livemarks sitemap
Ուրբաթ, Ապրիլի 03, 2020

grakanՄթնշաղը դանդաղ կլանվում էր խավարի ճիրաններում: Մեղմ զեփյուռ էր փչում: Գոռը գիշերային ակումբ մտավ, նստեց սեղանիկներից մեկի մոտ, վառեց ծխամորճը ու նայեց չորս կողմը. մարդաշատ էր: Ծխելը վերջացնելով` բարձրացավ երկրորդ հարկ եւ մտավ դիմահարդարման սենյակ:

- Բարի երեկո,- ասաց նա` չորս կողմը նայելով:

Կանայք պատասխանեցին:

- Էս ո՞ւր է Անին, ինչո՞ւ չի երգում:

- Երգում էր,- պատասխանեց կանանցից մեկը,- հետո ինչ-որ վատ է զգացել, տասը րոպե կլինի երեւի, ինչ տուն է գնացել:

- Լավ, ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է:

- Այո:

- Դե, բարի գիշեր:

Գոռը դուրս եկավ, նստեց մեքենան, նայեց կողքին դրված ծաղկեփնջին, հիշեց, որ այսօր իր նշանադրության մեկ տարին է լրանում ու մտածեց, որ  երեւի հիմա Նառան անհամբեր սպասում է: Բայց հանգստացրեց ինքն իրեն. հոգ չէ, օրը փոխվելուց դեռ երկու ժամ կա, կհասցնի նրան այցելել: Բարձրահարկ շենքի մոտ արգելակեց մեքենան, մտավ մուտք, սեղմեց վերելակի կոճակը: Այն չէր աշխատում.

- Գրողը տանի, այս վերելակը երբեք չի աշխատում:

 Պահը նրան անցյալ տարավ:

                   

* * *

Նա Անիին էլ էր խնջույքի հրավիրել. այդ օրը ինքը պիտի նշանվեր, ընկերներով հրաժեշտ էին տալիս իր ամուրի կյանքին, որը նշել էր պետք: Բոլորը խմում էին, Անին ձեռք չէր տալիս բաժակին:

- Ախր, Անի ջան, ինչո՞ւ չես խմում,- հարցրեց ընկերը` Տիգրանը:

- Ես երբեք ալկոհոլ չեմ օգտագործել:

- Մենք երկրորդ կուրսում էինք սովորում, երբ ես սիրահարվեցի Մարիին, իսկ ապագա բժշկուհին բոլորովին դեմ էր ալկոհոլին: Ճիշտն ասած, ես էլ չեմ խրախուսում, բայց երբեմն կարելի է: Ու ես քիչ-քիչ Մարիին սովորեցրի, ասում էի. «Գիտե՞ս, եթե դու իմ կինը պիտի դառնաս, ուրեմն պետք է սովորես երեկոները մոմերի լույսի տակ ինձ հետ գինի խմել»:

- Եվ պատկերացնո՞ւմ ես, Անի ջան,- ասաց Մարին,- ես սովորեցի:

- Որի համար ես հիմա ափսոսում եմ,- ասաց Տիգրանը:

- Այդ դեպքում, ավելի լավ է` ես չխմեմ,- խոսեց Անին:

- Նա ափսոսում է, որովհետեւ թանկարժեք գինիների վրա բավականին գումար է ծախսում:

- Տեսնում եք, չէ՞, այ, այսպես են խայտառակ լինում. հիմա այս մարդիկ կմտածեն` ես ինչքան ժլատ եմ: Լավ, կատակը մի կողմ, Անի ջան, բայց առիթների ժամանակ մեկ-մեկ իսկապես կարելի է:

- Լավ,- ասաց Անին ու մի բաժակ գինի խմեց:

Նրա դեմքի ծամածռությունից հասկանալի էր, որ դուրը չեկավ, բայց երկրորդ բաժակի համար չսպասեց, որ շատ խնդրեն, երրորդն արդեն ինքն ուզեց, եւ, բնականաբար, երբեք ալկոհոլ չօգտագործած աղջիկը հարբեց:

- Ես Անիին տուն կտանեմ,- ասաց Արմանը:

- Պետք չէ, ես ինքս,- ցանկություն հայտնեց Գոռը:

- Գո՛ռ, ձերոնք արդեն հարյուր անգամ զանգել են, քեզ են սպասում, այսօր դու պիտի նշանվես, Գո՛ռ:

- Ես չէ, որ պիտի նշանվեմ, այլ մերոնք, ուրեմն թող իրենք էլ մտածեն:

- Վերջ տուր, Գո՛ռ:

- Շնորհակալ եմ, Արմա՛ն, Անիին ես տուն կտանեմ, հետո կաշխատեմ հասցնել իմ նշանադրությանը:

- Ուշադի՛ր, վատ չզգա, իզուր այդ աղջկան այդքան ստիպեցիք:

Ինչքան երջանիկ էր այդ օրը Գոռը. Անին հենվել էր իր ուսին, ինքը շատ դանդաղ էր քայլում. չէր ուզում շենք մտնել` այդ պահը մի քիչ էլ երկարացնելու համար: Հասան վերելակին:

- Չի աշխատում,- ասաց ինքը` կոճակը սեղմելով:

- Աստված իմ,  ես ինչպե՞ս եմ յոթ հարկ բարձրանալու:

- Ես քեզ գրկած կտանեմ:

- Ո՛չ, ո՛չ,- ասաց աղջիկը եւ փորձեց պատին հենվելով բարձրանալ,- գլուխս պտտվում է, հիմա կընկնեմ:

Գրկեց աղջկան, Անին էլ երկու ձեռքով ամուր փաթաթվեց իրեն: Շունչը կտրվում էր, բայց աղջիկն այնպես անուշ էր բուրում, որ նա չէր ցանկանում ինչ-որ բան ասել: Սիրտն այնքան արագ էր զարկում, որ ինքը լսում էր այդ աշխատանքը, ապա նաեւ լսվեց մյուս սրտի աշխատանքը, որը իրենի հետ համաչափ ակորդ էր տալիս: Ցնորվում էր, տիրելու տենչը փշաքաղել էր ամբողջ մարմինը, երբեք ոչ մեկին այդպես չէր ցանկացել, դժվարությամբ էր զսպում իրեն: Բայց լավ գիտակցում էր, որ ինքը աղջկան խոսք ունի տված, եւ որ երբեք ուրիշի անզոր վիճակի պատճառով առիթից չի օգտվի: Անին երբեք իրեն այդպես չէր գրկի, եթե ալկոհոլի ազդեցության տակ չլիներ:

Աղջկան պառկեցրեց անկողնու մեջ: Անին նորից նստեց, բռնեց իր ձեռքը ու շշնջաց.

- Վախենում եմ:

Նստեց աղջկա մոտ: Անին ուշադիր նայում էր իր աչքերի մեջ:

- Ես պիտի գնամ, դու քնիր, հոգնած ես:

- Մի գնա, խնդրում եմ, ես… ես սիրում եմ քեզ,- ասաց ու հետ ընկավ անկողնուն:

Ապշեց, զարմացավ, սարսափեց, հրճվեց, դողաց. որքան երկար էր սպասել նրանից այս խոսքերը լսելուն, բայց նա հենց հիմա ասաց, հիմա, երբ ինքը պիտի գնա: Բջջայինը զնգաց, վերցրեց.

grakan1- Հա՛, մայրի՛կ:

- Ո՞ւր ես, տղա ջան:

- Մայրի՛կ, դուք գնացեք, ես այնտեղ կգամ:

- Հո հիմա՞ր չես, այ տղա, գիտե՞ս` ժամը քանիսն է:

- Մայրի՛կ, ինձ հետ այդպես մի խոսիր, ես հո երեխա՞ չեմ:

- Որ երեխա չլինես, այդպես չես վարվի:

- Լա՛վ, մայրի՛կ, ես հենց հիմա այնտեղ եմ գնում:

Անջատեց հեռախոսը: Անին արդեն քնել էր, հանեց նրա շորերը, հագցրեց գիշերազգեստը, ծածկեց վերմակով, ապա դուռը կողպելով` դուրս եկավ: Մինչ Նառայենց տուն գնալը հասցրեց մի քանի շիշ գարեջուր խմել: Ուզում էր գոռալ, որ բոլորն իմանան.

- Նա ինձ սիրում է, նա սիրում է ինձ, սիրում է, սիրում է…

Նառայենց տուն մտավ: Մարդիկ նստած էին սեղանի շուրջ, բոլորը շրջվեցին եւ ապշահար նայեցին իրեն: Այդ պահին նոր զգաց, որ կոստյումը չի հագել, ինքն էլ նայեց իրեն. փողկապը ուղիղ չէր, վերնաշապիկի մի մասը շալվարից դուրս էր, մի մասը` շալվարի տակ: Ժպտաց.

- Ես ուղղակի երջանիկ եմ,- ասաց ու նստեց Նառայի կողքին:

- Դե լավ ,- ասաց իր քեռին,- տղային այդպես մի՛ նայեք, նա երջանիկ է, այսօր նրան ամեն ինչ կարելի է, ներում ենք: Բաժակները լցրե՛ք:

Չի էլ հիշում` ինչպես մատանին դրեց Նառայի մատին, կամ արարողությունը ինչպես անցավ, բայց լավ հիշում է, որ շնչակտուր նորից գնացել է Անիի մոտ, նստել հատակին ու երկար հմայվել աղջկա նիրհով, ապա հենց հատակին էլ քնել է:

Արթնացավ. Անին անկողնու մեջ նստած, զարմացած իրեն էր նայում:

- Ողջո՛ւյն:

- Ինչո՞ւ եք հատակին քնել, ի՞նչ եք անում այստեղ:

- Չուզեցի գիշերը քեզ մենակ թողնել. գուցե ինչ-որ բանի կարիք ունենայիր:

- Ես հարբե՞լ էի: Ոչինչ  չեմ հիշում, ինձ շատ վա՞տ եմ պահել:

- Ո՛չ, վատ չես պահել, դու իսկապե՞ս ոչինչ չես հիշում:

- Ո՛չ,- նայեց գիշերազգեստին,- ե՞ս եմ հագել:

- Դե… երեւի…

- Երեկ դուք պիտի նշանվեիք,- հարցական նայեց իրեն,- չե՞ք նշանվել,- նա մի պահ ոգեւորված շարժում արեց:

Ինքը մի պահ վարանեց, ապա գլուխը կախելով` ասաց.

- Նշանվել եմ:

- Դե, շնորհավորում եմ,- ասաց Անին ու մեկնեց ձեռքը:

Բռնեց աղջկա ձեռքը. ինչ սպիտակ էր, ինչ փափուկ: Բռնել ձեռքը ու բաց չէր թողնում:

- Սուրճ կուզե՞ք:

- Այո՛:

- Դե, խնդրում եմ, դուրս եկեք, ես հագնվեմ:

- Այո՛, իհարկե, հիմա:

Անին խոհանոց գնաց` սուրճը պատրաստելու, ինքն էլ դռանը հենված` նրան էր նայում:

- Տո՛ւր, սուրճը ես պատրաստեմ:

- Ես կպատրաստեմ:

- Չէ՛, տուր, ուզում եմ ես պատրաստեմ:

Վերցրեց սրճեփը, մեկ գավաթ ջուր լցրեց.

- Այ, այսպես,- ապա վերցրեց սուրճը ու երեք գդալ լցրեց, հետո էլ` չորս գդալ շաքարավազ:

Անին ծիծաղեց:

- Ինչո՞ւ ես ծիծաղում:

- Ախր, այդպես սուրճ չեն պատրաստում:

- Չէ՞:

- Ո՛չ, տվեք, ես ինքս:

- Լավ:                                                                               

Անին պատրաստեց սուրճը, գազօջախը անջատելիս «ախ» արեց:

- Ի՞նչ պատահեց, ձեռքդ վառեցի՞ր:

- Ոչինչ, բան չեղավ:

- Թող` տեսնեմ,- սրճեփը վերցրեց աղջկա ձեռքից, մի կողմ դրեց, ապա նայեց ձեռքին:

- Բան չի եղել, թողե՛ք:

- Չէ, ո՞նց չի եղել, կարմրել է:

- Ասում եմ` բան չի եղել:

- Ավելի լավ,- ասաց ու նրա մատները մոտեցրեց շուրթերին:

- Ի՞նչ եք անում:

- Սիրում եմ քեզ, խենթանում եմ քեզ համար:

- Դուք երեկ եք նշանվել:

- Հետո ի՞նչ, որ նշանվել եմ, մի՛ հիշեցրու ինձ այդ մասին, ես Նառային չեմ սիրում: Միայն չհարցնես, թե այդ դեպքում ինչու եմ նշանվել:

Ինքը համբուրեց աղջկա շուրթերը:

- Ի՞նչ եք անում, պետք չէ:

Ինքն էլ էր հասկանում, որ պետք չէ, որ չի կարելի, բայց սիրտը, որը քիչ էր մնում տեղից դուրս թռչեր, դա չէր հասկանում, խենթանում էր: Ձեռքերը աղջկա գոտկատեղով ներքեւ սահեցին: Շրթունքները աղջկա վզով վայր էին իջնում: Նա հանեց աղջկա խալաթը, ապա արձակեց կրծկալը, Անին ձեռքերը խաչեց  կրծքին` փորձելով ծածկել մերկությունը:

- Թող,- ասաց ինքը, նրա ձեռքերը հեռացրեց եւ...,- ինչ անուշ ես բուրում:

Ապա գրկելով աղջկան` ննջարան տարավ...

 

ՀԵՂԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

շարունակելի

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում