livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Ձանձրացրել է օրը, հոգնեցրել, ծանրացել անզոր ուսերիս, անտանելի բեռ դարձել, ու կքվել եմ այդ ծանրությունից: Ամեն մայրամուտով ուրախանում էի, օրհնում, իսկ հիմա անիծում եմ արեւը, լույսը: Շուտ մթնի, շնթռեմ, քնանամ... Երակներումս արյան փոխարեն հոգս, ձանձրույթ ու ցավ է: Ո՞ւմ եմ պետք, ինչի՞ համար եմ աշխարհ եկել. մի՞թե այս ճղճիմ, կենցաղային, երկրային հոգսերով տառապելու համար: Հացն էլի թանկացավ, կինս վերարկու չունի, աղջիկս` կոշիկ... «Տիգրանիկս գուլպա չունի...»: Ու մտքերիս ճախարակը մանում է, մանում նորանոր հոգսեր ու ցավեր: Կա՛նգ առ, ճախարակ, էլ չեմ դիմանա, կխելագարվեմ, կա՛նգ առ:

 

Պապս մեռավ` «Սայուզի հինգ պոզը» հայհոյելով, ես ո՞ւմ, ինչի՞ պոզը հայհոյեմ, քանի՞ պոզը. վե՞ց: Ես ձեր բոլոր պոզերը... Ո՛չ, չեմ հայհոյի: «Դու ես մեղավոր, դու»,- լսում եմ ներքին ձայնս: Ասում է ու բացատրում. «Բռունցք էիր բարձրացնում, «պայքար ու միացում» գոռում: Դե՛, պայքարի՛ր, է, վառոդդ սպառվե՞ց: Հարթակ բարձրանայիր, մի երկու ճառ ասեիր, նոր իշխանավորներին քննադատելու փոխարեն ջան ու ղուրբան անեիր: Չկարողացա՞ր: Դարձիր բիզնեսմեն, բենզին ու խիղճ ծախիր... Էդ էլ չե՞ս կարող: Ուզում ես վարժապետիդ աշխատավարձով ապրե՞լ... Կապրես, բա ո՞նց. էդ աշխատավարձով մեռնել էլ չես կարող, հեր օրհնած»: Ես համոզվում եմ, որ ինքս եմ մեղավոր, գլխիս եմ խփում ու այդ պահին լսում եմ անունս` երկվանկ, անծանոթ ու ձանձրալի: Գտա՛, գտա՛. անունս է մեղավոր: Ա՛յ, եթե Վանո, Բաբկեն, Բագրատ կամ թեկուզ Լե... Չէ՛, շատ կլինի, ախորժակիդ քացախ, քեզ Երջանիկն էլ կբավարարի երջանիկ ապրելու համար: Ուրախացած այն մտքից, որ գտել եմ մեղավորին, որոշում եմ փոխել անունս ու մոտենում ձայնի ուղղությամբ:

Թոմը զանգել է հեռավոր Ամերիկայից ու հարցրել իմ հալը: Թոմը... Լարում եմ հիշողությունս, ու առջեւս հայտնվում է ակնոցի ետեւում թաքցրած բարի ժպիտով, շորտերով կարճահասակ մի տղամարդ: Անունն էլ չէի հիշում, պարզապես չգիտեի, իսկ նա ոչ միայն անունս է հիշել, այլեւ իմ հալով է հետաքրքրվել: Ուրեմն Թոմ է... Թոմ... Ընդամենը երեք տառ` երկու բաղաձայն եւ մեկ ձայնավոր: Միայն մեկ անգամ է ինձ տեսել, զրուցել ու պահանջել, որ ինձ անպայման գործ տան, հետո հասել է հեռավոր Ամերիկա, դոլար ծախսել, զանգել Հայաստան ու հարցրել իմ հալը: Եթե մի տղա էլ ունենանք, անունը Թոմ եմ դնելու: Եվ ցուրտ ու ձանձրալի օրը լցվում է երեք տառանոց մարդկային ջերմությամբ, արեւով ու լույսով, լույսով ու հույսով: Միայն մեկ անգամ ենք հանդիպել... Իսկ ինձ հետ իմ հարազատ քաղաքի քիմգործարանի կոմունիստական ծխով հագեցած, ապա կապիտալիստական մաքրամաքուր օդը շնչող, փողոցների ասֆալտը մաշող ու հայրենասիրական ճառեր ասող, սիրալիր բարեւող ծանոթնե՞րս, պաշտոնի հասած երեւելինե՞րը...

Ինչպես կարող ես` գլուխդ պահիր. փող չունես` հարեւանից ուզիր:

Իսկ եթե հարեւանդ չունի (կարո՞ղ է, չէ՞, այդպես լինել), հարեւանի հարեւանն էլ չունի (այդպես էլ է լինում), նրա հարեւանն էլ չունի... Ու հասել ենք Ամերիկա ու նրանից ենք մուրում: Թոմը գնացել է, բայց Ֆիլը դեռ այստեղ է: Ով է Ֆի՞լը: Ֆիլն էլ ամերիկացի է: Մեզ համար նավթ են ուղարկել ու ետեւից եկել, որ արդար բաժանենք: Կբաժանենք, բա ո՞նց չէ: Նրանք մեկը, երկուսն են, մենք շատ ենք, հայ ենք. սոված, վախեցած ենք: Մի երկու ամիս դոլարով աշխատավարձ ենք ստանալու, ու այդ ընթացքում հարկավոր է գոնե մեկ տարվա պաշար կուտակել... Իսկ եթե բռնեն, թող դատեն  ամերիկյան օրենքներով ու ամերիկյան բանտ նստեցնեն:

Վաղն էլ կգա չինացին, բրինձ կբերի ու մեզ կստիպի հատ-հատ հաշվել ու բաժանել: Կբաժանենք. ճարներս ինչ: Սակայն այսօր դեռ Ֆիլն է: Նա մեր շան` Չալոյի համար ընտիր միս էր բերել, իսկ խեղճ Չալոն, որ ծննդյան փուչ օրվանից միս չէր կերել, զարմացավ, հոտոտեց ու տարավ-պահեց: Դե՛, իսկ մենք թուքներս էինք կուլ տալիս: Մի օր էլ Ֆիլը գնաց, ու Չալոն մնաց մեր հույսին:  Նա արդեն սովորել էր մսին, մեզ վերեւից էր նայում ու մեր տված հացի ու ճաշի խղճուկ մնացորդները չէր ուտում: Շուտով Չալոն նիհարեց, քիչ էր մնում` սատկի: Բայց երկու օրից պոչը պտտելով մոտ եկավ, ու, անիծելով մեզ է՛լ, իր ծնունդն ու ծննդավայրն է՛լ, սկսեց ուտել հացի կտորները, ճաշի մնացորդները...

Իսկ մենք դոլարը մսխելուց հետո կիսակուշտ, կիսասոված, անգործ էինք, կրկին մնացինք մեր հոգսերի ճախարակի հետ, որը շարունակում էր իր` հոգի մաշող ու ձանձրալի մանվածքը: Ու ես նրան նոր երգ եմ հուշում.

 

Մանի՛ր, մանի՛ր, իմ ճախարակ,

Վանի՛ր սեւ, գորշ դու մտքեր,

Մանի՛ր դոլար, մի քիչ ֆրանկ,

Որ ես հոգամ իմ ցավեր:

 

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ,
1996 թ., Վանաձոր

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում