է: Հայ կինը պետք է լինի առաջին հերթին իր ընտանիքին` իրM2 երեխաներին, ամուսնուն նվիրված, որովհետեւ ընտանիքն է պետության հիմքը, որը հիմնված է հայ կնոջ ուսերի վրա: Ի դեպ, հայ կանայք բոլորն էլ գեղեցիկ են, պարզապես, կան չխնամված կանայք: Այնպես որ, պետք է աշխատել, պետք է հասցնել եւ պլանավորել ամեն ինչ: Երբ երեկոյան քնում եմ, արդեն գիտեմ, թե առավոտյան ինչ պիտի անեմ ու կարծում եմ` հայ կանանցից շատ շատերն են այդպես, դրա համար էլ հայ կնոջ շնորհիվ շատ հաջողությունների ենք հասել: Ուզում եմ, որ բոլոր հայ կանայք լինեն գեղեցիկ ու սիրված, որովհետեւ կնոջ երջանկությունը հենց սիրված լինելու մեջ է:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում