livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

Դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ 2005 թվականից աշխատում է Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Խաղացել է Սեդա՝ «Հրեշը լուսնի վրա», Դեզդեմոնա՝ «Տրակտատ թաշկինակի մասին», Մարի՝ «Վերջին ուսուցիչը», Օֆելյա՝ «…եւ օրինավոր բանտ», Ջուլիետ՝ «Ջուլիետ»,  էլիզա՝ «Էլիզա» ներկայացումներում: Մարիամը մասնակցել է միջազգային մի շարք թատերական հեղինակավոր  փառատոների (Լեհաստան, Գերմանիա, Կիպրոս, Մեծ Բրիտանիա, Մակեդոնիա, Ռուսաստան): 2010թ. «Օֆելյա», ըստ Ա. Վոլոդինի (բեմ. Հ. Ղազանչյան), մոնոներկայացմամբ հանդես է եկել հեղինակավոր «THESPIS» միջազգային թատերական փառատոնում: 2011թ. Մ. Ղազանչյանը արժանացել է «Արտավազդ» թատերական մրցանակի «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Էլիզայի դերի համար: Գարնան առաջին օրերին Մարիամը հանդիսականի դատին հանձնեց «Մարսել» մոնոներկայացումը, որի հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի դառն ապրումներն են: Ներկայացման առաջնախաղը կայացել է Մոսկվայի Պ. Ֆոմենկոյի անվան արվեստանոցում:

 

- Մինչ Մոսկվա գնալդ հուզվո՞ւմ էիր:

- Իհարկե, պատասխանատվությունը բավական մեծ էր, որովհետեւ բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչ դժվար բան է Մոսկվայում խաղալը, առավել եւս՝ Ֆոմենկոյի արվեստանոցի բեմում եւ ռուս հանդիսատեսի համար: Հուզմունքս շատ էր, պատասխանատվության մասին էլ չեմ խոսում, ու երբ առաջին ներկայացումը, թող գլուխ գովել չլինի, լավ անցավ, լավ ընդունվեց հանդիսականի կողմից, մի փոքր հանգստացա:

- Ասում են՝ այնքան էիր հուզվել, որ անգամ մոռացել էիր բեմադրող ռեժիսորին վերջում բեմ հրավիրել:

- Չէ, դա այդպես չէր: Դա եղավ 3-րդ ներկայացման ժամանակ: Առաջին երկուսին հրավիրել եմ ե՛ւ խորեոգրաֆին, ե՛ւ բեմադրիչին: Բանն այն է, որ երրորդ ներկայացման ժամանակ ինձ թվաց, թե բեմադրիչը (նկատի ունի հորը` Հակոբ Ղազանչյանին.- Վ. Մ.) չի ուզում բեմ դուրս գալ, որովհետեւ գնացել եւ ինչ-որ մութ՝ անտեսանելի տեղում էր կանգնել: Եվ ես նրան պարզապես չգտա:

- Իսկ ռուս հանդիսատեսը դուրդ եկա՞վ:

- Մարդկանց հետաքրքրում է թատրոնը: Օրինակ՝ ինձ ոչ ոք Մոսկվայում չէր ճանաչում, սակայն նրանց հետաքրքրել էր, թե ով է խաղալու, ինչ ներկայացում է եւ ով է այդ հայուհին, որ եկել է ու Ֆոմենկոյի բեմում հանդես է գալու: Բայց ինձ նաեւ ուրիշ բան զարմացրեց. 3-րդ զանգից հետո դահլիճում ձայն չկար, քար լռություն էր՝ ոչ հեռախոսազանգեր, ոչ բարձրաձայն մեկնաբանություններ: Քանի որ շատ մոտ էի հանդիսատեսին, ամեն ինչ նկատում էի: Այնտեղ ես փոքր բեմում հանդես եկա:

- Ի դեպ, երեւանյան առաջնախաղդ մեծ բեմում էր, հնարավո՞ր է՝ ներկայացումդ փոքր բեմ տեղափոխվի:

- Իհարկե, սկզբում որոշված էր, որ պետք է հանդիսականն էլ նստի բեմի վրա, եւ այդ կամերային տարածքում խաղացվի ներկայացումը: Ներկայացման ձեւաչափը այնպիսինն է, որ ցանկալի է՝ թվով քիչ  հանդիսատես լինի, այդպես շփումն էլ ավելի մոտ կլինի: Սակայն երեւանյան առաջնախաղի ժամանակ անհնարին էր կամերային տարածքում խաղալը, քանի որ ներկայացումը ընդգրկված էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում եւ խաղացվում էր փակման օրը. շատ մարդ ուղղակի չէր տեղավորվի փոքր բեմում: Բայց ամեն ինչ լավ անցավ:

- Իսկ մոնոժանրում քեզ արդեն լա՞վ ես զգում, հարմարվե՞լ ես:

- Որ անկեղծ ասեմ՝ իհարկե, էլի ինձ լավ եմ զգում, բայց խաղընկերոջ հետ խաղալը բոլորովին ուրիշ է: Մոնոժանրում, երբ մենակ ես լինում բեմի վրա, կոպիտ ասած, հա՛մ պետք է պայքարես, հա՛մ էլ այնպես անես, որ չձանձրացնես հանդիսատեսին: Մոնոներկայացումը մենամարտի նման մի բան է: Պետք է կարողանալ դահլիճ գրավել եւ լարված պահել հանդիսականին մինչեւ ներկայացման ավարտը: Դա շատ դժվար բան է, եւ ամեն անգամ պետք է հատուկ տրամադրվել:

- Ինչպե՞ս ես տրամադրվում: Աղոթքնե՞ր, խաչակնքվե՞լ…

- Չէ, նման բաներ չունեմ: Մոնոներկայացումից առաջ պարտադիր մեկ լիարժեք փորձ եմ անցկացնում: Եվ դա ինձ ավելի է էներգիա տալիս:

- «Մարսել» ներկայացման հետ զուգընթաց «Էլիզայի» փորձերն էին նշանակված, չէի՞ր հոգնում:

- Սկզբում նախ սկսեցինք «Էլիզայի» փորձերը: Եվ միայն ներկայացման առաջնախաղից հետո անդրադարձանք «Մարսելին»: Ու ես այդ պահին չէի զգում, որ շատ հոգնած եմ ու էդպես լիարժեք, ամբողջ ուժերով փորձ էի անում: Իսկ Մոսկվայում «Մարսելի» 4-րդ ներկայացումից հետո ամբողջովին «կորցրեցի» ձայնս եւ մկանային ցավեր ունեցա: Որոշ ժամանակ վատ վիճակում էի...

- Լիցքաթափվելու բաղադրատոմսեր չունե՞ս:

- Ոչ, այսինքն՝ չգիտեմ էլ, թե դերասանների համար դա որն է: Երբեք չեմ հետաքրքրվել, թե ինչ է պետք անել, որպեսզի, ասենք, ձայնը «չկորի», մկանային ցավեր չլինեն: Մի խոսքով, երեւի դա է իրականում դերասանների կյանքը, եւ դրան պետք է դիմակայել:

- Որքանո՞վ էր Մարիամ Ղազանչյանին մոտ Էդիտ Պիաֆի կերպարը:

- Էդիտ Պիաֆին ես ուսումնասիրել եմ դպրոցական տարիքից: Փակում էի սենյակիս դուռն ու սկսում երգել նրա երգերը: Ու առանց մտածելու, թե երբեւիցե կխաղամ այս դերը: Փորձեր էի անում, իբրեւ ես եմ Պիաֆը: Ու անկախ ինձանից՝ իմ ձայնը նմանեցնում էի նրա ձայնին: Հետո որոշեցինք բեմադրել այս ներկայացումը, ի դեպ՝ ո՛չ գրիմի, ո՛չ զգեստի, ո՛չ շարժումների առումով ոչինչ չենք արել, որպեսզի նմանվեմ Պիաֆին: Բայց Մոսկվայում հայտնի թատերագետներից շատերը նմանություններ գտան թե՛ ձայնի, թե՛ արտաքինի, թե՛ շարժումների մեջ:

- Նաեւ գիտեմ, որ բեմական շարժումներդ բավական բարդ էին:

- Ամենաբարդը վերջինն էր, երբ բարձրանում եմ Էյֆելյան աշտարակի վրա: Բանն այն է, որ պարաններից պատրաստված աշտարակը ճոճվում է, ոնց ամրացնում էինք՝ շատ ձիգ չէր լինում: Թեպետ հաղթահարեցի: Խորեոգրաֆ Արինա Արարատյանը տասն անգամ իջնում-բարձրանում էր, հետո նոր ես էի փորձում: Երեւանում, երբ բարձրացա, մի ոտքս սայթաքեց, եւ ես մտածեցի, որ կընկնեմ, բայց պահեցի ինձ: Ամեն բան էլ հաղթահարելի է, եթե աշխատում ես ինքդ քեզ վրա:

- Բեմում մեկ ժամից ավելի մի կնոջ պատմություն ես ներկայացնում՝ լի տրագիզմով, կին, որ սիրել է: Ծանո՞թ են քեզ նման խենթ զգացմունքները:

- Ընտրեցինք երգչուհու կյանքի այն էտապը, երբ նա կորցրեց իր սիրեցյալին: Ըստ ռեժիսորի՝ Պիաֆի կյանքը բաղկացած է երկու էտապից՝ մինչ Մարսելի մահը եւ Մարսելի մահից հետո: Եվ դա այն կարեւորագույն փաստն էր իր կյանքում, որը մինչ օրս նշվում է թե՛ ֆիլմերում, թե՛ իր մասին հաղորդումներում: Ինչ վերաբերում է Պիաֆին, Մարսելի մահից հետո նա ամուսնացել է, բոլորս գիտենք այդ մասին, բայց շարունակել է սիրել Մարսելին: Ինչ վերաբերում է ինձ, բնականաբար, սիրո թեմաները բոլորիս են հետաքրքրում, բոլորս էլ ուզում ենք դա բեմում ցույց տալ, խաղալ այդ մասին: Բայց Պիաֆի սիրո զգացմունքներն արտահայտելը բավական բարդ էր, բավականաչափ գրքեր եմ կարդացել, որ այդ սիրո մասին «հասկանամ»:

- Կյանքում եղե՞լ է դեպք, երբ փորձել ես ինչ-որ մեկին մոռանալ:

- Շատ արագ եմ վճիռ կայացնում եւ աշխատում եմ շուտ մոռանալ: Թեպետ բնավորությամբ այնպիսին եմ, որ ծանր եմ ամեն ինչ տանում, բայց տարիների ընթացքում «դաստիարակվել» եմ:

- Գուցե մեծացե՞լ ես:

- Նաեւ դա: Փորձում եմ ավելի սառը դատել:

- Հերոսուհիդ հոգեհմայություններով էր զբաղվում, որպեսզի մոռանա սիրելիին, իսկ դու փորձե՞լ ես երբեւէ «հոգի կանչել»:

- Երբեք, հոգեհմայության մասին իմացա, երբ անդրադարձանք Պիաֆին: Նման բաների չեմ հավատում:

- Իսկ սուրճի մրուրով գուշակությունների՞ն:

- Դպրոցական տարիներին աղջիկներով հավաքվում էինք, բաժակները «շուռ տալիս» ու ասում՝ վա՜յ, մեծ քթով տղա է գալու կամ երկար մազերով, ասում-խոսում, ծիծաղում էինք: Բայց իրականում չէինք հավատում դրան: Ինձ նման բաները չեն ձգել: Փոքր ժամանակ երազկոտ էի շատ: Գիշերը կարող էի պառկել ու ինչ-որ բանի մասին երազել:

- Իրականանո՞ւմ էին երազանքներդ:

- Պատահել է` իրականացել է...

- Նարեի` դստերդ հետ «փոքրանալ» գիտե՞ս:

- Այն էլ ինչպես եմ փոքրանում: Մեկ-մեկ ծնողներս ցանկանում են մեզ երկուսիս էլ «տնից հանել»: Տարբեր շորեր ենք հագնում, դիմահարդարվում, խաղեր ենք խաղում, շատ անգամ՝ համակարգչով: Հետո սկսում ենք կռվել, թե ով պետք է խաղա` ե՞ս, թե՞ ինքը:

- Ո՞վ է հաղթում:

- Բնականաբար, Նարեն:

- Մայր-դուստր հարաբերությունները ո՞նց են ընթանում:

- Շատ լավ: Մեկ-մեկ լինում է, որ բարկանում եմ, բայց հիմնականում հասկանում ենք իրար: Համենայն դեպս, Նարեն ինձ ենթարկվում է:

- Ներկայացումներիդ գալի՞ս է:

- Անպայման: Անգամ դիտողություններ է ինձ անում, որ «Էլիզայում» ես լավ չխաղացի, եւ որ ինքը, երեւի, մյուս անգամ ստիպված կլինի խաղալ իմ փոխարեն: Ավելին, սիրահարված է մեր թատրոնի դերասաններից Գրիշային. «Հեյ, քեզ հետ եմ, բարեւ» ներկայացման պրեմիերայի օրը (երկու հոգով ենք այդ ներկայացումը խաղում) վերջում այսպիսի բան եղավ. կանգնած բեմում՝ տեսա՝ աղջիկս ծաղիկներով բարձրանում է բեմ, սակայն ծաղկեփունջը ինձ չհասավ, նա այն հանձնեց Գրիշային (ծիծաղում է.- Վ. Մ.):

- Դերասանուհի՞ է լինելու, թե՞...

- Անկեղծ ասած, չեմ ուզում: Անգամ մտածում էի տանել նրան պարի խմբակ, բայց հիմա գնալով հասկանում եմ, որ դա էլ չեմ ուզում: Ինքը պայծառ երեխա է եւ շատ արտիստիկ: Աղջիկների համար պրոբլեմատիկ է դերասանի մասնագիտությունը, տղաների համար՝ նույնպես:

- Փոշմանե՞լ ես, որ այս ուղին ես ընտրել:

- Երբեք, թեպետ տանը չէին թողնում, որ ընդունվեմ թատերական ինստիտուտ: Հորս հետ միշտ կոնֆլիկտ եմ ունեցել այդ հարցում: Նա ցանկություն ուներ, որ լեզուներ սովորեմ: Արդեն համակերպվել էի,  որոշեցի ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Սակայն երբ այդ մասին եկա ու ասացի հորս, նա ասաց. «Ոչ, ավելի լավ է ընդունվիր թատերական»: Ծնողներս են մեղավոր. 3,5 տարեկանում ինձ բեմ հանեցին, թող չհանեին, ես էլ չէի «հիվանդանա»: Առաջին անգամ բեմում հայտնվեցի Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգերը» ներկայացման մեջ՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնում: Ասմունքում էի ֆրանսերենով եւ ինչ-որ պար էի պարում: Վերջում միշտ ծաղիկներ էի ստանում: Տխրում էի, եթե հանդիսականը ինձ ծաղիկներ չէր նվիրում: Ի դեպ, Գյումրիում հանդիսականը նախկինում միշտ ծաղիկներով էր գալիս: Եթե ծաղիկներ դահլիճից չէի ստանում, ապա դերասանուհիները իրենց ծաղիկներից մեկական ծաղիկ էին հավաքում ու նվիրում ինձ:

- Ծաղիկներին, «բռավոներին» հավատո՞ւմ ես:

- Սովորական հանդիսականի դեպքում իհարկե հավատում եմ: Պրեմիերաներն ավելի զուսպ են լինում, ավելի խիստ: Մեկ-մեկ մարդիկ ամաչում են «բռավո» գոռալ:

- Հարցազրույցներիցդ մեկում ասացիր, որ հայրիկիդ հետ հեշտ ես հիմա աշխատում:

- Այո, վաղուց չկան հայր-դուստր հարաբերություններ: Դա եթե լիներ, ապա կլիներ ոչ պրոֆեսիոնալ եւ կխանգարեր ինձ բեմում: Շատ սխալ եմ համարում, որ ազգականները իրար հետ աշխատելիս չեն մոռանում, որ ազգական են: Օրինակ՝ եթե ես չմոռանամ, կբարդութավորվեմ հորս ներկայությունից: Եղել Է, որ «Հրեշը լուսնի վրա» ներկայացման փորձերին, տարիներ առաջ, շատ եմ լաց եղել: Նախ՝ սովոր չէի հորս հետ աշխատել եւ հետո՝ սկսնակ էի: Հայրս այնպես էր ինձ վրա բղավում բոլորի մոտ, որ ես լաց էի լինում:

- Իսկ մայրդ՝ դերասանուհի Լ. Ղեւոնդյանը, քննադատո՞ւմ է քեզ:

- Նա ավելի զուսպ է, քան հայրս: Հենց դրա համար Մոսկվայում հորս ասացի, որ հետնաբեմում հանկարծ չկանգնի: Նա շատ լարված է լինում ու էմոցիոնալ մարդ է: Մայրս սխալներիս մասին տանն է ասում: Ամենախիստ քննադատս պապիկս է` Երվանդ Ղազանչյանը: «Մարսել» ներկայացման մասին, ինձ համար էլ զարմանալի էր, բայց լավ խոսեց:

- Քննադատներդ շատ են, փաստորեն:

- Այո, այդպես է ստացվել: Միայն տատիկս` Գալյա Նովենցն է, որ միշտ իմ կողմից է լինում: Շուտով, ի դեպ, գալու է:

- Ասում են, շատ նման ես նրան:

- Այո, բոլորն են ասում: Երբ նրա լուսանկարներն եմ նայում, շատ նման գծեր եմ գտնում, ինչը ինձ շատ ուրախացնում է:

- Տատիկի դերերից ո՞րն ես շատ սիրում:

- «Մեր մանկության տանգո» ֆիլմը: Այնտեղ նա ինձ համար ուրիշ է:

- Բացի թատրոնից էլ ինչո՞վ ես առօրյադ լցնում:

- Արդեն երկար տարիներ վոկալ եմ պարապում իմ շատ սիրելի Արմանուշ Լեւոնովնայի մոտ: «Մարսել» ներկայացման ժամանակ էլ նա իմ կողքին էր: Ջազ երգեր եմ երգում: Ունեմ հորեղբորս երգերից մի քանի ձայնագրած երգ:

- Հնարավո՞ր է` քեզ այլ ամպլուայի մեջ տեսնել:

- Ինձ շատ անգամ ասում էին՝ ինչո՞ւ երգչուհի չդարձար: Ինձ չի ձգում այդ արվեստը: Մինչ ինստիտուտ ընդունվելը պարի մեջ էի «խորացել», բայց դա էլ կրկին իմը չէր: Փոքր տարիքում ուզում էի կարատեի գնալ՝ չտարան:

- Պարզ է, մեքենա վարո՞ւմ ես:

- Ոչ, «ցրված» եմ բնավորությամբ, վախենում եմ ինձ «խփեն» կամ  էլ ես «խփեմ»: Տանը կտրականապես արգելել են:

- Կենցաղային գործերում կա՞ս:

- Իհարկե, աման եմ լվանում, լվացք եմ անում, երբեմն էլ համեղ ճաշեր եմ պատրաստում… Խոհանոց սիրում եմ:

- Համադամասե՞ր ես:

- Ավելի շատ պատրաստել եմ սիրում, քան ուտել: Հատկապես ինձ մոտ լավ են ստացվում աղցանները: Երբեք չեմ հետեւել հատուկ սննդակարգի: Պատահել է` գիշերը արթնացել եմ ու մի լավ հաց ու յուղոտ թթվասեր եմ կերել:

- Գեղեցիկ լինելուդ գաղտնիքը ինչո՞ւմն է կայանում:

- Կարծում եմ՝ դա մի քիչ մարդու բնավորությունից է գալիս: Առհասարակ, կներեք, եթե մարդ «նեխած» է ու «նամռոտած», չեմ կարող նման մարդու մեջ գեղեցկություն տեսնել: Պարտադիր չէ՝ դիմագծերը գծված լինեն: Ես ինքս էլ թերություններ ունեմ: Երբ մարդը շփվող է լինում, ժպտում է, մարդամոտ է, բարի է, արդեն գեղեցիկ է:

 

Զրուցեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում