livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

(Սկիզբը` 2011վականի թիվ 8-9-ում եւ 2012 թվականի 1-5-ում)

Գոռը, ընկերների հետ աշխատասենյակում նստած,   զրուցում էր, ներս մտավ Հակոբը, ձեռքով բարեւեց  տղաներին ու նստեց:

- Սուրճ կուզե՞ս, Հակոբ,- հարցրեց Գոռը:

- Չէ՛, ծխելը  թողել եմ, առանց սիգարետի էլ ինչ  սուրճ: Ինչպե՞ս եք:grakan

- Լավ,- ասաց Արմանը:

- Գո՛ռ, էս պարող ծտերդ նո՞ր են,- դարձավ նա Գոռին:

- Հա՛:

- Որտեղի՞ց:

- Ուկրաինայից:

- Բա ո՞նց ենք անում, որ մի հատ փորձենք: Որտե՞ղ  են մնում:

- Ավանում` վարձած բնակարանում:

- Բոլորը միասի՞ն են:

- Այո՛:

- Դե, Գո՛ռ, նայիր, տես` ոնց ես կազմակերպում:

- Դու ինքդ կազմակերպի՛ր:

- Գժվե՞լ ես, ինձ մոտ էլ չեն  թողնի, որ խոսեմ, դու ես  իրենց շեֆը:

- Հետո, հա՞, Հակո՛բ:

- Ինչո՞ւ չեք խոսում,- հարցրեց նա Կարենին ու Արմանին,- այնպիսի տպավորություն է` կարծես ազապ մարդը ես լինեմ, ամուսնացածը` դուք, փոխանակ դուք ոգեւորվեիք: Դե,

Արմա՛ն, մի բան արա:

- Ի՞նչ անեմ, Հակո՛բ:

- Ամբողջ օրը դու ես այդ աղջիկների հետ  շփվում, ի՞նձ ես հարցնում` ինչ անես:

- Դու ամուսնացած տղամարդ ես:

- Է, հետո ինչ... Հա՛, ճիշտ է, իմ կինը շատ լավն է, բայց հո չեմ կարող ամեն օր խորոված ուտել, մի օր էլ, ասենք, բորշչ ես ուզում:

- Ես էլ դեմ չեմ,- ասաց Կարենը:

- Տղե՛րք, բայց մեջներին մեկը կա, հետաքրքիր արիստոկրատ արտաքին ունի, մուգ սեւ մազեր ու կապույտ աչքեր, ինքը  իմն ա,- ասաց Արմանը:

Գոռը ծիծաղեց:

- Լավ, քանի՞ աղջիկ էին, Արմա՛ն:

- Հինգ:

- Իսկ մենք ո՞ւմ վերցնենք: Տիկոյի՞ն:

- Պետք չէ,- ասաց Հակոբը,- ես երկուսին  իմ  տրամադրության տակ կվերցնեմ, համ էլ Տիկոն հաստատ չի գա:

Տղաները  ծիծաղեցին:

- Ինչո՞ւ ես այդքան վստահ, որ չի գա,- հարցրեց Կարենը:

- Ճիշտն ասած, ես էլ եմ վստահ,- ասաց Արմանը,- Մարին հղի է, ու դուք չեք պատկերացնի` Տիկոն ինչպես է դողում, ոչ  մի րոպե մենակ չի թողնում:

- Բնական է, տասը տարի սպասել են,- ասաց Հակոբը:

Գոռի դեմքին միանգամից տխրություն իջավ. նույն  կարգավիճակում էլ Անին է (Տիգրանը նրան ասել էր, որ չի կարողացել իր խնդրանքը կատարել), բայց ոչ ոք  նրա մասին հոգ չի

տանում: Ամբողջ մարմինը քրտնեց. ինքը միլոններ ունի, բայց իր երեխան կծնվի` չգիտես  որտեղ ու գուցե...

- Գո՛ռ, էս ո՞ւր ես,- հարցրեց Հակոբը:

- Այստեղ եմ, ուր պիտի լինեմ, կուզե՞ս մի հատ հիմար ու ծեծված կատակ էլ անեմ` շորերիս մեջ:

- Իսկ ինձ մի պահ թվաց, թե ինչ-որ թուրքական տարազ ես հագել,- ասաց Հակոբը ծիծաղելով:

- Հա՛, հա՛, հա՛, էդ ո՞ր պահն էր խնդալու:

- Չէ, տղե՛րք, ինչ-որ բան այն չի, ի՞նչ է եղել, Գո՛ռ:

- Բան էլ չի եղել, ուղղակի դու ամուսնացած տղամարդ ես, ի՞նչ կասի Անուշը, մեկն էլ չէ, երկու աղջիկ է ուզում:

- Լա՛վ, ախպե՛րս, շատ ես նեղվում, երկուսը` քեզ:

- Խնդիրը դրա մեջ չի. եթե ուզենամ, երեքին էլ կարող եմ ինձ վերցնել, ուղղակի Անուշը որ իմանա, չգիտեմ էլ` ինձ ինչ կանի:

- Հո երեխա չե՞ս, Անուշը որտեղի՞ց պիտի իմանա:

- Քեզ ինչ կա,- ասաց Կարենը,- երկու բաժակ խմես, կսկսես գլուխդ գովել:

- Սրանց նայեք. շուտով դուք էլ կամուսնանաք, տեսնեմ` ինչքան հավատարիմ ամուսիններ եք լինելու: Առայժմ, գնամ, մի քիչ գործեր ունեմ, երեկոյան կհանդիպեմ:

* * *

Տղաները մեքենայի մեջ բարձրաձայն խոսում էին, Արմանը ղեկի մոտ էր, Գոռը` կողքին, Հակոբն ու Կարենը` հետեւի կողմը:

- Տղե՛րք, ընենց լավ էր. դե, դրանց քածերը ուրիշ են, էլի,- ասաց Հակոբը:

- Իրոք որ դզեց,- ասաց Արմանը:

- Հոգիս հանեց, հա, բայց շատ լավն էր,- ասաց  Կարենը,- արժի շուտ-շուտ գալ:

- Արմա՛ն, բայց կարծես բախտդ չբերեց բալկոնում….,- Հակոբը ծիծաղեց:

- Սխալվում ես, բալկոնի կոտրված բազմոցին` էկզոտիկ ճռճռոցով ավելի կայֆ էր:

- Ճիշտ որ, Հակոբ,- էդ ճռճռոցը իրոք մեկ-մեկ ավելի էֆեկտիվ ա:

- Գո՛ռ, դու ինչո՞ւ չես խոսում,- հարցրեց Հակոբը,- թե՞  հոգիդ հանել ա, ձայնդ դուրս չի գալիս:

- Լա՞վ էր,- հարցրեց Արմանը:zhizn-odinokoy-zhenshhinyi

- Չգիտեմ, ձեռք չեմ տվել, ուղղակի զրուցել ենք:

- Ի՞նչ,- գրեթե միասին գոռացին տղաները:

Արմանը արգելակեց մեքենան:

- Ինչո՞ւ չես ձեռք տվել,- հարցրեց Կարենը:

- Աղջիկը չուզե՞ց,- հարցրեց Արմանը:

- Չէ, ես, չգիտեմ... Չստացվեց, չուզեցի...

- Տղաները բարձր ծիծաղեցին:

- Լացելու բան է, դուք ծիծաղում եք:

- Լավ, բայց նրանց տեսքին նայելով` արդեն իսկ պատրաստ ես,- ասաց Կարենը:

- Ախպերս, բա դու երեքին էլ էիր…,- ասաց Հակոբը ծիծաղելով:

- Հակոբ…

- Լավ, դե բան չկա, ճիշտ է, ժամանակից շուտ է, բայց հո բուժում կա,- ասաց Արմանը:

- Ձեռ եք առնում, հա՞, ես ոչ թե չկարողացա, այլ չուզեցի, հասկանո՞ւմ եք: Իսկ դրանք տարբեր բաներ են:

- Լավ դե, ախպե՛րս, ուրիշ մարդ չկա, մի՛ նեղվիր, չես կարողացել, ոչի՛նչ, ինքդ էլ բժիշկ ես, բուժման ձեւերն ավելի լավ կիմանաս:

- Հակո՛բ, մի հատ էլ, ու ձեռքիս տակ ինչ ընկավ, կխփեմ,- ասաց նա` հետ շրջվելով:

- Լավ, ախպերս, դե ասա, տեսնենք` քեզ ինչ է եղել, ախր իրոք շատ լավն են, բոմբ են, բոմբ:

- Չգիտեմ, հոգնել եմ, էլ ոչ մեկը հետաքրքիր չէ, անգամ  ամենաբոմբաները, աշխատանքից էլ եմ հոգնել. ավելի հանգիստ աշխատանք եմ ուզում: Ուզում եմ ընտանիք ունենալ, երեխաներ, որ գնամ տուն, կինս ժպտալով ընդառաջ գա, երեխաներս հարցնեն, թե իրենց ինչ եմ տարել... Բոլոր աղջիկներից հոգնել եմ, մեկին, միայն մեկին եմ ուզում, որ ինձ հասկանա, գլուխս դնեմ նրա կրծքին ու կարողանամ ամեն ինչի մասին զրուցել:

-Դե ամուսնացիր, ի՞նչն է խանգարում,- հարցրեց Հակոբը:

- Ես Նառային չեմ սիրում:

- Բա ո՞նց պիտի լինի:

- Չգիտեմ,- նա մի պահ լռեց,ապա հարցրեց,- տղե՛րք, դուք ինչպե՞ս կընդունեիք, եթե ամուսնանայի Անիի հետ:

- Ես շատ ուրախ կլինեի,- ասաց Արմանը:

- Ինձ համար ոչ մի տարբերություն, ում ուզում ես` ուզի, եւ նրան պիտի ընդունեմ որպես ընկերոջս կին,- ասաց Կարենը:

- Ես երբ Անուշի հետ ամուսնանում էի, քո կարծիքը չեմ հարցրել,- ասաց Հակոբը:

- Հա, բայց Անուշը գիշերային ակումբում չէր երգում ու սիրուհիդ չէր:

- Բայց դա ոչինչ չի նշանակում,- ասաց Արմանը,- նրա բախտը ուղղակի չի բերել, բայց նա յուրահատուկ աղջիկ է: Իսկ ինչ մնաց քնելուն, ապա հիմա շատերն են հարաբերություններ ունենում, հետո ամուսնանում:

- Եթե անգամ իմ կինը երգչուհի չէ, գիշերային ակումբի պարուհի լիներ, ես էլի քո կարծիքը չէի հարցնի,- ասաց Հակոբը:

- Դուք  հիմա այդպես հեշտ խոսում եք, որովհետեւ իրականում այդպես չէ:

- Հա, բայց իրականում Անին էլ այդպիսին չէ, ախր, դու նրա կյանքում միակ տղամարդն ես եղել, ինչո՞ւմն է խնդիրը,- հարցրեց Արմանը:

- Իսկ ինչո՞ւ դուք այդպես ավելի շուտ չէիք խոսում, որ ես այսպես չվարվեի:

- Ես չեմ հասկանում,- ասաց Հակոբը,- դու մինչեւ հիմա խոտ արածո՞ղ ես եղել: Մե՞նք պիտի որոշեինք, թե դու ում ուզես: Ի սեր Աստծո, քո կյանքն է, ապրիր այնպես, ինչպես քեզ երջանիկ ես զգալու, արա՛ այն, ինչ սիրտդ է ուզում, ինչո՞ւ ես նշանակություն տալիս նրան, թե ինչ կասեն ուրիշները: Ախպե՛րս, երբ դու ամուսնանաս չսիրածդ աղջկա հետ ու երջանիկ չլինես, դա ոչ մեկին իսկի էլ պետք չի լինելու: Այնպես որ` ինքդ որոշիր, ոչ թե մենք:

- Իսկ ծնողնե՞րս... Նրանք երբեք իմ ընտության հետ չեն  համաձայնի:

- Դա արդեն ուրիշ հարց է, այդտեղ մենք գործ չունենք, անգամ կարծիք չենք կարող հայտնել:

- Դու հույս ունես, որ Անին քեզ կների՞,- հարցրեց Արմանը:

- Ո՛չ, հույս չունեմ ու դրանից ավելի եմ տանջվում, ես ինձ նրա հանդեպ ամենավերջին սրիկայի պես պահեցի: Մի՞թե նրան հետ վերադարձնելու ոչ մի շանս չունեմ... Խճճվել եմ, չգիտեմ` ինչ անեմ, ուզում եմ գոռալ,- ասաց նա, իջավ մեքենայից, կռացավ, երկու ձեռքով ձյունը վերցրեց եւ գունդ սարքեց:

Կարենն ու Հակոբն էլ իջան մեքենայից: Գոռը ձնագնդով   խփեց Հակոբին:

- Քեզ ի՞նչ եղավ,- հարցրեց նա ու ինքն էլ, ձնագունդ սարքելով, Գոռին խփեց:

Երեքով սկսեցին խաղալ, Արմանը իջավ մեքենայից.

- Արա՛, ամոթ ա, ի՞նչ եք թավալ գալիս, քառասունին մոտ մարդիկ եք, բայց ձեզ տասը տարեկան լակո….

Նա չավարտեց խոսքը, որովհետեւ Կարենը ձնագնդով  խփեց ուղիղ դեմքին:

- Այդպես հա՞,- ասաց Արմանը ու մոտենալով` Կարենին գցեց ձյուների մեջ: Մոռանալով իր քիչ առաջվա ասած խոսքերը` ինքն էլ խառնվեց տղաների խաղին:

* * *

Գոռը, հաստ շորի մեջ փաթաթված, նստել էր բուխարու մոտ, թեյ էր խմում, ձնագնդի խաղալը էժան չէր նստել. թրջվել էր, մրսել ու հիվանդացել: Ներս մտավ մայրը, ձեռքը դրեց ճակատին.

- Ինչպե՞ս ես, ձա՛գս,- հարցրեց նա` նստելով որդու դիմաց,- ջերմություն չունեիր:

- Լավ եմ, մայրի՛կ, բայց էլ ձագ չեմ, վաղուց արդեն լավ էլ  խոշոր եղջյուրներ ունեմ. մեծացել եմ:

- Դու մեծացել ես, ես չե՞մ մեծացել:

- Մայրի՛կ, դու այնքան թարմ տեսք ունես, որ երբեմն  մարդիկ կարծում են` մենք քույր ու եղբայր ենք:

- Հաճոյախոսությո՞ւն էր:

- Ո՛չ, մայրի՛կ, դա զուտ ճշմարտությունն է:

- Է, տղա՛ս, այսօր աներոջդ ծննդյան օրն է:

- Ինչ լավ է, ես հիվանդ եմ, հուսով եմ` մինչեւ երեկո տաքությունս կբարձրանա:

- Դու քեզ փոքրիկ տղայի նման ես պահում:

- Ուզում եմ քեզ ուրախացնել. քանի որ այսօր հավաքվելու եք, կարող եք հարսանիքի օրը նշանակել:

- Իսկապե՞ս, տղա՛ս,- հարցրեց մայրը ցնծալով:

- Այո՛, մայրի՛կ:

- Ապրե՛ս, տղա՛ս, կզրուցենք, կարծում եմ` մարտի վերջին կարող ենք անել, հենց քսանհինգին. այդ օրը իմ ու հորդ ամուսնության օրն էլ է, ի՞նչ կասես:

- Արե՛ք այնպես, ինչպես ուզում եք:

- Դու հաստա՞տ ես  որոշել, որ այսօր մեզ հետ չես գա:

- Այո՛, մայրի՛կ, ախր ես իսկապես հիվանդ եմ:

- Լա՛վ, Նելիին կասեմ` շուտ-շուտ թեյ տա: Գո՛ռ, խմդրում եմ` խելոք կխմես, չասես` չեմ սիրում, եթե դեղ չես խմում, դա գոնե կխմես:

Մայրը դուրս եկավ, իսկ Գոռն ընկավ մտքերի ետեւից.

«Փաստորեն, պետք է ամուսնանամ, մի՞թե վերջ, Անին հուշ դարձավ, քաղցր մի հուշ, տեսնես` ինչպե՞ս է հիմա: Իսկ երեխան, իմ երեխան, ո՞վ է հոգ տանելու նրա մասին, ինչպե՞ս են ապրելու: Իսկ եթե հանկարծ Անին որոշի ուրիշի հետ ամուսնանալ: Օ, ոչ, միայն թե` ոչ դա... Հապա ի՞նչ անի... Ախր քո ի՞նչ գործն է, Գո՛ռ, նա երիտասարդ է ու իրավունք ունի երջանիկ լինելու, իսկ դու պարտավոր ես մոռանալ: Հույս ունեի, որ կմոռանամ, բայց զգում եմ, որ մեր բաժանումից հետո ես նրան ոչ միայն չեմ մոռանում, այլեւ ավելի շատ եմ սիրում ու կարոտում: Աստված իմ, ո՞նց եմ ամաչում նրան վիրավորելու համար, հետո ի՞նչ, որ նա գիշերային ակումբում էր երգում կամ ինձ հետ քնել էր առանց զագսի ու քահանայի օրհնության: Գո՛ռ, Գո՛ռ.. դուրս արի այդ կարծրատիպերից. չէ՞ որ բարոյականությունը դրանով չի որոշվում, ախր դու սիրում ես նրամ, ախր նա շատ բարի էր, զիջող, հնազանդ, իսկ ես իմ խանդով ու անիմաստ վիրավորանքներով չարացնում էի նրան: Ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ փոխվեց, ախր մենք իրար հետ երջանիկ էինք, այո՛, ես չէի կարող ամուսնանալ նրա հետ, նա չէր կարող մշտական սիրուհի լինել: Ո՞ւր ես հիմա, Անի՛, երանի իմանայիր` ինչքան շատ եմ սիրում քեզ»:

* * *

Գոռն արթնացավ, նայեց ժամացույցին` 8-ն էր: Չէր ուզում տեղից վեր կենալ: Ճիշտ է, այսօր իր հարսանիքն էր, բայց դեռ ձայներ չէին լսվում տնից: Փորձեց նորից քնել, անկողնու մեջ շուռումուռ եկավ, սիրտը մի տեսակ անհանգստությունից ճմլվում էր, օդը չէր հերիքում: Վեր կացավ, բացեց լուսամուտը, սառը քամին փչեց դեմքին, խորը շունչ քաշեց, բայց այնպիսի տպավորություն էր, որ գարնանային մաքուր ու սառը օդը չհագեցրեց նրան, նա ավելի ու ավելի խորն էր շնչում:

* * *

Անին հոգոց հանելով վեր կացավ տեղից, նայեց ժամացույցին` 8-ն էր: Զգաց, որ ամբողջովին թաց է:

- Իդա՛, Իդա՛,- կանչեց նա:

- Ի՞նչ է,- հարցրեց Իդան` քնաթաթախ մոտենալով նրան:

- Լավ չեմ, թաց եմ:

- Ա, ջրե՞րդ են գնում:

- Զանգի՛ր Մարիին, թող Տիգրանին ասի` հիվանդանոց գա:

- Հիմա:

- Վախենում եմ:

- Դե հանգստացիր, հիմա շտապօգնություն էլ կկանչեմ:

* * *

Արմանը զանգահարեց Տիգրանին.

- Տի՛կ, էս ո՞ւր եք, մենք արդեն եկեղեցի ենք գնում:

- Հիվանդանոցում եմ, Անին երկունքի ցավերի մեջ է, ծնունդը ես պիտի ընդունեմ, Մարին էլ է այստեղ, չենք կարող նրան մենակ թողնել: Եկեղեցի չենք գա, բայց ռեստորանում կմիանանք:

- Ինչպե՞ս է նա, ամեն ինչ կարգի՞ն է:

- Այնքան էլ չէ. մի քիչ շատ է վախենում, բայց կարծում եմ` կկարողանա իր ուժերով ծննդաբերել, կեսարյանի չենք դիմի:

- Լա՛վ, Տիկո՛, երեխան հենց ծնվի, անմիջապես կզանգե՛ս:

Մարկը մոտեցավ Արմանին:

- Ի՞նչ երեխա, Արմա՛ն:

- Անին հիվանդանոցում է:

- Ի՞նչ... Մենք փոքրի՞կ ենք ունենալու:

- Այո՛:

Գոռը, մի փոքր հեռու կանգնած, հայելու դեմ փողկապն էր ուղղում: Նա ամեն ինչ լսեց, բայց ոչինչ չհարցրեց:

* * *

Եկեղեցում էին: Գոռը գլուխը հենել էր Նառայի գլխին: Տեր  հայրը արարողակարգն էր անում: Գոռի ականջին հասավ Արմանի ձայնը, որ Մարկի հետ էր խոսում.

- Տղա է:

- Տղա, օ...

Գոռը սարսռաց. չէ՛, ինքը չի կարող Նառայի հետ ամուսնանալ, որոշված է: Ով ինչ կուզի, թող ասի, ինքը կթողնի ամեն ինչ, կգնա բոլորից շատ հեռու ու Անիի հետ նոր կյանք կսկսի, Անին սիրում է իրեն, Անին անպայման կների: Շշուկով դարձավ Նառային.

- Ես չեմ ուզում քեզ հետ ամուսնանալ:

- Գժվեցի՞ր, Գո՛ռ, կատակելու ժամանա՞կ ես գտել:

- Ես չեմ կատակում, Նառա՛, ես իսկապես չեմ կարող քեզ հետ ամուսնանալ:

Սարկավագը մոտեցավ Գոռին եւ խնդրեց լռել: Գոռը մի պահ լռեց, ապա նորից ասաց.

- Ես քեզ չեմ սիրում ու համոզված եմ, որ ինձ հետ երջանիկ չես լինելու:

- Գո՛ռ, խնդրում եմ, ժամանակի ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի:

- Ների՛ր, խնդրում եմ, եթե ես քեզ ցավ եմ պատճառում, բայց քեզ հետ չեմ կարող ամուսնանալ:

- Դու խայտառակ կանե՞ս ինձ` թողնելով այստեղ:

- Հետո, երբ մենք չհարմարվենք ու բաժանվենք, այ, դա իսկապես խայտառակություն կլինի: Եթե կուզես, դու առաջինը հրաժարվի՛ր:

- Երբե՛ք:

Սարկավագը նորից խնդրեց լռել, եւ Գոռն այլեւս չխոսեց մինչ այն պահը, երբ  քահանան հարցրեց.

- Որդյակ իմ, տե՞ր ես:

Գոռը չպատասխանեց:

Քահանան նորից հարցրեց.

- Որդյակ իմ, տե՞ր ես: Պատասխանիր` տեր եմ:

- Ո՛չ, տեր չեմ:

- Պիտի ասես` այո՛, տեր եմ:

- Ո՛չ, տեր Հայր, տեր չեմ, ես չեմ ուզում ամուսնանալ, ես չեմ կարող ամուսնանալ, ես պատրաստ չեմ դրան,- նա  հետ-հետ գնաց փողկապը հանելով,- խեղդվում եմ, թողեք դուրս գամ:

Մարդիկ իրար խառնվեցին:

- Խայտառակ ա էս տղեն,- ասաց հայրը,- էս  ի՞նչ ա անում:

- Գո՛ռ, հետ արի, ամոթ ա, Գո՛ռ, մեզ խայտառակ չանես:

- Չե՞ք հասկանում, ես չեմ ուզում ամուսնանալ, հանգիստ թողեք ինձ,- նա դուրս եկավ եկեղեցուց:

Նառան լացում էր, մայրն ու ընկերուհիները փորձում էին հանգստացնել, Սոնան ուշագնաց էր եղել, բարեկամները նրան էին ուշքի բերում: Հորեղբայրը գոռգոռում էր .

- Էս ա, հա՞, դաստիարակածդ լակոտը, խեղդելու եմ:

- Դուք չէ, Արտեմ Սահակիչ, ես ինքս եմ խեղդելու,- ասում էր Նառայի հայրը,- կարծում եք պատվիս հետ խաղալն այդքան հեշտ է, հա՞:

Քահանան այնքան էր զարմացել, որ ուշքի չէր գալիս:

- Արդեն  երեսուն տարի է` քահանա եմ, բայց նման  դեպքի ականատես չեմ եղել,- ասաց նա սարկավագին:

ՀԵՂԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ
(շարունակելի)

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում