livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Սկիզբը` թիվ 1-6-ում  

SargisԳլուխ հինգերորդ

Թեպետ կյանքում ես ապրել եմ
                                             Քրիստոսից քիչ ավել,
սակայն երբեք դեռ չեմ փորձել պահոցները
                                                              հին պահել:

Դեռ չեմ փորձել ես հոգևոր
                                       ինքնակրթման ընթացքում
ժուժկալել իմ մեղսոտ անձը, և ես այդ չեմ թաքցնում:

Գուցե հիմա դառնամ հլու պահոցներին բաց թողած,
ու նոր ձայնս միաձուլեմ աղոթքներին երկնաբարձ:

Ես էլ պիտի հինգ օր երկար` այգածագից այգածագ,
իմ մեջ եփեմ ու խմորեմ մրմունջները տաք, անհաց:

Հինգ օր երկար պիտի նորից ես տառապեմ սիրով այս,
պիտի փորձեմ ես աղաչել նորից Տիրոջը անհաս,

Որ զորավիգ լինի գործիս, գործս տանի մինչև վերջ
ու համեմի իր օրհնությամբ այն սկզբից` էջ առ էջ:

Հինգ օր երկար պիտի պահեմ առաջվորաց պահոցը,
հինգ օր երկար պիտի քննեմ ես գրքերն ու գրոցը:

Դե՛, Մխիթար՛, վերջին ճիգով թույլ տուր`
                                                   նորից քեզ ձուլվեմ,
տեսիլները ես ավարտեմ ու պոեմն այս բարուրեմ

Վերջին-վերջին մրմունջներով`
                                          քո շութերից դուրս եկած,
նոր գրիչս` հետս բեկված, ես ձեռքիցս դնեմ ցած:

տեսիլ հինգերորդ
1
Գիտեմ` սերը արթնանում է ձնծաղիկի ծաղկի հետ,
վաղ գարնանը, երբ ձմեռը դեռ շնչում է մերթ վետ-վետ,

Արթնանում է քնած սերը ու պայքարի բովում թեժ
խարխափելով ճամփա  ելնում իմաստնությամբ
                                                              իր հավերժ:

Կույր է սերը, աչքերը փակ, սիրտն է նրան ուղենիշ,
Պետք չեն աչքեր սիրո ճամփին,
                                              ոչ էլ փարոսներ ուրիշ:

Անհրաժեշտ չեն սիրուն աչքեր,
                                             ախր այնքան վեհ է այն,
որ ոչ մի տեղ տիեզերքում կամ անհուն անսահման
Չի մոլորվում, միշտ գնում է,
                                   խուփ  ու խավար, անփարոս
ուր էլ լինի` իր սիրածին, սրտի ձայնով վարգախոս...

2
Առավոտ է: Գարուն է վաղ, խորացել եմ անտառում,
իմ այս վերջին տարիներին`
                                       որպես բեկում կամ ներում,

Շարժվում եմ կամաց-կամաց ես նվերով երկնային,
կյանքս մի քիչ դարձավ թեթև,
                                       նույնիսկ մի քիչ բերկրալի.

Ցախ եմ անում , կապում քաշան,
                                          քաշքշելով  բերում գյուղ,
օգնում այսպես բարերարիս ապրուստին քիչ,
                                                          պակաս, սուղ:

Որ չլինեմ ես նրանց բեռ արշալույսից իրիկուն,
հենց տաքն ընկավ, դուրս եմ գալիս
                                        ու թափառում անտառում:

Ցախ եմ անում, երբ պակաս են բարիքները մեր ձորի,
ուշ աշնանը և գարնանը, մինչ մայր հողը ծոցվորվի:

Երբ ջերմանա սիրով գորով, ծիլերին դուրս կքաշի,
մինչ ծառերը նա բազմերանգ
                                          վառ գույներով կնախշի:

Ես մերվել եմ բնությանը, ավելի չեմ անվանի,
քան թե հավքը, գայլը սոված կամ լեշակեր բորենին:

Ձյունն հալվում է: Ձեռնափայտով
                                       խաշամներն եմ պրպտում,
շուռ եմ տալիս թաց խաշամը,
                                     խնձոր, կաղնի եմ փնտրում:

Թաց խաշամի տակից հանած վայրի խնձորը թթու,
կամ ընկուզի նամից նամշած ու սևացած թաց կթուն

Շատ են համեղ: Անցած տարվա
                                            ցուրտը տարած սեզերի
թփերի մոտ դուրս է բխել մուռ կանաչը եզրերին,
Եվ նոր ծնված առաջնեկը` գարնանային երփներանգ
ձնծաղիկը ու կազմում է գարնան հիմնի չքնաղ հանգ:

Փա՜ռք քեզ, Աստվա՛ծ, այս տարի էլ կզրնգա զիլ,  հնչուն
վերադարձող կռունկների`
                              մեզ կարոտած պանդուխտ  չուն:

Այստեղ-այնտեղ կաթկթում է ամպի հյութը կենսաբեր,
ու իմաստը մայր բնության հին ընթացքով
                                                              անհամբեր,

Կրկին ելած ձմռան քնից, զույգվելու է ընթանում,
ի՜նչ բնազդ է, այդ բնազդին չկա արգելք ու հատնում:

Ցրտում է քիչ. ցախը առած` տան ուղին եմ որոնում,
մթագնում է անտառը ողջ,
                                        գարնան հմայքը խամրում:

Մտածում եմ պատսպարվել քարանձավում դիմացի,
մինչև արփին իր շողերով լույս ծիածան տարածի:

Հարմարվում եմ թաքստոցում,
                                        ապա նայում դեպի դուրս,
կայծկլտում է աչքիս առաջ գարունը վաղ, լիահույս:

Չհասցրած գարնան շուքով ես լիաթոք զմայլվել,
մոտ թփուտում նկատում եմ`
                                        երկու նոխազ են կանգնել,

Երկու նոխազ` սարեղջուր ու բացառիկ գեղեցիկ,
հետևում է նրանց հեռվից քաղի
                                             պատրաստ մի թանիկ:

Ես տարվում եմ տեսարանով,
                                       դիտում գերված, ակնապիշ
մենամարտը նոխազների, թե թանիկին այդ բամբիշ,

Ո՞րն է արդյոք տիրանալու` փորձում եմ ես գուշակել:
Ա՜խ, այդպես է կյանքի խաղը,
                                           հնուց այդպես մշակվել,

Դարձել բնազդ, դարձել օրենք` չգրված,
                                                  բայց հաստատուն`
թույլը միշտ էլ դուրս է վանվում բնազդում
                                                       այդ իմաստուն...

Բորբոքում է քամին օդը, ամպերն իրար հարվածում,
շուրջբոլորը գոռ, ահազդու բամբյուններ է տարածում,

Իսկ քիչ հեռվում ամպի ձայնին`
                                          թափով հատու ու հնչեղ,
խառնվում են նոխազների մռնչյունները սիրազեղ:

Եղջյուրների հարվածները եղջուրներից անջատվում,
քարայրից ներս սլանալով`
                                    նորից միտքն են իմ տանջում`

«Ով ուժեղ է...ե,- Մտորում եմ, ու մտքերս  թավալում
սպի դարձած հին դեպքերի անծայրածիր ծավալում:

Նորից հինն եմ մտաբերում. մի՞թե ես էլ թույլ էի,
որ դուրս վանեց ինձ բնազդը, ու պատժեց ինձ լիուլի:
Չէ՛, հոգնել եմ՛ ու չեն գտնում իմ մտքերը էլ եզրեր,
ի՞նչ է սերը անհունների ծավալներում անեզեր...

Սթափվում եմ ես մտքերից: Այրի մուտքին ակնապիշ`
ես գտնում եմ դրսում արդեն
                                          գարնան դեմքը մի ուրիշ:

Արեգակը հողմը ցրել, սեզի վզից է քաշում,
ձնծաղիկը առվով հոսող զուլալ ջրով է ճաշում,

Նոխազները չեն երևում, թանիկից էլ հետք չկա,
հաղթող արուն շուրջը նրա հիմա կայտառ պար կգա...

Ելնեմ, ելնեմ, օրը բացվեց,
                                   ցախը մի կերպ տանեմ գյուղ,
մինչ կանաչեն բանջարները,
                                        ծառերը տան նոր ընձյուղ:

Այս է գործս, փայտահատ եմ,
                                          դեպի տուն եմ ուղղվում,
իսկ ինչ-որ տեղ գայլը սոված վայով օդն է ողողում:

Փութամ, փութամ, չէ՞ որ վաղուց Նազելին իմ կրակուն
պատասխանած պիտի լիներ գիշերներին իմ անքուն:

Գուցե ես էլ գարնան շնչին մասնակցության շյուղ բերեմ
ու մտքերում այդ նամակով
                                          նոր իմաստներ հորինեմ...

3
Եվ հրաշքը վերապարգև նորից աչքերս առնում,
այս հեքիաթի ուղիներով նրա ավարտն է տանում,

Վերջին անգամ պատումը ողջ,
                                        ինչպես աղբյուրն է բխում,
հայտնվում է աչքերիս դեմ`
                                      վերջալույսից անհատնում,

Փա՜ռք եմ տալիս Երկնավորին, որ քանքարին իր հլու
ինձ թույլ տվեց սիրո կայծից այս կրակը վառելու:

Ու թող վառվի կրակը այս, ասենք, նույնիսկ թե ծխա,
միևնույն է, առանց կրակ կյանքում երբեք ծուխ չկա:

Թե կրակը լեզվակներով սիրող սրտերն է լիզում,
ծուխը, հապա, քար սրտերից
                                         արտասուքն է իր ուզում...

Դու՛ ուղեկցիր, իմ լա՛վ մուսա, արի գնանք մինչև վերջ
ու որոնենք մեր այս գործին հարգի ավարտ,
                                                          հարմար վերջ:

Վերջին անգամ այս  երազի ցնորքներում սավառնեմ,
արեգակի վերջին հրով նրա հոգում հույս վառեմ:

Վերջին անգամ, սիրակարոտ, տառապագին ու անքուն
խորհրդավոր այդ գիշերը,
                                    այնտեղ ապրեմ ես թաքուն...

(շարունակելի)

Արտակ Գրիգորյան


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում