guynԳույները եւ դրանց երանգները տարբեր կերպ են անդրադառնում տրամադրության եւ ինքնազգացողության վրա: Թե ո՞ր գույնին է մարդը նախապատվություն տալիս, կարելի է դատել նրա բնավորության ու տրամադրության մասին:

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆԸ նախընտրողներն իրենց շուրջը համերաշխ եւ ներդաշնակ միջավայր են ստեղծում, բայց հաճախ, վստահություն չունենալով իրենց ուժերի նկատմամբ, նրանք տատանվում են կարեւոր որոշումներ կայացնելիս: Մանուշակագույնը չընդունելը վկայում է մարդու կողմից չգիտակցված, թախծոտ հոգեվիճակի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին: Մանուշակագույնի երանգները հոգու ներհայեցողական ելեւէջների հոմանիշներ են:

ԿԱՊՈՒՅՏԸ խորհրդանշում է հանգստություն, հավասարակշռություն և նրբություն: Այս գույնը սիրում են շփվող ու հանգիստ անձնավորությունները, իսկ չեն սիրում նրանք, ովքեր տագնապի, վախի զգացողություն ունեն եւ մեկուսացում են փնտրում:

ԵՐԿՆԱԳՈՒՅՆԸ մաքուր գիտակցության, ջրի գույնն է, որը հանգստացնում է, զովացնում մարմինը, հանդարտեցնում մտքերը: Այս գույնն ընտրում են դյուրահավատ, հավատարիմ, ինքնազոհաբերության պատրաստ մարդիկ, ովքեր, սակայն, անհաջողության պահին հեշտությամբ ընկնում են վհատության մեջ: Եթե դուք չեք ընդունում երկնագույնը, ապա դա վկայում է ձեր հոգեկան աշխարհի լարվածության, անբավարարվածության մասին, եւ կամ հաճախ իրավիճակների փոփոխության ցանկություն եք ունենում:

ԿԱՆԱՉԸ հույսի, կենսունակ ուժի գույնն է, որը հանգստացնում, հանդարտեցնում է հույզերը: Այս գույնին նախապատվություն են տալիս այն անձինք, ովքեր ինքնավստահ են, իսկ շրջապատի թերությունների հանդեպ` անհանդուրժող: Կանաչ գույնը չեն սիրում նրանք, ովքեր չեն հավատում իրենց ուժերին եւ համոզված են, որ իրենցից շատ բան չի էլ պահանջվում:

ԴԵՂԻՆԸ արեւի լույսն է, խորհրդանշում է պայծառություն, երջանկություն, խթանում է ազատասիրությունը, բանականությունը եւ ստեղծագործ ուժը: Դեղին գույն սիրող մարդիկ ձգտում են անկախության ու երջանկության: Ձեր կյանքում այդ գույնի պակասը վկայում է ստեղծագործական, ինտելեկտուալ լճացման, տրամադրության հաճախակի փոփոխման մասին:

ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ կենսուրախության եւ ստեղծագործելուն նպաստող գույն է: Այս գույնը ընտրում են հավակնոտ, եռանդուն մարդիկ, ովքեր օժտված են սեքսուալ գրավչությամբ կամ ձգտում են դրան: Այս գույնը չեն սիրում նրանք, ովքեր թույլ են, ձգտում են հանգստի ու անգործության:

ԿԱՐՄԻՐԸ կրակի գույնն է, խորհրդանշում է զայրույթ, ֆիզիկական ուժ: Այս գույնին նախապատվություն են տալիս տաքարյուն խառնվածքի տեր անձինք, ովքեր իրենց զգացմունքներն արտահայտում են բուռն ու կարիք ունեն հուզական ուժեղ զգացողությունների: Կարմիր գույնը չեն սիրում անվստահ եւ հոգեպես ճնշված մարդիկ:

ՍՊԻՏԱԿԸ ճշմարտության, համերաշխության, լիարժեք ազատության եւ նախաձեռնության նշանաբանն է: Այս գույնը նախընտրում են հանգստության եւ ներդաշնակության կարիք ունեցողները, նաեւ նրանք, ովքեր պետք է որոշում կայացնեն կամ նոր գործ սկսեն: Եթե դուք ինքներդ ձեզ հետ համերաշխ չեք եւ չեք փնտրում հանգստություն, ուրեմն` սպիտակը ձեր գույնը չէ:

ՍԵՎԸ ժխտման, լճացման, ներքին լռության գույնն է: Այս գույնը սիրում են ինքնամփոփ, ճակատագրի հարվածներից վախեցող մարդիկ, չեն սիրում նրանք, ովքեր կյանքից մեծ սպասելիքներ չունեն:

 

 

ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

Պատկերացրեք մաքուր, անամպ կապույտ երկինք: Այդ պատկերը հանգստացնում է: Այժմ փորձեք մտովի պատկերացնել դրան հաջորդող շրջակա բնապատկերը: Թվարկած պատկերներից ո՞ր մեկն է հանգստացնում Ձեզ.

ԿԱՊՈՒՅՏ ԼՈՒՅՍԸ հանգստացնում եւ հնարավորություն է տալիս ներթափանցելու ինքնագիտակցության խորքերը, որտեղ ամեն գույն ունի իր իմաստը եւ նշանակությունը: Պատկերը, որը բխում է Ձեր գիտակցությունից, բացահայտում է Ձեր թաքնված տաղանդը:

ՍՊԻՏԱԿ ՁՅՈՒՆԱՊԱՏ ԴԱՇՏԱՎԱՅՐ. Դուք օժտված եք յուրահատուկ դյուրըմբռնելիությամբ, որը թույլ է տալիս վայրկենապես գնահատել իրավիճակը եւ լուծել բարդ խնդիրներ: Վճռական եք, խորաթափանց, օժտված երեւույթները կանխատեսելու հատկությամբ: Վստահ եք Ձեր ներքին ձայնին, որը Ձեզ միշտ տանում է ճիշտ ուղղությամբ:

ԿԱՊՈՒՅՏ ԾՈՎ. Դուք ունեք շփվելու բնածին տաղանդ: Մարդիկ գնահատում են դա: Եվ միայն Ձեր ներկայությունն է օգնում մարել վեճը, ստեղծել հարմարավետություն ընկերական միջավայրում: Ձեր գովեստը անկեղծ է, իսկ խոսքին կարելի է վստահել:

ԿԱՆԱՉ ԱՆՏԱՌՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՍԱՐԵՐ. թվում է` Դուք միշտ կարող եք ընտրել պիտանի խոսքեր, որպեսզի արտահայտեք այն, ինչ մտածում եք: Եվ Ձեզ շրջապատող մարդիկ սկսում են գիտակցել, որ զգում են նույնը: Ասում են` կիսված ուրախությունը կրկնապատկվում է, կիսված տխրությունը` պակասում: Դուք միշտ պատրաստ եք օգնել, քանի որ օժտված եք անկաշկանդ շփման ձիրքով:

ԴԵՂԻՆ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ԴԱՇՏ. Դուք շատ խելացի եք` նոր մտահղացումներով, ստեղծագործ ձիրքով եւ էներգիայով լի: Մնացեք շրջապատի հետ ներդաշնակ եւ աշխատեք Ձեր մտահղացումների իրագործման ուղղությամբ: Այդ դեպքում Ձեզ համար անհնարին ոչինչ չի լինի: Կենսաէներգաթերապեւտները պնդում են, որ բուժական էֆեկտի հասնելու համար պետք է պատկերացնել ցանկալի գույնը եւ մտովի պահել հիվանդ օրգանի մոտ:

 

ԳՈՒՅՆԵՐԸ ԲՈՒԺՈՒՄ ԵՆ

Գույնի օգնությամբ կարելի է ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը, այլև բուժել: Գունային թերապիան օգտագործում էին դեռևս Հին Եգիպտոսում: Ըստ հետազոտող-գիտնական Էդվին Բեբբիթի` գույնը չունի անմիջական թերապեւտիկ ազդեցություն, այն հոգեթերապիայի տեսակներից մեկն է: Գիտնականը գունային ազդեցությունը բաժանել է երկու ուղղությունների` կարմիր եւ կապույտ: Նրա կարծիքով` այդ հիմնական գույներն են ազդում նյարդային համակարգի աշխատանքի վրա: Կարմիրի երանգները ուժեղացնում են երակների եւ մկանների տոնուսը, նպաստում արյան ճնշման բարձրացմանը, արագացնում սրտի աշխատանքը, բարելավում նյութափոխանակության եւ սպիացման գործընթացները:

ԿԱՐՄԻՐԸ կարող է առաջացնել փսխում, հաճախամիզություն, լեղազատում, ունենալ տաքացնող էֆեկտ: Կարմիրի երանգները կարելի է օգտագործել նյարդային եւ էնդոկրին համակարգերի խթանման համար: Բացի այդ` դրանց ազդեցությունը կարող է արագացնել սակավարյունությամբ տառապող հիվանդների կազդուրման գործընթացը, ինչպես նաեւ` օգնել երկարատեւ հիվանդությունից հետո վերականգնելու ուժերը:

ԿԱՊՈՒՅՏԻ սառը երանգները նպաստում են արյան ճնշման իջեցմանը, դանդաղեցնում պուլսը, վերացնում բորբոքային պրոցեսները:Դրանք նպաստում են ջերմության իջեցմանը, հանգստացնում նյարդերը, արագացնում ոսկրային հյուսվածքի վերականգնումը: Միևնույն ժամանակ` այդ գույները հակացուցված են կաթվածների,  լեղուղիներում եւ երիկամներում քարերի գոյացման, այտուցների, ոչ արագ ընթացող քրոնիկ հիվանդությունների ժամանակ:

Ուսումնասիրելով մարդու բիոէներգետիկան` Բեբբիթը հանգել է այն եզրակացությանը, որ ամեն մի օրգան ունի իր համապատասխան գույնը: Այսպես. գլխին համապատասխանում են սառը գույները` մանուշակագույնը, կապույտը եւ երկնագույնը: Սրտին, թոքերին, իմուն եւ արյունատար համակարգերին` կանաչը, իսկ աղիներին, ենթաստամոքսային գեղձին, լյարդին եւ ստամոքսին` դեղինը կամ դեղնականաչը: Սեռական օրգաններին, միզապարկին եւ հաստ աղիքին համապատասխանում է նարնջագույնը, պոչուկին` կարմիրը (այդ մասը էներգիայով լիցքավորում է ողջ մարմինը):

Բուժական նպատակով պետք է հագնել այն գույնի հագուստ կամ հիվանդ օրգանի շրջանում կապել այն գույնի բրդե կտոր, որը դրական է ներազդում տվյալ օրգանի վրա: Անհրաժեշտ է նաեւ խմել այդ նույն գույնով լիցքավորված ջուր: Սպիտակ եւ բաց գույնի զգեստները առատորեն արտացոլում են արեւի շողերը: Սեւը, ընդհակառակը, կլանում է լուսային շողերը` էներգիան փոխակերպելով ջերմության: Այդ պատճառով մուգ գույնի զգեստներն ավելի շատ համապատասխանում են զով եղանակին: Հոգեբանները գտնում են, որ յուրաքանչյուր մարդ կարող է բուժվել մրսածությունից, եթե երկու օր հագնի միայն սպիտակ գույնի զգեստ, քանի որ սպիտակն առավելագույնս ակտիվացնում է իմունիտետը, իհարկե` չմոռանալով մաքուր օդում զբոսանքների ու ջրային պրոցեդուրաների մասին: Եթե դուք ցրտահարվել եք, ունեք արյան ցածր ճնշում, սակավարյունություն, ապա հագեք կարմիր երանգների ներքնազգեստ ու տաբատ, նույնիսկ կարմիր գուլպա: Ստամոքսի եւ աղիների բորբոքային պրոցեսի, օսթեոխոնդրոզի ժամանակ ցանկալի է հագնել կապույտ ներքնազգեստ: Այդ գույնը կհանգստացնի ցավը եւ կօգնի վերացնել բորբոքումը:


Հայթայթեց եւ ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ