livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019


ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍՅԱՆ ԳԻՇԵՐ


Ազգերն ամէնից շատ տառապել են ու

կտառապեն իրենց տականքների երեսից...

Գարեգին Նժդեհ


Հացկատակներն անթիվ` Մամոնային գերի,

Մինչ սրբերը հլու` ծոմում էին, կիզվում,

Իշխանության համար, մոլեգնությամբ դժնի,

Իրենց հոգին տվին սատանային թաքուն:


Եվ խավարում ամուլ, ողբ քամելով հացից,

Շաղախելով արյամբ եղբոր աչքից քամված,

Մտորեցին` ինչպես քեզ ցած բերեն գահից,

Ների՛ր նրանց, ների՛ր, թե կարող ես, Աստվա՛ծ:


Որոճալով անդուլ մառ խավարում անծին`

Խաչ հանեցին անկուշտ Մամոնային թաքուն,

Խղճի աչքը քամած, ողբ քսելով հացին,

Խնկարկեցին նրան` գիշեր ու զօր անքուն:


Ու նենգությամբ անբեկ փաղանգներին լույսի

Բավիղներով խավար կործանումի տարան,

Եվ ինչ սրբեր ընկան` հույսը Տիրոջ հույսին,

Եվ ինչ սրբեր ընկան ու հարություն չառան:


Եվ խավարը ընկավ անփարոս ու մթարք,

Տականքները ազգի` մթնում սերտաճեցին,

Մուտանտների զորքով` գթությանը օտար,

Տիրոջ խոսքը փրկող անդարձ աղճատեցին:


Հացկատակներն անթիվ` Մամոնային գերի,

Մինչ սրբերը լուսե ծոմում էին, կիզվում,

Իշխանության համար, մոլեգնությամբ դժնի,

Իրենց հոգին տվին սատանային անքուն:

 

Խ Ա Վ Ա Ր Ո Ւ Մ

1-ը մարտի 2008


Խոսքը Աստծու` Բառը փրկարար

Լլկվեց դեւերի արնոտ երախում,

Ու գութը դարձավ սրտերին օտար,

Կեղծիքը դարձավ սին ճշմարտություն:


Կեղծիքը դարձավ լոկ ճշմարտություն

Ու ճշմարտության սրտերին ծարավ,

Անհագ որկորով ընչաքաղցության

Կառափնարանով կործանման տարավ:


Ինքնակործանման մոլուցքով անսաստ

Արնախանձ Նեռի թաթը պաչեցին

Ու եռագլուխ գիշերվա խավար

Ուղերձին հլու անմիտ խաչվեցին:


Երկիրն հնամյա արտասվեց նորից`

Առավոտ-կանուխ, խինդի փոխարեն,

Նա մոռացվել էր իսպառ, բոլորից,

Ցերեկն ավելի գիշեր էր դարձել:


Նվազեց լույսը Հայոց կանթեղի,

Հողը անթեղեց հուր առկայծները,

Մառ էր ցերեկը` խոլ ու կատաղի,-

Եր՞բ են խնդացել տառապյալները...


Խոսքը Աստծու` Բառը փրկարար

Լլկվեց դեւերի արնոտ երախում,

Ու գութը դարձավ սրտերին օտար,

Կեղծիքը դարձավ սին ճշմարտություն:

 

ԼՈՒՍԱՍՏՂ

 

Աստղերի մասին բոլորը գիտեն,

Բոլորն էլ աստղ ունեն անհունում,

Աստեղներ լուսե, աստեղներ անդեմ

Այդպես է եղել` այդպես է մնում:

 

Բոլորն էլ աստղ ունեն երկնքում,

Մեկինը` վառման, մեկինը` շիջուն,

Մեկն էլ եփվելով անվերջ երկունքում

Երկնակամարից ներքեւ է իջնում:

 

Ներքեւ է իջնում լուսաստղի հանգույն,

Որ վառման լինի ջահն ինչ-որ մեկի,

Իրականության հերձվածքից անգույն

Դեպի երկինքներ ճանապարհ բեկի:

 

Եվ ինչ-որ մեկը թախիծում օրվա,

Երազանքների ցնորքից անել,

Ընտելանալով հմայնքին նրա`

Կտենչա նրան` հոգին կալանել:

 

Ու կընտելանան ձեռնասուն որպես,

Իրականության կանչին խլացած,

Անմեռ հույսերով, խելագարի պես

Սենտ Էքզյուպերի կսկսեն կարդալ…

 

Ու կընթանան սրտերով վետ-վետ,

Հույզերով գերող, լույս ու վառվռուն,

Որպես մակույկներ անթի ու անղեկ,

Անհասանելի աստղային հեռուն:

 

Բոլորն էլ աստղ ունեն երկնքում,

Մեկինը` վառման, մեկինը` շիջուն,

Մեկն էլ եփվելով անվերջ երկունքում

Երկնակամարից ներքեւ է իջնում:

* * *

Պյեռոն դարձյալ նույնն է այս կրկեսում հին,

Նույն թախիծով գերող ու կիթառով խոսուն,

Հմայում է անվերջ տաղ ու հանգով անգին

Մալվինային անսիրտ: Ու օրեր են հոսում:

 

Պյեռոն դարձյալ նույնն է, հին կրկեսը նոր

Սիրո գործ է կերտում, ու խամաճիկ որպես`

Կուպիդոնից անգութ, հլությամբ մի անզոր

Նետահարվել է կրկին, նորից սիրտն է կեզ…

 

Հմայվել է Պյեռոն: Տաղ ու հանգը ինչ փույթ,

Մալվինայի սրտին համառությամբ անտուն,

Ինչ-որ ստվեր է տիրում ցնորքից էլ աննյութ,-

Անդրծովյան կերպարը… վիրտուալ Արտեմոն:

 

Մալվինայի սիրտը խարխափում է կրկին,

Ներկան նրա համար արարում է աշուն,

Կործանումից անդարձ դու Կուպիդոն փրկիր,

Նրան վաղուց է լքել Արտեմոնը այդ շուն:

 

Կործանումի տանող հուշի թեւը հագած`

Երազների գերին նշմարվում է հեռվում,

Օրը մարում է հուշիկ, արփին սահում է ցած,-

Կուպիդոնը չկա… Պյեռոն պիտի մեռնի…

 

Թող չմեռնի Պյեռոն այս կրկեսում հին,

Նույն թախիծով գերող ու կիթառով խոսուն,

Թող հմայի անվերջ տաղ ու հանգով անգին

Մալվինային անսիրտ: Թող օրերը հոսեն:

 

* * *

Թերթելով մի օր հուշերը քո մութ,

Կփորձես հիշել ճիգերով վերջին,

Առեղծված կյանքիդ հրաշքները սուտ,-

Հնազանդ սրտիդ մարմրող կանչին


Դեմքդ դու հլու` ակոսված իսպառ,

Կհանձնես անգութ հայելու դատին

Ու խորքից նրա զուլալ, բայց անճար,

Արցունքի մի լույս կաթիլ կկաթի:


Կթվա հանկարծ ամեն ինչ չնչին,

Կյանքը քո ապրած` գեթ մի ակնթարթ,

Կփորձես հիշել ճիգերով վերջին

Ասպետներին քո, հարուստ ու զվարթ:


Սակայն արցունքդ որպես ադամանդ

Կճամփի միտքդ ճամփաներով հետ,

Կհիշես հարկավ ժպիտով մարմանդ,

Որ ունեցել ես նաեւ մի պոետ:


Դեմքդ ակոսված, լուռ ու անվարան,

Կկտրոս հուշիկ հայելուց դաժան,

Չես հիշի ինչ ես դարձել դու նրան,

Եղել ես մուսա թե խոսքեր մերժման:

 

ՎԵՆԴԵՏԱ «ՍԻՑԻԼԻԱՅՈՒՄ»

/Մերկապարուհին շարքից/


Եփվում էր կիրքը կոնքերում նրա,

Ու բեմից սահուն մոտենալով մեզ

Թեքվում էր մեղմիկ` Իշխանի վրա,

Դրամն ստացած հեռանում էր հեզ:

 

Նա նոր էր դարձել մերկապարուհի,

Առաջ բանում էր ուրիշի համար

Ու մտերիմն էր ընկերներիս` հին,

Մինչ մերկացնելը զիստերը մարմար:

 

Պարը սեթեւեթ հին ու անգին էր,

Երբ մթնում լույսի լեզուն մլմլաց,

Այս անգամ արդեն նազով Արմինեն

Հեռացավ փողով Սիմոնի մեկնած:

 

Հանկարծ ահավոր պայքար մեկնարկեց,

Սիմոնը ձեռքը գրպանն էր տանում,

Իշխանն էլ իսկույն լույսով ակնարկում,-

Թովմասյանը իր փողերն էր հանում:

 

Եվ ուղեկցում էր պայքարն ահարկու,

Մտքերում տարված ինչպես կնքյալ ԴՈՆ,

Իր վրա վստահ` առնական, հատու

Հարեմ տենչացող մեր ախպար Աբոն:

 

Ու հլու, անկամք կրքի մշուշին,

Սիմոնը ջեբից փողերն էր հանում,

Իշխանն էլ անվերջ փողով ուրիշի

Մերկապրուհուն իր մոտ էր տանում...

 

Նա նոր էր դարձել մերկապարուհի,

Առաջ բանում էր ուրիշի համար

Ու մտերիմն էր ընկերներիս` հին,

Մինչ մերկացնելը զիստերը մարամր:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում