livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

Գեղեցկության եւ առողջության համար պետք է հոգալ ամեն օր եւ պարբերաբար: Անհրաժեշտ է վերահսկել սեփական քաշը, սնվել նպատակահարմար, կանոնավոր զբաղվել մարմնամարզությամբ, քնել բավականաչափ շատ:

 

Ասում են` «Չկան տգեղ կանայք, կան միայն կանայք, որոնք չեն կարող իրենց գեղեցկացնել»:

Ոչ բոլորն են կոսմետիկային վերաբերվում դրականորեն: Կան նաեւ այնպիսիք, որոնք ժխտում են այն, քանզի միայն «կոսմետիկա» բառը նրանց հիշեցնում է աչք ծակող եւ անճաշակ ներկված կնոջ: Սակայն եթե բոլոր նրանք, ովքեր ժխտում են կոսմետիկան, գիտակցեն, որ դա ոչ միայն դեմքի, մազերի, եղունգների մասին հոգալն է, այլ նաեւ ամբողջ մարմնի, այսինքն` պահպանեն մարմնի թարմությունը, մաքրությունը եւ ընդհանուր առողջությունը, ապա, անկասկած, կփոխեն իրենց կարծիքը:

Կինը պետք է ունենա առողջ, խնամված տեսք եւ կարողանա շահավետ կերպով ընդգծել սեփական արժանիքները եւ թաքցնել արտաքին թերությունները: Հենց դրանում էլ նրան պետք է օգնի կոսմետիկան: Այն, ինչը նախկինում համարվում էր միայն որոշակի դասակարգի առավելություն, ներկայումս հասանելի է յուրաքանչյուր կնոջ: Ավելին` այն դարձել է յուրաքանչյուր կնոջ համար գործնականորեն անհրաժեշտություն: Մեզանից յուրաքանչյուրն այժմ ունի իր գեղեցկությունը ցույց տալու եւ այն պահպանելու բոլոր հնարավորությունները:

Յուրաքանչյուր կին, ունենալով գեղագիտական զգացում եւ ցանկանալով պահպանել իր մաշկի տեսքը, պետք է ձեռք բերի հիմնական գիտելիքներ մաշկի եւ էպիդերմիսի (ենթամաշկի) մասին: Մաշկի մասին հիմնական տեղեկությունների շարքում նա պետք է կարողանա ճիշտ որոշել իր մաշկի տեսակը եւ վիճակը. այդ գիտելիքներն անհրաժեշտ են ճիշտ կոսմետիկական խնամք կատարելու համար, քանզի ամեն մի կոսմետիկական միջոց եւ եղանակ չէ, որ ընդունելի է ցանկացած մաշկի համար: Այս գիտելիքների բացակայության կամ դրանք սխալ կիրառելու դեպքում հնարավոր է անհամապատասխան խնամքի պատճառով մաշկին վնաս պատճառվի: Ելնելով դրանից անհրաժեշտ է ծանոթանալ մաշկի էության կառուցվածքի եւ գործունեության հիմնական տվյալների հետ, կարողանալ տարբերել կոսմետիկական տեսանկյունից մաշկի տեսակները եւ ճիշտ որոշել սեփական մաշկի տեսակը: Ծախսած ժամանակը եւ ներդրված ջանքերը հետագայում ձեզ շռայլորեն կփոխհատուցեն:

Նորմալ, առողջ մաշկին մեծ մասամբ ուշադրություն չի դարձվում: Վիճակագրական տվյալները, սակայն, վկայում են այն մասին, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ մարդու մոտ նկատվում են ավելի կամ պակաս արտահայտված մաշկի թերություններ: Հաճախ մաշկի այդ «մանր» թերություններին բավականաչափ ուշադրություն չի դարձվում հատկապես երիտասարդ տարիքում: Սակայն այդ անփութությունը կարող է պատճառ դառնալ, որ ժամանակի ընթացքում այդ թերությունները ընդհանրապես չբուժվեն: Դրա հետ կապված` ծնողները, հատկապես մայրերը, պետք է լրջորեն վերաբերվեն դեռահասների, հատկապես աղջիկներին, մաշկի` առաջին հայացքից ամենասովորական թվացող թերություններին: Մաշկային այդպիսի մանր թերությունները շատ են` սկսած, կորյակներից, մանր բշտիկներից, պզուկներից, թարախաբորբերից, վերջացրած էկզեմայով ու մաշկային ծանր հիվանդություններով:

 

ԻՆՉՊԵՍ ԴԵՄՔԻՆ ԿՐԵՄ ՔՍԵԼ

 

Կրեմը անպայման պետք է դեմքին քսել որոշակի ուղղություններով: Ճակատին կրեմը քսվում է երկու ձեռքի մատներով ներքեւից վերեւ` քունքերի ուղղությամբ: Աչքերի շուրջ կրեմը պետք է քսել հետեւյալ կերպ. սկզբում կրեմը պետք է թեթեւակի հպումով քսել աչքերի տակ, իսկ ապա մատների բարձիկներով թեթեւակիորեն թփթփացնելով մտցնել մաշկի մեջ: Այտերին պետք է կրեմ քսել եւ մերսել` սկսելով քթից` քունքերի ուղղությամբ: Շրթունքների շուրջը կրեմը քսվում է այսպես` սկզբում այն դրվում է կզակի մեջտեղը, իսկ ապա դեմքի կողմնային մակերեսի ուղղությամբ: Պարանոցի վրա կրեմը պետք է քսել մեջտեղը, ապա տարածել նրա կողմնային մակերեսի ուղղությամբ վերեւ:

 

ՄԱՇԿԻ ԽՈՐԸ ՄԱՔՐՈՒՄ

 

Կոսմետիկական համապատասխան միջոցներով կանոնավորապես մաշկի ամենօրյա մաքրման եւ խնամքի հետ մեկտեղ դեմքի մաշկը անհրաժեշտ է շաբաթը մեկ անգամ լավ մաքրել: Խոսքը, այսպես կոչված, մաշկի խորը մաքրման մասին է: Թեեւ այս արարողությունը կարելի է անել տնային պայմաններում, այդուհանդերձ, եթե կա հնարավորություն, ավելի լավ է օգտվել կոսմետոլոգի խորհուրդներից: Ինքնուրույն հնարավոր չէ ճիշտ դուրս հանել կորյակները, եւ, բացի դրանից, դրանք հանելիս մաշկը թեթեւակիորեն վնասվում է: Մաշկի խորը մաքրման հիմնական արարողություններից մեկը համարվում է դեմքի շոգեբաղնիք ընդունելը: Ճարպոտ մաշկի դեպքում դեմքի խորը մաքրում պետք է կատարել միայն երկու շաբաթը մեկ, քանզի կորյակները հանելով` ակտիվացնում են ճարպագեղձերի գործունեությունը:

Չոր եւ շուտ գրգռվող մաշկի խորը մաքրում չի կարելի անել ամիսը մեկ անգամից ավելի: Ի դեպ, շոգեբաղնիքները այդ մաշկի դեպքում պետք է տեւեն 2-3 րոպեից ոչ ավելի: Մաշկի վրա լայնացած մազանոթների առկայության դեպքում շոգեբաղնիքներ ընդհանրապես պետք չէ անել: Դեմքի մաշկը պետք է փափկացնել միայն կոմպրեսներով:

 

ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս Է ՇՈԳԵԲԱՂՆԻՔՆ ԱԶԴՈՒՄ ԴԵՄՔԻ ՄԱՇԿԻ ՎՐԱ

 

Գոլորշին փափկացնում եւ լավացնում է մաշկի արյան շրջանառությունը, ուժեղացնում է քրտնարտադրությունը եւ ճարպագեղձերի արտազատությամբ ու միաժամանակ լայնացնում ծակոտիները: Ջրի մեջ բուժաբույսեր ավելացնելու դեպքում գոլորշին մաշկի վրա նույնպես թողնում է բուժական եւ ախտահանիչ ներգործություն: Շոգեբաղնիքից հետո կորյակները շատ ավելի հեշտ են հեռացվում: Բացի դրանից, դիմակները, մերսումը, նախապես շոգեբաղնիք ընդունելուց հետո, ավելի արդյունավետ են ներգործում դեմքի վրա:

 

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԿԱՏԱՐԵԼ ՄԱՇԿԻ ԽՈՐԸ ՄԱՔՐՈՒՄ

 

Սկզբում դեմքը եւ պարանոցը անհրաժեշտ է մաքրել մաքրող կրեմով կամ կաթով (մալաչկո): Կաթսայի մեջ լցնել մի բուռ երիցուկի կամ եղեսպակի ծաղիկներ, վրան ավելացնել 1-2 լիտր եռացրած ջուր եւ դեմքը պահել ամանում գոյացած գոլորշու վրա` գլուխը ծածկելով սրբիչով` գոլորշու կորստից խուսափելու համար: Շոգեբաղնիքի տեւողությունը կախված է դեմքի մաշկի տեսակից, այն է` ճարպոտ մաշկի դեպքում արարողությունը պետք է տեւի ամենաշատը 10 րոպե, խառը մաշկի դեպքում` 5 րոպե, իսկ չոր մաշկի դեպքում` 2-3 րոպեից ոչ ավելի: Շոգեբաղնիքից հետո պետք է դեմքը լավ չորացնել եւ կորյակները հանել: Դրանից հետո դեմքը եւ պարանոցը պետք է ցայել սառը ջրով: Դեմքի շոգեբաղնիք անելուց հետո պետք է գոնե 20 րոպե հանգստանալ: Այդ ժամանակ օգտակար է դեմքին քսել դիմակ, դիմակ փաթաթան, կամ մաշկի մեջ մատների բարձիկներով սնուցող որակյալ կրեմ մտցնել:

Պատրաստեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում