livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

SargisՍկիզբը`  2013թ. թիվ 1-7-ում  

4

Ոչ, չկա գարուն... Ո՞ւմ է հարկավոր,

երրորդ կնունքս մահը կլինի…

Ա. Բլոկ


Երեք ոսկի, նամակի շեղջ, գրչածայրի մի փետուր`

բեռ են դարձել հին սեղանիս ցրտից սառած ոտքին կոր:

Արեգակն է տխուր նայում պատուհանիս ապակուց.

երեք ոսկի , մի հին փետուր, նամակների

                                                         մաշված խուրձ...

Ե՞րբ մաշեցի ժամանակի չմշակված այս կաշին,

վաղուց արդեն ես խառնել եմ օր ու տարի ու հաշիվ:

Եվ ի՞նչ ծնեց ժամանակը որոգայթում անթափանց,

չտարբերվեց ոչ մի օրը դառը կյանքում իմ ապրած:

Եվ ինչքա՜ն շուտ կյանքը լափեց

                                                երազները պատիր, սին,

և ու՞ր կորավ այս գեհենում իմ ոսկեհեր Նազելին:

Ինչե՞ր եղան այն օրից ետ, ինչո՞ւ կորցրի ես նրան,

և ո՞ւմ է պետք հիմա կյանքս` անտուն,

                                                     անտեղ, անօրրան...

Ժամանակի շփոթում գաղջ, ուր  օրեր եմ քարշ տալիս,

միայն հինն է  ստեպ-ստեպ հույս ու կորով ինձ տալիս:

Հինը անցած որքա՜ն դառը, որքա՜ն տտիպ, հոգեկեր

հույսն է վառել իմ օրերի` տխրամած ու անընկեր:

Չգիտեմ էլ` մարմինը իմ անտեր, անսեր, կառափված,

արդյոք պիտի հանգստանա՞ օրերից այս տառապած,

Արդյոք պիտի հոգուս բերի՞ Աստված լույսն իր աներեր,

արդյոք պիտի խղճաս անձս՞, ո՜վ Մեծազոր, անվեհեր:

Եվ ե՞րբ պիտի դու ավարտես կյանքիս

                                                      հեքիաթն անխնձոր,

մահն ինձ համար առավել կյանքից դարձել մերձավոր:

Մի երկմտիր և մի կապիր ինձ հավերժի այս հոսքին,

առ ավարտին իմ հեքիաթի երեք կարմիր այս ոսկին,

Խնձորներով փոխարինիր, մեծակարող, աներեր,

ու թող հավետ հանգստանա գլուխը իմ ալեհեր...

Մինչև Երկնային դատավորը կյանքի էջերն իմ  թերթի,

ու ապրածիս ծանրությունից մի պահ դեմքը կնճռոտի,

Թող ես հիշեմ վերջին անգամ  ոսկեծամիս դեմքը լույս,

մի ուրիշ կերպ հիմա արդեն` ոչ կորցրած ու անհույս:

Չ՞է որ մահը` որքան դաժան, ունի մի լավ լրացում,

որ այն կյանքում խոստանում է հոգիների միացում:

Այնքան ջինջ էր սերը նրա, գեղաչվի իմ սիրածի,

այնտեղ անգամ ինձ տեսնելով` սրտի դուռը չի ծածկի:

Բայց ինչու՞ եմ ես համոզված, թե քեզ

                                                        մոտ է վաղուց նա,

Աստվա՜ծ իմ մեծ, ու անհամբեր ինձ

                                                    սպասում է հիմա նա:

Իսկ թե հանկարծ այս կյանքով է նա դեռևս տառապում,

այդժամ գուցե իզուր եմ ես կյանքը լքել շտապում...

Թող ինձ թաղեն հին շիրմատան ցանկապատի

                                                               ճամփի մոտ,

որ ինձ լքող իմ հեգ հոգին մարմնից

                                                     զատվի ու փութկոտ

Կապանքներից երբ որ զատվի, դեպի երկինք չգնա,

թող տարագիր երկրի վրա աստանդական նա մնա:

Թող թափառի անհուններում, անդուլ փնտրի սերը իր,

առանց սիրո, ո՜վ Արարիչ, լույսդ թույլ է, անհարիր:

Մինչ, Աստվա՛ծ իմ, նա չգտնի իր կորցրած սիրածին,

փրկությունդ, ների՛ր, հարկավ, չունի արժեք, ոչ էլ գին:

Թող շիրիմիս ողջ բառերի երանգներից անքանակ

միայն գրեն լոկ «Մխիթար»` բազմաչարչար երեք վանկ:

Որ, ո՜վ գիտե, գուցե օրը իմ սիրածին ետ բերի,

միայն այդպես իմ Նազելին շիրիմն իմ  կըտարբերի:

5

Աղջամուղջ է, ու անհանգիստ  ոգիները սավառնում,

ինձ լլկում են ու խոշտանգում,

                                         սակայն հոգիս չեն առնում,

Բարձում են իմ աչքերի դեմ բեռը ցավերիս ապրած,

չորացել են շրթունքներս, լեզուս տոչոր` կարկամած;

Նենգ ձևերով բազմահնար դեմս դեպքեր են հառնում,

ինձ խլելով իմ հեգ մարմնից` հին օրերն են

                                                                ինձ տանում`

Արյան ծովը իմ երազի ու խոշտանգված մարմնիս մոտ,

ու գիշերը այն հեռավոր` երազային ու տարփոտ:

Գիշերը այն, երբ մոռացա սիրո փոխինդը պայտել,

այն գիշերը, երբ սև կատուն փորձեց

                                                     ճամփաս ընդհատել:

Ու շարունակ ու անընդմեջ տեսիլները հնացած,

երեկոյան աղջամուղջից թաց բիբերիս կուրացած`

Այցելում եմ ու խոշտանգում`

                                          վաղուց տանջանքից սմքած

հեգ ուղեղս` ինչպե՞ս իջնեմ տեսիլքների թևից ցած:

Ա~խ, Արարի՛չ,բա՛րի Հիսուս, թեթևացրու վախճանս,

բավ է տանջվի ու տառապի քո ստեղծած անճարը:

Երեք ոսկի... Բայց այս ի՞նչ է, երեք արև չի լինում,

մի՞ թե  վերջն է, մահը սա՞ է,

                                  այսպես փութկո՞տ են մեռնում...

Այս ի՞նչ ձիու վրնջյուն է օդում անուշ դողդողում,

և ուղեղիս ու սենյակիս անկյունները ողողում:

Կայծ է ցայտում պայտից ոսկե, ադամանդե թանկագին,

հայտնվում է սուրբ Սարգիսը` իմ Նազելին գավակին:

Ժպտում է լուռ, ձեռքը մեկնում,

                                            ու փոխվում է պատկերը,

ու տեսնում եմ ես հատակին սմբակի խոր հետքերը:

Ու ժպտում է Նազելին լուռ նամակների տրցակից,

ու պղծում է այդ  ժպիտը Աբդուլլան իմ մրցակից:

Մեկ էլ հանկարծ գրչածայրը դառնում է մի սուր սուսեր,

խոցոտում է իմ թշնամուն ու արյունով գրում... «Սեր»:

Սեր ու արյուն խառնվում են, չկա չքնաղ Նազելին,

Ու բացվում է աչքիս առաջ անցած կյանքիս հայելին:

Նորից Վանը, կաթնաղբյուրը`

                                          բերնին փրփուր ու արյուն,

ու զատվում է արյան ծովից իմ Նազելին կրակուն:

Գավը ձեռքին ջուր է բերում, որ ծարավս հագենա,

հրեշտակ է, Աստվա՛ծ իմ, նա, ինձ բերում է մանանա:  

-Առ՛, Մխիթա՛ր, ջուրը անմեռ, խմիր արագ, որ գնանք

ահնունների եթերներում հավերժ իրար միանանք:

Խմիր արագ, թող մեր սերը մարդկանց

                                                        սրտում մնա հուշ,

թող հովանա ծարավ սիրտդ, ի՛մ սիրելի, ի՛մ անուշ:

Ես երկնքի աղբյուրից եմ անմեռ ջուրը այս առել,

խմի՛ր, խմի՛ր այս, ջուրը քո տառապանքն է

                                                               վաստակել…

Ա՜խ, ինչ առատ լույսը բույլեց…

Ա՜խ, Բարեգու՛թ, ինձ գթա,

ես ապրեցի՞ արդյոք այնպես,

                                         արդյո՞ք ինչ-որ բան գտա…

Նամակի խուրձ, հին գրչածայր,

                                            ոսկիներն են առկայծում,

աղջաղուղջում համատարած թույլ

                                                 լույսեր են տարածում:

Որպես բժժանք` կայծկլտում են, մթամածին հմայում,

դրսում նորից քամին լալկան դաժան

                                                       կյանքն է վկայում:

Աղջամուղջի վերջին շողը չափ է տալիս փաթիլին,

ու փակվում է Հայաստանում անդարձ մի օր էլ կրկին…

Վ Ե Ր Ջ Ա Բ Ա Ն

                                                 

Դրսում առատ ձյուն է տեղում: Փետրվար է նորից, մեգ,

հորինում է քամին դրսում մելամաղձոտ ինչ-որ երգ:

Արարիչը անհուններից նրբալույս է շաղախում,

կամաց-կամաց ձյունահողմը սանձահարում,

                                                                խաղաղում:

Ավարտվում է ծոմն ու պահքը ամենազոր Սարգսի,

լուսաբացին աշխարհը նոր կյանքով օրը կսկսի:

Արեգակը նոր իմաստով փաթիլներին կպեղի,

նոր իմաստով կյանքը նորից հին իմաստը կհեղի:

Նոր գույներով` նման խաղի թիթեռների գույնզգույն,

փաթիլները կկայծկլտան փետրվարում

                                                           ցուրտ, դժգույն:

Նոր երազներ ու նոր սերեր սրտերում լույս կբացվեն,

սիրո այրող արտասուքով նոր աչիկներ կթացվեն:

Բայց մինչև լույս դեռ կա գիշեր` խորհրդավոր,

                                                             հարասպաս,

որի համար ջահելները ծոմ են պահել` պապակ պաս:

Աղոթել են երկար-երկար, հինգ օր մեղքերն են քավել,

հինգ օր մեղքի ծառից նրանք մեղքի պտուղ չեն քաղել,

Խմորել են, անգամ, մտքում նրանք մեղքեր չգործած

ու հինգ օր մեղքեր սնող ոչ մի սնունդ չփորձած`

Անրջել են լուսաբացից մինչ արևմուտ ու պապակ,

Սուրբ Սարգսի հզորությամբ տոգորվելով անպարփակ`

Քնից առաջ երկյուղով սուրբ կերել բլիթը աղի,

որ մինչև լույս ծարավն անհագ սիրող սրտերը դաղի:

Գիշերն հրաշք այս գիշեր էլ տեսիլներով կբացվի,

շատ շատերի սիրտը պապակ անմահ ջրով կթացվի:

Կխենթանա մեկը սիրուց, ու կխմի մինչև վերջ

իր սիրածի մեկնած ջուրը խոր երազում այդ անշեջ,

Կշփոթվի մեկը հանկարծ, իր ընտրածին կհիշի,

երբ որ խմի ջուրը գավից` անծանոթի ուրիշի…

Արտակ Գրիգորյան

1999թ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում