livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 12, 2020

Թարմ եւ գեղեցիկ տեսք ունենալ ցանկանում են բոլոր կանայք ու աղջիկները: Շատ հաճախ ընկերուհիներն առաջարկում են օգտվել իրենց քսուքներից, բայց միշտ չէ, որ դրանք համապատասխանում են Ձեր մաշկին: Դրա համար նախ պետք է իմանալ, թե ինչպիսի մաշկ ունեք: Ուստի հետեւեք ներքոնշյալ խորհուրդներին:

 

ՆՈՐՄԱԼ ՄԱՇԿ ներկայումս հանդիպում է շատ հազվադեպ: Եթե դուք պատկանում եք այն երջանիկների թվին, որոնք կարող են հպարտանալ մաշկի նորմալ տեսակով, ապա բոլոր ջանքերը գործադրեք` այն պահպանելու, եւ խուսափեք, ամենից առաջ այն չորանալուց: Նորմալ մաշկի վրա հատկապես վատ ազդեցություն է թողնում արեւի ճառագայթների չափից ավելի  երկարատեւ եւ ուժգին ներգործությունը, ինչպես նաեւ սպիրտի բարձր պարունակությամբ դեմքը մաքրող հեղուկ օգտագործելը:

 

ՆՈՐՄԱԼ ՄԱՇԿԻ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԽՆԱՄՔ: Մաշկը պետք է սկզբում թարմացնել հով, իսկ ապա առավել սառը ջրով: Եթե ջուրը շատ կոշտ է, ապա այն  անհրաժեշտ է փափկացնել բորակով կամ խմելու սոդայով: Լվացվելիս կարելի է օգտագործել օճառ: Այնուհետեւ դեմքը պետք է սրբել լոսյոնով տոգորված բամբակե բամբակախծուծով: Վերջապես, դեմքի մաշկին պետք է քսել  խոնավացնող կամ կիսաճարպոտ կրեմ:

 

ՆՈՐՄԱԼ ՄԱՇԿԻ ԵՐԵԿՈՅԱՆ ԽՆԱՄՔ: Դեմքը պետք է մաքրել մաքրող կաթով (մալաչկո) կամ մաքրող կրեմով, ապա նորից սրբել մաքրող կաթով: Դրանից հետո մատների բարձիկներով թեթեւակի թակող շարժումներով  մաշկին քսել սնուցող կրեմի շերտ:

Շաբաթը մեկ անգամ  պետք է դնել ձվի դեղնուցից պատրաստված դիմակ: Սովորական դիմակի փոխարեն կարելի է պատրաստել նաեւ սնուցող կրեմով կամ որեւէ այլ դիմակ, որը հարմար է նորմալ մաշկի համար:

 

ՉՈՐ ՄԱՇԿԸ կարիք ունի սիստեմատիկ խնամքի. առանց այդպիսի խնամքի այն շատ արագ եւ ժամանակից շուտ ծերանում է: Չոր մաշկն անհրաժեշտ է պաշտպանել արեւի ուղիղ ճառագայթների ազդեցությունից, չի կարելի այն ճառագայթահարել կվարցային լամպով, օգտագործել բարձր քանակությամբ սպիրտ պարունակող լոսյոն, ճարպազուրկ կրեմներ: Անհրաժեշտ է պաշտպանել չորացնող գործոնների ազդեցությունից, որն է, օրինակ, շատ տաք կամ շատ սառը ջուրը:

 

ՉՈՐ ՄԱՇԿԻ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԽՆԱՄՔ: Սկզբում դեմքը պետք է ցայել սենյակային ջերմաստիճանի փափկացրած ջրով կամ երիցուկի եփուկով, ապա քսել քիչ սպիրտ պարունակող լոսյոն: Վերջապես, մաշկին պետք է մատների բարձիկներով թեթեւակի թփթփացնելով քսել խոնավացնող կրեմ կամ խոնավացնող էմուլսիա: Շատ չոր մաշկի դեպքում այդ շերտի վրա խորհուրդ է տրվում քսել եւս մեկ շերտ ճարպոտ կրեմ: Դեմքը գուներանգելու համար պետք է օգտագործել ճարպի բարձր պարունակությամբ գուներանգող պատրաստուկ: Առավել հարմար է այդ նպատակի համար ջրիկ Make up:

 

ՉՈՐ ՄԱՇԿԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՆԱՄՔ: Սկզբում դեմքը եւ պարանոցը պետք է մաքրել մաքրող կրեմով կամ մաքրող կաթով (մալաչկո), այնուհետեւ մեկ անգամ եւս սրբել մաքրող կթով: Դրանից հետո մաշկին պետք է մատների բարձիկներով թեթեւակիորեն թակելով քսել չոր մաշկի համար նախատեսված կրեմ: Չոր մաշկը կարիք ունի կանոնավորապես սնվելու եւ հարստանալու ճարպանյութերով: Ելնելով դրանից` չոր մաշկի դեպքում անհրաժեշտ է օգտագործել վիտամիններով հարուստ խոնավացնող եւ սնուցող կրեմներ: Շաբաթը մեկ անգամ խորհուրդ է տրվում չոր մաշկի վրա դնել մեղրի, կաթնաշոռի կամ որեւէ այլ հարմար դիմակ: Չոր մաշկի դեպքում օգտակար է ժամանակ առ ժամանակ անցկացնել, այսպես կոչված, կաթնային կուրս, որի էությունն այն է, որ 14 օրվա ընթացքում պետք է ամեն օր լվացվել կովի հում կաթին մի քիչ ջուր ավելացրած հեղուկով: Չոր մաշկի դեպքում օգտակար ազդեցություն է թողնում հարուստ սնունդը, որը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A (ձուկ, կաթ, թթվասեր), ինչպես նաեւ բանջարեղեն, որոնք վիտամին C-ի հետ միասին պարունակում են նաեւ վիտամին A (կաղամբ, լոլիկ, գազար):

 

ՃԱՐՊՈՏ ՄԱՇԿՆ ունի այն առավելությունը, որ ծերանում է դանդաղ: Սակայն ճարպոտ մաշկի դեպքում խնամված երեւալու համար պետք է խստորեն հոգ տանել մաշկի մասին, հետեւել ստամոքսաաղիքային համակարգի գործունեությանը, վարել բանական եւ առողջ ապրելակերպ եւ բավական երկարատեւ գտնվել մաքուր օդում: Ճարպոտ մաշկի վրա բարերար է ազդում նաեւ չափավոր արեւայրուքի ենթարկվելը: Սննդակարգում պետք է սահմանափակել ճարպոտ, կծու եւ թթու կերակրատեսակներն ու հացեղենը:

 

ՃԱՐՊՈՏ ՄԱՇԿԻ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԽՆԱՄՔ: Առավոտները դեմքը պետք է լվանալ տաք ջրով ու ձեռքի կամ էլ բժշկական օճառով` ձեռքերով կամ փափուկ խոզանակով (դրա համար օգտագործել կոշտ խավավոր թաթպան խորհուրդ չի տրվում): Այնուհետեւ դեմքին եւ պարանոցին պետք է քսել մաքրող կաթ: Դրանում պարունակվող սպիրտը պետք է հասնի միչեւ 20%-ի: Դրանից հետո մատների թեթեւակի շարժումներով պետք է քսել պաշտպանական կրեմ` այդ դեպքում հաշվի առնելով մաշկի ճարպոտության աստիճանը, այն է` ճարպազուրկ, կիսաճարպոտ, իսկ որոշ դեպքերում նաեւ խոնավության: Դեմքի գունաներկման համար պետք է օգտագործել ճարպոտ մաշկի համար նախատեսված գուներանգի պատրաստուկ:

 

ՃԱՐՊՈՏ ՄԱՇԿԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՆԱՄՔ: Դեմքը պետք է լվանալ ծծմբային ախտահանիչ կամ ձյութօճառով, սառը ջրով ցայել, ապա լրացուցիչ մաքրել առավել բարձր (30%) սպիրտ պարունակող լոսյոնով: Ճարպոտ մաշկի համար նախատեսված լոսյոնին ավելացնում են զանազան բուժանյութեր, որոնք նեղացնում են ծակոտիները: Վերջապես մաշկին քսվում է կիսաճարպոտ սնուցող կրեմ կամ բույսերի լուծամզվածք պարունակող մաքրող կաթ (մալաչկո), իսկ որոշ դեպքերում ` միայն մանկական բուսական յուղ: Դեմքի մաշկի բորբոքված տեղերին քսվում է հականեխիչ կրեմ:

Շաբաթը մեկ կամ երկու անգամ խորհուրդ է տրվում անել դեմքի շոգեբաղնիք` հաջորդելով կորյակների հեռացմանը: Դրանից հետո օգտակար է դեմքին դնել սովորական դիմակ:

 

ԽԱՌԸ ՄԱՇԿ ունեցող կանանց մեծ մասը բուժագործությունը հեշտացնելու համար խնամում է ամբողջ դեմքը եւ պարանոցը միեւնույն պատրաստուկով: Սակայն մաշկի ճիշտ խնամքը պահանջում է նկատի առնել կոնկրետ տիպի մաշկի տարբեր մասերի վրա չոր եւ ճարպոտ մաշկի համար համապատասխան պատրաստուկների կիրառում:

 

ԽԱՌԸ ՏԻՊԻ ՄԱՇԿԻ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԽՆԱՄՔ: Առավոտները դեմքը պետք է լվանալ սենյակային ջերմաստիճանի կամ սառը ջրով: Մաշկի ճարպոտ տեղերը պետք է մշակել չափավոր ձգելու ազդեցությամբ լոսյոնով (լոսյոնի մեջ սպիրտի պարունակությունը չպետք է գերազանցի 6%-ը), մաշկի մյուս տեղամասերի (քթի, ճակատի, կզակի մոտ) վրա օգտագործում են կամ մաքրող կաթ (մալաչկո), կամ խոնավացնող, կամ էլ կիսաճարպոտ կրեմ: Make up-ի համար պետք է օգտվել գունաներկման պատրաստուկներից էմուլսիայի ձվով: Սակայն հիմնական կրեմի վրա` դիմափոշու տակ, կարելի է քսել նաեւ չոր ներկեր:

 

ԽԱՌԸ ՏԻՊԻ ՄԱՇԿԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՆԱՄՔ: Դեմքը եւ պարանոցը կարելի է  մաքրել մաքրող կաթով (մալաչկո), այնուհետեւ մաշկի ճարպոտ մասերը  պետք է լրացուցիչ սրբել մաքրող կաթով (մալաչկո), իսկ չոր մասերին` սնուցող ճարպոտ կրեմ:

Շատ լավ ազդեցություն է թողնում դեմքի վրա ոչ շատ տաք ջրով ամենօրյա շոգեբաղնիքների կիրառումը` հետագայում կորյակները հանելը հեշտացնելու համար: Մաշկի չոր մասերի համար օգտակար է պատրաստել չոր մաշկի  համար նախատեսված սնուցող դիմակներ, իսկ ճարպոտ տեղերին դնել ճարպոտ մաշկի համար նախատեսված դիմակներ:

 

ԾԵՐԱՑՈՂ ՄԱՇԿԻ նկատմամբ պետք է խնամք տանել կանոնավորապես: Առանձնապես պետք է ուշադիր հետեւել, որպեսզի այդպիսի մաշկի վրա չազդեն արտաքին միջավայրի ջրազրկող եւ ճարպազրկող գործոնները, քանզի ծերացող մաշկը արդեն չի կարող պահպանել բնական խոնավությունը: Ելնելով դրանից` այն խնամելու համար պետք է օգտագործել ճարպային, սնուցող եւ խոնավացնող նյութերի առավել բարձր պարունակությամբ կոսմետիկական պատրաստուկներ: Օգտակար է վերականգնողական, վիտամիններով հարուստ, ինչպես նաեւ զանազան բուսական լուծամզվածքներ, կոլագեն կամ ալբոմին պարունակող  կրեմների օգտագործումը:

 

ԾԵՐԱՑՈՂ ՄԱՇԿԻ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԽՆԱՄՔ: Սկզբում դեմքը պետք է լվանալ սենյակային ջերմաստիճանի փափկացրած ջրով, ապա քսել սնուցող կամ խոնավացնող կրեմ: Դրա համար պետք է օգտագործել էմուլսիայի նման ճարպոտ կրեմներ:

 

ԾԵՐԱՑՈՂ ՄԱՇԿԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՆԱՄՔ: Դեմքը եւ պարանոցը պետք է մաքրող կրեմով  կամ կաթով (մալաչկո) լավ մաքրել, ապա մաշկին քսել հատուկ սնուցող կրեմ: Շաբաթը մեկ-երկու անգամ խորհուրդ է տրվում դնել սնուցող դիմակներ: Ծերացող մաշկի վրա լավ է ազդում անձրեւի տակ զբոսնելը:

Էնպես որ, սիրելի կանաք եւ աղջիկներ, ստույգ իմացեք Ձեր մաշկի տեսակները, հետեւեք Ձեզ եւ եղեք միշտ ներկայանալի:

Հայթայթեց եւ ներկայացրեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում