livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

Այս խորագրի ներքո այս անգամ զրուցելով երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ` փորձեցինք բացահայտել հայ կնոջ կերպարը: Ըստ Շուշանի, հայ կնոջ կերպարը ե՛ւ հարուստ է, ե՛ւ տարբեր, այնքան պարզ ու միեւնույն ժամանակ` բարդ:

 

- Հայ կնոջ կերպարը միայն տարազով չի սահմանափակվում:

- Իհարկե, ես խոսում եմ այն հայ կնոջ մասին, որը 90-ականների սկզբում, պատերազմի տարիներին առանց լույսի, առանց որեւէ նորմալ պայմանի նույն հյուրասերն էր ու նույն հոգատարը: Իջնում էր, առաջին հարկից դույլերով ջուրը բարձրացնում մինչեւ 16-րդ հարկ, ճաշը պատրաստ էր, հնարավորինս փորձում էր տունը տաք պահել: Երեխաների օգնությամբ պատուհաններին պոլիէթիլենային տոպրակներ էր փակցնում, որովհետեւ ամուսինն արդեն պատերազմում էր: Երբ լույսը գալիս էր, անկախ ժամից` արթնանում, ճաշերը, լվացքը միանգամից անում: Ո՞ր մեկն ասեմ. բոլոր այդ կանայք խոնարհման արժանի են: Սկսեմ այն մայրերից, որոնք որդիներին ուղարկեցին պատերազմ: Եվ այն կանայք, որոնք իրենց ջերմությամբ ու լուռ համբերատարությամբ տարան այս ամենը: Եթե տան սյունը տղամարդն է, ապա այդ սյունն ամուր պահողը կինն է:

- Իսկ այսօրվա հայ կնոջ կերպա՞րը:

- Այսօրվա կինը, աղջիկը, օրիորդը ինձ համար այդ ամենի մեջ օտար եւ անըմբռնելի է: Այն փորձը` դառնալու եվրոպական, ինձ համար ծիծաղելի է, որովհետեւ ամենամեծ պատիժ, քան հայը եվրոպական այդ խառնուրդով, որտեղ աշխարհի բոլոր իմաստնություններն ու փիլիսոփայություններն են ստեղծվել, այն աշխարհում, որտեղ ապրում ենք, չկա: Եվ նման հարուստ պատմությունից հրաժարվել հանուն գլամուրային չափանիշների` ինձ համար ցածր քայլ է: Ես ապրում եմ դրանով եւ բավականին պճնամոլ եմ, քանի որ թիթիզ բառը չեմ ուզում ասել, բայց դա ինձ համար դոմինանտ լինել չի կարող, որովհետեւ նախեւառաջ ես հայ եմ, իմ երեխաները պետք է գեղեցիկ հայերեն խոսեն, որովհետեւ ամոթ չէ գեղեցիկ հայերեն խոսելը, այլ տգեղ է հայերեն չխոսելը: Ամոթ է, երբ խառնվում են ռուսական բառեր, երբ ռուսերեն չես սովորում եւ Չեխովի քանդակն ես հանում: Դրա հետ մեկտեղ շատ նպատակասլաց մայրեր կան, որոնք զավակների համար ամեն ինչ տալիս են, որ լավ կրթություն ստանան: Մայրեր կան, որոնց մոլուցքը երեխաներին այնպիսի անուններ տալն է եւ որպես կանոն, այդ անունները, Սյուզի են, Էլեն, Իռեն, որոնք շատ նորաձեւ են, «մամաներն» են այդպես ուզում: Իրենց թվում է, որ դրանով իրենց երեխան եվրոպական է ծնվել, ինչը ծիծաղելի է: Օրինակ` ի՞նչ վատ անուն է Լիլիթը, Անահիտը, Աստղիկը, Նարեն, Մանեն: Քաղքենիություն չեմ սիրում: Կանանց սիրում եմ, որովհետեւ ես այդ երամից եմ, բայց չեմ սիրում մինչեւ վերջին նշույլը կենցաղին կուլ գնացած կանանց: Մաքրությունը` մաքրություն, դա, նորմալ երեւույթ է եւ առանձնապես աղաղակելու հարց չէ, քանի որ դա պիտի այդպես էլ լինի, բայց դա չի կարող լինել ինքնանպատակ:

- Ասում են` այսօր կանայք դարձել են կին-տղամարդ:

- Ցավոք սրտի, կա այդ դժբախտությունը, դա թույլ տղամարդու առկայություն է: Ոչ մի ուժեղ տղամարդ դա թույլ չի տա` անկախ իր վաստակելուց: Ուժեղ տղամարդու կողքին որեւէ ամենուժեղ կին իր ուժը չի գերագնահատի եւ ի հայտ չի հանի աշխարհին: Չեմ կարծում, թե դա գովելի առկայություն է, որ կինն անընդհատ նշում է, թե ինքն ուժեղ է: Առավել վուլգար արտահատություն, քան տղամարդ-աղջիկն է ինձ համար չկա: Կան տղամարդիկ եւ կան կանայք, կան որսորդներ եւ կան որս կանայք, սիրուհիներ, մայրեր, ընկերուհիներ, սա ուրիշ բան է, ես այդ հարմոնիան չեմ սիրում, որ թաքցնում են: Ես ազատամիտ մարդ եմ, ամեն ինչ հասկանում եմ եւ հարգում դիմացինի ազատությունը, բայց իմ բնությամբ ես այդ հարմոնիայի համար ապրող եւ ծառայող եմ:

- Ասում են` կնոջից է գալիս, որ ամուսինը սիրուհի է ունենում:

- Դրա պատճառ կարող են լինել կենցաղին կուլ գնացած կանայք: Շատ անգամ էլ այն մայրերը` սկեսուրները, որոնք իրենց որդուն ստիպում են ամուսնանալ եւ այն զոքանչները, որոնք ուզում են, որ իրենց աղջիկը` էնքան, որ ամուսնանա: Որպես կանոն` այդ ամուսնություններից շատերը տապալվում են: Կա մի երեւույթ, որ սիրուհի ունենալը պարտադիր է, տղամարդիկ կան, որ չեն ուզում, բայց պետք է ընկերուհի ունենա, որովհետեւ ընկերները կարող են վրան ծիծաղել: Կա նաեւ շատ կարեւոր մի հանգամանք. դա սերն է: Ես զենքերս վայր եմ դնում, եթե դա սիրո խնդիր է, բայց եթե դա սպորտ է, չեմ հասկանում, որովհետեւ մինչեւ ամուսնությունը սպորտի հնարավորություններն անսպառ են: Ասում են` դա անխուսափելի է, լավ, այդ դեպքում ուրեմն թող տղամարդն այնքան խելացի լինի, որ նույնիսկ մի նշույլով չվիրավորի կնոջը:

- Սովորաբար երեխաների դաստիարակության խնդիրը ծնողները մեկը մյուսի վրա են գցում: Եթե մի բան էլ այնպես չի լինում, ամուսինը մեղադրում է կնոջը:

- Այստեղ կարեւոր փաստ կա. հայրը պետք է ընկեր լինի իր  զավակների համար: Երեխան առհասարակ պետք է երկխոսության գնա ծնողի հետ: Նրա առաջին հիմքը մայրը պետք է լինի, որովհետեւ երեխան գոնե 12 տարի մորը կպած է: Ծնողները երբեք չպետք է խնդիրներից խոսեն երեխաների ներկայությամբ: Նույնիսկ վեճերը, որոնք նորմալ են եւ անխուսափելի ցանկացած ընտանիքում, պետք է լինեն ոչ երեխաների ներկայությամբ: Բացառվում է, որ ես եւ ամուսինս որեւէ խնդիր երեխաների  ներկայությամբ քննարկենք: Երեխան պիտի երջանիկ մեծանա: Ծնողից շատ բան է կախված, որպեսզի երեխան վաղը չդառնա հանցագործ, սրիկա, չդառնա տականք, պորտաբույծ ու սրբություն չճանաչող մեկը: Դա մայրական ջերմության պակաս ունեցող երեխաներն են: Սակայն միեւնույն երեխան կարող է ջերմությունը ստանալ մորից, բայց հոր ամբարտավան վերաբերմունքը տեսնելով` միեւնույն է, կխախտվի բնությունը, հարմոնիան: Դրա համար սիրում եմ կանանց, որովհետեւ գիտեմ, թե ինչքան ուժեղ պետք է լինի ամենաթույլ արարածը, որ կինն է, եւ ինչքան իմաստուն պետք է լինի նա: Եվ հետո` երեխա ունեցող կինը պետք է պատրաստ լինի ոչ թե միայն առաջին տարին բարուրներ սովորելու, կաթերի չափերն իմանալու. այդ ամենը գիտենք, սրտի թրթիռով եմ հիշում երեք ժամը մեկ կերակրելը: Շատ կարեւոր է այդ երկու տարիների փուլը, կարեւոր է 12-17 տարեկանը` երեխայի կայացման տարիքը: Այդ տարիքն ավելի պարտավորեցնող է, քանի որ այն երեխայի զարգացման համար կարեւոր շրջան է: Հետո է բարդ, երբ պետք է հաշվի առնես մի կարեւոր բան, որ քո առջեւ ոչ թե քո երեխան է եւ քո կլանն ու կլոնն, այլ հասուն մարդ, չի կարելի կոտրել երեխայի անհատականությունը, պիտի հաշվի նստես նրա հետ առաջին օրվանից: Օրինակ` ես տանն ունեմ երկու տարբեր անհատականություն, երկուսն էլ սարսափելի տարբեր, որ տեսնում եմ, նվաղում եմ, ամեն մեկը տարբեր մոտեցում է պահանջում: Այն, ինչ որ Գրիգորիկի հետ էի, հիմա չեմ կարող Գագիկի հետ վարվել: Գրիգորիկը մեքենային ասում էր «բուդալիկ», իսկ սա ասում է «աբտո»: Նա սիրում էր «Դինոզավր» մուլտը, Գագիկը սիրում է «Տաչկին»: «Դինոզավրը» շատ կարեւոր է, որովհետեւ նաեւ պատմական է: Գրիգորի համար միշտ խելացի խաղալիքներ էի ընտրում, հեքիաթներ էի հորինում, ասենք, բարության մասին: Հրեշիկ Ջիջիի մասին մի հեքիաթ էի հորինել, որ Գրիգորս մինչեւ հիմա հիշում է ու ասում է` մամ, այնքան եմ կարոտում այդ հրեշիկի հեքիաթը: Թե ինչպես անտառում հրեշիկ Ջիջին օգնում էր եղնիկին, նապաստակին ու սկյուռիկին:

- Իսկ Գագիկի համար չե՞ք հորինել հեքիաթ:

- Գրիգորիկիս խորհրդով պատմեցի նրան, բայց շատ չսիրեց, երկու անգամ լսեց միայն. նա մեքենաներով է տարված:

- Գուցե տարիքային տարբերությո՞ւնն է, այդ տարիներին Գրիգորին հետաքրքրել է, իսկ Գագիկին` ոչ: Հիմա երեխաները շուտ են հոգնում:

- Չեմ կարծում, որովհետեւ ես չեմ չափազանցնում, բայց մի տարի ութ ամիս ամեն օր «Դինոզավր» մուլտն եմ նայել: Ի՞նչ մնաց դրանից. Գրիգորը սարսափելի շատ սիրում է նկարել, ես փոքրուց զբաղվում էի նրա գեղագիտական ճաշակը ձեւավորելով: Երբ օրորոցի մեջ նրան պառկացնում էի, ամեն անգամ դնում էի տարբեր կողքերի վրա: Ես ունեմ գլխաշորերի մեծ հավաքածու, խալիներ, որ կողմ գնում էի, ընտրում էի էնպիսի մի տեսարան, որպեսզի գեղեցիկ լինի երեխայի համար: Այսինքն` նաեւ վիզուալ դաստիարակություն է անհրաժեշտ նրան: Երաժշտությունն ի սկզբանե եղել է գրագետ. Բախ, Շոպեն, ջազային փոքրիկ մեղմ կոմպոզիցիաներ: Ջազն իր մեջ խնդիր ունեցող երաժշտություն է, պետք է փորձես հասկանալ: Կամ փորձելով հաճախ չի ստացվում, բայց ինչ-որ բան զգում ես, իսկ դրա համար պետք է իրեն սկսես մատուցել թեթեւ կոմպոզիցիաներից մինչեւ ավանգարդ ջազ: Գրիգորը, որը մեծացել է դասական երաժշտության ջազային կոմպոզիցիաներով եւ առհասարակ լավ երաժշտության ներքո, ունի միախնդրություն: Հավակնություն է տալիս ռոք երաժշտությանը, եթե ես նրան սնում եմ ինֆորմացիայով, հին դասական ռոքային կոմպոզիցիաներով, ինձ ներկայացնում է, ասելով` նայի, մամ, սա էլ կա: Մենք ընկերություն ենք անում, բայց իր մոտ հիմա դժվար տարիք է, կարող է վիճել ինձ հետ, ես կարող է իրեն նյարդայնացնեմ: Անցյալ օրն ասում եմ` Գրիգոր, կարծես ես փոքրանում եմ, դու` մեծանում: Անհատականություն ձեւավորելու տարիքն է, նաեւ շատ շուտ կարծես սկսվել է սիրահարվածության տարիքը, որովհետեւ ասաց, որ աղաբլիթ պատրաստեմ իր համար: Եվ երբ առավոտյան քննարկում էինք, ասաց. «Էլի չտեսա»:

- Ինչպե՞ս եք անում, որ նրան հեռու պահեք վատ շրջապատից:

- Եթե երախային ի սկզբանե սովորեցնես, որ գերխնդիրն ու գերագույն ձեռքբերումը մեքենան, հագուստը, ոսկին եւ բջջային հեռախոսը չեն, այլ հետաքրքիր զրուցակիցը, լավ գրքերը, լավ խաղերը, ուղեղի աշխատանքն ու լավ հաղորդումները, նա գտնում է իր նմանին: Նա ունի 3-4 ընկեր դասարանում, դասարանից դուրս, որոնք իմ ընկերներն են` իրենից տարիքով մեծ, որոնց հետ նա անկեղծ ընկերություն է անում: Հիմա կվախենամ ասել, որ ես շատ գոհ եմ, որ ես լավ եմ պահել: Կարող եմ հպարտանալ, որ իմ երեք տարեկան երեխան անծանոթ կնոջ հետ դուք-ով է խոսում: Դա ես պարզապես ձեռքբերում եմ համարում: Ուրախ եմ, որ իմ մեծը Հայր Մերը ինձ հետ ասում է հավասար: Երբ գնում էի ճամփորդության ու նրան վերցնում էի հետս, միշտ օդանավ նստելիս ունեմ այդ սովորությունը, հենց պիտի սկսվի թռիչքը, ես աղոթում եմ, որովհետեւ Աստծուն ես վստահում: Եվ մի անգամ տեսա, որ նա ինձ հետ հավասար Հայր Մերն ասում է: Հիմա փոքրի վրա պիտի աշխատենք, որ նա էլ սովորի, եթե կարողանանք պոկել նրան մեքենաներից: Միշտ ամուսինս հումորով ասում է. «Այ բալա, հո վուրկանիզատոր չե՞ս դառնալու»: Բայց ինչ ուզում է, թող դառնա, առաջին հերթին թող առողջ եւ լավ մարդ դառնա:

- Ժամանակին զբաղվել եք գեղանկարչությամբ, իսկ կուզենայի՞ք, որ Գրիգորը դառնար գեղանկարիչ:

- Ինձ թվում է` արդեն նա այդպես էլ դառնալու է: Կենտրոնացած էր աշխարհում ընդունված այդ կոմիկսների նկարների վրա: Այդ ժամանակ ես կարծեցի` գուցե սա միայն պլակատային արվեստով ավարտվի, բայց պապիկի պորտրետն է նկարել: Տատիկին, ինձ է նկարում, ծաղրանկարներ է անում, բայց նկարում է անընդհատ ու անվերջ:

- Իսկ Դո՞ւք:

- Վերջին երկու տարին չեմ նկարում, բայց ազատ ժամանակ հենց ունենում եմ, սովյալի նման եմ նկարում, խանդով եմ վերաբերվում, որ չեմ կարողանում նկարել:

- Կգա՞ մի օր, որ ցուցահանդեսով հանդես գաք:

- Ցուցահանդես կանեմ, երբ ունենամ հինգ հարյուր աշխատանք, որոնցից լավագույն 150-ը կընտրեմ:

- Հիմա քանի՞սն են:

- Չեմ կարող ասել, եւ հետո` չեմ կարող ցուցահանդես անել ուղղակի ցուցահանդես անելու համար: Այն պետք է լինի շատ լավ: Ժամանակին ունեցել եմ ցուցահանդես Երգի պետական թատրոնում, շատ լավ պատրաստված էի, զուգահեռ իմ մենահամերգն էր:

- Շուշան, ժամանակը հերիքո՞ւմ է լինել տանը, աշխատանքում:

- Այո, դա այնքան գերագույն հաճույք է, երբ հասցնում ես ամեն ինչ եւ երբեք չես դառնում կենցաղի գերի: Զզվում եմ, երբ ասում են` արվեստագետն ընտանիք պիտի չունենա: Սուտ է, գերագույն հաճույք է լինել կին, մայր, տանտիրուհի եւ քո մասնագիտության մեջ, դրանք բոլորն իրար լրացնում են: Ես գիտեմ մի բան, որ նույնիսկ իմ ճաշ պատրաստելը արվեստի նման է: Սովորական նախաճաշն էլ, երբ մատուցում ես, չի կարող լինել ընթրիք: Այսինքն` դրա մեջ էլ պետք է  հոգի, արվեստ, գույն, ճաշակ: Կենցաղն ինձ կյանքում կուլ չի տա: Դա չի նշանակում, որ ես հեռու եմ այդ ամենից: Լավ լվացք անելը կյանքում չի կարող ինձ համար դոմինանտ դառնալ, լվացք անելիս պիտի լավ անես: Կամ այն ցուցադրական լվացքները, որ փռում էին նախկինում, եւ նախ` ինչո՞ւ են մինչեւ հիմա փողոցում փռում: Ես սկզբունքորեն լվացքի պարան չեմ դրել, պատշգամբում հարմարանք ունեմ լվացքի համար:

- Շուշան, ինչպե՞ս եք վերաբերվում խանդին:

- Առհասարակ խանդը թուլության նշան է: Եթե անգամ խանդում ես, դա գալիս է սիրո հետ, նորմալ է: Փորձեք կոծկել, ցույց չտալ, դա ձանձրացնում է: Ի վերջո, դու էլ ես սկսում քեզանից զզվել: Ավելի ազատ, հանգիստ վերաբերվեք, որ նույնիսկ տղամարդը դա չտեսնի: Խանդը լավ բան է, բայց պիտի լուռ խանդես, հումորի վերածելով, որովհետեւ մեկ-մեկ այնքան անսպասելի իրավիճակներ են լինում, որ սկսում ես խանդել լրիվ ուրիշ արարածի, որին ամուսինդ կամ սիրած տղամարդը չէր նկատել, որից հետո սկսում է արդեն խորանալ ու ուշադրություն դարձնել: Այսինքն` դրա մեջ էլ պետք է չափ եւ զգացողություն ունենալ: Ինքնազոհ կանայք բոլորովին ակտուալ չեն: Ակտուալ է լուռ եւ համբերատար կինը, այն կանայք, որոնք չեն կորցնում իրենց կանացիությունը: Ուզում եմ, որ հայ կանայք լինեն միշտ խնամված, կանացի: Ինչպե՞ս կարող է սեր եւ գրգիռ առաջացնել անիծող, փնթի կանայք: Բայց կան, չէ՞, մեզանում այդպիսիք: Ուզում եմ, որ հայ կանանք սիրված լինեն:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում