livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

araxՕրերս կայացավ օպերային երգչուհի ԱՐԱՔՍ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ միանգամից երեք ձայնասկավառակների շնորհանդեսը, տասնամյակներ անց հայ հանդիսատեսն այսուհետ հնարավորություն ունի ունկնդրելու սիրված արտիստուհու կատարումները` ձայնասկավառակի տեսքով: "Զարուհու" հետ զրույցում տիկին Մանսուրյանը շեշտեց, որ թողարկված երեք ձայնասկավառակներն էլ իր համար երազանք են եղել, որոնք այսօր արդեն դարձել են մնայուն արժեք:

"ԱՆՎԱՆՍ ՄԱՍԻՆ ՉԵՄ ՄՏԱԾՈՒՄ, ԱՅԼ` ԵՐԳԵՐԻ"

-Գրեթե ամեն տարի եմ Հայաստան գալիս, երբեմն տարվա ընթացքում երկու անգամ, ու այս ձայնասկավառակի երազանքն ինձ հետապնդում էր տարիներ շարունակ: Մտածում էի` մի բան պետք է թողնեմ ինձնից հետո, որովհետեւ աշխարհ ես գալիս ու չես կարող հեռանալ հենց այնպես, հատկապես, որ քո ազգին ինչ-որ բան ես տվել: Իմ այս երազանքի մասին բազմիցս կիսվել եմ դուստրերիս` Շուշանի եւ Մարիամի հետ, ասեմ, որ երեխաներս երկուսն էլ իրենց ամբողջական միությունով, գաղափարներով ու մտորումներով որոշեցին այն իրական դարձնել` անակնկալ անել ինձ, հատկապես Շուշանը, որն այս ձայնասկավառակի պրոդյուսերն է: Շնորհակալ եմ Շուշանին իմ, նաեւ իրենց երազանքն իրականացնելու համար: Ես մի օր չեմ լինի, բայց կլինեն այս ձայներիզները, կամ էլ` իմ անունը: Չնայած, անվանս մասին չեմ մտածում, այլ` երգերի, որոնք ինձնից հետո շարունակական են լինելու:

"ԱՍՈՒՄ ԷԻ` ՇՈՒՇԱՆ, ՉԲԱՐԿԱՆԱՍ, ՄԻ ՀԱՐՑ ՈՒՆԵՄ..."

-Ի՞նչ երգեր են ձայնասկավառակներում ընդգրկված:


4"ԵԹԵ ՄԻ ՆՈՏԱ ԱՅՆՊԵՍ ՉԷ, 
ԿՆԱԽԸՆՏՐԵՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՈՒ ՀԵՌԱՆԱԼ ԱՅԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՎՐԱ"
- Դեռ տարիներ առաջ Շուշանի հետ սկսեցինք հավաքել այդ ամբողջը` իմ համերգային շրջագայություններից, նկարահանումներից, հեռուստառադիո արխիվից, բայց թե երբ այն կյանքի կկոչվեր` չգիտեի: Ձայներիզներից մեկում հավաքվեցին հոգեւոր երգեր, որոնք երգել եմ Էջմիածնում, Վեհափառի` Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ժամանակ, ով թույլատրեց ապրիլի 24-ին նվիրված ծրագիրը նկարահանել Մայր տաճարում: Այդ ձայներիզում կան նաեւ Ֆրանսիա կատարած իմ ուղեւորություններից հոգեւոր երգերի ակապելլա կատարումները: Հաջորդը պիտի նվիրվեր եղբորս` Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին, որի մասին երկար եմ երազել: Անցյալ տարի պիտի լիներ, չհասցրեցինք, չէի ուզում Շուշանին "խեղդել", թե` ինչ եղավ, հա, ինչ եղավ: Այսպես թողել էի, բայց գիտեի, որ ինքն իր մեջ եփվում է: Երբ ասում էի` Շուշան, չբարկանաս, մի հարց ունեմ, ասում էր` մամա, չեմ բարկանում, ուղղակի չգիտեմ, թե դեռ երբ կլինի: Այդպես ինձ անորոշության մեջ էր թողել: Մի խոսքով` այս տարի այն լույս տեսավ, բայց ուրախ եմ, որ ձայներիզի վրա են եղբորս այն վոկալ շարքերը, որոնց առաջին կատարողն եմ եղել: Այնքան ուրախ եմ, որ այդ ձայներիզի մեջ կա Համո Սահյանի խոսքերով եղբորս վոկալ շարքը, որը նվիրված է ինձ: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ մեծ պարգեւ է ինձ համար: Այսօր յուրաքանչյուր երգիչ կերազեր ունենալ Տիգրան Մանսուրյանի կողմից մի նվեր-շարք, հատկապես` վոկալ շարքի մասին եմ խոսում: Արդեն 3-րդ ձայներիզը մենք հավաքեցինք տարբեր ներկայացումների ձայնագրություններից` "Անուշը", "Սայաթ Նովան", որը Տիգրանը ինձ համար է գրել` նվագախմբով կատարելու: Ծնողներիս կողմից, չեմ ուզում ասել` մեծ պարգեւ է ինձ Տիգրանը, որովհետեւ ես մեր տան ամենափոքրն եմ, բայց, իսկապես, նման եղբայր ունենալ կողքին, պիտի ամեն մեկը երազի:

-Տիկին Մանսուրյան, հաջորդ անգամ հայ հանդիսատեսն ինչպե՞ս սպասի ձեզ, գուցե մենահամերգո՞վ:

- Մենահամե՞րգ, գիտեք, վերջերս հարցազրույց ունեցա եւ ասացի` իմ վերջին համերգն է, անցյալ տարի Ճապոնիայում ասացի, որ սա իմ վերջին համերգն է, եւ հիմա նորից երգեցի, ո՞վ գիտի... Եթե երգում եմ, ուրեմն` պիտի լավ երգեմ, շատ բծախնդիր եմ, կարողանում եմ լսել, վատը տարբերել լավից, եւ եթե մի նոտա այնպես չէ, կնախընտրեմ դադարեցնել, մնալ ու հեռանալ այդ աստիճանի վրա:

"20 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՐԱՎԵՐ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ ՕՊԵՐԱՅԻ ԿՈՂՄԻՑ"

-Հիմա Օպերային թատրոնում փոփոխություններ են եղել, գուցե մի օր էլ հայ օպերային թատրոնի բեմում հանդես գաք, ասենք` "Անուշի" դերերգով:

- Ոչ, այդ հնարավորությունը չի լինի:

- Հրավերներ չկա՞ն, թե՞...

3- Այս 20 տարվա ընթացքում հրավեր երբեք չեմ ունեցել` հայ Օպերայի կողմից, երբեւէ չի եղել նման ակնարկ: Ասեմ` ես Օպերայի շենք չեմ մտնում, ոչ թե քննադատում եմ, կամ էլ չկան երգիչներ, վստահ եմ` շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք, բայց այդ տարիները, երբ ապրել եմ, ստեղծագործել, եւ ինձ համար օպերան տաճար էր, որտեղ ես մտնում էի հուզումով, պատրաստ` այսօր ներկայացում ունեմ, այսօր երգում եմ "Անուշ", "Աիդա"... Գիտեք, ամբողջ օրը սրտի թրթիռով սպասում էի, թե ինչպես պիտի լինի իմ ելույթը, որովհետեւ իսկապես տաճար էի մտնում: Այս բառը ճիշտ է, որովհետեւ արվեստ պիտի ստեղծվեր բեմի վրա, պատասխանատվություն կար, ունեինք հանդիսատես, որը գնահատում էր... Այդ հուշերից չեմ ուզում հեռանալ, սա է միայն պատճառը:

"ՇԱՏ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՄ ԵՂԵԼ, ԲԱՅՑ ԱՐՑԱԽԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԶՎԱԴԵՊ Է"

-Մի քանի օր առաջ Արցախում էիք` թոռնիկի հետ...

- Այո, ճիշտ է, շատ, չափազանց հուզիչ էր, մենք այցելեցինք զոհվածների շիրիմներին: Ամեն քայլիս ու ամեն հուշաքարը տեսնելիս` հեկեկալով եմ անցել մեր հերոսների ոգիների կողքով, վստահ եմ` իրենք ուրախ էին: Գիտե՞ք ինչ բազմություն էր, հազարավոր` փոքրից մինչեւ տարիքն առած մարդիկ գնում էին դեպի այդ վայրը, որտեղ մեր հերոսներն էին, շատ հուզիչ էր: Արցախը մի հրաշալի վայր է, որտեղ կա սեր, մաքրություն, նվիրում իրենց հողին, ինչն արժանի է մեծ գնահատականի: Շատ երկրներում եմ եղել, բայց Արցախի գեղեցկությունը հազվադեպ է, հրաշալի երկիր է, ուզում եմ, որ մեր հերոսների հետնորդները, որոնք այսօր շարունակում են այդ պայքարը, լինեն հաղթող, անփորձանք եւ իրենց երազանքն իրականանա` միանան Արցախն ու Հայաստանը, ու ավելի ուժեղ լինենք. որտեղ կա սեր, ուժն այնտեղ է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում