livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

foto2Թերեւս լուսանկարիչն այն հրաշագործն է, ով ամենքին կարող է դարձնել արքայազն կամ արքայադուստր, իսկ երբեմն էլ` հրեշ: Լուսանկարիչ ՄԵԼԻՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ընտանիքում այս հրաշագործ մասնագիտությամբ զբաղվում են միանգամից երկու հոգի` ինքը եւ ամուսինը` ԱԼԲԵՐՏ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԸ: Հյուրընկալվելով լուսանկարիչների ընտանիքում` «Զարուհին» հենց լուսանկարչական գործունեության մանրամասների, գաղտնիքների եւ երազանքների մասին էլ զրուցեց մի շարք հայտնի ֆոտոշարքերի հեղինակ Մ. Պողոսյանի հետ:

- Մելինա, որպես մասնագիտություն` ինչո՞ւ հենց լուսանկարչությունն ընտրեցիք:

- Առաջին մասնագիտությունս եղել է հագուստի մոդելավորող, բայց ավարտելով այն` մի քանի տարի աշխատել եմ որպես գրաֆիկ-դիզայներ: Ժամանակի ընթացքում եկա այն եզրակացության, որ այս մասնագիտության պահանջարկը կա շուկայում, բացի այդ` հասկացա, որ հագուստի մոդելավորմամբ զբաղվելն ու առաջ գնալն ավելի բարդ կլինի, որովհետեւ դա մեծ ֆինանսների հետ է կապված: Չէ՞ որ հագուստի մոդելավորողը նախեւառաջ պետք է հավաքածուներ անի, դրանք բեմ հանի, ունենա պրոֆեսիոնալ մոդելներ… եւ այդ պատճառով էլ որոշել էի զբաղվել գրաֆիկ-դիզայների մասնագիտությամբ, մինչեւ կգտնեմ իմը: Հետո զգացի, որ դա նույնպես իմը չէ, եւ ես դրա մեջ հաճույք չեմ տեսնում: Իսկ ես, եթե մի բանից հաճույք չեմ ստանում, չեմ կարողանում երկար զբաղվել դրանով: Այնուհետեւ Ալբերտի հետ տարվեցինք լուսանկարչությամբ եւ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ ձեռք բերեցինք: Սա իմ սիրելի աշխատանքը դարձավ, որովհետեւ կարողանում եմ այն զգեստները, որոնք ստեղծել եմ հագուստի մոդելավորմամբ զբաղվելու ժամանակ, օգտագործել ֆոտոշարքերի ընթացքում ու ստեղծել ինչ-որ յուրահատուկ իսպանական, եգիպտական կերպարներ: Այնպես որ, լուսանկարչությունն այն աշխատանքն էր, որով ես եւ Ալբերտը սկսեցինք ե՛ւ հաճույք ստանալ, ե՛ւ գումար:

- Որքան էլ լուսանկարչությունը լինի աշխատանք, այն նույնպես ստեղծագործական միտք է պահանջում, իսկ դրա համար մուսա պե՞տք է:

- Իհարկե, մուսան շատ մեծ դեր ունի այս բնագավառում եւ անպայման պետք է: Բայց, երեւի թե, հագուստի մոդելավորման ժամանակ ավելի շատ է պետք այն, որովհետեւ, երբ դու նկարում ես ձեռքով, դա լրիվ ուրիշ է: Իսկ լուսանկարչության դեպքում, նույնիսկ երազում կարող եմ տեսնել կերպար` իմ ֆոտոշարքերի համար, եւ դա ժամանակ այդքան էլ չի պահանջում: Կամ կարող է մի գեղեցիկ ակնթարթ տեսնեմ ու անմիջապես անմահացնեմ ֆոտոխցիկով, մինչդեռ նույնը չեմ կարող անել հագուստի մոդելավորման ժամանակ: Ինչ խոսք, կցանկանայի վերադառնալ առաջին մասնագիտությանս, բայց այն համադրելով լուսանկարչության հետ:

foto1

- Լինելով առաջին հերթին հագուստի մոդելավորող` այն Ձեզ լուսանկարչական աշխատանքում չի՞ խանգարում: Չէ՞ որ լինելով մասնագետ, դժվար թե հանդուրժեք, որ լուսանկարվողի հագուստը ամենեւին ձեր սրտով չլինի:

- Ֆոտոշարքերի ժամանակ, եթե հագուստն իմ կողմից չէ մտածված, անպայման կվերանայեմ ու որոշ բաներ կհեռացնեմ, իհարկե, պատվիրատույի ցանկությամբ: Իմ աշխատանքով փորձում եմ գոհացնել հաճախորդին, բայց եթե ինչ-որ բան հնարավոր է փոխել, անպայման փոխում եմ իմ ճաշակով:

- Որպես կին լուսանկարիչ` ավելի հեշտ աշխատում եք տղամարդկա՞նց, թե կանանց հետ:

- Ճիշտն ասած` ես տարանջատում չեմ դնում: Փորձում եմ ամեն մեկին իր անհատական մոտեցումը ցուցաբերել: Տղամարդկանց հետ համեմատաբար քիչ եմ աշխատել, բայց տարբերություն չեմ տեսնում, ես անում եմ իմ աշխատանքը:

- Ինչպե՞ս կգնահատեք այսօր հայաստանյան լուսանկարչական ոլորտն ընդհանուր առմամբ:

- Պրոֆեսիոնալիզմ, իհարկե, կա, եւ դա նկատելի է, բայց միջազգային ստանդարտներից, ցավոք, մերոնք հեռու են: Ես եւ Ալբերտը մասնակցում ենք օնլայն վճարովի սեմինարների, որոնք վարում են աշխարհահռչակ լուսանկարիչները, եւ հետեւելով այդ դասընթացներին` զգում ես, որ այստեղ, կարծես, հետ են մնում: Նայում ենք այստեղի աշխատանքները ու այն, ինչ որ դուրսն են անում, նույնիսկ անհամեմատելի է: Շատ կուզենայի, որ մեզ մոտ էլ լուսանկարչությունն այդ մակարդակի բարձրանար, զարգանար: Այն լուսանկարչական դպրոցներում, որոնք մեզ մոտ կան, ամեն մեկն իր հացի փողի մասին է մտածում ու չեն ուզում, որ մեկն ավելի շատ իրենցից զարգանա, որովհետեւ արդեն մրցակցություն կլինի: Բայց, ինչու ոչ, թող նա էլ զարգանա, որ վաղը չէ մյուս օրն ասի` ես այսինչի մոտ եմ սովորել ու իմ պրոֆեսիոնալիզմի համար նրան եմ պարտական: Ինչեւէ, պետք է լավատես լինել:

- Ի՞նչ խորհուրդ կտաք նոր այս ոլորտն ընտրած կամ, ուղղակի, սիրողական մակարդակով լուսանկաչությամբ զբաղվողներին` ինչպե՞ս պետք է լուսանկարել:

- Բարդ է խորհուրդ տալը, որովհետեւ ամեն մեկն իր կերպարն ունի: Կարելի է նայել այդ կերպարին ու լուսանկարել այնպես, որ բնորոշվի նրա ուժեղ կամ թույլ կողմերը: Կարեւոր է, որ լուսանկարիչն անմիջապես հասկանա, թե տվյալ անձի ինչը պետք է ավելի ընդգծել, ինչը` թաքցնել: Միգուցե ինչ-որ մեկն ունի կոր կիթ եւ պետք է այնպես ցույց տալ լուսանկարում, որ այդ քիթն անգամ գեղեցիկ երեւա: Պետք է լուսանկարիչն ու լուսանկարվողը համագործակցեն միմյանց հետ, քանի որ յուրաքանչյուրի հետ պահանջվում է անհատական մոտեցում:

- Ձեր ընտանիքում մասնագիտական տարբերություն չկա, քանի որ կին ու ամուսին նույն աշխատանքով եք զբաղվում: Հետաքրքիր է` լինո՞ւմ են մասնագիտական կոնֆլիկտներ:

- Ո՛չ, միգուցե կատակի ձեւով փորձենք իրար ինչ-որ «նկատողություն» անել, բայց վեճեր չեն լինում: Մենք միշտ հարմոնիայի մեջ ենք` մեկս մի բան է ասում, մյուսը` լրացնում: Նույնիսկ սկզբում սովորեցնում էինք միմյանց, քանի որ ես գեղարվեստական մասնագիտություն ունեմ, Ալբերտը` տեխնիկական: Այնպես որ, տեխնիկան ու մշակույթը լրացրեցին միմյանց:

- Ի վերջո, ստեղծագործական բուռն աշխատանքի մեջ լինելով` ե՞րբ եք հասցնում զբաղվել Ձեր փոքրիկով, ընտանիքով:

foto- Շատ դժվար հարց է, քանի որ երեխան իմ կյանքի 90 տոկոսն է զբաղեցնում: Փորձում եմ հասցնել, որովհետեւ կինը ե՛ւ տնով պետք է զբաղվի, ե՛ւ երեխայով, ե՛ւ միեւնույն ժամանակ կարողանա մի փոքր ժամանակ տրամադրել իրեն, որ միշտ լինի նրբագեղ: Եվ այդ ամենին զուգահեռ` կինը պետք է իր հետաքրքրություններն ունենա, որովհետեւ կինն առանց հետաքրքրության` սկսում է թոշնել: Ինչքան էլ տխուր է հնչում, բայց կինն ավելի շուտ է մեծանում ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես, իսկ տղամարդիկ ինչպես ռուսն է ասում` հավերժ փեսացուներ են, մինչդեռ կնոջ ժամանակը սահմանափակ է: Դրա համար էլ պետք է հասցնել ամեն ինչ ու աշխատել ինչքան հնարավոր է` շատ:

- Ո՞րն է ձեր երազանքը` լուսանկարչական աշխատանքի հետ կապված:

- Առաջին հերթին ցանկություն ունեմ անձնական լուսանկարչական ստուդիա ունենալ, որովհետեւ դա շատ կարեւոր է: Անգամ եղել է, որ տանը ֆոտոշարք ենք արել մոդելների հետ, բայց դա այն չէ: Կուզենայի մեծ ստուդիա ունենալ, որտեղ մի հատվածը կլիներ նորաձեւության համար, մյուսը` լուսանկարչության, մի երրորդ տեղում էլ կլիներ նատյուրմորտ դրված: Դա կլիներ մի աշխատանքի վայր, որտեղ կկարողանայի մեկտեղել բոլոր այն բնագավառները, որին տիրապետում եմ ու սիրում:


Հարցազրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում