livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

Հայ կանայք ու աղջիկները շատ են սիրում կոսմետիկ քսուքներ օգտագործել, եւ սա նորություն չէ ո՛չ կանանց համար, ո՛չ էլ նույնիսկ տղամարդկանց: Բայց, պարզվում է, կոսմետիկական միջոցները որքան էլ  բնական պարունակություն ունենան, այնուամենայնիվ, բացասական ազդեցություն ունենում են մաշկի վրա: Եթե ցանկանում ենք առողջ եւ խնամված տեսք ունենալ, պետք է անպայման պահպանեք ու խնամեք մաշկը:

Մաշկի խնամքի մասին առավել մանրամասն զրուցեցինք տասնհինգ տարվա  աշխատանքային փորձ ունեցող կոսմետոլոգ ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ: Տիկին Անահիտը խորհուրդ է տալիս հայ կանանց ամեն օր հետեւել ու խնամել մաշկը: Սա թելադրված է հատկապես մեր երկրի բնակլիմայական պայմաններով. փոշին շատ է: «Տարվա ամեն եղանակին մաշկը յուրատիպ խնամք է պահանջում,- ասում է տիկին Անահիտը:- Ինչպես գիտենք, հայ կանայք ու աղջիկները շատ են օգտագործում կոսմետիկա, բայց մաշկը պահպանելու համար նույնիսկ դա ունի իր ժամանակն ու չափը: Եթե նախկինում կանայք ցանկանում էին խնամված տեսք ունենալ, ապա այսօր դեմքի խնամքի մասին մտածում են, երբ մաշկը լինում է ծայրահեղ վատ վիճակում: Իհարկե, չի կարելի ասել, որ հայ կինը չի ցանկանում լինել խնամված ու գեղեցիկ, սոցիալական վիճակից է այդպես ստացվում»:

- Տիկին Անահիտ, շատ կանայք մտածում են, թե պետք չէ դեմքի մաշկն ավելորդ անգամ փորձությունների ենթարկել: Ոմանք էլ համոզված են, որ եթե ձեռք չտաս, բան էլ չի լինի:

- Այո, շատերն են այդպես մտածում, բայց  դեմքի մաշկը շնչող ու ապրող օրգան է, որը խնամքի կարիք ունի: Միայն ճիշտ խնամքի միջոցով կարելի է պահպանել նրա գեղեցկությունը եւ երիտասարդությունը: Անսպասելիորեն գալիս է մի ժամանակ, որ մաշկն ինքն է քեզ հասկացնում, թե կարիք ունի խնամքի: Եվ ինչու ոչ, կարելի է ասել, որ մաշկի խնամքը ներքին կուլտուրա է, բայց  այս  դեպքում գիտությունն էլ է կարեւոր:

- Ի՞նչ խորհուրդներ կտաք «Զարուհի» ամսագրի ընթերցողներին մաշկի խնամքի հետ կապված:

- Մաշկի խնամքը տարբեր տարիքներում տարբեր է: ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ մոտ աստիճանաբար է մաշկը փոխվում, եւ կարեւոր է, որ նրանք խուսափեն օգտագործել ավելորդ կոսմետիկա: Կարելի է ասել, որ այդ շրջանում այն մաշկի համար նաեւ վտանգավոր է: Այդ տարիքում թարմ, ձիգ, նուրբ ու առաձգական մաշկը պետք չէ ծանրաբեռնել: Իսկ շրթներկը, դիմափոշին, կրեմները կարող են նպաստել, որ մաշկը սկսի ժամանակից շուտ ծերանալ: Անհրաժեշտ է բացի հիգիենիկ միջոցառումներց կանոնավոր կերպով լվանալ ու մաքրել դեմքը: Բնականաբար, այդ տարիքում լինում են նաեւ բացառություններ, նման դեպքերում ամենաճիշտը ավելորդ խնդիրներից խուսափելու համար կոսմետոլոգի հետ խորհրդակցելն է: Թվացալ մանրուքները կարող են ինչպես նպաստել, այնպես էլ հակառակ ազդեցությունը թողնել ձեր մաշկի վրա: Պետք է ճիշտ սնվել եւ առողջ ապրելակերպ վարել: Նույն խորհուրդը կարելի է տալ բոլոր տարիքի կանանց ու աղջիկներին: Հասունացման տարիքից հետո` մինչեւ քսանհինգ տարեկանը, ցանկալի չէ, որ երիտասարդները, եթե ուզում են պահպանել մաշկը, ամեն օր օգտագործեն կոսմետիկա: Ամեն մաշկ կարող է իր խնդիրները: Որքան տարիքը մեծանում է, այնքան մաշկը ավելի շատ ուշադրության կարիք է զգում: ՀԱՍՈՒՆ տարիքում պարտադիր է հետեւել մի շարք կանոնների` բավարար քուն, ռացիոնալ սնունդ, թվացյալ մանրուքներ, որոնք նպաստում են մաշկի պահպանմանը: Կան խնամքի միջոցներ, որոնց իրականացումը կախված է կանանցից ու աղջիկներից, հակառակ դեպքում կոսմետոլոգի աշխատանքը կարող է ցանկալի արդյունքը չտալ:

Կնոջ մոտ կա ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ տարիք: Դա կլիմաքսից հետո է, երբ կանանց մաշկի մկաների ու շարակցական հյուսվածքների թելերը սկսում են թուլանալ: Ի հայտ են գալիս կնճիռներ, անցանկալի մազեր, թուլանում են դեմքի ծակոտիները: Այս դեպքում կարեւոր է խուճապի չմատնվել, այլ մաշկը ճիշտ խնամել: Բոլոր կանանց ու աղջիկներին խորհուրդ կտայի, որ չմոռանան ամեն օր քնելուց առաջ մաքրել մաշկը շպարից: Անհրաժեշտ է, որ մաշկը հանգստանա ու շնչի:

- Իսկ այսօր ի՞նչ նոր միջոցներ են կիրառվում դեմքը խնամելու համար:

- Գուցե ոմանք չափազանցություն կհամարեն, եթե ասեմ, որ իմ փորձը ցույց է տալիս, որ կնոջ գեղեցկությանը սպառնացող միակ վտանգն այսօր գիտությունն է: Շատացել են խնամքի համար առաջարկվող այնպիսի քսուքները, կրեմները, որոնք արագ արդյունք են տալիս տվյալ պահին` գոհացնելով շատ կանանց, բայց նաեւ կախվածություն են առաջացնում ու չօգտագործելու դեպքում հակառակ արդյունքն են առաջացնում` կանանց կանգնեցնելով խնդրի առաջ:

- Ինչպե՞ս կարելի է խուսափել ոչ ցանկալի կնճիռներից:

- Կոսմետոլոգի օգնությամբ մաշկի պարբերաբար ու ճիշտ խնամքը կարող է դանդաղեցնել կնճռոտումը, բայց մինչեւ 60 տարեկանը, որից հետո կանայք կնճիռներից կարող են ազատվել միայն պլաստիկ վիրահատության միջոցով: Ցանկալի է, որ միջամտությունը լինի տարիքին համապատասխան, բնականին ավելի մոտ տեսք ունենալու համար: Մաշկի ծերացմանը նաեւ նպաստում է ալկոհոլը, նիկոտինը: Անհրաժեշտ է հաճախակի սնուցող, բանջարեղենային ու դեղաբույսային դիմակներ օգտագործել` անպայման հաշվի առնելով մաշկի տեսակը: Շատ կարեւոր եւ արդյունավետ միջոց է նաեւ դեմքի մաշկի հաճախակի մերսումը, սակայն 35 տարեկանից հետո:

- Արդյո՞ք դեմքի մերսումը կօգնի ձերբազատվել անցանկալի կնճիռներից:

- Դեմքի մերսում թուլատրվում է միայն հասուն տարիքի կանանց: Ընդունված է երկու ամիսը մեկ, տասն օր պարբերականությամբ, ինչը մաշկը դարձնում է առավել երիտասարդ ու թարմ: Արդյունքում բացի այն, որ կունենաք խնամված դեմք, նաեւ հնարավորինս կխուսափեք կնճիռներց:

- Ի՞նչ խնդիրներով են Ձեզ հաճախ դիմում երիտասարդները:

- Ըստ հայկական սովորույթի` գալիս են արդեն պրոբլեմատիկ մաշկի խնդիրներ ունեցող երիտասարդներ: Այդ դեպքում, սակայն, կոսմետոլոգի միջամտությունը ոչ մասնագիտական է համարվում: Անհրաժեշտ է դիմել մաշկաբանի: Պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ` հորմոնալ խանգարումը, աղիների խանգարումը, ինչը կարող է զարմանալի թվալ, բայց արտահայտվում է դեմքի մաշկի վրա:

 

Հ.Գ. Դե ինչ, սիրելի կանայք ու աղջիկներ, կարելի է հմայիչ եւ ցանկալի տեսք ունենալ ցանկացած տարիքում եւ նույնիսկ առանց շպարի, եթե ճիշտ խնամեք Ձեր մաշկը:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում