livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019
Sargis

Սկիզբը` թիվ 1-5-ում

Գլուխ չորրորդ

2

Այս գիշեր էլ Սուրբ Սարգիսը նժույգը իր խթանել

Հայաստանի լեռնաշխարհում բյուր սրտեր է զնդանել:

Ու հիմա վառ արեւի հետ աղջիկները լուսաբույլ,

չզսպելով կրծքի խաղը հանց կամակոր վայրի ուլ,

Սրտի դողով որոնում են պայտի հետքը փոխինդին,

ու հայացքը խորհրդավոր ծավալում են ողջ չորս դին,

Թե որ կողմ է հավքը տարել կտրին թողած բաժինը,

եւ ում տուն է նա տանելու ասեղնագործ բաժինքը...

«Սուրբ Սարգիս» էր, ա՛յո, նորից քեզ հիշեցի, Մխիթա՛ր,

եւ մատնում եմ իմ մտքերը տեսիլքներին ինձ օտար:

Ու թակում եմ խորհրդավոր տեսիլքների գոց դուռը,

ոտք եմ դնում սիրո ցավով սրբագործված մատուռը...

Տեսիլ չորրորդ

1

Արեգակն է անդուլ կիզում պատուհանիս աչքից կույր,

երեք ոսկի, մի հին նամակ, գրչածայրի մի փետուր

Բեռնավորված հին սեղանիս` նամից մամռած ոտքերը,

Նոր-նորովի բորբոքվում են սիրտս մաշող վերքերը:

Երեք ոսկի, մի հին նամակ, գրչածայրի մի փետուր...

սրանք են իմ ուղեկիցը, այս հեգ կյանքում մենավոր:

Ես աշխարհին սրանից զատ ոչինչ չունեմ էլ տալու,

ոչինչ ուրիշ չեմ արարել` այս աշխարհում մնալու:

Ոչ տուն, ոչ տեղ, ոչ էլ գործեր ` հիշատակի արժանի,

չունեմ հիմա , որ այն պահը մի օր մարդկանց բաժանի:

Եթե կյանքը ակնթարթ է, այն կորցրել եմ անտեղի,

ամենաքար սիրտը անգամ արյուն-արցունք կհեղի,

Եթե տեսնի անցած կյանքիս այս մի փոքր ընթացքը,

բայց, Աստվա՛ծ իմ, ո՞րն է, ասա՛,

իմ մեղանչած հանցանքը,

Որ այս կյանքում կյանքի վրա անձս խեղվեց,

դարձավ բեռ,

որ, եփելով տառապանքում, չարչարում ես անդուլ դեռ:

Հենց այն օրը թող մեռնեի, երբ Նազելին խռոված

ինձ կտուրին մենակ թողեց` մթամած ու մոլորած:

Հենց այն օրը, երբ խելագար խելքս նվիրած քամուն

ետ տունդարձին` աղբյուրի մոտ,

ինձ հանդիպես Աբդուլլան:

Ախր ինչո՞ւ նա խուսափեց, ինչո՞ւ փոխեց ճամփեն իր,

թող կռվեինք, ու թող հորդեր իմ արյունը վառ կարմիր:

Դու շեղեցիր նրա ուղին ու ինձ ապրել թողեցիր,

ինչո՞ւ հապա հետո նորից մեր ճամփեքը խաչեցիր:

Թող մարեի սիրադրուժ, ու թող սիրտս վերանար,

ու թող հոգիս լքված սիրու անեծքներից կուրանար:

Հենց այն օրը, երբ առաջին իմ կռիվը տվեցի,

հենց այն օրը, երբ որ կռվում հենց առաջին խեղվեցի...

Դու լքեցի՛ր, ո՛վ իմ Աստված, սմբակածեծ քո որդուն,

աստղերի տակ ինչո՞ւ թողիր հուսալքված ու անտուն:

Ու անհունի ամենակուլ, հազարակն խղճի դեմ

ես չմեռա, ինչո՞ւ, Աստված, մեղքս ո՞րն էր , չգիտեմ...

Մի՞թե մեղք է սերն հայրենի կնոջ սիրուց համարվում,

թե՞ հայրենիք կոչեցյալը ունի լոկ կեղծ համարում...

Մեղանչել եմ, ուրեմն, Աստվա՛ծ, եթե այդպես է իրավ,

եթե այդ է կամքդ վերին` աստեղային ու անբավ...

2

Այո՛, բեռ է դարձել իրավ կյանքն` ակնթարթ թանկագին,

չունեմ կյանքում արժեք բնավ, չեմ ունենա նաեւ գին:

Հայրենիքիս սիրուց խոցված`

նրա համար դարձա վերք,

ու ծանրացրեց խեղճ մարմինս հայրենիքիս հողը հեգ:

Ա՜խ, Արարի՛չ, դու չգիտես ի՞նչ` ասել է ամեն օր

լուսածագը դիմավորել խուռն մտքերով նորանոր:

Դու չգիտես, որ ամեն օր իմ արեւը քչանում,

ու բեկվում է անդառնալի, միայն մահ եմ ցանկանում:

Ա՜խ, Աստվա՛ծ իմ, ես ո՞նց ապրեմ անդամալույծ`

ջահել դեռ,

դարձել եմ սուտ ու անօգուտ, մարդկանց համար

միայն բեռ:

Ո՞նց ապրեմ ես, երբ ամենուր շուրջս ծաղկում է գարուն,

եւ ամենքին խորթ եմ հիմա, պաղ ու անկյանք,

անարյուն:

Գիտե՞ս, շատ եմ ես նզովել կյանքս փրկող օտարին,

երբ լքեցիր ինձ խեղանդամ, գուցե դա էր հենց բարին...

Եթե պետք չէր ստեղծածդ, ավելորդ էր անգամ քեզ,

ինչո՞ւ բեռնիր նզովքներով Սամարացուն այն նոր հեգ:

Չէ՛, չեմ ուզում ես մանրացնել

տանջանքներս անիմաստ,

կյանքիս թելը, երեւում է, շատ է ամուր, պիրկ ու հաստ,

Որ ցավերը` այսքան դաժան, նրանց դույզն ինձ

չեն մաշում,

որով անդուլ այս աշխարհի մեղքի բեռն եմ քաշքշում...

3

Արեգակի գոլ շողերին պատուհանս չեմ ծածկում,

տաքացնում եմ ոսկորներս, մահվան մասին մտածում:

Բայց անցյալի հին դեպքերը նոր մտքերս ընդհատում,

ինձ ապրելու կոչ են անում զօր ու գիշեր, անդադրում:

Թե` չմեռար, այդպես էր պետք,

կամքն էր այդպես վերեւի,

մի՛ անիծիր դու Աստծուն` արդար լույսը արեւի:

Համ էլ ու՞ր ես դու շտապում` Նազելիից լուր չառած,

չգիտես էլ` կենդան՞ի է արդյոք սերդ, թե մեռած:

Պիտի ապրես, քանզի թաքուն կրծքիդ ներքո`

ինչ-որ տեղ,

կարծում ես, թե մեղավոր է սիրածիդ դեմ անձդ խեղ:

Հապա հիշիր դու թոնրատան այն գիշերը առեղծված,

վկա էին եւ՛ աստղերը, եւ՛ բարեգութ հայրն` Աստված:

Մի՛ համոզիր, թե երազ էր գիշերը այդ ու հեքիաթ,

հապա նրա նուրբ բուրմու՞նքը, սաթ աչքերը`

սեւ անթարթ:

Մահը ի՞նչ է, կհասցնես, պետք է ապրել կյանքն ունայն,

իմաստներով իր անիմաստ ամբողջովին քոնն է այն:

Էլ մի՛ մթնի, հին նամակը կարդա եւս մեկ անգամ,

մինչեւ տիրոջ հրեշտակը տանի անձդ խեղանդամ...

4

Այսպես երկար օր ու տարին չէի համարում էլ բնավ,

խաղում էի ես մտքիս հետ, ինչպես անթի, անղեկ նավ:

Տատանվելով երկար-երկար` ձմռան մի օր կրակուն

ես վառեցի հեզ ճրագս իմ մթամած մարագում:

Գրչածայրի փետուրն առա, մելանով սեւ պատեցի,

եւ խոհերի բռունցքը ողջ գլխիցս վեր կախեցի:

Եվ գրեցի ես սրտառուչ ու անհասցե մի նամակ,

անցյալ դարձած ողջ անցքերը ժողովեցի ես համակ:

Մտորեցի երկա՜ր-երկա՜ր, ինչ եղել էր այն օրից,

սիրտս հուզվեց ալեկոծվեց, մորմոքվեցի ես նորից:

Անցան օրեր, եւ օրերի անմեկնելի քաոսում

նամակը այդ սրտամորմոք իմ ծոցում էր սպասում

Ստացողի հայտնվելուն: Օրս անցնում էր թեթեւ,

որ չեմ գտնի նրան երբեք, այդ գիտեի ես թեեւ:

Ինձ պատել էր մի չսպասված,

տարօրինակ խոր հանգիստ,

հիմա կյանքը ուրիշ կերպ էր,

դարձել էր ոչ այնքան խիստ:

Այդպես հոսեց ժամանակը, օրեր կորցրի ես անդարձ,

մեկ էլ կրկին փետուրն առա ես ձախ ձեռքս

ու հանկարծ,

ՈՒ գրեցի ես իմ ձեռքով պատասխան այն նամակին,

ասես ինքն էր պատասխանում ին նամակին` Նազելին:

Եվ պեղեցի նրա սիրտը, ինչ որ սրտում կար թաքուն,

եւ քամեցի այն մինչեւ վերջ երեք գիշերներ անքուն:

Երեք գիշեր ես, մոռացած հաց ու ջուրը, տքնեցի,

երեք գիշեր վիշտ ու բերկրանք սրտիս բեռով կքեցին:

Ու մի օր էլ արեւի հետ ես ստացա նամակն այդ,

ի՞նչ էր նրա էությունը` եւ՛ հայտնի էր, եւ՛ անհայտ:

Բայց մի խուլ ձայն ներս սողոսկել,

շշնջում էր անդադար.

«Նամակն այդ մի՛ ընթերցիր, պատառոտիր, Մխիթա՛ր:

-Մի՛ ընթերցիր,- կրկնում էր ինձ էությունն իմ դավաճան,-

Կրակին տուր, թե ընթերցես`

տանջվելու ես անվախճան»:

«Մի՛ ընթերցիր», - ինձ կրկնում էր արտասուքն իմ աչքերի,

«Մի՛...»,- կրկնում էր ձայնը խորքի`

սիրտս պատած վերքերի...

Հոսում են լուռ տարիները, մեռնել էլ չեմ մտածում,

կյանքի հանդեպ հիմա ուրիշ զգացում եմ ես տածում,

Քեզ եմ տեսնում, ի՛մ աննման, ես ամենուր,ամեն տեղ,

եւ քեզնով է, որ վառվում է տենչ ապրելու` թեկուզ ծեղ:

Հիմա արդեն էլ չի մաշում հուշն այն հեռու գիշերից,

երբ դիրքերից մենք դուրս եկանք,

ու մեր հույսը փշրվեց:

Երբ թշնամու ով լինելը բացվեց մեր լուրթ աչքերին,

ու դիպվածը հասավ-լուծվեց մեր ուղեղի ծալքերին,

Արդեն խումբը նրանց ուրու, կրճատելով իր ճամփան,

Քսան հոգով հիշոցներով, աղաղակով մեզ հասավ:

Տա՞ս թե քսան` ո՞վ իմանա, ու կռիվը կարճ տեւեց,

սակայն խմբում այդ վայրենի մեկն

Աբդուլլան ինձ թվաց,

Եվ ուղղեցի հրացանս նրա վայրի ստվերին`

վկայելով երկնայինին ամենագութ ու վերին:

Կրակեցի, սակայն հետո ես էլ ոչինչ չեմ հիշում,

լոկ զգացի, թե ինչպես են ոսկորներս փշրվում,

Ինչպես առած սմբակի տակ`

խումբը մարմինս է գիշում,-

ընկերներիս ինչ պատահեց... ողջ մնացի՞ն,-

չեմ հիշում:

Ու լսվում են կրակոցներ արդեն մարող իմ մտքում,

վերջին անգամ խոր տնքալով`

կարմիր արյուն եմ թքում...

(շարունակելի)

Արտակ Գրիգորյան


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում