livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Սկիզբը` թիվ 1-4-ում                                       

2
SurbSargis 2011t 80x90pՎեր եմ թռչում ես Ավոյի ահաբեկված շշուկից,
դեն եմ վանում մութ մտքերը,
                                       փորձում գտնել ինքս ինձ:

Մեզ մի քիչ մոտ` թփերի մեջ,
                                         շշուկներ են մեղմ լսվում,
տագնապալի տերեւները ձայն են տալիս, փսփսում:

 

Փսփսոցը հասու է մեզ. ինչ որ մեկը տափտփված`
մեզ է գալիս (տեսնես ո՞վ է) գաղագողի ու կամաց:

Տեսնես ո՞վ է մոտեցողը` բարեկա՞մ  է, թե՞ ոսոխ,
դեռ մի քիչ էլ  կհամբերեմ, թող մոտենա սողեսող:

Բայց այդ պահին կռնչոցը ասում է, թե ով է նա.
Վան գնացած Հարութիկն է վերադառնում: Ակամա

Երկյուղում եմ բազմապատիկ, մեր ընկերն է երբ գալիս,
դեմքը նրա ամպամած է, սիրտս արյուն է լալիս…
            
Սեւ է պատել Հարությունին, դեմքը վիշտն է ակոսում:
Ցած է դնում նա խուրջինը, պապանձվել է, չի խոսում:

Մոտենում է, մունջ տագնապով ինձ է մեկնում մի փաթեթ,
եւ ժպտում եմ ես սիրածիս եղբորը` պաղ, անհեթեթ…

Չէ, չի՛ խոսում, պապանձվել է, ու իմ սիրտն է նվաղում,
կարկամելով մութ տագնապից` չի տրոփում, չի խաղում:

Մոտենալով մացառներին տառապանքով անպատում`
ես փաթեթի էությունն եմ մանրակրկիտ պրպտում:

Մի նամակ է այնտեղ դրված, երեք ոսկին իմ տված,
եվ փետուրը գրչածայրի` վարժարանում նվիրած:

Տեսնես ի՞նչ է պատուհասել, ու ձեռքերս դողալով`
ծալած թուղթն եմ փորձում հարթել,
                                                եւ մտքերով լողալով`

Լիալուսնի լույս շողերից պայծառ շողն եմ որոնում
ու նամակի գաղտնիքներով ինձ ու լուսնին ողողում…

«Ի՛մ Մխիթար, վերադարձի՛ր, գիտես` տեղս շատ է նեղ,
հայտնվել է նորից Վանում թուրք Աբդուլլան անուղեղ:

Հետամտում է, օր չի տալիս, ասում է` եկ պսակվենք,
եթե չուզես դու կամովին, որ իրարու մենք կապվենք,

Կփախեցնեմ,- ասում է նա, -
                                    սիրո համար ի՞նչ հայ, թուրք,
վերադարձի՛ր հենց այս գիշեր` գախտագողի ու անշուք:
Վերադարձի՛ր ու ինձ էլ տար քո լեռները կռվելու,
ախր ինչու՞ եւ ինչքա՞ն եմ այս կրակում վառվելու.

Փութա այսօր, վաղը գուցե լինի արդեն կորած, ուշ,
ու ինչ է, թե այդպես լինի, ապա ես քեզ, որպես հուշ,

Ուղարկում եմ ոսկիներդ, պահիր դրանց ու հիշիր,
ինչպես սերդ դու մի սեւ օր նվիրեցիր ուրիշի:

Ու թե տխրեն մտքերը քո, սիրտդ դաժան ցավ կրի,
այս փետուրը դու թաթախիր արցունքիդ մեջ ու գրիր:

Թող  չթվա, ի՛մ սիրելի, թե դաժան եմ առավել,
թե իմ սիրտը տառապանքից չարությունն է գրավել.

Վերադարձի՛ր, ի՛մ Մխիթար, ի՛մ սիրելի, ի՛մ անուշ,
վաղը գուցե էլ չլինի, վաղը գուցե լինի ուշ…ե:

Դողդողում է աչքերիս մեջ լուսնի կլորը գունատ,
ու այրում է այտերը իմ արտասուքը անընդհատ,

Խառնվում են տառն ու տողը, էլ աչքերս չեն տեսնում,
միայն նրա վերջին տողն է գուլ մտքերում իմ հոսում:

«Վաղը գուցե էլ չլինի, վաղը գուցե լինի ուշ,
վերադարձի՛ր, ի՛մ Մխիթար, ի՛մ սիրելի, ի՛մ անուշե:
            
3
Թե ինչքան եմ ես մասրենու մացառին կիպ մոտեցել,
թե ինչքան եմ ցավ զգալու բնազդները կորցրել,

Երբ պարզվում եմ, ու աչքերս ամփոփում են ամեն ինչ,
ես տեսնում եմ իմ ձեռքերը իմ սեփական արյան մեջ:

Շփոթվում եմ, ու նամակը ես արնածոր ձեռքերով
ցավից մարող ծոցս եմ դնում` սրտիս վրա վերքերով:

Ես ի՞նչ անեմ. լուռ հեռանամ, մենակ սիրածի՞ս գնամ,
բայց ես ինչպե՞ս գործս թողնեմ ու հեռանամ ինքնակամ:

Այս ուշ ժամին, երբ ոսոխը կարող է նենգ հայտնվել,
ո՞վ է տվել ինձ իրավունք թողնել դիրքերը, լքել,

Ո՞վ է տվել ինձ իրավունք,- սիրտս ասում է` սերը.
գնա՛, հասիր քո սիրածին, համ էլ փոքր է քո դերը:
Ու հնչում է Նազելիի ասած խոսքը այն գիշեր.
«Առանց քեզ էլ հայ քաջերը արծիվներ են անվեհերե…

Հարութիկին եւ Ավոյին կարճ պատմում եմ ամեն ինչ,
ու խնդրում եմ, որ ինձ թողնեն,
                                        գիշերն հսկեն առանց ինձ:

Մինչ արեւը օրը բացի, հասնի կեսին իր ճամփի,
մենք հետ կգանք, եթե Աստված իրոք այդպես կհաճի:

Ավոն կարծես համաձայն է, մթնել է լուռ, չի խոսում,
Հարութիկի ջահել դեմքին մի գորշ ստվեր է հոսում:

Լռում է դեռ, պապանձվել է, լեզու՞ն կուլ է տվել նա,
չթողնեն էլ, գնալու եմ, անգամ կապեն` չեմ մնա:

-Կա՛ց, Մխիթա՛ր,- ես լսում եմ,
                                    Հարությունն է ինձ կանչում,-
-Կա՛ց, Մխիթա՛ր, հանգստացիր,
                                          իմ սիրտն էլ է հառաչում:

Լույս կբացվի գուցե բարի,
                                     կպատրաստվենք, կգնանք,
եւ նոր օրվա առեղծվածի իմաստը խոր` կիմանանք:

-Կաց,-ասում է Ավոն նույնպես,- իմ սիրտն էլ է գրավված,
ինձ էլ քեզ պես սիրո ամպն է գերեվարել մթամած:

Եվ հավատա` վախից չէ, որ քեզ
                                           հապաղման ենք կոչում,
եւ տաքացած` մենք զենքերը
                                    չենք բարձրացնում ու ճոճում:

Մի քիչ էլ կաց, լույս կբացվի, արեւ կելնի ու բարի
իր օրհնանքով կտաքացնի
                                    մեր տառապած աշխարհին…

Ամպը ծածկեց լուսնի շողը, սուր կռնչաց պառավ բուն,
փշաքաղվեց իմ մարմինը` թափառական ու անտուն:

Ա՜խ, ի՞նչ անեմ, երբ այս մութից իմ հոգին է մթարքնվել,
երբ աշխարհի վիշտը համակ իմ սրտին է փաթաթվել…

Երբ հայտնի չէ` ի՞նչ կլինի, պահը ինչե՞ր կբերի,
անհայտության այս քաոսում սիրտս ինչպե՞ս համբերի:

Եկ համբերեմ, բան չմնաց, որ արեւը նորատի
իր շողերով արշալույսին գիշերվա վերջն ավետի…

4
Եվ նոր էի կարծես մտքով իրողությանն հարմարվել,
եւ ցավերը սիրտս առած` ամփոփվել ու պարտակվել,

Մտքերով մութ խաղում էի վաղվա օրվա հոսքի հետ,
գծագրում մտքերում իմ գործեր լուրջ ու անհեթեթ,

Երբ քիչ հեռու մեր պահոցից` մութ անտառի փեշերից,
դոփդփյուններ կարծես հասան խավարամած գիշերից:

Սկսեցին զանազանվել ուրվականներ ձիավոր,
սիրտս մերվեց, եւ ես ձեռքս մացառներից վիրավոր

Հրացանիս փողին տարա ու քաշեցի ինձ կամաց,
եւ խումբը այդ մեր տղեքն են`
                                   մի պահ հանկարծ ինձ թվաց:
Ինձ պես գուցե ընկերներս մտածեցին ու անձայն
տեղից ելան եւ պահոցից փոքր-ինչ
                                                 վերեւ բարձրացան…

Ստեպ-ստեպ մութի թեւը մեզ էր բերում շշունջներ
լիալուսնում գիշերային, ուր որ օդը թարմ, ջինջ էր:

Ավոն հանկարծ սուր կռնչաց խլահավի երգը գույժ,
հաջորդ պահին փոշմանեցինք,
                                    սակայն արդեն շատ էր ուշ…

Գյուխ  չորրորդ

1
Ողջու՜յն արեւ, ողջու՜յն աշխարհ,
                                        բարի լույս քե՛զ, բնությու՛ն,
ողջու՜յն քեզ, օր, հազար բարի,
                                       Աստվածային ինքնություն:

Ողջու՜յն քեզ, ձյուն, դեռ չպղծված
                                         լուսաճառագ ձյան բարդոց,
ողջու՜յն նախշեր, ձեզ ապակուն նկարողին արտառոց:

Լալ ու գոհար հազարանիստ, լույս ծիծաղով սեթեւեթ
տարածելով շուրջ բոլորը` ժպտում եք  պարզ ու թեթեւ:

Բայց այս ի՞նչ է, դուք ժպտու՞մ եք,
                                          ինձ հեգնելով ու կամաց,
ի՞նչ շշուկ է, ի՞նչ եք արդյոք դուք շշնջում կարկամած:

…Ու պաղում է արյուն տաք, երակներում իմ լերդվում,
երբ գիշերը ինձ այցելած մղձավանջն եմ ես թերթում:

Այս գիշեր էլ ես չտեսա հար սպասված երազն այն,
իմ սիրածից, ինչպես եւ միշտ, ոչ լուր առա, ոչ էլ ձայն:

Բայց գիշերն այս ինձ այցելեց ինչ-որ երազ ուրիշի,
մի գոլ երազ` օծուն մեղքով թմբիր բերող հաշիշի:

Ի՜նչ երազ էր, իբր թե մի աղջնակի դեռատի
ծնողները շաբաթվա վերջ պսակեին շուտ պիտի:

Բայց դե փեսան սիրածը չէր, շուրջն էլ ցուրտ էր,
                                                              ձմեռ, բուք,
փեսացուն էլ ձմռանից պաղ ժպտում էր նենգ ու անշուք,

Իսկ աղջիկը.«Չէ՛, երդվե՛լ եմ, երակը իմ կբացեմ,
թույն կխմեմ, չեմ պսակվի, ինձ քարափը կգցեմ:

Եթե մինչեւ արեւամուտ նա չփութա, գա, - ասաց,-
աչիկները իմ վշտակեզ էլ չեն տեսնի լուսաբաց»:

«Թե չփութա իմ սիրածը»,-լսում եմ ես ու տանջվում,
«Թե չփութա՜, թե չփութա՜» արձագանքն է շշնջում:

Փոփոխվում են պատկերները,
                                          նայադներ են հայտնվում,
ու նրբահյուս նրանց խմբից մեկն իմ սիրածն է թվում:

Նայադներ են` ջինջ ու զուլալ, զուլալ աղբրի ոգիներ,
մեկը անմեռ ջուր է տանում, մեկը` ծովի աղից ջեռ,

Որ հագեցնեն չհագեցող ծարավ սիրտը մի հոգու,
ով որ հիմա մղձավանջում ոչ քուն ունի, ոչ խոկում…

Ուրիշ ոչինչ, կարծես ոչինչ չեմ տեսել ես երազում,
միայն կարծեմ ծարավ էի, ես էլ էի ջուր ուզում:
(շարունակելի)

Արտակ Գրիգորյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում