livemarks sitemap
Շաբաթ, Փետրվարի 22, 2020

***

Այս զգացմունքը, որ մաշել է հոգիս,

Դարման, դեղ չունի:

Ես քո հարցերին չունեմ պատասխան,

Ու դու էլ չունես...

Հայոց հարցի պես այն տանջում է ինձ:

Պատասխան ունենք,

Քանզի արդարեւ իրավունք չունենք

Սրտներս տանջող հարցերը լսել:

Չէ որ լավ գիտենք:

Որ պատասխանը

Ոչ թե դարման է ցավերը բուժող,

Այլ վերքի վրա անսահման մրմուռ:

 

 

***

Սերս դարձավ թեւավոր

Անտուն մի թռչուն,

Ես չեմ ափսոսում,

Թող ազատ ճախրի,

Ճախրանքը նրա թող հարատեւի...

 

***

Ես շատ եմ սիրում արեւն ու լույսը,

Բայց թող ուշանա արշալույսը:

Քեզ հանդիպելու իմ միակ հույսը

Գիշերում թաղված իմ երազներն են.

Թող երկար ուշանա արշալույսը...

 

***

Գյուղ իմ հայրենի,

Քո գարնան գալը չնկատեցի,

Ու ինձ թվում է`

Արդեն մի դար է` գիրկդ չեմ եկել,

Բայց քեզ չեմ լքել:

Ինչպես կարող եմ.

Իմ մանկությունը դու ես բարուրել,

Առաջին սերս դու ես թաքցրել,

Անգին հայրիկիս

Հավերժի քնով քո գիրկն ես առել:

Քո գարնան գույնը

Ուրիշ է աչքիս,

Քո գարնան բույրը

Հոգիս է թակում,

Քո գրկում տեր եմ իմ երազներին:

 

***

Եթե երբեւէ մի փոքրիկ ճնճղուկ

Իր ճռվողյունով քունդ խանգարի

Չքշե՛ս նրան. կարոտիս կանչն է,

Դու ափիդ մեջ առ, քնքուշ գուրգուրի:

Ու եթե հանկարծ զեփյուռը մեղմիկ

Իր զով թեւերով քեզ իր գիրկն առնի,

Ենթարկվի՛ր նրան. կարոտիս տենչն է,

Թող քեզ գուրգուրի:

Իսկ եթե հանկարծ թեւավոր մի հավք

Սիրո տենչանքով քո կրծքին փարվի,

Մի՛ վանիր նրան. կարոտիս կիրքն է,

Թող որ խաղաղվի:

 

***

Դու` գարուն,

Ես ձմեռ եմ ցրտաշունչ,

Դու` արեւ,

Իսկ ես ձյուն եմ բերում պաղ:

Դու գալիս ես արեւաշող ոսկե թեւերով,

Ու հալչում եմ ես իսկույն,

Դառնում արցունք, դառնում ցող:

 

ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԱՅՐԻԿԻՍ

Մա՛յր, խնդրում եմ քեզ,

Դու ինձ մի՛ լքիր,

Քանի դեռ դու կաս`

Երեխա եմ ես:

Իմ մանկությունը թող հարատեւի,

Դու թույլ մի՛ տուր, որ

Այդքան հեշտությամբ իսկույն ծերանամ:

Դու ճաշակել ես որբության ցավը,

Թույլ մի՛ տուր, մայրի՛կ,

Որ ես էլ քեզ պես մի որբուկ դառնամ...

 

***

Բարեգո՛ւթ Աստված,

Ուժ տո՛ւր` զորանամ ու հասակ առնեմ,

Որ կարողանամ

Արարատ լեռան շղթան արձակել:

Կարոտի ցավը տանջում է նրան,

Ուժ տո՛ւր ինձ, Աստվա՛ծ,

Գերության ահից ալեհեր դարձած

Իմ Մասիսիներին «Հայոց» տուն բերեմ...

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում