livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Արեգակնային ճառագայթումը, օդի ջերմությունը, խոնավությունը, ինչպես նաեւ սնունդը ազդում են ձեր մաշկի վրա: «Զարուհի» ամսագրի ընթերցողներին կոսմետոլոգ ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ առաջարկում է առավել հետեւողական լինել  մաշկի նկատմամբ, հատկապես ամառային շոգ եղանակային պայմաններում` իհարկե, հաշվի առնելով նաեւ մաշկի տեսակն ու առանձնահատկությունները: Սիրելի կանայք ու աղջիկներ, փորձեք խնամել ու պահպանել Ձեր մաշկի երիտասարդությունն ու թարմությունը տնային պայմաններում: Տիկին Անահիտը խորհուրդ է տալիս հայ կանանց ու աղջիկներին. «Ամռանը կարելի է օգտագործել ոչ միայն ծաղիկների, այլ նաեւ մրգերի ու բանջարեղենի դիմակներ, որոնք հրաշալի մաքրում, սնուցում ու փափկեցնում են մաշկը: Ցանկալի է, որ դիմակներ դնելուց առաջ, մինչ խյուսը քսելը, ընդունեք պառկած ու հանգիստ դիրք: Իսկ մինչ դիմակը քսելը անհրաժեշտ է նախապես դեմքը լավ լվանալ»:

Նախքան դիմակներից օգտվելը տիկին Անահիտը զգուշացնում  անպայման պետք է հաշվի առնել Ձեր մաշկի տեսակը.

 

ՄԱՇԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

ՆՈՐՄԱԼ ՄԱՇԿԸ առաձգական է, պրակտիկորեն ծակոտիները չեն երեւում: Նորմալ մաշկի խնամքը հեշտ է:

ՉՈՐ ՄԱՇԿԻ ճարպի արտադրանքը քիչ է: Այդ մաշկը բարակ է, քիչ ծակոտկեն, գունատ է, ինչը Ա վիտամինի պակասության եւ հորմոնալ խանգարումների արդյունք է: Լասյոնն ու դիմափոշին առավել չորացնում են այս տեսակի մաշկը:

ՅՈՒՂՈՏ ՄԱՇԿԸ լինում է խորը ծակոտիներով: Հորմոնալ, նյարդային, ստամոքսային եւ այլ խանգարումներից մաշկը կարող է դառնալ յուղոտ:

 

ՄՈՐՈՒ ԴԻՄԱԿ

Մորին ունիվերսալ կոսմետիկայի միջոց է: Նորմալ մաշկի դեպքում մորու հյութից դիմակներ կարելի է դնել շաբաթը երկուսից երեք անգամ: Ճարպոտ ու լայնացած ծակոտիներով մաշկի համար խյուսը պատրաստեք մորու տրորած պտուղից ու ձվի հարած սպիտակուցից: Եթե մաշկը չոր է, մորուն ավելացնում եք մեղր կամ կաթի սերուցք: Դիմակը դեմքին 20 րոպե թողնելուց հետո լվանում եք ջրով եւ զգուշորեն չորացնում սրբիչով:

 

ԵԼԱԿԻ ԵՎ ՍԵՎ ՀԱՂԱՐՋԻ ԴԻՄԱԿ

Ելակն ու սեւ հաղարջն օգտագործում են մաշկը ճերմակացնելու, պիգմենտային բծերն ու պեպենները վերացնելու համար: Հատապտուղները տրորելով` քսում եք մաշկին, պահում 20 րոպե ու լվանում:

 

ՎԱՐՈՒՆԳԻ ԴԻՄԱԿ

Վարունգի դիմակը օգտագործվում է մաշկի բոլոր տեսակների համար: Քերիչով անցկացնում եք վարունգը, ապա 2 թեյի գդալ վարունգի հյութին խառնում 1 ձվի սպիտակուց: 20 րոպե թողնելուց հետո լվանում:

 

ԳԱԶԱՐԻ ԴԻՄԱԿ

Գազարի դիմակը օգտակար է ճարպոտ եւ ճարպակետիկներով, ինչպես նաեւ գունատ ու թոշնած մաշկի համար: Երկու գազարը լավ լվանալուց հետո քերել ու խառնել 1 ձվի սպիտակուցի կամ կաթի ու մի քիչ օսլայի հետ: 20 րոպե թողնում եք դիմակը դեմքին, հետո լվանում սառը ջրով:

 

ԴԻՄԱԿՆԵՐ ԲԾԵՐԻ, ՊԵՊԵՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՔՈՒՐ ԴԵՄՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԴԻՄԱԿ

1 հում մաքրած եւ քերիչով անցկացրած կարտոֆիլին ավելացնում եք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ, 1 ճաշի գդալ թարմ կաթ եւ նշի թեփ, խառնում այնքան`  մինչեւ խյուս դառնա: Այն պետք է դեմքին թողնել 20 րոպե, ապա լվանալուց հետո  մաշկին քսել համապատասխան սնուցող կրեմ:

 

ՄԵՂՐԱԿԻՏՐՈՆԱՅԻՆ ԴԻՄԱԿ

1 կիտրոնի հյութը բամբակով խառնել 2 գդալ ջրիկ մեղրին: Խառնուրդը թանզիֆով 2-3 անգամ տոգորել դեմքին, ընթացքում զանգվածը 15-20 րոպե տեւողությամբ փոխարինել ուրիշներով: Խառնուրդը սառնարանում կարելի է պահել 7 օր:  Այն կարելի է օգտագործել է 15-20 անգամ, անգամ մի քանի օր ընդմիջումով` կախված մաշկի տանելիությունից: Եթե մաշկը չոր է, ապա նախապես քսեք ճարպոտ կրեմ:

 

ԽՆՁՈՐԻ ԴԻՄԱԿ

1-2 մաքրած խնձորը անցկացնել քերիչով: Եթե մաշկը չոր է, խնձորին ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ կամ կաթի սերուցք, իսկ ճարպոտ մաշկի դեպքում` 1 ձվի սպիտակուց: Դիմակը դեմքին ու պարանոցին պահել 20 րոպե:

 

ԼԱՍՅՈՆ` ՄԱՇԿԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1,5 լիտր ջրում 2 թեյի գդալ նանան եռացնել 2 րոպե, ավելացնել մրգաքացախ, քամել եւ ավելացնել 2 ճաշի գդալ վարդաջուր: Ստացված զանգվածը լցնել մութ տարայի մեջ:

 

ԼԱՍՅՈՆ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

Մեկական ճաշի գդալ կալենդուլայի, երիցուկի թուրմի, անանուխի եւ եզան լեզվի զանգվածին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր եւ 30 րոպե պահել փակ վիճակում: Այս լասյոնին կարելի է ավելացնել կարտոֆիլի ալյուր եւ օգտագործել որպես դիմակ: Դիմակը 20 րոպե դեմքին պահելուց հետո լվանալ սառը ջրով:

 

ԴԻՄԱԿ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ՄԱՇԿԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԵՎ ՏՈՆՈՒՍԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

ԹԹՎԱՍԵՐՈՎ ԵՎ ԿԱԹՆԱՇՈՌՈՎ

Մեկական ճաշի գդալ թարմ թթվասերը, կաթնաշոռը եւ մեկ թեյի գդալ կերակրի աղը խառնել այնքան, մինչեւ ստացվի համասեռ զանգված: Դեմքին քսելուց հետո թողնել 15-20 րոպե, որից հետո լվանալ տաք, ապա սառը ջրով: Դիմակը օգտագործել շաբաթը 1-2 անգամ` 4-6 շաբաթ տեւողությամբ:

 

ԴԻՄԱԿ` ԿՆՃԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երկու ճաշի գդալ մեղրը տաքացնել գոլորշու վրա, ավելացնել երկու ճաշի գդալ ալյուր եւ մեկ ձվի սպիտակուց: Լավ հարել, քսել դեմքին: 30 րոպե հետո լվանալ տաք, ապա սառը ջրով:

ԶՐՈՒՑԵՑ ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

 

Հ.Գ. Սիրելի կանայք եւ աղջիկներ, գեղեցիկ ու խնամված մաշկ ունենալու համար, դիմակներից օգտվելուց բացի, շատ կարեւոր է տարին մի քանի անգամ դիմել կոսմետոլոգի` մաշկի մաքրում կատարելու համար: Միայն դեմքի մաքրումից հետո  դիմակները կարող են առավել արդյունավետ խնամք ապահովել` պահպանելով Ձեր մաշկի երիտասարդությունն ու թարմությունը:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում