livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

sultan3Ասում են` գեղեցիկ կանայք խելացի չեն լինում: Դերասանուհի Նարինե Սուլթանյանը կոտրում է բոլոր կարծրատիպերը: Լինելով հաջողակ աշխատանքում` Հայաստանի ամենականացի հաղորդավարուհին կարողացել է կազմել երջանիկ ընտանիք: Ինչպե՞ս: ՙԶարուհու՚ հետ զրույցում Նարինեն կիսվեց ոչ միայն իր հաջողության բանաձեւով:

- Արդյո՞ք մանկության երազանքն էր` աշխատել մի վայրում, որտեղ թեւածում է Թումանյանի ոգին:

- Հիշում եմ, որ մանուկ հասակում երազում էի դառնալ գեղասահորդ: Բայց ընթացքում նախասիրություններս փոխվեցին, մանուկ հասակից արվեստի տարբեր ասպարեզներում ինձ փորձելուց հետո` հայտնվեցի այստեղ:

- Ձեր ծնողներն ինչպե՞ս վերաբերվեցին մասնագիտության ընտրությանը:

- Շատ նորմալ, քանի որ մանկության տարիներից զգացել էին իմ նախասիրությունները: Դպրոցական դասերին զուգահեռ` հաճախում էի նկարչության, երաժշտության եւ պարարվեստի ուսումնարան: Տրամաբանական էր, որ նախապատվությունս տալու եմ արվեստին, չնայած` ծնողներս կարծում էին, որ ես եւ քույրս պետք է բժիշկ դառնանք` շարունակելով սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթը: Բայց մեր գերդաստանում նաեւ արվեստի ներկայացուցիչներ կան, այնպես որ, իմ մասնագիտական ընտրությունը ծնողներիս համար որոշ առումով սպասելի էր եւ կանխատեսելի:

- Կա նման արտահայտություն, որ կյանքում ամեն ինչի համար պետք է վճարել, ինչպե՞ս եք դուք վճարում ձեր հաջողության համար: Տուժո՞ւմ է արդյոք ձեր ընկերական կամ ընտանեկան կյանքը:

- Ոչ, չի տուժում, քանի որ ես հասցնում եմ ե՛ւ աշխատանքս, ե՛ւ ընտանեկան հոգսերը: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ էլ, մեծ ցանկության դեպքում, ամեն ինչ կարող է հասցնել: 

Անկեղծ ասած, նախքան ամուսնությունս ես ավելի շատ ծանրաբեռնված էի իմ աշխատանքով, կարելի է ասել, ողջ օրս նվիրում էի իմ աշխատանքին: Բնականաբար, ընտանիքի առկայության դեպքում, առավել եւս երեխայի` աշխատանքս կազմակերպում եմ երեխայիս մանկապարտեզի ժամերի հաշվին: Ինչ խոսք, ընկերական կյանքն այժմ մի փոքր ավելի է տուժում, բայց, միեւնույն է, հասցնում եմ նաեւ ընկերներիս հետ հանդիպել տարբեր վայրերում: Ինստիտուտի տարիներին ողջ ժամանակս նվիրում էի ուսմանս եւ թատերականի ուսանող ընկերներիս: Չեմ կարող ասել, որ ինչ-որ կերպ վճարում եմ իմ հաջողության համար, քանի որ մինչամուսնական կյանքում բավականին հագեցած ստեղծագործական եւ ուսանողական կյանք եմ վարել, ճանապարհորդել եմ շատ երկրներում եւ իմ կյանքի այս փուլը հաճույքով եմ վայելում:

- Լինելով ամուսնացած կին, երիտասարդ մայր, սիրված հաղորդավարուհի` ինչպե՞ս եք համատեղում անձնական կյանքը աշխատանքի հետ:

sultan

- Շնորհակալ եմ ՙսիրված՚ բնորոշման համար: Անձնական կյանքն ու աշխատանքը հաճույքով եմ համատեղում, քանի որ ինձ համար լիակատար ներդաշնակությունը ներառում է ընտանիք, աշխատանք, ընկերներ...

- Ի՞նչ պետք է անել, որ կենցաղը չսպանի ընտանեկան կյանքի ջերմությունը եւ ռոմանտիզմը:

- Նախ` ոչ մի դեպքում պետք չէ դառնալ կենցաղի գերի, եւ ի վերջո, անձն ինքն է որոշում կենցաղի դերը` իր կյանքում: Իրականում կենցաղն ու աշխատանքային գրաֆիկը համատեղելն այդքան էլ դյուրին չէ, մասնավորապես բազմազավակ մայրիկների պարագայում: Բայց, կարծում եմ, հատկապես կանանց պարագայում (քանի որ կենցաղային բեռը հիմնականում կանանց ուսերին է), անհատականությունը չկորցնելու ձգտումը պետք է գերիշխող լինի, այդ դեպքում կենցաղն էլ հաղթահարելի կլինի:

- Ի՞նչ փոխեց երեխայի ծնունդը Ձեր կյանքում:

- Իհարկե, այս հարցն ինձ շատ հաճախ են տալիս` մայրությունն ինձ տվեց ուժ, նոր, դեռ չապրած զգացողություններ, կյանքում դժվարություններին դիմակայելու պոտենցիալ եւ, իհարկե, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ...

- Միլան` Ձեր աղջիկը, արդեն ունի՞ արվեստի հետ առնչվող երազանքներ, թե՞ պարտադիր չէ, որ նա էլ ընտրի արվեստի ճանապարհը:

sultan1

- Ընդհանրապես պարտադիր չէ, որ Միլան ընտրի արվեստի ճանապարհը, բայց արվեստին առնչվելու հնարավորություններ ես նրան, անշուշտ, կտամ` սերմանելով նրա մեջ գեղագիտական ճաշակ, ճիշտ արժեքներ եւ մարդկային որակներ: Եթե նույնիսկ աղջիկս միայն լավ հանդիսատես լինի, ես կհամարեմ, որ իմ ջանքերն ապարդյուն չեն անցել: Իսկ թե ինչ մասնագիտություն կընտրի` թող որոշի ինքը: Կարեւորը` իր ընտրած մասնագիտության մեջ լինի պրոֆեսիոնալ:

- Խաղացել եք Հ. Մալյան, ՙԳոյ՚ թատրոններում, աշխատում եք նաեւ հեռուստատեսությունում` ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ եւ ինչո՞ւ:

- Ինձ համար բոլորն էլ հոգեհարազատ են, ուղղակի կյանքի տարբեր փուլերում ցանկություններն էլ են փոխվում, այսպես ասած, տրանսֆորմացիայի ենթարկվում: Այժմ ավելի հակված եմ դեպի հեռուստատեսություն` հասկանալով, որ ֆիզիկապես չեմ հասցնի համատեղել ե՛ւ թատրոնը, ե՛ւ հեռուստատեսությունը, ե՛ւ դասավանդելը, այստեղ, ինչ խոսք, ընտանիքս կտուժի: Դրա համար ընտրողաբար եմ վերաբերվում բոլոր առաջարկներին:

- Լինելով Թատերական ինստիտուտի դասախոս` ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ դերասաններին` ճիշտ սկիզբ ունենալու համար:

- Ուսանողներիս բազմիցս ասում եմ, որ այս ԲՈՒՀ-ը միաժամանակ եւ ամեն ինչ է, եւ ոչինչ: Այստեղ կարեւոր է ուսանողի դիրքորոշումը իր սիրած փեշակի կամ մասնագիտության ընտրության հարցում: Իմ դասախոսն իր ուսանողներին` մեզ, հաճախ էր կրկնում. ՙՈր օրը համարեցիք, որ դուք արդեն կայացել եք, այդ պահից ավարտվում է ձեր աճելու պոտենցիալը՚: Քանի որ դերասանի գործիքը իր մարմինն ու հոգին է, հետեւաբար, անընդհատ պետք է ներդրում անել ե՛ւ հոգեւոր աշխարհի, ե՛ւ ֆիզիկական պատրաստվածության առումով: Հետեւաբար, յուրաքանչյուր ուսանող պետք է հասկանա, որ կրթությունը չի սահմանափակվում ուսանողական 4 տարիների շրջանակներում, այն ներքին աշխատանքի անընդմեջ պրոցես է: Թատերական ինստիտուտը յուրաքանչյուր ուսանողին տալիս է մասնագիտական ներածություն, մնացածն արդեն յուրաքանչյուր անհատի ձեռքերում է:

- Այսօր ամեն երկրորդն իրեն ՙաստղ՚ է համարում, ըստ Ձեզ` ինչպե՞ս մնալ հասարակ մարդ` ունենալով ճանաչում:

- Չգիտեմ, անկեղծ ասած, ով է իրեն իրականում ՙաստղ՚ համարում, բայց կարծում եմ, որ ՙաստղ՚ կարող է կոչվել այն անհատը, ով միջազգային ճանաչում ունի եւ մնայուն արժեքներ է ստեղծում: Անշուշտ, այսօր ավելի հեշտ է դառնալ ճանաչված, բայց ճանաչելի լինելն ու հայտնիությունը բոլորովին տարբեր բաներ են: Ի վերջո, պետք է գիտակցել, որ ամենակարեւորը հանդիսատեսն է եւ այս պարագայում շատ ավելի կարեւոր է, որ էկրանից երեւացող արտիստը սիրված լինի հանրության կողմից: Ճանաչվածությունը հարաբերական հասկացություն է, բավական է` մի որոշ ժամանակ էկրանից անհետանաս, քո մասին իսպառ կմոռանան: Իսկ հասարակ մարդ մնալու համար պետք է գիտակցել, որ դու պարզապես անում ես քո աշխատանքը, որը պարզապես հանրության առջեւ է, ինչպես օրինակ բժշկին կամ դասախոսին ճանաչում են իրենց աշխատավայրի շրջանակներում, այնպես էլ արտիստին ճանաչում են հանրային շրջանակներում, մասնագիտության բերումով դերասանը աշխատում է հանրության համար:

- Ինչո՞ւ չեք նկարահանվում սերիալներում:

- Առայժմ ինձ լիովին բավարար է իմ այժմյան աշխատանքը: Երկարատեւ սերիալներում չեմ կարող խաղալ, թեկուզ ժամանակի սղության պատճառով, իսկ կարճամետրաժ ֆիլմերում մեծ հաճույքով կխաղամ: Ինձ համար կարեւոր է սցենարի ամբողջականությունը, մինչեւ չընթերցեմ ամբողջական սցենարը, չեմ ստանձնի այդ դերը:

sultan2- Բնավորության ո՞ր գիծն եք ավելի շատ գնահատում Ձեր ամուսնու մոտ:

- Առաքինությունը, ընտանիքին մեծ նվիրվածությունը, կայունությունը...

- Ինչ-որ բանի համար զղջո՞ւմ եք:

- Ոչ մի բանի համար չեմ զղջում: Կղզջայի այն դեպքում, եթե ինչ-որ բան ցանկանայի անել, բայց արած չլինեի:

- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում:

- Որակյալ` անկախ ոճից, բայց մի քիչ ինձ համար ծանր է hard-rock-ը:

- Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է հայ կինը, ի՞նչ կփոխեիք հայ կնոջ բնավորության մեջ եւ ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

- Ինձ իրավունք չեմ վերապահում հայ կնոջ բնավորության մեջ որեւէ բան փոխելու կամ խորհուրդ տալու, բայց կարծում եմ, որ հայ կինը համեմատած այլազգի կանանց, ամենաանձվերն է, չեմ վախենում այդ բառից` անձնուրացը: Հայ կինը մտածում է իր զավակների, հետո թոռների, ինչու չէ` նաեւ ծոռների մասին եւ կյանքի որոշակի մեծ ժամանակահատված կարծես մոռանում է իր անձի մասին: Իհարկե, միգուցե դա նախանձելի գիծ է այլ ազգերի տղամարդկանց համար եւ զուր չէ, որ նույնիսկ այլազգի տղամարդիկ նախընտրում են հայ կնոջ հետ ամուսնանալ: Հայ կնոջ պարագայում ավանդույթներն ավելի ուժեղ են, քան անհատական հոգեբանությունը: Իհարկե, ժամանակի ընթացքում շատ բաներ ձեւափոխվել են, բայց մեր նախապապերի ընտանիքներում, երբ ծնվում էր տղա զավակ, նրան կնքում էին ՙհայոց թագավոր՚ պիտակով` համարելով, որ տղան է օջախի ծուխը վառ պահողն ու շարունակողը, իսկ երբ ծնվում էր աղջիկ երեխա, արդեն իսկ մեծացնում էին տղամարդուն ծառայելու հոգեբանությամբ: Պարզապես կցանկանայի հայ կնոջը տեսնել, համարձակվում եմ ասել, մի փոքր եսասեր` չվախենալով որոշ չափով շեշտել նաեւ իր անձը, ժամանակ հատկացնել նաեւ իրեն, եւ ընտանիքի հոգսերի մեջ տարրալուծվելու փոխարեն` իր շուրջը կարողանա կառուցել իր պատկերացրած իրականությունը:

ՄԱՐԻՆԱ ՄԱՐՅԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում