livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Հարեւանս կտրատում էր դեռեւս կենդանի ծառի բունը, եւ ճյուղերը մատների պես ջղաձգվում էին անտանելի ցավից:

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

Չորս օր է` մտել ենք ձմեռ, սակայն եղանակն անսովոր մեղմ է: Նույնիսկ տեղացող անձրեւը չի կարծրանում ու ձյուն դառնում: Գարնանամուտ հիշեցնող պահ է: Արեւելահայաց լուսամուտներ ունեցող բնակարանի տերը անամպ օրերին կարող է ետ քաշել վարագույրները եւ սենյակը լցնել տիեզերքի հզոր վառարանի՝ արեւի ջերմությամբ: Կենսատու արեւի քուրայից մի քանի շող խլելով` նա կարող է բնակարանում մի տաքուկ անկյուն ստեղծել եւ զբաղվել իր սիրած գործով: Թե չէ՝ ցուրտ սենյակում, օրվա որ ժամին էլ լինի, ուրիշ բան չի մնում անելու, բացի անկողին մտնելն է ու վերմակը գլխին քաշելը:

Թեեւ այս ձմռանը մեր վիթխարի քաղաքում ջեռուցվում են հարյուրավոր շենքեր, սակայն մերը չջեռուցվողներից է:

Օգնություն ստացողների ոչ մի կարգացուցակում մեր ընտանիքը չի հիշատակված: Նույնիսկ այն ժամանակ, երբ մեր քաղաքը հեղեղված էր ամերիկյան օգնության վառելահեղուկով, մենք ոչ մի կաթիլ նավթ չստացանք, թեեւ մեր սոցիալական կացությամբ ոչ միայն հավասարվում, այլեւ գերազանցում էինք կարիքավորներին: Էստեղ էլ, ինչպես ասում են՝ «շուստրիության» հարց է: Խորհրդային կարգերի օրոք էլ էր էդպես. բնակարաններ, հանգստյան տների ուղեգրեր, հողամասեր ստանում էին նրանք, ովքեր լեզու էին գտնում մեծավորների հետ եւ չէին երկնչում փող խաղացնել:

Սակայն դառնանք բուն խնդրին: Մեղմ ձմեռն ամենամեծ նվերն է բոլոր նրանց համար, ովքեր մարդասիրական օգնության ոչ մի ցուցակում չկան, վառելիք գնելու հնարավորություն չունեն եւ հաշվիչները բնակարաններից դուրս տեղափոխելու պատճառով չեն կարող առանց վճարի էլեկտրականություն շորթելու ակնկալիք ունենալ: Այդպիսիների համար ձմռան 90 երկարուձիգ օրերից կորզած յուրաքանչյուր ակնթարթ իսկ նշանակություն ունի, ուր մնաց` նվաճված մի քանի օրը, որն անցել է առանց վառարանի անհրաժեշտության...

Այն, ինչ տեսա փողոցով անցնելիս, երբեք չի ջնջվելու իմ հիշողությունից: Ամբողջ գերդաստանով, կացիններով ու սղոցներով զինված, հարձակվել էին մի ծառի վրա: Բանաստեղծի` բնաբան ընտրած տողերը կարծես թե գրված էին այդ պահի համար: Ծառասպանների` շրջապատի կարծիքն անտեսելու հանդգնությունից ¥հանցագործությունը կատարվում էր օրը ցերեկով, բանուկ պողոտայի մայթին¤, կուշտուկուռ կեցվածքից երեւում էր, որ նրանք կարիքավորների դասում չեն եւ եղածին նորն ավելացնելու տենդով են բռնված: Բնակարանն էլ, անշուշտ, մերձակա շենքում էր, քանի որ կտրատված, գետնին տապալված ճյուղերը իսկույն տեղափոխելու եւ տեղավորելու կարգադրություններ էին հնչում: Փարթամ, հինգ հարկանի շենքի բարձրության հասած թխկենին ճղատված էր արդեն...

Ավերված գեղեցկությունը վերականգնելու, ամռան տապին զովք ու շունչ պարգեւող արարածին փրկելու հույս կլիներ, եթե հարձակվողները կանգ առնեին այդ կետում. ծառի մնացած քիչ մասն էլ բավական էր գարնանը շիվեր արձակելու եւ կյանքը շարունակելու համար: Բանուկ մայթի անցորդներն այնքան անտարբեր էին, որ միայնակ ընդվզելն ու չարագործին սաստելը լավ հետեւանք չէին խոստանում. ծառասպանը կարող էր նաեւ մարդասպան դառնալ: Չէ՞ որ դրանք հավասարազոր արարքներ են... Այդ պահին մեկ անգամ եւս հիշեցի օրինապահ Գերմանիայում ինձ հյուրընկալած հայ մարդու խոսքը. «Կարծում եք էստեղ հանցանք գործելու ցանկություն չկա՞: Օրենքի հանդեպ եղած երկյուղն է զսպում չարամիտներին...»:

Ցավն ու ափսոսանքը իմ ներսում` շարունակեցի ճանապարհը: Ազատության պողոտայի` «Հաղթանակ» զբոսայգուն հարող հատվածի երկարուձիգ ծառուղում համատարած տերեւաթափ էր: Երկնաձիգ բարդիներից ու թխկիներից անդադրում կաթում էին չորացած տերեւները: Ծառերի բների մոտ կուտակված խռիվին կրակ էին  տվել: Բոցը լիզել ու սեւացրել էր ծառերի կեղեւը: Եթե այրվածքը խորը լիներ, այդ ծառերն այլեւս չէին կանաչելու: Ո՞վ էր այդ հանցագործության հեղինակը. կրակ անելու հաճույքն ըմբոշխնել կամեցող պատահական անցո՞րդը, թե՞ փողոցների մաքրությամբ զբաղվող հաստիքավորը: Անմիտ արա՞րք էր այն, թե՞ դիտավորություն: Ինչ էլ որ լիներ, արդյունքը նույնն էր՝ մոտ մեկ տասնյակ ծառեր դատապարտված էին չորացման վտանգին:

... Երբ երեկոյան նույն ճանապարհով տուն էի վերադառնում, սրտիս մի անկյունում այն հույսն էր ծվարած, թե գոնե ճյուղերը հատած ծառի բունը մնացած կլինի, սակայն կսկիծս տասնապատկվեց, երբ տեսա, որ այնտեղ մսագործի մի թզուկ կոճղ էր ցցված: Սղոցը հատել էր նաեւ ծառի բունը եւ ամբողջովին ոչնչացրել շիվեր տալու եւ վերապրելու հնարավորությունը:

ՀՐԱՉՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում