livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

Սկիզբը` թիվ 1-2-ում                                       

գլխուխ երկրորդ, տեսիլ երկրորդ

1

SurbSargis 2011t 80x90pՄթնում նստած ես կտուրին երկնի աստղերն եմ հաշվում,

սիրտս տված սպասումին` տոչորվում եմ ու մաշվում:

Մինչև խփի կեսգիշերը, տանը բոլորը քնեն,

մինչ աչքերս Նազելիի սևուկ աչքերը գտնեն,

Ես կհաշվեմ ծով աստղերը հեռու հեռվի անհաշիվ,

մինչ գողունի տանից դուրս գա իմ Նազելին` դալար շիվ:

Ես կգտնեմ մեր աստղերը լուսաճաճանչ ու պայծառ,

անհուն երկնի աստղաբույլի աստեղներից անկաշառ:

Անմե՛ռ աստղեր, եթե ճիշտ է, որ դուք բնավ չեք կռվում,

և բարին է հար-հարատև ձեր խորհրդում վառվռում, 

Ու ձեր լուսե անհունի մեջ չկան ուրիշ աստղեր մութ,

վայելում եք մեկմեկու սեր, տածում իրար հանդեպ գութ,

Դիմում եմ ձեզ և աղաչում` մեզ էլ

                                                 գաղտնիքն այդ մեկնեք,

որ հեռացման ճամփաների առեղծվածում չբեկվենք,

Չիմանալով` ու՞ր ենք գնում` դեպի լույսը, թե՞ դժոխք,

որ չմարենք բավիղներում` դատապարտված անողոք…

Այն աստղիկը, որ վառվում է հեռուներում մթապատ,

իմ սիրածի աստղիկն է վառ, ախր շա~տ է հարազատ:

Բայց Նազելին իմ լուսառատ ճառագում է հանց փերի,

դուք չեք փայլի  նրա փայլով, աստղաբույլե՛ր վերևի:

Աստղեր, աստղեր, տեսնես արդյոք հասկանու՞մ եք

                    իմ ցավը,

թե՞ ուրիշ էր ձեզ հունցողի ձեռքի տակի հուր կավը…

Լուսե աստղեր անհուների հիմա՛ ասեք` ի՞նչ անեմ,

սիրտս այրող երկմտանքը ինչպե՞ս նրան ես բանամ,

Ինչպե՞ս հայտնեմ ես միտքը իմ, որը վճիռ է դարձել,

ի՞նչ նուրբ խոսքեր նրան ասեմ, որ սրտին

                                                             վիշտ չբարձեմ,

Ինչպե՞ս ասեմ, որ իմ սիրտն էլ, ինչպես  վայել է  հային,

ինձնից զատվել` լեռներում է, ուր կռվում է հայորդին:

Ինչպե՞ս ասեմ, որ մեզ հասած դժոխային օրհասում

հարսանիքը հետաձգենք, հիմա պահին չի սազում:

Ինչպե՞ս ասեմ, որ համբերի, գոնե մի քիչ` մի տարի,

գուցե տարին հույսով բացվի, խաղաղություն արարի:

Երկնի՛ աստղեր, թե կարող եք, խաղաղություն արարեք,

պատերազմի հոմանուհու արգանդը պինդ դուք կարեք:

Թե կարող եք, այնպես արեք` հրեշտակիս չլքեմ,

նրա նրբին, անմեղ սիրտը բաժանումով չկնքեմ:

Բայց այս ի՞նչ է` կարծես եկավ իմ Նազելին գեղանի,

թող նա խոսի, ես կլսեմ, ինչ ուզում է թող լինի…

Թող դայլայլի, թող ճռվողի, նրա անուշ հանգերից

չեմ խուսափի, եթե անգամ սիրտս ելնի իր տեղից;

Թող բլբուլի իմ նազելին: Որոշումս ասե՞մ, թե՞…

Թե՞ հեռանամ հանկարծակի. ո՞րն է ճիշտը, ո՞վ գիտե:                                

2

Տարիներ է այդ դեպքերից հավերժը հար խորտակել,

խորշոմներ են տարիները դեմքիս վրա քանդակել:

Սակայն երբեք չեմ մոռացել գիշերային ժամը այն,

առեղծված ես, մարդկային սիրտ, անպեղելի և ունայն:

Կեսգիշեր էր, երբ նա եկավ, ու մենք իրար գգվեցինք,

և նա  շնչի ջերմությունով ամբողջ մարմնով ցնցեց ինձ: 

ՈՒ թվում էր` գգվանքը այդ, թե մի քիչ էլ երկարեր,

Արարիչը անքակտելի մեզ իրար հետ կկարեր:

Տենդում էի ու մարմրում նրա մարմնի հպումից,

տարջվում էի խենթ մտքերից ու հալածում ինքս ինձ:

Տրորվում էր սիրտս ցավից` ես ու՞մ թողնեմ իմ փերուն,

նա նազում էր դողով անհուն` աշնան տերևի հանգույն:

Նա խաղում էր, խոսում անվերջ,

            ժպտում լուսե, ծիծաղում,

իսկ իմ սրտում վիշտ էր անդարձ, սուգ էր

                դառը ու թաղում:

Որոշումիս էլ դարձ չկար` պիտի հաստատ գնայի,

ես էլ, ինչպես ազգս համայն, բախտ ունեի մի հայի:

Չգնայի, հապա ո՞վ էր իմ բաժինը կռվելու,

ո՞վ էր, արդյոք, սիրտս այրող իմ վրեժը առնելու:

Սիրո համար, թվում էր, թե նոր օրեր են դեռ գալու,

այժմ պահն էր` հայրենիքին հավատարիմ մնալու:

Թվում էր, թե պիտի ապրենք մենք

            հավերժներ անբաժան,

պիտի ապրենք և արարենք մանուկներ լույս, ժրաջան:

Տատանվելով մտքերի մեջ` ես մտքինս հայտնեցի

պաղեց մեկեն դեմքը նրա, աստղիկները խամրեցին:

«Ճակատագրի կամքն է,- ասի,- իմ աննման ոսկեծամ,

կպաշտպանեմ հայրենիքը, կռվից հետո քեզ կգամ»:

Չըմբռնելով միտքս ասես` ուշիուշով ինձ նայեց,

դողդողացրեց նուրբ կոպերը, ապա այսպես սկսեց.

3

-Ի՛մ սիրելի, ճակատագրից ոչ ոք հեռու չի փախչի,

ամեն մեկը յուրովի է հարթում ճամփան իր խաչի:

Մենք գտել ենք մեր խաչերը` իմը դու ես, քոնը` ես…

-Կա՛ց, Նազելի՛, հանգստացիր, այո, իրավ է այդպես,

Այո, ճի՛շտ է, ճակատագրից մենք չենք կարող հեռանալ,

սիրտս քոնն է, բայց չեմ կարող հայրենիքս ուրանալ:

Ու, սիրելի՛ս, երբ այս ժամին անմեղ սրտերն են մեռնում,

իմ սիրտն էլ ինձնից զատվել, թափառում մեր լեռներում:

Պիտի գնամ, իմ հե՛զ եղնիկ, սևերես չեմ մնալու…

-Բայց, Մխիթա՛ր, հապա ու՞մ ես դու եղնիկիդ թողնելու:

-Մի՛ վախենա, ի՛մ սիրելի, միտքդ թող չդառնանա,

մեծ է գութը Արարիչի, Աստված մեզ չի մոռանա:

Ճակատագրի խաղի առաջ ի՞նչ է մարդը, լոկ հյուլե,

կյանքը նրա` կռիվ, թե սեր, սոսկ տեսիլքի մի բույլ է:

-Այդ գեհենից փրկում է լոկ սերը սիրած էակի,

-Սակայն պարտք է կյանքն ակնթարթ

            հայրենիքին բազմակի:

-Պահ է կյանքը, անգամ ապրես դու

            հավերժներ անհատնում,

մահվան վիշտը դրախտն անգամ չի բուժում

                ու փարատում:

Ա~խ, սիրելի՛ս, մի՛ հեռացիր` հայրենիքը իմ դու ես,

-Հայրենիք են ժայռը, քարը, աստղը երկնի,

                    նա նույնպես:

-Քո աչքերի խոր թախիծը մատնում է քեզ, Մխիթա՛ր,

որոշումդ շատ է դժնի, վշտամորմոք, անարդար:

Քեզնից պակաս ես չեմ սիրում իմ տառապած հայրենին,

բայց միջոց չէ քո ընտրածը` մահվան գնով, արյունի:

Ի՛մ սիրելի, դու մի կոտրիր բողբոջ տված սերը մեր,

առանց քեզ էլ հայ քաջերը արծիվներ են անվեհեր:

-Չէ, սիրելի՛ս, չէ՞ որ ես էլ նրանց նման մի հայ եմ…

-Ա~խ, Մխիթա՛ր, մի՛ հեռացիր, սիրտս չարն է վկայում:

-Մի՛ արտասվիր, չե՞ս հավատում` ետ եմ գալու ես մի օր,

ինձ մահ չկա, դեռ մենք կերգենք զավակներին

                    մեր օրոր:

Չե՞ս հավատում, ա~խ, սիրելի՛ս, հավատա

                իմ խոսքերին,

ետ եմ գալու, ի՛մ անուշիկ, վերցրու ինձնից այս ոսկին:

Ոսկիներով շորեր կառնենք` հարսանիքի  հանդերձ, քող,

պահիր որպես  գրավական վերադարձիս կռվից թող:

-Ա~խ, Մխիթա՛ր, մի՛ հեռացիր, սրտիս մի բեր

                    դու սոսկում,

ասում են, թե հայ ֆիդային պատանքին է պսակվում:

Աղաչում եմ, ի՛մ սիրելի, երդմնազանց մի լինի,

օր արևս սևով, սուգով, արտասուքով մի հինիր…

Դու երդվել ես, դու երդվել ես աստեղներով երկնքի,

սուրբ ցավերով Աստվածածին մեր Տիրամոր երկունքի,

Որ լոկ ես եմ միակ սերդ: Թե գնում ես ինձ էլ տար,

-Ա~խ, ի՛մ սոխակ, ինձ մի՛ տանջիր,

                   դու մտքերով այդ օտար:

-Չէ, չե՛ս սիրում, եթե սիրես, չես հանձնի ինձ օրերին:

-Բայց, Նազե՛լի, ես սիրում եմ իմ տառապած հայրենին,

Ետ եմ գալու, քեզ ասացի, պատանքին չեմ պսակվի,

ետ եմ գալու, երբ որ չարը Հայաստանից պակասի:

-Մի՛ հեռացիր, արի իսկույն, հենց այս գիշեր սկսենք,

արի իջնենք մենք կտուրից, հացատանը պսակվենք:

Ա~խ, Մխիթա՛ր, ի՞նչ հարսանիք, Աստվածն

                ինքն է մեզ զույգել,

ի՞նչ հարսանիք, դհոլ-զուռնա, ի՞նչ հանդերձներ

                    ու զուգվել:

Արի իջնենք, ի՛մ սիրելի, վշտերը իմ փարատիր,

արևի հետ բարին կգա, երկմտանքդ կավարտի:

-Քեզնից սերը գողացել է սթափության շողերը…

-Քանի դեռ չի լուսաբացը զլել իր զիլ փողերը,

Ե՛կ, Մխիթա՛ր, լսիր ձայնս, գնանք դառնանք այր ու կին,

կյանքեր են պետք հայրենիքին, կյանքեր

                կրկին ու կրկին:

Մահով ոչինչ դու չես փոխի, եթե բոլորով գնաք

ո՞վ է սերդ պահպանելու, հա՞, սիրելի՛ս, հա՞, իմ կյանք:

Մի թող մարեն թերթիկները դեռ չբացված կոկոնիս,

մի թող վիշտը մութով սնի պահոցները խոկումիս:

-Ե՛կ, խենթու՛կս, եկ, մաքրեմ քո աչիկները արցունքից,

լույս աստղերն են մեզ պահպան հարդագողի

                    բարձունքից:

-Ա~խ, Մխիթա՛ր, մի՛ հեռացիր, սուտ է օրը առանց քեզ:

-Հաստատուն է որոշումս ու այդ արդեն դու գիտես:

Արի սիրով հրաժեշտ տանք, մեծ է փառքը Արարչի,

ամեն մեկը յուրովի է հարթում ճամփան իր խաչի:

-Չէ, Մխիթա՛ր, թե հեռանաս, վերջին օրն է, իմացի՛ր.

-Խելագա՞ր ես, խենթու՛կ, ինչ է, աչիկներդ շուտ բացիր:

Ոսկիները վերցրու՛, ասի, ետ եմ գալու անպատճառ.

-Ոսկիները գրպանդ դիր, նրանցով ինձ պատանք առ..

-Կա՛ց, Նազե՛լի, ի՞նչ ես ասում, այդպես կատակ մի անի,

արցունքներդ արի մաքրեմ, սիրտս տեղից մի հանիր:

-Չէ՛, Մխիթա՛ր, որոշված է` մինչև վաղը իրիկուն

որոշումդ թե չփոխես, սրտիկը իմ կրակուն

Մարմրելով, հավերժ խոցված քո աննման հմայքից`

էլ չի լինի քոնը երբեք, կմնաս դու առանց ինձ…

Բայց ու՞ր գնաց իմ խենթուկը. սա երազ է՞, Աստված իմ,

այս ի՞նչ մի նոր փորձություն է` օրհասական ու ճղճիմ:

Ու՞ր է փութում… վախ էլ չունի… ի՞նչ է ձայնում,

                    չի լսվում…

«Վաղն իրիկուն, վաղն իրիկուն»,-

            աստղիկներն են փսփսում…

(շարունակելի)

Արտակ Գրիգորյան

Գեղանկարը՝ ՛՛Սուրբ Սարգիս՛՛ Ավետիս Խաչատրյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում