livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Սկիզբը` թիվ 1-3-ում                                       

4
Ստախշի ծրար է իմ սիրեկանը ինձ համար.
ստինքներիս մեջ է անցկացնելուգիշերը:
                              երգ երգոց գլ. ա. 13


SargisՍթափվում եմ. մեկ էլ հանկարծ, ոնց երազից անհոգի,
չի ընկալում ուղեղը իմ, ու՞ր է ինքը, չգիտի:

Շուրջը մութ է` փակ ու խավար,
                                         աչքս հանեն` չեմ տեսնի,
ու մինչև որ կատարվածը պաղ ուղեղին իմ հասնի,

Զգում եմ ես` մեկ էլ հանկարծ, ինչպես նշխարի պասի,
շուրջս տիրող բույրը անուշ ծաղկաժանյակ լավաշի:

Բայց այս ի՞նչ է, քաղցած ե՞մ ես,
                                           շուրջս ի՞նչ է կատարվում,
և ոչ մի կերպ անհայտության շղարշը չի պատռվում,

Ի՞նչ եմ արել, ու՞ր եմ հիմա, և ի՞նչ հացի բույր է սա,
իմ խե՛նթ հոգի, առեղծվածը ուր է տարել ինձ` ասա:

Ի՞նչ եմ արել, ու՞ր եմ հիմա,
                                        մտքերիս մեջ վառվիր, լու՛յս,
նշխարաբույր բեր ուղեղիս վերծանվելու
                                                             փոքրիկ հույս:

Այս ի՞նչ անուշ գոլ է փչում, հացատանն եմ, ինչ է, ես,
և բացվում են աչքիս առաջ տեսիլքները լույսի պես:

Քարանում է սիրտս հանկարծ. դուրս չի հորդի
                                                                արյան կաթ
նույնիսկ սիրտս եթե խոցեն, սարսում եմ մի ակնթարթ,

Երբ հիշում եմ դրվագները քիչ առաջվա իմ ապրած,
շվարում եմ անել, մոլոր ու մնում եմ կարկամած:

Շոշափում եմ շուրջբոլորս. թող որ երազ սա լինի,
մի՞թե արդեն ես ըմպել եմ սիրո կուլայի գինին…

Ա~խ, Արա՛րիչ,ի՞նչ եմ արել, - ու փլվում եմ ես անհույս,
ու շոյում եմ ես մարմինը Նազելիի կաթնահունց:

Եվ անցնում են տեսիլքները աչքիս առաջ շեշտակի`
թոնրաշրթից բխող գոլը, պաղ փայլերը տաշտակի,

Ու խենթ բուրող շունչը նրա` նշխարաբույր,
                                                              խելք տանող,
ու մարմինը` լույսի քուլա , գիշերային մութ վանող,

Ցավը անուշ ու արբեցնող հոգեհմա նիրվանան…
Տեսնես ի՞նչ է լուռ ու անշարժ մտքում կշռում հիմա նա:

Գուրգուրում եմ նրա դեմքը, աչիկները համբուրում,
և ձեռքերս նրա նազուկ մարմնի շուրջը բարուրում:

-Կաց, Մխիթար,- մրմնջում է հանկարծ
                                                       ձայնով նվաղուն,
ու խաղում են ինձ պիրկ հպված
                                              զույգ կրծքերը աղավնի:

-Կա՛ց, Մխիթա՛ր,-շշնջում է, ձայնը սիրտըս է շիջում,
եղելության մեջ ամփոփվել,
                                     տվայտվում եմ ու տանջվում:

-Կա՛ց, Մխիթա՛ր,պսակվեցինք առանց քավոր,
                                                                   քահանա,
գուցե ճիշտը ա՞յս է, իրավ, և ո՞վ  ճիշտը իմանա…

Բայց ես հիմա մի բան գիտեմ` դու ֆիդայի չես դառնա
ու չես թողնի քո կնոջը ճակատագրին` հեռանա,

Եթե տիրոջ հզոր կամքը պսակը մեր հավանի,
ապա ուղիղ ինն ամիս անց ինձ մայրիկ կդարձնի…

Քարացել եմ իմ լսածից, անշարժ ծնկել եմ, նայում,
իսկ Նազելին հագնվում է, փութկոտ քայլով հեռանում:

Եվ իմ շվար դեմքի վրա` որպես աղոտ ցայգալույս,
երդիկից վար մի նեղ լույսի շիթ է դողում`
                                                             որպես հույս…

Գլուխ երրորդ
Եվ եօթներորդ ամսում` ամսի
տասնեօթներորդ օրը տապանը
Արարատ սարի վրա նստեց…
ծննդ. գլ. ը. 4:
1
Արարումը վաղուց արդեն հուշ է դարձել ու անցել,
այդ օրվանից բախտը հային առավել է հալածել,

Բայց միշտ հլու բախտաբաժնի իր վիճակին` անայլայլ
տառապանքի քուրաները մեզ թրծել են անդադար:

Ու ապրել ենք խոր հավատով, նեցուկ եղել ընկածին,
բորբ ենք պահել կանթեղը վառ Աստծո Որդու միածին:
Ու անկոտրում անկումներից վերածնվել է նորից,
Հայաստանը հին քաոսում փարոս վառել բոլորին:

Հայաստանը երկրի աղն է, նրա բույրը ու համը
Հայի մեջ է Աստված փակել
                                        լույս հարության պատգամը:

Իմացել ենք այս ամենը ու ապրել ենք հավատով,
կորուստները ու ցավերը տարել տոկուն, անվրդով:

Հայաստանը երկրի պորտն` նրան սնող երակը,
Հայաստանը անհունի դեմ երկրի խիղճն է, որակը:

Հայաստանը երկրի հույսն է ու առ Աստված հավատը,
Հայաստանն է ողջ մարդկության մեռոնով լի գավաթը:

Հայաստանը անբեկ լույս է, ու այն երբեք չի մարի,
չի երգելու երբեք Հայը վերջին երգը կարապի...

2
Փույթ է արել արեգակը, ու զենիթն է թունդ կիզում,
բալասանող իր շողերով արար աշխարհը լիզում,

Չշեղվելով իր խորհրդից, մարդու ցավին անտեղյակ`
գուրգուրում է նա հավասար չար ու բարի,
                                                               հյուղ, դղյակ,

Գորովանքով, ինչպես մայրը, սնում է նա ամենքին`
մարդ-գազանին, անգամ` չարին`
                                              անդավաճան, անմեկին…

Գուրգուրում է առանց շահի, միայն տալիս է անվերջ
արարումի հենց սկզբից իմաստնությամբ իր անշեջ:

Ու սփռելով միայն բերկրանք`
                                            բարուն է լոկ հավատում,
համբերանքով նախանձելի չի նեղվում ու վհատվում:

Չի վհատվում, սակայն սպասիր, ամենահաս մա՛յր արև,
որ փայում ես անգամ գաղջը և թիթեռին ոսկեթև,

Ո՞նց ես տանում սրտից քո մեծ ցավերը
                                                        այս անպարփակ,
մի՞թե անդուլ ցավերի դեմ սիրտդ գոց է` հավերժ փակ:

Մի՞թե վերից վիշտ մի այլ խորհուրդով է վեր հառնում,
որ իմաստը` բերկրանք, թե ցավ,
                                               զանազանել չի ջանում:

Դու էլ գիտես` չարն ու բարին հաստատուն
                                                            չեն հարապես,
քանզի մահը իր անկումով նոր ծնունդ է. դու գիտես:

Որ կարոտի աչքը  լույսին խավար է պետք, ու նորեն`
մինչև բարու գինն իմանան, պիտի չարից տրոհվեն:

Որ արժեքը քո իմանա, գիշերով մութ ու խավար,
երկրագունդ պիտի տրվի սուտ լույսերին ծովինար…

Քե՛զ երանի, ո՜վ մայր արև, հարատև է քո սերը,
անցավ սիրո անդարձ լույս քեզ է տվել լոկ Տերը,

Սակայն ինչու՞, Աստվա՛ծ իմ մեծ, ինչու՞ արևը միայն
պիտի սիրի սերը այդպես անխանդ,
                                                    անցավ, հավիտյան:
Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ նա իր սիրո շողերից
մի լույս փնջիկ ծիածաներ, ապա նվեր թողներ ինձ:

Կհրդեհվեր սիրտս անթեղ նրա նման անվեհեր,
թե լույսերում ինքնահմա միապաղաղ ծվարեր,

Միապաղա՞ղ: Մայր արեգակ էությանս անհանգիստ
հրդեհների տենչն է տիրում
                                         ձգտումներով բազմանիստ:

Թող ես սիրեմ սերս դժվար, արտասուք էլ թող լինի,
հետո միայն ինձ նվիրիր  սիրո արբանքի գինին:

Ես պաշտում եմ լույսը միայն
                                         տառապանքից արթնացող,
անտառապանք կերոնները սրտի խորթ են,
                                                              մարեն թող…

տեսիլ երրորդ,

1
Հերթապահ ենք մենք այս գիշեր`
                                                ես ու Զեյթունցի Ավոն,
բայց մտքերս մեր դիրքերից թռել, թևում են հեռվում:

Թոնրաշուրթի այն գիշերից` հանելուկ ու առեղծված,
ամիսը դեռ չի բոլորել, ու ես, մտքով կարկամած,

Դեգերում եմ մեր լեռներում, ֆիդայիներին օգնում:
Ահայտության առեղծվածից էլ մթամած իմ հոգուն,

Չարչարում եմ ու տվայտում, երբ այն
                                                      գիշերն եմ հիշում:
Գիշերային լուսնի փայլն էլ մտքիս հուշում է, հուշում,

Թե տեսիլք էր քո տեսածը, ոգին է խենթ սավառնել,
մութ գիշերվա քնատ միտքդ ու աչքերդ կալանել:

Հոգ մի՛ անի, ցրիր միտքդ, երդումդ տուր ու կռվիր,
օր ու գիշեր դու չեղածով սիրտդ էլ մի քրքրիր:

«Կամ իմ լույսն էր»,- շշնջում են գիշերները դավաճան,
լիալուսնի նենգ շշուկը` չարագույժ ու անվախճան:

Հապա եթե լուսնի լույսն էր, հապա բու՞յրը այն խոցող,
հապա շու՞նչը նրա այրող ու քրտինքը գարնան ցող…

Շուրջ ամիս է, ինչ չգիտեմ, թե աշխարհում ո՞վ եմ ես,
ա~խ, Նազե՛լի, ինչու՞ թողի ու հեռացա ես այնպես,

Այնպես փութկոտ, ասես ողջը միայն ինձ էր սպասում,
ա՜խ, խե՛նթ մտքեր ի՞նչ եք դավը իմ ուղեղին փսփսում,

Չէ՞ որ ես իմ պարտքն եմ անում,
                                           միակ ճիշտը սա է, վե՛րջ…
ու մտքերը սլանում են գույժ թափորով գլխիս մեջ:

Եթե ճիշտ էր այն գիշերը, ու թե այստեղ ես մեռնեմ,
հաստատ պիտի մառ դժոխքի նախիրներին խառնվեմ…

(շարունակելի)

Արտակ Գրիգորյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում