livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

dimak1Դիմակ կարելի է դնել շաբաթը մեկ կամ երկու անգամ` կախված մաշկի տեսակից: Ըստ իրենց ազդեցության` դիմակները բաժանվում են  մի քանի տեսակների:

ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ

Այս դիմակները վերացնում են մաշկի կարմրությունը եւ գրգռվածությունը. դրանք ունեն ճարպային հիմք եւ զգայուն մաշկի համար են:

 

ԲՈՒԺԱԿԱՆ ԴԻՄԱԿՆԵՐ

Սրանց հիմքը բուսական լուծամզվածքն է. օգտագործվում են  կորյակների, բորբոքային գործընթացների,  պզուկների եւ մաշկի այլ վնասվածքների դեպքում:

 

ՀԻԴՐԱՏԱՑՆՈՂ (ԽՈՆԱՎԵՑՆՈՂ) ԴԻՄԱԿՆԵՐ

Այս դիմակները դրական ներգործություն են ունենում ամենից առաջ մաշկի արյան շրջանառության վրա. դիմակները նախատեսվում են ոչ առաձգական, թորշոմած մաշկի համար:

 

ՏՈՆՈՒՍԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ

Սրանք, այսպես կոչված, արդյունավետ դիմակներ են, որոնք հարթեցնում են կնճիռները եւ միաժամանակ լավացնում մաշկի արյան շրջանառությունը:

 

ՁԳՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ

Այս դիմակները ձգում են ճարպագեղձերի ծորանները (ծակոտիները):

 

ՓՐՓՈՒՐԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ

Քառասուն տարեկանից բարձր տարիքի կանայք այս դիմակները կարող են օգտագործել ամեն օր: Դիմակը ներծծվում է մաշկի մեջ, ուստի այն պետք չէ հատուկ հանել: Չներծծված մնացորդները կարելի է մերսել մաշկին կամ անձեռոցիկով հանել:

 

Դիմակները պետք է օգտագործել` հաշվի առնելով մաշկի տեսակը` զգայուն, նորմալ, ճարպոտ, չոր եւ ծերացող: Դիմակը կարելի է ձեռք բերել պատրաստի տեսքով կամ պատրաստել թարմ մթերքներից, որոնք գործնականորեն կան յուրաքանչյուրի տանը: Պատրաստի դիմակ օգտագործելիս պետք է խստորեն պահպանել պիտակի ցուցումները: Դիմակներ ընտրելիս եւ քսելիս պետք է առաջնորդվել հետեւյալ հիմնական կանոններով.

1. Մազերը չթրջվելու համար դրանք պետք է գլխաշորով ծածկել:

2. Նախքան դիմակը դնելը` դեմքի մաշկը անհրաժեշտ է սկզբում մաքրել մաքրող կրեմով կամ մաքրող կաթով: Դիմակն արդյունավետորեն է ազդում, եթե մաշկի ծակոտիները նախապես մաքրված են շոգեբաղնիքի կամ կոմպրեսի միջոցով:

3. Աչքերի շուրջը, շրթունքները եւ վահանաձեւ գեղձը պետք է մնան բաց, քանզի դիմակը այդ տեղերում քսելը հակացուցված է:

4. Աչքերին դրվում են սենյակային  ջերմաստիճանի բորաջրում թրջված բամբակախծուծներ: Դիմակը չի կարելի քսել աչքերի շուրջը:

5. Կրեմանման եւ թանձր դիմակները քսածածկվում են  դեմքին փայտե թիակով, դոնդողանման դիմակները` վրձինով:

6. Դիմակը քսածածկելուց հետո պետք է պառկել` ոտքերը վեր բարձրացրած, եւ լիակատար կերպով թուլանալ. կարելի է մի քիչ պառկել լոգարանում. գոլորշու շնորհիվ դիմակը մաշկի վրա կազդի ավելի լավ:

7. Խանութից գնված դիմակ օգտագործելիս պետք է խստորեն պահպանել ազդեցության  նշված տեւողությունը: Սովորաբար դիմակը դեմքի վրա պետք է պահել 5-ից 30 րոպե:

8. Մաշկի վրա լավ ազդեցություն է թողնում երիցուկի եփուկը, որը քսածածկվում է կրեմանման դիմակի վրա այդ եփուկով տոգորված թանզիֆով:

9. Դիմակը հանվում է դեմքից սենյակային ջերմաստիճանի ջրում թրջված լաթի կտորով կամ ջրում լավ տոգորված բամբակախծուծով: Այդ դեպքում չի կարելի տրորել եւ ձգել, ընդ որում, նույնիսկ այն ժամանակ, երբ դիմակի թանձր մնացորդները ծակոտիներից դժվարությամբ են հեռացվում: Նման դեպքում պետք է սպասել, մինչեւ դիմակը սենյակային ջերմաստիճանի ջրով փափկի: Դիմակը հանելով` դեմքը պետք է անպայման սառը ջրով ցայել:

10. Դիմակը հանելուց հետո մաշկին պետք է քսել սնուցող կամ խոնավեցնող կրեմ` կախված դեմքի մաշկի տեսակից:

11. Դիմակից հետո խորհուրդ է տրվում կրկին մոտ մեկ ժամ հանգստանալ:

 

ԴԻՄԱԿՆԵՐ

 

ԴԵՂՆՈՒՑՈՎ ԴԻՄԱԿ

dimak

Մեկ դեղնուցը տրորել մի քանի կաթիլ բուսական յուղի հետ (կարելի է օգտագործել բուսական ցանկացած յուղ` արեւածաղկի, սոյայի, ձիթապտղի...) մայոնեզի պատրաստման եղանակով: Դիմակը քսածածկել դեմքին եւ պարանոցին ու ծածկել խոնավ թանզիֆով, դիմակի ներգործման տեւողությունը` 20 րոպե:

 

ԽՄՈՐԻՉՈՎ ԴԻՄԱԿ

Վիտամինների բարձր պարունակության շնորհիվ խմորիչները շատ հարմար են դիմակներ պատրաստելու համար: 50 գրամ խմորիչը մանրացնել, ապա տրորել մեկ ճաշի գդալ բուսական յուղով` մինչեւ  շիլայանման զանգված ստանալը, եւ քսածածկել դեմքին ու պարանոցին. թողնել 20 րոպե:

 

ԽՄՈՐԻՉՈՎ ԵՎ ԿԱԹՈՎ ԴԻՄԱԿ

Երկու ճաշի գդալ խմորիչը տրորել կաթով կամ թթվասերով` մինչեւ շիլայանման զանգված ստանալը: Դիմակի արագ պնդացման նպատակով պետք է քսածածկել բարակ շերտով, դիմակը պահել մաշկի վրա 10 րոպե: Այն նախատեսված է ծերացող եւ թուլացող մաշկի համար:

 

ՄԵՂՐՈՎ ԴԻՄԱԿ

Այս դիմակ պատրաստելու համար մեղրը պետք է օգտագործել զգուշորեն, քանզի զգայուն մաշկ ունեցող որոշ կանայք մեղր չեն ընդունում: Մեկ ճաշի գդալ բուսական յուղին խառնել մեկ ձվի դեղնուց եւ մեկ ճաշի գդալ մեղր, տրորել` մինչեւ փափուկ մածուկ ստանալը, զանգվածը քսածածկել դեմքին եւ պարանոցին ու թողնել այն չորանա: Դիմակի ազդեցության տեւողությունը` 20 րոպե:

 

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԴԻՄԱԿ

Երկու ճաշի գդալ կաթնաշոռը խառնել մեկ ճաշի գդալ մեղրի հետ եւ ավելացնել մի քանի կաթիլ բուսական յուղ: Դիմակը քսածածկել դեմքին եւ պարանոցին ու թողնել 20 րոպե:

 

ԹԹՎԱՍԵՐՈՎ ԴԻՄԱԿ

Մեկ ձվի դեղնուցը խառնել երկու ճաշի գդալ թթվասերի եւ մեկ թեյի գդալ գազարի հյութի հետ: Դիմակը քսածածկել դեմքին եւ պարանոցին` թողնելով 20 րոպե:

 

ՉՈՐ ԿԱԹՈՎ ԴԻՄԱԿ

Մեկ թեյի գդալ չոր կաթին խառնել եռացրած, քիչ տաք ջուր եւ մեկ թեյի գդալ տաքացրած մեղր: Զանգվածը քսածածկել դեմքին եւ կրծքի մերկ մասերին, թողնել 20 րոպե, ապա այն լվանալ տաք ջրով:

 

ՎԱՐՍԱԿԻ ՓԱԹԻԼՆԵՐՈՎ ԴԻՄԱԿ

Երկու ճաշի գդալ մանրացրած վարսակի փաթիլները խառնել երեք կամ չորս գդալ թթվասերի կամ կաթի հետ: Փաթիլները ուռչելուն պես` զանգվածը քսածածկել դեմքին եւ պարանոցին ու պահել 15-20 րոպե, ապա լավ լվանալ:

 

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԴԻՄԱԿ

Եփած կարտոֆիլը տրորել, խառնել կաթի կամ մրգահյութի հետ (կիտրոնի, նարնջի, հատապտղի, լոլիկի, վարունգի եւ այլն)` մինչեւ շիլայանման զանգված դառնալը: Քսածածկել դեմքին եւ պարանոցին` թողնելով 20 րոպե:

 

ԴԻՄԱԿ ՓԱԹԱԹԱՆՆԵՐ` ՍՆՈՒՑՈՂ ԿՐԵՄՈՎ

Տաքացրած սնուցող կրեմը քսել դեմքին եւ պարանոցի չոր մասերին: Կրեմոտ դեմքին դնել եռացրած ջրում թրջված մի կտոր թանզիֆ (քթի եւ բերանի համար անել կտրվածք), վրան ծածկել կտավի նման կտրվածքներ արված պոլիէթիլենային գլխաշորով: Ջերմությունը պահպանելու համր դիմակը լրացուցիչ ծածկել տաք ջրում թրջված, ապա քամած սրբիչով: Արարողության ժամանակ հովացած սրբիչը պետք է 2-3 անգամ փոխարինել տաք սրբիչով: Գործողության տեւողությունը`10 րոպե:

Դիմակ փաթաթանը հանելուց հետո դեմքին պետք է դնել 3%-անոց բորաջրով սառը կոմպրես եւ թողնել 10 րոպե:

 

ԴԻՄԱԿ ՓԱԹԱԹԱՆՆԵՐ` ՏԱՔ ՄԱՅՈՆԵԶՈՎ

Մեկ ձվի դեղնուցը խառնել մեկ ճաշի գդալ տաք ձիթապտղի յուղի եւ մի քանի կաթիլ կիտրոնի հյութի հետ: Դիմակը քսածածկել դեմքին վերը նկարագրված եղանակով: Դիմակ փաթաթանի ազդեցության տեւողությունը` 30 րոպե:

 

ԴԻՄԱԿ ՓԱԹԱԹԱՆՆԵՐ` ՁԻԹԱՊՏՂԻ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂՈՎ

Բամբակը լավ տոգորել տաքացրած բուսական յուղով եւ դրանով պատել ամբողջ դեմքը: Բամբակի փոխարեն կարելի է օգտագործել թանզիֆ: Դիմակ փաթաթանի ազդեցությունը կարելի է ուժեղացնել` դեմքին դնելով երկու շերտ թանզիֆ: Դիմակ փաթաթանը դեմքին պահել 30 րոպե:

 

ԹԱՐՄԱՑՆՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ

ԴԻՄԱԿ ՓԱԹԱԹԱՆ`ԲՈՒՅՍԵՐԻ ԼՈՒԾԱՄԶՎԱԾՔՈՎ

Այս դիմակը պատրաստելու համար օգտագործվում է երիցուկ, կռոթուկ, եզան լեզու, դաղձ, եղեսպակ, աստվածածին խոտ (դրանք չորացնել ամռանը` ձեռքի տակ ցանկացած ժամանակ ունենալու համար):

Նախքան օգտագործելը` բույսերի վրա լցնել փոքր քանակությամբ ջուր եւ թողնել 10-15 րոպե: Այնուհետեւ թուրմը քամել: Բամբակի շերտից դեմքի համար կտրել դիմակ` շրթունքների եւ քթի կտրվածքներով: Բամբակե դիմակը թրջում են բույսի թուրմի մեջ, դնում դեմքին մոտավորապես 20 րոպե: Արարողության ժամանակ պետք է պառկել:

Բանջարեղենի դիմակ փաթաթան պատրաստելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հիմնականում վարունգ, գազար եւ լոլիկ:


Ներկայացրեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում