Մեզանից յուրաքանչյուրն իր կամքից անկախ շրջապատին իր մասին տեղեկություն է հաղորդում: Ըստ հոգեբանների` ամենատարածված միջոցը զարդերն են:

 

Ավելին, շվեդ հոգեբան Մաքս Լուշերը համոզված է, որ զարդերի միջոցով կարելի է պարզել մարդու խառնվածքը, բնավորության լավ ու վատ կողմերը: Ըստ հոգեբանի` հարկ է հաշվի առնել զարդի չափը, ձեւը, ինչպես նաեւ այն, թե մարմնի որ մասում է զարդի տերը այն կրում: Հասարակ շղթան շատ բան կարող է ասել տիրոջ մասին` նայած թե մարմնի որ հատվածում է հայտնված` ձեռքի՞ն, պարանոցի՞ն, թե՞ ոտնաթաթին: Մատանին էլ կարող է շատ բան ասել մարդու մասին` կախված այն բանից, թե այն որ մատն է զարդարում:

Ոտքին շղթա կրող անհատը ընդգծում է իր սեքսուալությունը: Ցանկանում է շրջապատին ասել, որ ինքը կրքոտ է, ցանկահարույց, արկածախնդիր: Չի բացառվում, որ նա իր ոտնաթաթը զարդարի նաեւ մատանիներով:

Եվ այսպես, ամուսնական մատանու փոխարեն հայտնված զարդը կմատնի տիրոջ հոգեվիճակը: Եթե ամուսնական մատանու հետ միասին կնոջ մատնեմատին հայտնվել է նաեւ խոշոր չափի մատանի, ուրեմն կինը ցանկանում է բոլորին հայտնել, որ ինքը երջանիկ է, հանգիստ իր կողակցի հետ: Տվյալ անհատները սովորաբար էմոցիոնալ չեն լինում: Եթե ամուսնական մատանին առջեւում է, ուրեմն, կարելի է ասել, որ տիրուհին բավարարված չէ իր ամուսնությունից: Հակառակ դասավորությունը` նախ ամուսնական մատանին, այնուհետեւ զարդը, նույնպես խոսում է այն մասին, որ տիրուհին կարոտում է իր ազատ օրերը: Իսկ եթե կինն ընդհանրապես չի կրում ամուսնական մատանի, հնարավոր է` շրջապատին նա ցանկանում է հաղորդել իր ոչ այնքան հաջող ամուսնության մասին:

Միջնամատին կրած աչքի ընկնող մեծ չափերի մատանին վկայում է այն մասին, որ տիրուհու հոգեվիճակը կայուն չէ: Նա ցանկանում է ամենուր լինել առաջինը եւ թույլ չի տա, որ իրեն վիրավորեն: Առհասարակ, միջնամատին կրած մատանին խորհրդանշում է սեփական ինքնասիրությունը, ինչպես նաեւ ինքնասիրահարվածությունը: Հենց դրա համար են տղամարդիկ առանց մտածելու մեծ չափերի մատանիներ կրում հենց այդ մատին:

Իրենց ցուցամատը զարդարող մարդիկ էլ ցանկանում են ընդգծել, որ նպատակասլաց են, ունեն կամքի ուժ: Ցուցամատի կոչումը մատնանշելն է` ուղղություն ցույց տալը: Ցուցամատին զարդ կրող անհատը սիրում է լինել ուշադրության կենտրոնում, իշխող է, ինքնավստահ է եւ անգամ դիկտատոր:

Եթե չամուսնացած աղջիկը ճկույթի վրա երկու միատիպ մատանի է կրում, ապա նա նոր տպավորությունների սիրահար է: Ցանկանում է նոր ծանոթություններ հաստատել արկածախնդիր տղամարդկանց հետ: Չի բացառվում, որ վերջինս միաժամանակ կարող է երկու-երեք երիտասարդի հետ թեթեւ սիրախաղի մեջ մտնել: Իսկ եթե ճկույթին տեսնեք մեծ ու թանկարժեք քարով մատանի, ապա վստահ եղեք, որ կրողը ցանկանում է շրջապատում իրեն ընդունեն որպես կշիռ ունեցող անհատի:

Հարկ է նշել, որ առատ զարդեղենը պաշտպանում է շրջակա աշխարհի բացասական ազդեցություններից: Երբեմն առանց որեւէ զարդի, մատանու, շղթայի մարդն իրեն վստահ չի զգում: Ի դեպ, զարդեղենի հանդեպ անտարբեր լինելը վկայում է այն մասին, որ անհատը եսասեր է: Ըստ հոգեբանների` կանայք, որոնք խուսափում են զարդեր կրել, սովորաբար բարդութավորված են, չգիտես ինչու, որոշել են, որ իրենք առանց զարդի առկայության էլ գրավիչ են ու ցանկալի: Շատ դեպքերում էլ կանայք հրաժարվում են զարդեղենից միայն այն դեպքում, երբ խորը ընկճախտի մեջ են: Հիմնականում դա բացատրվում է նրանով, որ անտարբերության են մատնված հակառակ սեռի կողմից:

Ներկայացրեց
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

Հ.Գ. Յուրաքանչյուր զարդ կրելուց առաջ հիշե՛ք, որ ձեզ վրա հայտնված զարդը կարող է բացահայտել ձեր հոգեվիճակը, բնավորության թերություններն ու առավելությունները: Ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց զարդերի հանդեպ:  Սովորե՛ք  զարդերով կարդալ մարդկանց բնավորությունը: Զարդեղենը զենք է, որով կարելի է ազդել յուրաքանչյուր անհատի վրա: Հոգեբանները համոզված են, որ զարդերի միջոցով դուք ոչ միայն կազդեք ձեզ շրջապատող մարդկանց վրա, այլ նաեւ ձեր մեջ կարող եք զարգացնել սեքսուալություն, կանացիություն, հավասարակշռություն եւ նպատակասլացություն: